Ազգագրությունը Հայաստանում

Ազգագրությունը՝ որպես ինքնուրույն գիտություն, Հայաստանում ձևավորվել է XIX դարում, թեև ազգագրական գիտելիքներ կուտակվել են հնագույն ժամանակներից։ Հայկական լեռնաշխարհի վաղագույն շրջանի բնակչության մասին ազգագրական բնույթի տեղեկություններ են ձեռք բերվել հնագիտական պեղումների շնորհիվ։ Լեռնաշխարհի բնակչության և հայերի մասին ազգագրական վկայություններ կան ասորական և ուրարտական սեպագրերում։ Տնտեսական զբաղմունքների, սովորությունների, ծեսերի ու հավատալիքների մասին հարուստ նյութեր են հաղորդում անտիկ ժամանակաշրջանի աղբյուրները (Հերոդոտոս, Քսենոփոն, Ստրաբոն, Տակիտոս և ուրիշներ)։

Ազգագրական տեղեկությունները՝ Աստվածաշնչում և հայ մատենագիրների երկերում խմբագրել

Ազգագրական տեղեկություններ կան Աստվածաշնչում և հայ մատենագիրների (Ագաթանգեղոս, Փավստոս Բուզանդ, Մովսես Խորենացի, Ղազար Փարպեցի, Մովսես Կաղանկատվացի, Թովմա Արծրունի, Արիստակես Լաստիվերցի, Կիրակոս Գանձակեցի, Ստեփանոս Օրբելյան, Առաքել Դավրիժեցի, Զաքարիա Սարկավագ (Քանաքեռցի) և ուրիշներ) երկերում։ 19-րդ դարի 1 թվականին կեսից մի շարք հայ հեղինակներ (Ղուկաս Ինճիճյան, Մեսրոպ Թաղիադյան, Խաչատուր Աբովյան, Մինաս Բժշկյան, Ղևոնդ Ալիշան և ուրիշներ) գրառել են ինչպես գրավոր աղբյուրներում սփռված ազգագրական բնույթի հիշատակություններ, այնպես էլ ժամանակակից հայոց կենցաղին ու սովորություններին վերաբերող նյութեր։ 19-րդ դարի 2-րդ կեսին Հայաստանի և հայկական մշակույթի կենտրոնների (Վաղարշապատ, Շուշի, Ալեքսանդրապոլ, Թիֆլիս, Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Կ. Պոլիս և այլն ) պարբերականներում (այդ թվում՝ ռուս.) հրատարակվել են հայ ազգագրական նյութեր։

Ազգագրական գիտական գործունեություն խմբագրել

1860-ական թվականներից ազգագրական, գիտական գործունեություն է ծավալել Գարեգին Սրվանձտյանցը։ Նրան հետևել են ազգագրության և բանահյուսության երախտավորներ Արիստակես Սեդրակյանը, Գևորգ Շերենցը, Հակոբ Ալահվերդյանը, Հովհանեես Նազարյանցը, Վահան Տեր-Մինասյանը, Գևորգ Տեր-Աղեքսանդրյանը և ուրիշներ։ Գարեգին Սրվանձտյանցի աշխատությունների հիման վրա Գրիգոր Խալաթյանցը Մոսկվայում 1887 թվականին հրատարակել է Ազգագրական հարցարան («Ծրագիր հայ ազգագրութեան և ազգային իրաւաբանական սովորութիւնների»), Երվանդ Լալայանը 1900 թվականին Թիֆլիսում հիմնադրել է ազգագրական հրատարակչական, 1906 թվականին՝ Հայոց ազգագրական ընկերությունները։ 1895-1916 թվականին 26 գրքով լույս է տեսել «Ազգագրական հանդես» պարբերականը։ Մեծարժեք ազգագրական նյութեր են հրատարակվել նաև «Եմինեան ազգագրական ժողովածուում» (9 գիրք, 1901-1913)։ Այս շրջանում զգալի ներդրում են ունեցել Սարգիս Հայկունին, Ալեքսանդր Երիցյանը, Գաբրիել Տեր-Հովհաննիսյանը (Քաջբերունի), Սողոմոն Եղիազարյանը և ուրիշներ։

Բանահյուսության և ազգագրության տարանջատումը խմբագրել

XIX դարի վերջերին աստիճանաբար տարանջատվել են բանահյուսությունն ու ազգագրությունը՝ վերածվելով գիտության առանձին բնագավառների։ Խորհրդային շրջանում արգասավոր գործունեություն են ծավալել Երվանդ Լալայանը, Ստեփան Լիսիցյանը, Խաչիկ Սամուելյանը և ուրիշներ։

Ազգագրական ուսումնասիրություններ խմբագրել

Ազգագրական ուսումնասիրություններ են կատարվել Հայաստանի պատմության թանգարանում (1920 թվականից), Հայաստանի կուլտուրայի պատմության ինստիտուտում (1926 թվականից), ԳԱ Պատմության ինստիտուտում (1953 թվականից), Հնագիտության և ազգագրության ինստիտուտում (ՀԱԻ, 1959 թվականից), ԵՊՀ հնագիտության և ազգագրության ամբիոնում, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պետական թանգարանում (1978 թվականից)։ Հայ ազգագրական գիտության կայացմանն ու միջազգային գիտական հանրության ճանաչմանը մեծապես նպաստել են միջին սերնդի ներկայացուցիչները՝ Վարդ Բդոյան, Էմմա Կարապետյան, Կարո Մելիք-Փաշայան, Ասյա Օդաբաշյան, Դերենիկ Վարդումյան, Կարլեն Սեղբոսյան, Լևոն Պետրոսյան և ուրիշներ։

Հայոց տնտեսական զբաղմունքներ, կենցաղի ու սովորությունների ուսումնասիրությունները խմբագրել

1950-ական թվականներին հիմնավորապես ուսումնասիրվել են հայոց տնտեսական զբաղմունքները, կենցաղն ու սովորությունները։ Լույս են ընծայվել հայ ժողովրդի տնտեսական կենցաղին, նյութական և հոգևոր մշակույթին, հասարակական հարաբերություններին, ժողովրդական փոխադրամիջոցներին, հավատալիքներին, ծեսերին ու պաշտամունքին վերաբերող տասնյակ ուսումնասիրություններ։ 1971 թվականից «Հայ ազգագրություն և բանահյուսություն» մատենաշարում (լույս է տեսել 26 հատոր) հրապարակվել են թեմատիկ ուսումնասիրություններ, Հնագիտության և ազգագրության ինստիտուտի արխիվում պահվող նյութեր։ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ոչ նյութական, մշակութային ժառանգության պահպանման և ուսումնասիրության շրջանակներում լույս է տեսել «Ազգագրական և բանահյուսական ժառանգություն» մատենաշարը, որտեղ ամփոփվել են ինստիտուտի արխիվում պահպանվող նյութեր։

Ազգագրագետների նոր սերունդը խմբագրել

Ազգագրագետների նոր սերունդը (Յուրի Մկրտումյան, Լիլյա Վարդանյան, Էմմա Պետրոսյան, Ժենյա Խաչատրյան, Ռաֆիկ Վարդանյան, Ռաֆիկ Նահապետյան, Արմեն Պետրոսյան, Լևոն Աբրահամյան, Համլետ Սարգսյան, Զավեն Խառատյան, Հրանուշ Խառատյան, Սուրեն Հոբոսյան, Սվետլանա Պողոսյան, Արմենուհի Ստեփանյան, Հարություն Մարության, Արթուր Մկրտչյան, Սամվել Մկրտչյան, Աշխունջ Պողոսյան, Աստղիկ Իսրայելյան, Կարինե Բազեյան, Աղասի Թադևոսյան, Միհրան Գալստյան, Մխիթար Գաբրիելյան, Արտակ Դաբաղյան, Նիկոլ Մարգարյան, Գայանե Շագոյան և ուրիշներ ) շարունակում է հետազոտությունները՝ զուգակցելով հայոց ավանդական և արդի մշակութային հարաբերությունները, ակտիվորեն համագործակցում միջագգային և արտասահմանյան կենտրոնների հետ։

Հետազոտությունների ուղվածության փոփոխությունը խմբագրել

Հայաստանում անկախության հռչակումից (1991 թվականի սեպտեմբեր) հետո էականորեն փոխվել է նաև ազգագրական հետազոտությունների ուղղվածությունը, սկսել են կիրառվել նոր հետազոտական մոտեցումներ ու մեթոդներ։ Բացի ավանդական, մշակութային համալիրների ուսումնասիրությունից՝ հայ ազգագրության ուշադրության կենտրոնում են հետազոտության նոր թեմաներ՝ արդիականության ազգաբանություն, հասարակական մշակութային փոխակերպումների և դրանց դրսևորումների (աղքատություն, ունեցվածքային բևեռացում, արտագաղթ), մարդաբանություն, պատերազմի և էթնիկ հակամարտությունների մարդաբանություն, քաղաքական մարդաբանություն և այլն։ Հայ ազգագրագետների ուշադրության կենտրոնում են նաև գիտության պատմության, տեսության ու մեթոդաբանության հարցերը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 104