Քոեկյան
Քոեկյան, գրաբար՝ Քոեկեան, գավառ Մեծ Հայքի Փայտակարան նահանգի կազմում։ Վարչական կենտրոնի կամ այլ բնակավայրերի մասին տեղեկութուններ չեն պահպանվել։
Երկիր | Մեծ Հայք |
---|---|
Կարգավիճակ | գավառ |
Մտնում է | Փայտակարան |
Հիմնական լեզու | գրաբար, պահլավերեն |
Ազգային կազմ | կասպեր, հայեր |
Կրոնական կազմ | զրադաշտականություն, հայ առաքելական եկեղեցի |
Աշխարհագրություն
խմբագրելՔոեկյանը եղել է Փայտակարանի տասներեք գավառներից մեկը, եղել սահմանային վարչական միավոր։ Հատկանշական է, որ Աշխարհացույցում չի հիշատակվում որպես առանձին գավառ, հավանաբար եղել է Պիճանի և Առոսի հետ միասին՝ որպես Առոս-Պիճան։ Հյուսիսում սահմանակցել է Վարդանակերտ, արևելքում՝ Քաղանռոտ, արևմուտքում՝ Ալևան, իսկ հարավ-արևմուտքում՝ Պիճան գավառներին։ Հարավում սահմանակցել է Ատրպատականին։
Տարածքով հոսում էր գետ, որի անունը ենթադրաբար եղել է Մեղ (պարս.՝ قره سو` Ղարա սու), և ընդունել է Սամբուր վտակը։ Գետը հանդիսանում էր Արաքսի աջակողմյան վտակը։ Հարավում Ատրպատականի հետ ուներ բնական սահման՝ Հայկական (Ղարադաղի կամ Արասբարանի) լեռնաշղթա։
Գավառի տարածքը համապատասխանում է ներկային Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգի Քալեյբարի շրջանի մի մասին։
Պատմություն
խմբագրելԳավառը Փայտակարան նահանգի կազմում եղել է Մեծ Հայքի թագավորության մեջ՝ Արտաշես Ա Բարեպաշտի (մ․թ․ա․ 189 - մ․թ․ա․ 160)՝ հայկական հողերի միավորման արդյունքում, մինչև Հայաստանի առաջին բաժանումը (387)՝ ավելի քան կես հազարամյակ։ Հաճախ հիշատակվում է ոչ թե որպես առանձին գավառ, այլ հարևան Վասպուրականի Պարսպատունիք գավառի մի մաս։ Տարածքը, Պարսկահայքի մի շարք գավառների և ամբողջ Փայտակարանի հետ միասին, հաշվի առնելով այդ գավառներում հայ բնակչության սակավությունը կամ բացակայությունը, անցել է Ատրպատականին (Սասանյան Պարսկաստան)։
Ինչպես գավառը, այնպես էլ Փայտակարան նահանգը, հայկական պետության մեջ չեն մտել՝ դրանում հայկական իշխանության կամ վարչական այլ միավորի բացակայության պատճառով։ Դրանում բնակվող զրադաշտականություն դավանող կասպերը և մարերը 7-րդ դարի կեսերին արաբական նվաճումների արդյունքում ընդունել են իսլամ, ապա և դարձել Ատրպատականում ձևավորվող տարբեր պետական կազմավորումների բնակիչներ։
Զարգացած միջնադարում այստեղ դարձյալ հաստատվում են քրիստոնեադավան հայերի հոծ խմբեր, որոնց հիմնադրած գյուղերը պահպանում են իրենց հայկական դիմագիծը ընդհուպ մինչև երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը և մեծ հայրենադարձությունը։ Ի սկզբանե տեղի հայ համայնքը ենթարկվում էր Սյունիքի մետրոպոլիտությանը, իսկ ռուս-պարսկական պատերազմների (1804-1813, 1826-1828) արդյունքում անցնում է Ատրպատականի թեմին։
Գրականություն
խմբագրել- Розалия Габриелян Армения и Атропатена / М.Э. Авакян. — Ереван: Издательство Российской-Армянского (Славянского) университета, 2002. — С. 318. — ISBN 99930-928-3-6
- Пайтакаран. - "Вестник общественных наук" АН Арм.ССР, т. ХП, с. 301-302 (հայ.)
- Ինճիճյան Ղ., Ստորագրութիւն հին Հայաստանեայց, Վնտ., 1822
- Հարությունյան Բ., Մեծ Հայքի վարչա-քաղաքական բաժանման համակարգն ըստ “Աշխարհացոյց”-ի
- Երեմյան Ս., Հայաստանը ըստ “Աշխարհացոյց”-ի, Երևան, 1963
- Ուլուբաբյան Բ.Ս., Դրվագներ Հայոց Արևելից կողմանց պատմության IV-VII դդ., Երևան, 1981
- Арутюнян, Б. Система политико-административного деления Великой Армении = Մեծ Հայքի վարչա-քաղաքական բաժանման համակարգն ըստ Աշխարհացույցի. — Ереван, 1998.