Ալևան
Ալևան, գրաբար՝ Ալեւան, գավառ Մեծ Հայքի Փայտակարան նահանգի կազմում՝ ըստ Աշխարհացույցի։ Վարչական կենտրոնն էր ենթադրաբար Ալեան բնակավայրը, որն այժմ կարող է համապատասխանել ժամանակակից Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգի Քալեյբար (պարս.՝ کلیبر) քաղաքին՝ Բաբեկի բերդից ոչ հեռու։
Երկիր | Մեծ Հայք |
---|---|
Կարգավիճակ | գավառ |
Մտնում է | Փայտակարան |
Վարչկենտրոն | Քալեյբար |
Հիմնական լեզու | գրաբար, պահլավերեն |
Ազգային կազմ | կասպեր, հայեր |
Կրոնական կազմ | զրադաշտականություն, հայ առաքելական եկեղեցի |
Աշխարհագրություն
խմբագրելԱլևանը եղել է Փայտակարանի տասներեք գավառներից մեկը, եղել սահմանային վարչական միավոր։ Հյուսիս-արևելքում և արևելքում սահմանակցել է Վարդանակերտ, Քոեկյան և Պիճան գավառներին։ Հյուսիսում և հյուսիս-արևմուտքում՝ Արաքս գետի հունով, սահմանակցել է Արցախ և Սյունիք նահանգներին (համապատասխանաբար՝ դրանց Սիսական-ի-Կոտակ և Կովսական գավառներին), արևմուտքում՝ Վասպուրական նահանգին (Պարսպատունիք գավառ), իսկ հարավում՝ Դրունք Հայոց լեռնանցքի միջոցով, կապվում էր Ատրպատականին։
Տարածքով հոսում էր գետ, որի անունը չի պահպանվել սկզբնաղբյուրներում (պարս.՝ کلیبر چایی` Քալեյբար չայ), որը հանդիսանում էր Արաքսի աջակողմյան վտակը։ Հարավում Ատրպատականի հետ ուներ բնական սահման՝ Հայկական (Ղարադաղի կամ Արասբարանի) լեռնաշղթա։ Արցախը և Սյունիքը Ատրպատականին կապվել են այս տարածքով։ Գավառի ամենաբարձր կետը եղել է Հաշտասարը (պարս.՝ هشته سر՝ հաշթե սար, 2939 մետր), իսկ ամենացածրը՝ Արաքսի հովիտը (290 մետր)։
Գավառի տարածքը համապատասխանում է ներկային Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգի Քալեյբար և Խոդա Աֆարին շրջաններին։
Պատմություն
խմբագրելԳավառը Փայտակարան նահանգի կազմում եղել է Մեծ Հայքի թագավորության մեջ՝ Արտաշես Ա Բարեպաշտի (մ․թ․ա․ 189 - մ․թ․ա․ 160)՝ հայկական հողերի միավորման արդյունքում, մինչև Հայաստանի առաջին բաժանումը (387)՝ ավելի քան կես հազարամյակ։ Հաճախ հիշատակվում է ոչ թե որպես առանձին գավառ, այլ հարևան Վասպուրականի Պարսպատունիք գավառի մի մաս։ Տարածքը, Պարսկահայքի մի շարք գավառների և ամբողջ Փայտակարանի հետ միասին, հաշվի առնելով այդ գավառներում հայ բնակչության սակավությունը կամ բացակայությունը, անցել է Ատրպատականին (Սասանյան Պարսկաստան)։
Ինչպես գավառը, այնպես էլ Փայտակարան նահանգը, հայկական պետության մեջ չեն մտել՝ դրանում հայկական իշխանության կամ վարչական այլ միավորի բացակայության պատճառով։ Դրանում բնակվող զրադաշտականություն դավանող կասպերը և մարերը 7-րդ դարի կեսերին արաբական նվաճումների արդյունքում ընդունել են իսլամ, ապա և դարձել Ատրպատականում ձևավորվող տարբեր պետական կազմավորումների բնակիչներ։
Զարգացած միջնադարում այստեղ դարձյալ հաստատվում են քրիստոնեադավան հայերի հոծ խմբեր, որոնց հիմնադրած գյուղերը պահպանում են իրենց հայկական դիմագիծը ընդհուպ մինչև երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը և մեծ հայրենադարձությունը։ Ի սկզբանե տեղի հայ համայնքը ենթարկվում էր Սյունիքի մետրոպոլիտությանը, իսկ ռուս-պարսկական պատերազմների (1804-1813, 1826-1828) արդյունքում անցնում է Ատրպատականի թեմին։
Գրականություն
խմբագրել- Розалия Габриелян Армения и Атропатена / М.Э. Авакян. — Ереван: Издательство Российской-Армянского (Славянского) университета, 2002. — С. 318. — ISBN 99930-928-3-6
- Пайтакаран. - "Вестник общественных наук" АН Арм.ССР, т. ХП, с. 301-302 (հայ.)
- Ինճիճյան Ղ., Ստորագրութիւն հին Հայաստանեայց, Վնտ., 1822
- Հարությունյան Բ., Մեծ Հայքի վարչա-քաղաքական բաժանման համակարգն ըստ “Աշխարհացոյց”-ի
- Երեմյան Ս., Հայաստանը ըստ “Աշխարհացոյց”-ի, Երևան, 1963
- Ուլուբաբյան Բ.Ս., Դրվագներ Հայոց Արևելից կողմանց պատմության IV-VII դդ., Երևան, 1981
- Арутюнян, Б. Система политико-административного деления Великой Армении = Մեծ Հայքի վարչա-քաղաքական բաժանման համակարգն ըստ Աշխարհացույցի. — Ереван, 1998.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |