Ալեքսանդր Երիցյան
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալեքսանդր Երիցյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Երիցյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ալեքսանդր Դավթի Երիցյան (հոկտեմբերի 24, 1841[1], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] - փետրվարի 21, 1902[1], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1]), հայ պատմաբան, հնագետ։
Ալեքսանդր Երիցյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 24, 1841[1] Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | փետրվարի 21, 1902[1] (60 տարեկան) Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] |
Գերեզման | Խոջիվանք |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | պատմաբան, հայագետ, գրող և լրագրող |
Հաստատություն(ներ) | Q12865489? և Վաճառական[2] |
Գործունեության ոլորտ | պատմություն[3], գրականություն[3] և ժուռնալիստիկա[3] |
Ալմա մատեր | Ներսիսյան դպրոց |
Տիրապետում է լեզուներին | հայերեն[3] և ռուսերեն[3] |
Ամուսին(ներ) | Սրբուհի Երիցյան |
Երեխա(ներ) | Գարեգին Երիցյան[1] |
ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Գարեգին Երիցյանի հայրը։
XIX դարի երկրորդ կեսին հայ պատմագրությունը զգալի առաջընթաց ապրեց։ Բուրժուական պատմագրության զարգացումը Եվրոպայում և Ռուսաստանում, 1850-60-ական թվականների հասարակական կյանքի վերելքը, բուրժուական հարաբերությունների մուտքը հայ իրականություն մեծապես նպաստեցին նախորդ շրջանում իշխող կղերա-ֆեոդալական պատմագիտության տիրապետությանը հաղթահարելուն։
Արխիվային վավերագրերի ու փաստական նյութերի լայն օգտագործմամբ հայ ժողովրդի նոր շրջանի պատմության ամենաբազմազան հարցերին առաջին անգամ անդրադարձավ Ալեքսանդր Երիցյանը։ Ծավալելով իր գործունեությունը պատմական այդ կարևոր ժամանակաշրջանում, երբ Անդրկովկասի հասարակական-տնտեսական և քաղաքական կյանքում տեղի էին ունենում կարևոր տեղաշարժեր և ձևավորվում էին հայ քաղաքական հոսանքները Երիցյանը չդարձավ այդ հոսանքներից և ոչ մեկի հետևողական ախոյանը կամ գաղափարական պաշտպանը։ Նա հիմնականում միջին դիրք էր գրավում հայ պահպանողականության և լիբերալիզմի միջև։
Կենսագրություն
խմբագրելԱլեքսանդր Դավթի Երիցյանը ծնվել է Թիֆլիսում 1841 թ. հոկտեմբերի 24-ին ցարական աննշան պաշտոնյայի ընտանիքում։ Նրա ծնողները Սանահին գյուղից էին։ Սկզբնական կրթությունը ստացել Է Ներսիսյան դպրոցում 1851 թվականից, բայց շուտով թողնում է այն, 1854 թ. Երեսփոխյանի պանսիոնում որոշ ժամանակ սովորելուց հետո մտնում Է Թիֆլիսի գիմնազիա, որից ստիպված է լինում դուրս գալ վեցերորդ դասարանից՝ բրոնխիտ հիվանդության պատճառով։ Թեև Երիցյանը համալսարանական կրթություն չի ստանում, բայց զբաղվելով ինքնակրթությամբ դառնում Է իր դարի զարգացած մարդկանցից մեկը։ Գիմնազիան թողնելով և կյանքի ասպարեզ մտնելով՝ նա ընտրում է սկզբում պետական ծառայությունը, միառժամանակ զբաղվելով գրականությամբ։ Սկզբում՝ մոտ հինգ տարի, ծառայում Է Կովկասի փոխարքայության պալատում, ապա նահանգական կառավարչական դիվանատանը, այնուհետև՝ գլխավոր վարչությունում և այլն։ 1877-1878 թթ. ռուս-թուրքական պատերազմի ժամանակ Երիցյանը նշանակվում Է Լոռիս-Մելիքովի և Շելկովնիկովի մոտ, որպես առանձին հանձնարարությունների պաշտոնյա։ Պատերազմից հետո 80-ական թվականներին նա աշխատանքի է անցնում պետական կալվածքների մինիստրությունում։ Այստեղ աշխատելով նա մասնակցում է «Տիխեևի ծրագրած՝ Անդրկովկասի պետական գիւղերի ստորագրութեան ընդարձակ գործում, հետազօտելով Ղազախի գաւառը»։
Ալեքսանդր Երիցյանը հնագետ
խմբագրել1880 թ. Թիֆլիսի ռուսական հնագիտական արշավախումբը, Ա. Դ. Երիցյանի ու Ա. Ս. Ուվարովի գլխավությամբ, նախաձեռնեց հին հայոց Արմավիր մայրաքաղաքի պեղումները (չի բացառվում՝ Երիցյանի նախաձեռնությամբ)։ Նրանք ձեռք բերել եւ Արմավիրում պեղել են հնագիտական նյութեր (պեղվել են Արմավիրի թագավորական չորսը դամբարանադաշտեր, որոնք այժմ մնացել են Արմավիրի բլրի շրջակա գյուղերի գերեզմանների և այգիների տակ, Երվանդ վերջին արքայի դամբարանը Ջրաշեն գյուղի Աղվեսասարի վրա, ու գտել են կմախք, զենքերի մնացորդներ, կերամիկա, մահարձանի հունարեն սեպագիրը), զննել են միջնաբերդի և տաճարի ավերակները, դրանց շրջակայքը, կազմել են տեղանքի հնագիտական քարտեզ։ Սակայն, Ա. Ս. Ուվարովը առաջադրեց, որ իրենք չէին գտնվում Խորենացու ներկայացրած Արմավիր մայրաքաղաքը, այլ իրենց պեղածը մ.թ.ա. IV դարի ինչ-որ բերդի ավերակներ են։ Պարսիկ խաները Սարդարապատի բերդը XVIII դարում կառուցելու նպատակով, այնպես էին ավերել Արմավիր մայրաքաղաքի մնացորդները (դարձրել էին քարհանք), որ Ա. Երիցյանը և ռուսական հնագիտության հայր Ուվարովը չըմբռնեցին, որ իրենք կանգնած էին Արմավիր մայրաքաղաքի բլրի բարձունքում և դիտում էին միջնաբերդի դեռ չավերած պատերին։ Նույն տեղում, Բ. Առաքելյանի գլխավորած հնագիտական արշավախումբը 1962 թվականից սկսեց Արմավիր մայրաքաղաքի պեղումները։
1888 թ. Երիցյանը ստիպված թողել է ծառայությունը, քանի որ պետական գործերով հաճախակի կատարած գործուղումները քայքայել էին նրա թույլ առողջությունը։ Կյանքի վերջին 14-15 տարիները Երիցյանը անցկացրեց տանը, ամբողջապես նվիրվելով գիտությանը։
Ստեփան Մալխասյանցը 1902 թ. «Մշակ» պարբերականում անրադառնալով Երիցյանին, նրա գրական գործունեությունը բաժանում է երկու շրջանի. առաջինը 1870-1890 թթ., երբ նրա «գործունէութիւնը այնքան նշանաւոր չէ քանակութեամբ ու որակութեամբ», և երկրորդ շրջանը 90-ական թվականներին, երբ «շատանում է գրուածքների թիւը և մեծանում է նրանց ներքին գիտնական արժէքը»։ Առաջին շրջանում Երիցյանը հանդես է գալիս պարբերական հրատարակություններում մեծ քանակությամբ հայերեն և ռուսերեն լեզուներով գրված ընդարձակ ու համառոտ հոդվածներով, այն ինչ վերջին շրջանում տպագրում է առանձին մենագրություններ և ընդարձակ գործեր։ Մալխասյանցը այս երևույթը բացատրում է նրանով, որ առաջին շրջանում դեռ ծանոթանում էր նյութերի հետ և ուսումնասիրում, միարժամանակ աշխատելով տարբեր հիմնարկություններում ապրուստի միջոցներ էր վաստակում, որը բնականաբար խլում էր նրա ժամանակը և ուշադրությունը[4]։
Վախճան
խմբագրելԵրիցյանը վախճանվել է Թիֆլիսում 1902 թվականի փետրվարի 21-ին, 61 տարեկանում, երկարատև հիվանդությունից հետո (սրտի արատ, թոքերի խրոնիկական բորբոքում)։ Երիցյանը ուներ մեկ որդի, որը այդ ժամանակ սովորում էր Սանկտ Պետերբուրգի գեղարվեստական ճեմարանում։ Փետրվարի 24-ին տեղի է ունեցել Ալ. Երիցյանի թաղման արարողությունը, մեծ բազմության ներկայութեան, ընդ որում՝ բազմաթիւ օտար յուղարկաւորողներ, վրաց գիտնական Կիւրոն եպիսկոպոսը։ Պատարագի ժամանակ եկած է Մկրտիչ Ա. Կաթողիկոսը (Խրիմյան Հայրիկը), որ բանախոսելով հանգուցյալի հիշատակին՝ մատնանիշ արել է հայ գրագետների անապահով նիւթական դրությունը։ Համառոտ խոսքով հանդես է եկել նաև վրացի հնագետ-պատմաբան Ջանաշվիլին։ Թաղումը տեղի է ունեցել Խոջիվանքի գերեզմանատանը՝ Րաֆֆու և Ծերենցի շիրիմներից ոչ հեռու։
Երկեր
խմբագրել- Նիւթեր Ներսէս Ե-ի կենսագրութեան համար, 1877։
- Ներսէս եպիսկոպոսը Դանիէլ կաթողիկոսի ժամանակ, 1877։
- Опыт статистического очерка народонаселения Турецкой Армении / А. Ерицова., Тифлис, Тип. Гл. упр. наместника кавказ., 1881.
- Վենետիկի Մխիթարեանք, 1883։
- Գրիգոր Արծրունու և նրա քսան հինգ տարւայ գրական գործունէութեան առթիւ (1865-1890), աշխատասիրեց՝ Ա. Երիցեանց, 1841-1902, Տփխիս, Արօր , 1890։
- Սխալ հաշիւ։ Կօմեդիա չորս գործողութիւնով, Աղ. Երիցեան, Թիֆլիզ, տպ. Յովհաննէս Մարտիրոսեանցի, 1894։
- Ամենայն հայոց կաթողիկոսութիւնը եւ Կովկասի հայք XIX դարում, 1895։
- Патриарх всех армян Нерсес V-й и князь Михаил Семенович и княгиня Елизавета Ксавериевна Воронцовы, в их частной переписке: [С приложением и с фото-типиями: 1) патриарха Нерсеса, 2) кн. М. С. Воронцова и 3) Е. К. Воронцовой] / А. Д. Ерицов. Тифлис: Скоропеч. М. Мартиросянца, 1898.
- Պատմութիւն 75-ամեայ գոյութեան Ներսիսեան հայոց հոգեւոր դպրոցի, 1898։
- Пребывание Императора Николая I в Эчмиадзине и в Тифлисе по данным армянского археолога / М. Я. Алавердянц, Երիցյան Ալեքսանդր Դավթի, С.-Петербург, Тип. Т-ва п. ф. "Электро-Тип. Н. Я. Стойковой", 1909:
Գրականություն
խմբագրել- Արթուր Մայիլյան, Ալեքսանդր Երիցյանը հայ տպագրության պատմության մասին, Հայագիտական հանդես, Երևան, 2006, № 2(4), էջ 95-101։
- Ա.Ֆ.Մայիլյան, Ալեքսանդր Երիցյանը Վենետիկի Մխիթարյան միաբանության մասին, Լրաբեր հասարակական գիտությունների, Երևան, 2003, № 3, էջ 150-156։
- Համբարյան Ա. Ս., Ալեքսանդր Երիցյան, ՊԲՀ, 1960, № 1:
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. Այվազյան — Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1.
- ↑ Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ Ерицов Александр Давидович
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Երիցյան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 592)։ |