Գրիգոր Խալաթյանց

հայ պատմաբան

Գրիգոր Աբրահամի Խալաթյանց (սեպտեմբերի 15, 1858(1858-09-15), Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - փետրվարի 8, 1912(1912-02-08)[1], Թիֆլիս, Ռուսական կայսրություն), հայագետ, պատմաբան-բանասեր, մանկավարժ, մշակութային գործիչ։ Պատմական գիտությունների դոկտոր (1903), պրոֆեսոր (1906)։

Գրիգոր Խալաթյանց
Ծնվել էսեպտեմբերի 15, 1858(1858-09-15)
Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել էփետրվարի 8, 1912(1912-02-08)[1] (53 տարեկան)
Թիֆլիս, Ռուսական կայսրություն
ԳերեզմանԹիֆլիս
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Մասնագիտությունպատմաբան, հայագետ, բանասեր, մշակութային գործիչ, դասախոս, լեզվաբան, բանահավաք, գրականագետ, արևելագետ և գրականագետ
Հաստատություն(ներ)Լազարյան ճեմարան
Գործունեության ոլորտՀայ գրականություն[2], հայկական բանասիրություն[2], ազգագրություն[2] և բանագիտություն[2]
ԱնդամակցությունՄոսկվայի հնագիտական ​​ընկերություն
Ալմա մատերԼազարյան ճեմարան (1877) և Մոսկվայի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետ (1884)
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր (1903)
Տիրապետում է լեզուներինհայերեն[2], գրաբար և ռուսերեն[2]

Ուսում և գործունեություն

խմբագրել

1868-1877 թվականներին սովորել է Մոսկվայի Լազարյան ճեմարանում, 1877-1880 թվականներին՝ Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետում, ապա՝ տեղափոխվել պատմա-լեզվաբանական ֆակուլտետը և ավարտել 1884 թվականին։ Այնուհետև կատարելագործվել է Գերմանիայում։ 1886 թվականից մինչև կյանքի վերջն աշխատել է Լազարյան ճեմարանում՝ դասավանդելով հայագիտական տարբեր առարկաներ։ 1890 թվականից գլխավորել է նաև հայագիտության ամբիոնը, իսկ 1897-1903 թվականներին եղել ճեմարանի տեսուչը։

Գործուն կերպով մասնակցել է Մոսկվայի, Պետերբուրգի, Թիֆլիսի, Կ. Պոլսի, Էրզրումի, Էջմիածնի հայ մշակութային կյանքին, նպաստել Ռուսաստանում հայագիտության զարգացմանը։ Աշխատակցել է հայ և օտար պարբերական մամուլին։ Գրել է (աշխարհաբար, գրաբար, ռուսերեն և գերմաներեն) ավելի քան 30 գիտական աշխատություն ու հոդված՝ հայ ժողովրդի պատմության, մատենագրության, բանասիրության և ազգագրության տարբեր հարցերի ու խնդիրների վերաբերյալ։ Խալաթյանցի անդրանիկ գործն է «Սասունցի Դավիթ» հայ ժողովրդական էպոսի ռուսերեն թարգմանությունը (1881), որը հրատարակվել է նաև գերմաներեն (1886)[3][4]։

Հայ պատմիչներին նվիրված քննադատություն

խմբագրել

Խալաթյանցին առանձնապես հետաքրքրել է Մովսես Խորենացին։ Զբաղվելով նրա, Եղիշեի և Ղազար Փարպեցու երկերի աղբյուրների ու դրանց փոխադարձ առնչությունների քննությամբ՝ ուշադրություն է դարձրել այդ երկերում առկա միևնույն նյութերի բովանդակությունից բխող որոշ նմանություններին, դրանք համարել նույնություններ, անգամ՝ արտագրություններ և փորձել տալ դրանց լուսաբանումը։ Սկզբում ընդունելով, որ երեքն էլ V դարի պատմիչներ են և որ Ղազար Փարպեցին մի փոքր ավելի ուշ է գրել առաջիններից, անհիմն կերպով մեղադրել է նրան, պնդելով, թե նա իր «Հայոց պատմություն»-ը գրելիս իբր առատորեն օգտվել, որոշ դեպքերում՝ նույնիսկ արտագրել է Մովսես Խորենացու «Հայոց պատմություն» և Եղիշեի «Վարդանի և Հայոց պատերազմի մասին» երկերից, սակայն դիտավորյալ լռել ու չի նշել թե՝ դրանք, թե՝ դրանց հեղինակներին («Ղազար Փարպեցի և գործք նորին», 1883, Խալաթյանցի առաջին գրաբար աշխատությունը)։ Բայց հետո Խալաթյանցը հրաժարվել է այդ տեսակետից և դիտումնավորության մեջ մեղադրել նախ՝ Եղիշեին, ընդունելով, թե նա VII դարի պատմիչ է, հետևաբար օգտվող-արտագրողը նա է («Նամակ առ խմբագրություն Եղիշեի աղբյուրների առթիվ», «ՀԱ», 1895, № 4), իսկ այնուհետև՝ Մովսես Խորենացուն։ Ընկնելով ծայրահեղության մեջ՝ Խալաթյանցը նրան համարել է ոչ վաղ, քան VIII դարի հեղինակ, նրա երկը՝ դիտումնավոր, կողմնակալ գրվածք և անվստահելի աղբյուր։ Ըստ Խալաթյանցի, Մովսես Խորենացին ինքն է հորինել, կազմել «Հայոց վեպ», որի նյութը վերցրել է գլխավորապես Սուրբ Գրքից։ Խալաթյանցի կարծիքով այդ վեպն արհեստական է և կապ չունի իրական պատմության հետ («Հայոց վեպը Մովսես ԽորենացուՊատմության մեջ», 1896, ռուսերեն։ Այս աշխատության համար Խալաթյանցը ստացել է մագիստրոսի կոչում)։ Մովսես Խորենացու և նրա «Հայոց պատմության» աղբյուրների քննությանն են նվիրված Խալաթյանցի նաև այլ աշխատություններ. «Մովսես Խորենացի և յուր աղբյուրները» (1898), «Մովսես Խորենացու նորագույն աղբյուրների մասին» (1898) և այլն։

Արշակունիներին նվիրված քննդատություն

խմբագրել

Հայ Արշակունիների և նրանց մասին Մովսես Խորենացու տեղեկությունների առնչությունների խնդրին է նվիրված «Հայ Արշակունիները Մովսես Խորենացու «Հայոց պատմության» մեջ» (1903, ռուսերեն) ստվարածավալ աշխատությունը՝ Խալաթյանցի գլուխգործոցը, որի համար Պետերբուրգի կայսերական ակադեմիան Խալաթյանցին շնորհել է դոկտորի կոչում։ 1903 թվականին Խալաթյանցը մասնակցել է նաև արևելագետների միջազգային համաժողովին (Համբուրգ), որտեղ գերմաներեն լեզվով երկու դասախոսություն է կարդացել հնագույն հայոց պատմության վերաբերյալ։ Հայ ժողովրդի պատմությանն է նվիրված նաև «Ակնարկ Հայաստանի պատմության...» (1910, ռուսերեն) մեծարժեք երկը, որում Խալաթյանցը շարադրել է երկրի քաղաքական ու տնտեսական պատմությունը հնագույն շրջանից մինչև քրիստոնեության պաշտոնական մուտքը Հայաստան։

Այլ աշխատություններ

խմբագրել

Խալաթյանցի բանասիրական գործերից ուշագրավ է «Հայ ժողովրդական հեքիաթների ընդհանուր ուրվագիծ» (1885 ռուսերեն, նաև՝ գերմաներեն 1886) աշխատությունը, որում աշխատել է ցույց տալ հայոց, սլավոնների և գերմանացիների ժողովրդական հեքիաթների միջև եղած կապը։ Գիտության համար չափազանց արժեքավոր էին «Ա և Բ Մնացորդաց գրքերի նորագիւտ հայ թարգմանութհւնը» (1896) և «Գիրք Մնացորդաց ըստ հնագոյն հայ թարգմանութեան» (1899) երկերի հրատարակությունները, որոնք անմիջապես իրենց վրա բևեռեցին նշանավոր արևելագետների ու հայագետների ուշադրությունը և որոնք կարևոր ներդրում են Սուրբ Գրոց հայ թարգմանության պատմության լուսաբանման, ընդհանրապես, Աստվածաշնչի պատմության ուսումնասիրման համար։ «Ծրագիր հայ ազգագրության և ազգային իրավաբանական սովորությունների» (1887) գործով Խալաթյանցը մատնանշել է այն ուղին, որով պետք է ընթանա ազգագիր-բանահավաքը (տես Ազգագրական հարցարան)՝ Խալաթյանցի նախաձեռնությամբ է հիմնվել «Էմինյան ազգագրական ժողովածուին (անձամբ խմբագրել է 1—8 գրքերը)։ Թեպետ Խալաթյանցը որոշ երկերում թույլ է տվել սխալ դրույթներ ու տեսակետներ, որոնք հետագայում մերժել է հայագիտությունը, սակայն այսօր էլ Խալաթյանցի բազմաթիվ երկեր պահպանել են իրենց գիտական արժեքը։

Խալաթյանցը թաղվել է Թիֆլիսում։

  • Ղազար Փարպեցի եւ գործք նորին ։ Պատմական եւ գրական քննութիւն, 1883։
  • Общий очерк армянских сказок, 1885.
  • Ծրագիր հայ ազգագրութեան եւ ազգային իրաւաբանական սովորութիւնների, 1887։
  • Մովսէս Խորենացու "Հայոց պատմութիւնը" : Քննադատութիւն, 1890։
  • Եղիշէի Վարդանանց պատմութիւնը, 1892։
  • Զենոբ Գլակ, Վնտ., 1893:
  • Ընտիր երկասիրութիւններ։ Երեք հատորով, 1893։
  • Մարաբա Մծուրնացի կամ կեղծ-Ագաթանգեղոս։ Համեմատական ուսումնասիրութիւն, 1896։
  • Յիշատակարան աղէտից, պատմական վիպասանութիւն, 1897։
  • Մարաբա Մծուրնացի կամ կեղծ Ագաթանգեղոս, Վնտ., 1898:
  • Գիրք մնացորդաց ըստ հնագոյն հայ թարգմանութեան, 1899։
  • Армянские Аршакиды в "Истории Армении" Моисея Хоренскаго : Опыт критики источников, 1903.
  • Հայ Արշակունիք ըստ Մովս. Խորենացւոյ կամ նոր ուսումնասիրութիւններ Մովս. Խորենացւոյ մասին, 1906։

Գրականություն

խմբագրել
  • Շահնազարյան Ա., Պրոֆ. Գրիգոր Աբրահամյան Խալաթյան, «ԱՀ», 1912, գիրք 12, № l։
  • Աբրահամյան Ռ., Գրիգոր Խալաթյանց («Արարատ», 1912, 3)։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 http://am.hayazg.info/index.php?curid=5200
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  3. «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007։
  4. «Շահազիզ, Ե. (1950) Գրիգոր Աբրահամի Խալաթյանցը. Էջմիածին. Պաշտօնական ամսագիր Հայրապետական Աթոռոյ Ս. Էջմիածնի, Է (7-8). pp. 49-55» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 3-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրիգոր Խալաթյանց» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 704