Անգեղտուն (Քեղ) (հին հունարեն՝ Ἰγγηληνή; լատին․՝ Ingilena), գավառ Մեծ Հայքի Աղձնիք նահանգի կազմում[1]։ Գտնվում է այժմյան Թուրքիայի Դիարբեքիրի մարզի Ակլ կամ էգիլ գավառի տեղում։ Կենտրոնն էր Անգղ բերդաքաղաքը, որի ավերակները գտնվում են Դիարբեքիրից հարավ, Տիգրիսի վերին հոսանքի աջ ափին։

Անվանում

խմբագրել

Ենթադրվում է, որ Անգեղ անունը ծագել է նույնանուն աստվածությունից (Հին կտակարանի թարգմանիչը շումերհեթիթյան ռազմի Ներգալ աստծո անունը հայերենում փոխել է Անգեղի)։ Անգեղի անունով տեղանուններ կային նաև Հայաստանի Ծաղկոտն գավառում (Անգղ), Սյունիք նահանգում (Անգեղի, Անգեղակոթ, Անգեղաձոր), Վանա լճի ափին, Արտամետի մոտ (Անգղ) ևն։ Անգեղ-տան հեթանոս հայերի նվիրական վայրերից էր, Տորք դյուցազնի գլխավոր տաճարատեղը, որտեղից էլ՝ սրա «Տորք Անգեղեայ» («Անգեղի Տորք») անվանումը։

Հելլենիստական շրջան

խմբագրել

Հելլենիստական դարաշրջանում Անգեղ-տունը մտնում էր Ծոփքի հայկական թագավորության մեջ։ Ծոփքը Մեծ Հայքի հետ միավորելուց (մեր թվարկությունից առաջ 94) հետո Տիգրան Բ Մեծը Անգեղ-տունը դարձրեց արքունական կալվածք և ռազմական հենակետ։ Անգեղ-տունը նույն դերն էր կատարում նաև հայ Արշակունիների ժամանակ՝ մինչև 4-րդ դարի վերջերը։

Ըստ Ագաթանգեղոսի՝ Անգեղ-տան մեծ իշխանը դասվում էր Հայոց 4 սահմանակալ բդեշխություններից անմիջապես հետո։ Զորանամակի համաձայն, Անգեղ-տան, որի զորաթիվը 3400 հեծյալ էր, կատարում էր Հայոց Արևմտյան դարպասի հսկողության պարտականություն։

Ըստ Փավստոս Բուզանդի՝ Անգեղ-տան ամրոցը հայ Արշակունի թագավորների գանձանոցն էր և նրանցից շատերի աճյունների հանգստարանը։ Ենթադրվում է, որ Անգեղ-տունը համանման նշանակություն է ունեցել Արտաշեսյանների, գուցե նաև նրանց նախնիների համար։ 4-րդ դարի կեսին Անգեղ-տան մեծ իշխանն էր արքունի ներքինապետ Դրաստամատը, որը «... հավատարմությամբ պահում էր Անգեղ բերդի գանձերը, նույնպես և բոլոր արքունական բերդերը, որ գտնվում էին այդ կողմերում։ Նույնպես և Ծոփաց աշխարհում Բնաբեղ բերդում եղած գանձերը նրա տեսչության տակ էին և նրա բարձը բոլոր նախարարների բարձերից վեր էր» (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոցի 5-րդ դպրության, գլուխ է)։

Միջնադար

խմբագրել

Մեծ Հայքի 387 թվականի բաժանումով Անգեղ-տունը դարձավ Հռոմեական կայսրության հինգ հայկական սատրապություններից մեկը՝ Անգելենե անունով։

11-րդ դարի Անգեղ-տունը երբեմն մտել է հայ իշխանությունների կազմի մեջ։ Այնուհետև քոչվորական զանազան հորդաների նվաճումները խափանեցին Անգեղ-տան վերամիավորումը հայկական իշխանությունների հետ՝ հետզհետե փոխելով նրա էթնիկական պատկերը։

Նոր ժամանակներ

խմբագրել

20-րդ դարի սկզբին գավառն ուներ շուրջ 200 գյուղ, որոնք մեծ մասամբ քրդաբնակ էին։ Անգեղ-տնում ցարդ պահպանվում են հայկական ավեր կամ կանգուն հուշարձաններ։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Մեծ Հայքի վարչական բաժանումը». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 2-ին.

Գրականություն

խմբագրել
  • Թ.Խ. Հակոբյան (1981). Հայաստանի պատմական աշխարհագրություն. Երևան։ «Միտք»։

Արտաքին հղումներ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 379