Հոնիա, Յոնիա, Փոքր Ասիայի արևմտյան ծովափի միջին մասի (հյուսիսում Փոկեա և հարավում Միլեթ քաղաքների միջև) և Եգեյան ծովի հարակից կղզիների (Պսարա, Քիոս, Սամոս, Իկարիա, Պատմոս, Լեպսիա, Լերոս) հին հունական անվանումը։ Մ.թ.ա. 2-րդ հազարամյակի 2-րդ կեսին բնակեցրել են աքայացիները, մ.թ.ա. 11-9-րդ դարեր՝ հուն, այլ ցեղեր՝ հոնիացիները։ Հոնիայով էին անցնում Արևելքի և Արևմուտքի միջև առևտրի կարևոր ճանապարհները և իրականացվում մշակութային հաղորդակցությունը։ Տարանցիկ առևտուրը, արհեստների զարգացումը քաղաքներում նպաստեցին Հոնիայի տնտեսական և մշակութային ծաղկմանը (մինչև մ.թ.ա. 500-449 թվականների հույն-պարսկական պատերազմները)։ Հոնիայի քաղաքների Սմյուռնա (Զմյուռնիա, այժմ՝ Իզմիր), Փոկեա, Էրիթրե, Պրիենե, Կոլոփոն, Եփեսոս, Միլեթ և այլն] զարգացած մշակույթը խոշոր ազդեցություն է թողել Հին Հունաստանի մշակույթի վրա։ Մ.թ.ա. 8-6-րդ դարերում Հոնիայի քաղաքները ստեղծել են բազմաթիվ գաղութներ։ Հոնիայում առաջացել են հին հունական փիլիսոփայությունը (Անաքսիմանդրոս, Անաքսիմենես, Թալես) և պատմագրությունը (լոգոգրաֆներ, Հերոդոտոս)։ Մ.թ.ա. 6-րդ դարի կեսին Հոնիայի տարածքը նվաճել է Լիդիան, 546-թվականին՝ Կյուրոս II Մեծը, մ.թ.ա. 4-րդ դարում՝ Ալեքսանդր Մակեդոնացին, մ.թ.ա. 3-րդ դարում մտել է Սելևկյանների պետության կազմի մեջ, մ.թ.ա. 2-րդ դարում նվաճել է Հռոմը։ Մ.թ. 395 թվականից գտնվել է Բյուզանդիայի կազմում։ 14-15 դարերում նվաճել են օսմանյան թուրքերը։ 1913 թվականի Բուխարեստի հաշտության պայմանագրով Քիոս, Իկարիա, Սամոս և այլ կղզիները միացվել են Հունաստանին։ 1919 թվականին հուն, զորքերը թուրք, լծից ազատագրել են մայրցամաքային Հոնիան, սակայն 1922 թվականին հարկադրված թողել են այն. հույն և հայ բնակչությունը վտարվել է։ Մայրցամաքային Հոնիան այժմ մտնում է Թուրքիայի Իզմիր և Այդըն վիլայեթների մեջ։ Հոնիայի անունով հայերը հույների երկիրն անվանել են Հունաստան։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հոնիա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 544