Սարո Դանիելյան

հայ դուդուկահար, հոբոյահար
Վիքիպեդիայում կան հոդվածներ Դանիելյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Սարո (Սարիբեկ) Դանիելյան (հունիսի 9, 1951(1951-06-09), Ջրաշեն, Արտաշատի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դուդուկահար, հոբոյահար։

Սարո Դանիելյան
Ծնվել էհունիսի 9, 1951(1951-06-09) (72 տարեկան)
Ջրաշեն, Արտաշատի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունհոբոյահար և երաժիշտ
Գործիքներդուդուկ և հոբոյ
ԱշխատավայրՀայաստանի Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլ
ԿրթությունՌոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1951 թվականի հունիսի 9-ին Արտաշատի շրջանի Ներքին Ջրաշեն գյուղում։ Հայրենի գյուղի դպրոցն ավարտելուց հետո մեկնում է Երևան, ուսումը շարունակում No 2 պրոֆտեխնիկական ուսումնարանում (փականագործ հավաքող), զուգահեռաբար ընդունվում է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի հոբոյի դասարան (դասատու՝ Քրիստափոր Բաբայան)։ Ավարտում է 1971 թվականին և ընդունվում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի հոբոյի բաժին[1], պրոֆեսոր Քրիստափոր Բաբայանի դասարան։ Նրան դասավանդել են Էդգար Հովհաննիսյանը, Գրիգոր Հախինյանը, Ալեքսանդր Հարությունյանը, Էդվարդ Միրզոյանը, Խաչատուր Ավետիսյանը, Ռոբերտ Ամիրխանյանը և այլք։ Կոնսերվատորիան ավարտել է 1976 թվականին։

1970 թվականին, երբ դեռ ուսումնարանի IV կուրսում էր, Էդգար Հովհաննիսյանի հրավերով աշխատանքի է անցնում վաստակավոր կոլեկտիվ Թաթուլ Ալթունյանի անվան երգի և պարի պետական անսամբլում որպես երաժիշտ՝ նվագելով դուդուկ, շվի, զուռնա, հոբոյ[1]։ Աշխատել է ժողովրդական արտիստ դուդուկահար Ջիվան Գասպարյանի կողքին, որը մեծ ներդրում ունի Սարո Դանիելյանի՝ իբրև դուդուկահարի ձևավորվելու գործում։

1982 թվականին տեղափոխվում է «Հայհամերգ» միավորում, որպես դուդուկահար մենակատար[1], զուգահեռաբար աշխատում է նաև Հայաստանի ժողովրդական գործիքների պետական նվագախմբում որպես կոնցերտմայստեր և մենակատար։ 1984 թվականին Ս. Դանիելյանին նշանակում են «Հայհամերգ» միավորման տնտհաշվարկային կոլեկտիվների (երաժշտական խմբերի) գեղարվեստական ղեկավար, ինչպես նաև «Հայհամերգ» միավորման մենակատար։

1992-1993 թվականներին հրավիրվում է աշխատանքի Բեյրութ (Լիբանան), որտեղ դասավանդում է «Բարսեղ Կանաչյան» երաժշտանոցում և դասավանդում ու նվագում է հայկական ազգային երաժշտական տարբեր համույթներում։

1987 թվականին Լենինական քաղաքում կայացած կովկասյան կանրապետությունների դուդուկահարների առաջին մրցույթում շահել է առաջին մրցանակը։

Սարո Դանիելյանը, բացի մենակատար լինելուց, նաև նվագակցել է հայ անվանի երգիչների և ասմունքողների՝ Ռուբեն Մաթևոսյան, Օֆելյա Համբարձումյան, Վարդուհի Խաչատրյան, Րաֆֆի Հովհաննիսյան, Ռաիսա Մկրտչյան, Հովհաննես Շիրազ, Բաբկեն Ներսիսյան, Մետաքսյա Սիմոնյան, Սուսաննա Գաբրիելյան, Ժենյա Ավետիսյան, Սիլվա Յուզբաշյան, Ազատ Գասպարյան, Վերա Հակոբյան, Թովմաս Պողոսյան և այլք։

Նա առաջինն էր, որ դուդուկով սկսեց նվագել հայ միջնադարյան երաժշտություն, ինչպես նաև առաջիններից էր, ով դուդուկով իբրև մենակատար հանդես եկավ տարբեր երաժշտական խմբերի և նվագախմբերի հետ՝ ինչպես դասական, այնպես էլ փոփ ժանրում։

Ունի թողարկված 6 խտասալիկ (CD), որոնցից 4-ը՝ Արգենտինայում, 2-ը՝ ԱՄՆ-ում։

1994 թվականին աշխատանքի բերումով մեկնել է Արգենտինա, աշխատում է Սալտա Սիմֆոնիկ նվագախմբում իբրև հոբոյահար[1]։ Որպես դուդուկահար և երաժիշտ ակտիվորեն մասնակցում է արգենտինահայ և ուրուգվայահայ գաղութների մշակութային կյանքին։

Շրջագայություններ խմբագրել

Սարո Դանիելյանը շուրջ 25 տարի աշխատելով «Հայհամերգ» միավորումում՝ համերգներով բազմիցս հանդես է եկել Հայաստանի գրեթե բոլոր քաղաքներում և գյուղերում, Վրաստանի հայաշատ շրջաններում, մայրաքաղաք Թբիլիսիում, Արցախի բոլոր գյուղերում, շրջաններում և Ստեփանակերտ քաղաքում։ Բազմիցս ելույթներ է ունեցել նաև նախկին Խորհրդային Միության գրեթե բոլոր հանրապետություններում, ինչպես նաև Մոսկվա, Լենինգրադ, Կիև քաղաքների ամենապատասխանատու դահլիճներում։ Նրա նվագած համերգների քանակն անցնում է 5000-ից։ Բազմիցս ելույթներ է ունեցել ազգային և միութենական հեռուստատեսությամբ, նրա մասին դրվատական բազմաթիվ հոդվածներ կան հայրենի, համամիութենական, ինչպես նաև միջազգային մամուլում։

Համերգներով շրջագայել է արտասահմանյան շուրջ 50 երկրներում՝ Շվեդիա, Ալժիր, Թունիս, Հարավսլավիա, Սենեգալ, Գամբիա, Գվինեա, Լիբերիա, Ֆրանսիա, Բելգիա, Գերմանիա, Շվեյցարիա, Մեծ Բրիտանիա, Չեխոսլովակիա, Հունաստան, Կիպրոս, Եգիպտոս, Թուրքիա, Կանադա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Բրազիլիա, Արգենտինա և այլն։ 1985 թվականին Մոսկվայում մասնակցել է Երիտասարդության և ուսանողության համաշխարհային փառատոնին, արժանացել է դափնեկրի կոչման, ինչպես նաև պարգևատրվել է ԽՍՀՄ մշակույթի նախարարության պատվոգրով։

Կարծիքներ Սարո Դանիելյանի մասին խմբագրել

  Դանիելյանի արվեստին բնորոշ է ստեղծագործության ոգուն խորամուխ լինելու ձգտումը, հավատարմությունը հեղինակի մտահղացմանը, նրա նվագը զերծ է պաճուճանքներից, հնարածին գեղգեղանքներից։ Թանկ հատկանիշ, որ ձևավորվել է հայկական ժողովրդական ստեղծագործության հանդեպ երաժշտի ակնածանքից։  

[2]

Նրա արվեստի մասին դրվատանքի խոսքեր են ասել Էդվարդ Միրզոյանը, Ալեքսանդր Հարությունյանը, Գրիգոր Հախինյանը, Առնո Բաբաջանյանը, Վլադիլեն Բալյանը և այլք։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Սարո Դանիելյան (Արգենտինա, Բուենոս Այրես)(չաշխատող հղում)
  2. «Սովետական Հայաստան» օրաթերթ, 20 ապրիլի 1981 թվական