Արքոնտ
Արքոնտ (հուն․՝ ’άρχων),
- պետ, առաջնորդ, կառավարիչ, տիրակալ, արքա Հին Հունաստանում և հելլենիստական մի շարք պետություններում։
- Մինչև մ․ թ․ ա․ 5-րդ դարի սկիզբը Աթենքում կառավարման բարձրագույն մարմնի ինն անդամներից յուրաքանչյուրը։ Մ․ թ, ա․ 8-րդ դարի կեսից արքոնտի իշխանության ցմահ ժամկետը իջեցվել է 10 տարվա։ Մ․ թ․ ա․ 7-րդ դարի առաջին կեսից արքոնտ ընտրվել է մեկ տարի ժամկետով։ Առաջին արքոնտը կոչվել է անվանադիր (եպոնիմոս) և գլխավորել գործադիր իշխանությունը (նրա անունով է կոչվել տարին)։ Երկրորդը կոչվել է թագավոր (բասիլևս) և վարել պաշտամունքային ծիսակատարությունները, երրորդը՝ զորավար (պոլեմարքոս)։ Մնացյալ վեց արքոնտ կոչվել են օրենսդիրներ (թեսմոթետներ), որոնք բառի բուն իմաստով օրենսդիրներ չեն եղել, այլ նախագահել են դատական այն գործերը, որոնք պետական մյուս աստիճաններում ենթակա չեն եղել դատաքննության։ Սրանց պարտականությունն է եղել նաև ամեն տարի աթենական օրենքների վերանայումն ու թերությունների վերացումը։ Մ․ թ․ ա․ 7-րդ դարից աթենական արեոպագոսը կազմվել է գլխավորապես նախկին Արքոնտներից։ Սոլոնի բարենորոգումներից (մ․ թ․ ա․ 6-րդ դարի սկիզբ) հետո արքոնտ են ընտրվել ունևոր խավերի ներկայացուցիչները։ Կլիսթենեսի բարենորոգումներից (մ․ թ․ ա․ 6-րդ դարի վերջ) հետո Արքոնտ կորցրել է քաղաքական դերը՝վերածվելով պատվավոր կոչման։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 157)։ |