Գևորգ Շերենց

հայ բանահավաք, ազգագրագետ, մանկավարժ, բանաստեղծ, հասարակական գործիչ

Գևորգ Շերենց (մայիսի 18, 1848(1848-05-18), Վան, Վանի էյալեթ, Օսմանյան կայսրություն - փետրվարի 5, 1921(1921-02-05), Թիֆլիս, Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն), հայ բանահավաք, ազգագրագետ, մանկավարժ, բանաստեղծ, հասարակական գործիչ։ Եղել է Արմենական կազմակերպության անդամ։

Գևորգ Շերենց
Ծնվել էմայիսի 18, 1848(1848-05-18)
ԾննդավայրՎան, Վանի էյալեթ, Օսմանյան կայսրություն
Վախճանվել էփետրվարի 5, 1921(1921-02-05) (72 տարեկան)
Վախճանի վայրԹիֆլիս, Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն
Մասնագիտությունբանաստեղծ, բանահավաք, ազգագրագետ և մանկավարժ
Գևորգ Շերենց Վիքիդարանում

Գործունեություն խմբագրել

Գևորգ Շերենցը ծնվել է 1848 թվականին, Վանում։ Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրի ծխական դպրոցում, ապա՝ Հիսուսյան վարժարանում։ 1870 թվականին մեկնել է Թիֆլիս, զբաղվել ուսուցչությամբ։ Թիֆլիսում սերտ կապեր է հաստատել տեղի մշակութային, հասարակական գործիչների հետ, ուշի-ուշով հետևել հայրենիքում կատարվող իրադարձություններին, թուրքերի կողմից հայերի նկատմամբ իրականացվող բռնարարքներին։ 1877 թվականին հին Բայազետի ու նրա շրջակա գյուղերում հայերի նկատմամբ կատարված բարբարոսությունների ազդեցության ներքո իր խոհերն ու տրամադրություններն արտահայտել է «երգեր գրելով ու տաղաչափելով»[1]։ 1880-ական թվականներից սկսած «Արձագանքի» էջերում տպագրել է Տաճկահայաստանում տեղի ունեցող դեպքերի վերաբերյալ տեղեկատվական հոդվածներ («Նամակ Վանից», 1882, N 4, «Տաճկահայաստանի ուսումնաբանական դրությունից», 1884, N 38): 1883 թվականին Խրիմյան Հայրիկի հրավերով ուսուցչական աշխատանքի է անցել Վարագա Ժառանգավորաց դպրոցում։ 1884 թվականին Թիֆլիսում 146 հայ մշակութային, հասարակական գործիչների, այդ թվում և Հովհաննես Թումանյանի օժանդակությամբ հրատարակել է «Սրտի թարգման կամ բանաստեղծություններ» ժողովածուն, որը նվիրել է Խրիմյան Հայրիկին։ Գրքում տեղ են գտել իր և Վարագա դպրոցի սաների գրած հայրենասիրական, կոտորածի, գաղթի, սիրո, բնության վերաբերյալ ստեղծագործություններ։ 1885 թվականին Շերենցն անդամակցել է Վանում հիմնադրված Արմենական կուսակցությանը, համագործակցել կուսակցության նշանավոր դեմքերի՝ Մ. Ավետիսյանի, Գ. Թերլեմեզյանի և այլոց հետ։ 1880-ական թվականներին, արձագանքելով Արևմտահայաստանում և Արևելահայաստանում բանահյուսական և ազգագրական նյութերի գրառման շուրջ ծավալված աննախադեպ շարժմանը, Շերենցը Վանից, Շատախից ու Մոկսից գրառում է տարաբնույթ նյութեր և դրանք 1885 թվականին Թիֆլիսում տպագրում «Վանա սազ» խորագիրը կրող առաջին պրակում։ 1885 թվականին Թիֆլիսից Վան վերադառնալիս ձերբակալվել է։ Բանտից ազատվելուց հետո նշանակվել է Վանի Սուրբ Թարգմանչաց դպրոցի ուսուցիչ, որտեղ աշխատել է շուրջ 10 տարի։

1893 թվականին Շերենցը հրավեր է ստացել Բաղեշի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգաբարձության կողմից Վանի վերաքննիչ ատյանի նախագահ, սիրիացի արաբ Ահմեդ Վասֆի էֆենդու հետ ուղևորվելու Բաղեշ՝ տեղի Սուրբ Գևորգ դպրոցում դասավանդելու։ Դպրոցում նրա գործընկերն են եղել ավագ ուսուցիչներ Մ. Մկրյանը, Հ. Դոդոխյանը։ Թուրքերի հետապնդումները շարունակվել են և Բաղեշում։

1894 թվականի մարտի 15-ին Շերենցը դասը վարելիս, երբ աշակերտներին ներկայացնում էր օսմանյան պատմության այն հատվածը, թե առաջին Օսմանը, հաջորդելով Էրթողրուլին, ինչպես է հիմնել ներկա տերությունը, անակնկալ դասարան է մտել թաղային մի պաշտոնյա՝ ոստիկանի ուղեկցությամբ։ Շերենցին դպրոցից տարել են ոստիկանատուն, ապա նահանգական դատախազի մոտ։ Հարցաքննությունից պարզվել է, որ Շերենցը, ուսուցչական կազմը և հոգաբարձությունն ամբաստանել են թուրքերին ինչ-որ «էրմենի մեսե-լեսիով»՝ Հայկական հարցով։ Տեղի երևելիներից Բաղդալյանի երաշխավորությամբ նրան ժամանակավորապես ազատ են թողել։ Շերենցի մի վկայությունից պարզվում է նաև, որ թուրքական կառավարության կողմից հատկապես ուսուցիչներն էին վերահսկվում, և կասկածյալներն անմիջապես բանտարկվում էին[2]։

1896 թվականից հաստատվել է Թիֆլիսում, որտեղ 1899 թվականին հրատարակել է «Վանա սազի» երկրորդ պրակը։ Հայրենաբաղձության կարոտը սրտում՝ Շերենցը Թիֆլիսում շարունակում է իր նվիրական գաղափարների իրագործումը, ձեռնամուխ է լինում Վան-Վասպուրականի պատմական հուշարձանների, սրբավայրերի նկարագրման աշխատանքներին[3]։

Գրել է բանաստեղծություններ, որոնցից մի քանիսը («Հերիք որդյակ այսքան տարվա տառապանք» և այլն) վերածվել են երգի։ Հետագայում մանկավարժական-հասարակական գործունեությանը զուգընթաց զբաղվել է բանահավաքչական-ազգագրական աշխատանքով։ Առավել հայտնի է Շերենցի «Վանա սազ» (մաս 1-2, 1885-1899) բանահյուսական-ազգագրական ժողովածուն, որն ընդգրկում է Վասպուրականի հեքիաթները, զրույցները, երգերը, առած-ասացվածքները, հանելուկները, անեծքները, օրհնանքները և այլն։ Առանձին գրքերով լույս է ընծայել նաև «Սրբավայրեր» (1902), «Ալթուն դերեսի կամ մի գիշեր Բաղեշի բանտում․ 1893-1896» (1910) գործերը[4]։

Երկեր խմբագրել

  • Սրբավայրեր։ Տեղագրութիւն Վասպուրականի-Վանայ նահանգի գլխաւոր եկեղեցեաց Վանօրէից և ուսումնարանաց։ Թիֆլիս, 1902[5]։
  • Վանայ սազ։ Հաւաքածոյք Վասպուրականի ժողովրդական երգերի, հեքիաթների, առածների և հանելուկների։ Առաջին մաս։ (Տեղական բարբառով)։ Թիֆլիս, 1885[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Շերենց Գ., Սրտի թարգման կամ բանաստեղծություններ, Թիֆլիս, 1884։
  2. Շերենց Գ., Ալթըն դերեսի կամ մի գիշեր Բաղեշի բանտում, Թիֆլիս, 1910, էջ 12-13։
  3. «Վարդանյան, Ս. Ա. (2005) Գևորգ Շերենց (1848-1921թթ.). Լրաբեր Հասարակական Գիտությունների, № 3 . pp. 183-187. ISSN 0320-8117» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 18-ին.
  4. ««Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխավոր խմբագիր Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 18-ին.
  5. Շերենց, Գևորգ (1902). Սրբավայրեր: Տեղագրութիւն Վասպուրականի-Վանայ նահանգի գլխաւոր եկեղեցեաց վանօրէից եւ ուսումնարանաց. Թիֆլիս: Տպարան ընկ. «Վերիչև և Կամենմախէր».
  6. Շերենց, Գևորգ (1885). Վանայ սազ։ Հաւաքածոյք Վասպուրականի ժողովրդական երգերի, հեքիաթների, առածների եւ հանելուկների։ Առաջին մաս։ (Տեղական բարբառով). Թիֆլիսի ընկերութիւն հայերէն գրքերի հրատ. Թիֆլիս: տպ. Կ. Մարտիրոսեանցի.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 486