Ուիլյամ Բուգրո
Ուիլյամ Ադոլֆ Բուգրո (ֆր.՝ William-Adolphe Bouguereau, նոյեմբերի 30, 1825[1][2][3][…], Լա Ռոշել[4][5] - օգոստոսի 19, 1905[6][7][3][…], Լա Ռոշել[8][4][5]), ֆրանսիացի նկարիչ, ակադեմիական սալոնային կերպարվեստի ակնառու ներկայացուցիչ արվեստի պատմության մեջ։
Կյանք և կենսագործունեություն
խմբագրելԾնվել է 1825 թվականի նոյեմբերի 30-ին Ֆրանսիայի Լա Ռոշել քաղաքում։ Կերպարվեստն ուսումնասիրել է գեղեցիկ արվեստների Թագավորական դպրոցում։ 1850 թվականին արժանացել է «Prix de Rome» կրթաթոշակին, որն այն ժամանակ հատկացվում էր կերպարվեստ ուսումնասիրող ուսանողներին։ Անհրաժեշտ դրամական միջոցներ ձեռք բերելով՝ Բուգրոն ամբողջապես նվիրվեց իր սիրելի գործին՝ գեղանկարչությանը։ Ընդհանուր առմամբ, կյանքի ընթացքում նա նկարել է ութ հարյուր քսանվեց կտավ։
Բուգրոն ամուսնացել է երկու անգամ։ Երկրորդ անգամ ամուսնացել է տակավին հասուն տարիքում՝ երիտասարդ արվեստասեր ուսանողուհիներից մեկի՝ Էլիզաբեթ Ջեյն Գարդների հետ։
Հանրահռչակություն և անկում
խմբագրելԲուգրոյի կարիերան, կարելի է ասել, բարեհաջող կայացավ, և կյանքի ընթացքում նկարիչը հասցրեց զգալ հանրահռչակության համը և վայելել քննադատների բարյացակամությունը՝ ավելի քան հիսուն տարի շարունակ ցուցադրելով իր ստեղծագործությունները Փարիզում ամեն տարի կազմակերպվող ցուցահանդեսներում։ Նա այն հազվագյուտ կլասիցիստներից է, որոնց հաջողվել է հիանալի կերպով արտացոլել կերպարների անհատականությունն ու տրամադրությունն իրենց կտավներում։ Պատմական, դիցաբանական, աստվածաշնչային և այլաբանական թեմաներով նրա ստեղծագործություններում ամենափոքր դետալներն անգամ կոմպոզիցիայի տեսանկյունից մանրակրկիտ կերպով չափաձևված են։ 1900 թվականին Դեգան և Մոնեն նրան անվանեցին 19-րդ դարի «մեծագույն նկարիչ»։ Իրականում, ավանգարդիստները նկարչի անունը ծաղրանքով էին նշում և գեղանկարչության տեսանկյունից անթերի հղկված որևէ նկարի վերաբերյալ կարծիք արտահայտելիս գործածում էին «բուգրոյացված» արտահայտությունը։ Վան Գոգը նրան անվանում էր վարպետ, որին լավ վճարում են «փափուկ, սիրունատես» բաներ նկարելու համար[15]։ Բուգրոն, մինչդեռ, ամեն կերպ ընդդիմանում էր իմպրեսիոնիստների ստեղծագործությունների ցուցադրմանն իր կողմից «բռնագրավված» ցուցասրահներում՝ անվանելով դրանք անավարտ էսքիզներ։ 20-րդ դարի սկզբին նրա անունն ու կտավները անխնա քննադատվում էին, քանի որ գերիշխում էր նկարչին խորթ իմպրեսիոնիզմը։
«Ես ընդունում և հարգում եմ գեղանկարչության բոլոր դպրոցները, որոնց հիմքում դրված է բնության մանրազնին ուսումնասիրության, ճշմարտության և գեղեցկության որոնման գաղափարը։ Միստիկների, իմպրեսիոնիստների, պուանտիլիստների և այլլոց մասին կասեմ, որ չեմ տեսնում աշխարհն այնպես, ինչպես իրենք են տեսնում։ Սա է նրանց չսիրելու իմ միակ պատճառը», Ուիլյամ Բուգրո[16]։
Ուիլյամ Բուգրոն կյանքին հրաժեշտ տվեց 1905 թվականի օգոստոսի 19-ին հայրենի Լա Ռոշել քաղաքում։ Բարեբախտաբար, նա մեզ հետ չէր, որպեսզի հետևեր ավանդական արվեստի վրա կատարվող անարդար հարձակումներին, որոնք մի քանի տասնամյակների ընթացքում տակնուվրա արեցին արվեստի ողջ աշխարհը։ Այսպիսով, անցած դարի ընթացքում նկարչի անկրկնելի ստեղծագործությունները դիմակայում էին պարբերական հարձակումների անտանելի տարափին։ Բուգրոյի ճակատագիրն այս տեսանկյունից շատ նման է Ռեմբրանդտի ճակատագրին, որի ստեղծագործությունները ևս ծաղրուծանակի ենթարկվելով՝ դուրս էին մղվում թանգարաններից ու արվեստի պաշտոնական շրջաններից նկարչի մահից հետո շուրջ հարյուր տարի շարունակ։ Որոշ ժամանակ անց արվեստի աշխարհում ամեն ինչ կարգավորվեց, և բարձրակարգ գեղանկարչությունը, անկախ պատկանելության դարաշրջանից, վերստին սկսեցին ըստ արժանվույն գնահատել։ Զուգահեռաբար աճեց հետաքրքրությունը Բուգրոյի ստեղծագործությունների հանդեպ։ Սկսած 1979 թ նրա կտավների գինն աճուրդներում քառապատկվեց։ Հետագայում նկարչի կտավների գինը սրընթաց բարձրացավ 1984 թ մշակույթի պատմությանը նվիրված ցուցահանդեսների շնորհիվ, որոնք կազմակերպվեցին Փարիզի «Petit Palais» թանգարանում, այնուհետև՝ ԱՄՆ-ի Կոնեկտիկուտ նահանգի Հարթֆորդ քաղաքի «Wadsworth Athenaeum» արվեստի թանգարանում և ավարտվեցին Կանադայի Մոնրեալ քաղաքի «Գեղեցիկ արվեստների թանգարանում»։ Այժմ նկարչի կտավները ցուցադրվում են աշխարհի շուրջ հարյուր թանգարաններում և առակային բարձր գներ ունեն։
Ուիլյամ Բուգրոն կարողացել է կենդանացնել կերպարներին՝ արտացոլելով նրանց անհատական առանձնահատկությունները և տրամադրությունն իր կտավներում։ Նա կերպարին կենդանություն էր հաղորդում այնպես, ինչպես Ռեմբրանդտը, սակայն վերջինս իր ստեղծագործություններում արտացոլում է ծերության ոգին, Բուգրոն՝ երիտասարդությունը և գեղեցկությունը[17]։
Հետաքրքիր տեղեկություններ
խմբագրել- 1980 թվականին Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանը որոշեց ընդմիշտ իրեն վերապահել Բուգրոյի նկարած երկու կտավների ցուցադրման իրավունքը, քանի որ դարասկզբից դրանք բարձիթողի վիճակում մնացել էին թանգարանի պահեստում։
- 2000 թվականի ամռան աճուրդներից մեկում Բուգրոյի՝ 1878 թվականին նկարված «Գթասրտություն» կտավը վաճառվեց 3, 600, 000 ԱՄՆ դոլարով։
- Ուիլյամ Բուգրոն առաջինն էր, որ մտածեց կանանց առջև բացել Ֆրանսիական ակադեմիայի դռները։
- Նկարչի ամբողջական անվան մասին տեղեկությունները տարբեր են. ըստ որոշ աղբյուրների՝ նրա անունը Ուիլյամ-Ադոլֆ Բուգրո է (նկարչի ստեղծագործական անունը), ըստ այլ աղբյուրների՝ Ադոլֆ Ուիլյամ Բուգրո (Ֆրանսիայում ընդունված պաշտոնական տարբերակ)։ Կտավներն ավարտելով՝ նկարիչը ստորագրում էր պարզապես՝ Ուիլյամ Բուգրո, ինչից կարելի է ենթադրել, որ նրա անունը «Ուիլյամ» է, այլ ոչ՝ «Ադոլֆ»՝ անկախ անվան, ազգանվան և հայրանվան հերթականությունից։ Ստեղծագործական կյանքի վաղ շրջանում նա կտավները ստորագրում էր ֆրանսերեն տառերով՝ «W.Bouguereau.ամսաթիվ», ավելի ուշ՝ լատիներեն տառերով՝ «W-BOVGVEREAV-ամսաթիվ»։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 RKDartists (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 William Adolphe Bouguereau (ֆր.) — ministère de la Culture.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 William Adolphe Bouguereau — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Կերպարվեստի արխիվ
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
- ↑ 6,0 6,1 6,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 7,0 7,1 7,2 William Adolphe Bouguereau (նիդերլ.)
- ↑ 8,0 8,1 8,2 Encyclopædia Britannica
- ↑ AGORHA (ֆր.) — 2009.
- ↑ 10,0 10,1 https://www.getty.edu/art/collection/artists/780/william-adolphe-bouguereau-french-1825-1905/
- ↑ 11,0 11,1 11,2 Artnet — 1998.
- ↑ American Biographical Archive
- ↑ 13,0 13,1 WikiTree — 2005. — ed. size: 23699588
- ↑ 14,0 14,1 14,2 14,3 14,4 http://www.pittart.com/grandi-maestri-pittori/biografia/william_bouguereau.htm
- ↑ «Տեսակետ արվեստի մասին. Բուգրոյի համար արվեստը միայն "գեղեցիկն" է» Գրեյս Գլյուք, 1985թ հունվարի 6, Նյու Յորք Թայմս
- ↑ «Ակադեմիական ավանդույթներն՝ անհատականացված»
- ↑ ««Ուիլյամ Բուգրո (1825-1905թթ.)», հեղինակ՝ Դեմյեն Բարտոլի (թարգմանությունը՝ Քինգսլի Օուենի և Խուան Մարտինեսի, խմբագրումը՝ Ֆրեդ Ռոսի)». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 23-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Ուիլյամ Բուգրոյի պատկերասրահն «Art Renewal Center» վեբկայքում Արխիվացված 2006-03-10 Wayback Machine
- www.bouguereau.org «Ուիլյամ-Ադոլֆ Բուգրոյի 288 ստեղծագործությունները» Արխիվացված 2021-02-27 Wayback Machine
- "In the Studios of Paris: William Bouguereau and His American Students", Authors: James F. Peck, Eric M. Zafran, Damien Bartoli, Charles Pearo, Publish Date : September, 2006, ISBN : 0300114133
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուիլյամ Բուգրո» հոդվածին։ |
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |