Արվեստի ազգային պատկերասրահ
Արվեստի ազգային պատկերասրահ (անգլ.՝ National Gallery of Art), գեղարվեստի թանգարան Վաշինգտոնում (ԱՄՆ)։ Թանգարանում պահվում է արվեստի գործերի՝ աշխարհի լավագույն հավաքածուներից մեկը։ Թանգարանում ներկայացված են եվրոպական և ամերիկյան վարպետների լավագույն աշխատանքներ՝ նկարներ, քանդակներ, գրաֆիկական աշխատանքներ, լուսանկարներ, դեկորատիվ-կիրառական արվեստի գործեր։ Պատկերասրահը աշխարհի՝ ամենաշատ այցելություններ ունեցող տասը թանգարաններից մեկն է[10]։
Արվեստի ազգային պատկերասրահ | |
---|---|
Տեսակ | պատկերասրահ, հրատարակչություն, ազգային թանգարան և ոչ առևտրային կազմակերպություն |
Երկիր | ԱՄՆ[1][2] |
Տեղագրություն | Վաշինգտոն[2] |
Կազմված է | West Building of the National Gallery of Art?, East Building of the National Gallery of Art?, National Gallery of Art - Gallery 35?, National Gallery of Art - Gallery 10?, National Gallery of Art - Gallery 06?, National Gallery of Art - Gallery 51?, National Gallery of Art - Gallery 12?, Prints in the National Gallery of Art?[3], Samuel H. Kress Collection of the National Gallery of Art?, National Gallery of Art - West Building Gallery 18? և National Gallery of Art Library?[4] |
Ղեկավարության նստավայր | Վաշինգտոն, ԱՄՆ[5][6][7] |
Հիմնադրվել է | մարտի 24, 1937[2][8] |
Հիմնադիր | Էնդրյու Ուիլյամ Մելոն[2][8][9][…] և ԱՄՆ-ի կոնգրես[2][2][8][…] |
Այցելուներ | 4.200.000 (2012) |
Տնօրեն | Էրլ Ա. Պաուել |
Կայք | nga.gov(անգլ.) |
Հավաքածուն ընդգրկում է 1.200 կտավ։ Այն իտալական վերածննդի, հոլանդական և իսպանական բարոկկոյի լավագույն հավաքածուներից է ողջ աշխարհում։ Ամերիկյան կառավարությունը պատկերասրահին է փոխանցել 20.000 նկար և լուսանկար, որոնք պատկերում են ամերիկյան արհեստներն ու ժողովրդական արվեստը[11]։
Պատկերասրահը հիմնադրվել է 1937 թվականին ԱՄՆ Կոնգրեսի կողմից մի քանի հավաքորդների մասնավոր հավաքածուների հիման վրա։ Այսպես՝ Էնդրյու Ուիլյամ Մելոնը ոչ միայն նվիրեց իր հարուստ հավաքածուն, այլև 10 միլիոն դոլար հատկացրեց շենքի կառուցմանը։ Պատկերասրահի շենքի կառուցումն ավարտվել է 1941 թվականին։ Շենքը կառուցված է նեոդասականության ոճով ճարտարապետ Ջոն Ռասել Պոուպի նախագծով[12][13]։
Պատմություն
խմբագրել1920-ական թվականներին ֆինանսիստ և հավաքորդ Էնդրյու Մելոնը սկսեց հավաքել վաղ շրջանի վարպետների նկարներ և քանդակներ՝ երկրում գեղարվեստական ազգային պատկերասրահ ստեղծելու նպատակով։ Հավաքածուի հիմքը կազմում էին խորհրդային իշխանությունների կողմից Էրմիտաժից վաճառված գործերը։ Մելոնի մահից հետո՝ 1937 թվականի մարտի 24-ին, Կոնգրեսի երկու պալատների որոշմամբ հավաքածուի և գումարային միջոցների հիման վրա ստեղծվում է պատկերասրահը[14]։
Ճարտարապետ Ջոն Պոուպի նախագծած շենքի շինարարությունն ավարտվում է 1941 թվականին։ Բացումը կատարվում է 1941 թվականի մարտի 17-ին նախագահ Ֆ. Ռուզվելտի կողմից։ Այդ պահին այն աշխարհում ամենամեծ շինությունն էր՝ պատրաստված մարմարից։ Թանգարանը գտնվում է 6-րդ փողոցի նախկին երկաթուղային կայարանի տեղում, որը հայտնի է նրանով, որ 1881 թվականին այնտեղ մահացու վիրավորվել է ԱՄՆ 20-րդ նախագահ Ջեյմս Գարֆիլդը։
Ինչպես և ենթադրում էր Մելոնը, ազգային պատկերասրահի հիմնումը առիթ հանդիսացավ, որ շատերը արժեքավոր շատ գործեր փոխանցեն նրան։ Այդպիսի նվիրատվություններ արեցին Պոլ Միլոնը, Սեմուել Քրեսը, Ջոզեֆ Ուայդեները, Լեսինգ Ռոզենվալդը, Էդգար Ուիլյամը և այլք։
1970-ական թվականներին Էնդրյու Մելոնի զավակների՝ Պոլ Մելոնի և Էյլսա Մելոն-Բրյուսի նվիրատվությամբ կառուցվում է պատկերասրահի արևելյան մասնաշենքը, որի կառուցումն ավարտվում է 1978 թվականին (ճարտարապետ՝ Յո Մին Պեյ) և բացվում նույն թվականի հունիսի 1-ին նախագահ Ջիմի Կարտերի կողմից։ Նոր շենքում իրենց տեղն են գտնում ժամանակակից նկարների, քանդակների հավաքածուներ, հիմնվում են նաև ուսումնական և հետազոտական կենտրոններ։
1999 թվականի մայիսի 23-ին համալիրը ամբողջացվում է քանդակների այգիով (անգլ.՝ Sculpture Garden)։ Այն ժամանակակից քանդակների բաց ցուցահանդես է։
Շենք
խմբագրելԱրվեստի ազգային պատկերասրահն ունի երկու շենք՝ արևելյան (անգլ.՝ East Building) և արևմտյան (անգլ.՝ West Building), որոնք միացված են ստորգետնյա ընդարձակ անցումով։ Արևմտյան շենքը կառուցված է նորդասականության ոճով՝ բացօթյա սյունազարդ տաղավարով և գմբեթով, որ հիշեցնում է Պանթեոնը։ Արևելյան շենքը, արևմտյանի խիստ դասական ոճի հետ համեմատած, ունի երկրաչափական ձև. վերևից այն իրար միացված պրիզմաների տեսք ունի։
Հավաքածու
խմբագրելԱրևմտյան շենքում պահվում են միջնադարից մինչև 19-րդ դարի եվրոպական հեղինակների նկարների հարուստ հավաքածուներ, ինչպես նաև 20-րդ դարի ամերիկյան գեղանկարիչների աշխատանքներ։ Հավաքածուներում ներառված են Յան Վերմեերի, Ռեմբրանդտի, Կլոդ Մոնեի, Վան Գոգի, Լեոնարդո դա Վինչիի աշխատանքները։
Արևելյան շենքում հավաքված են ժամանակակից արվեստի գործեր (սկսած 19-րդ դարի վերջից), այդ թվում՝ Պաբլո Պիկասսոյի, Անրի Մատիսի, Ջեքսոն Պոլլոքի, Էնդի Ուորհոլի, Ռոյ Ֆոքս Լիխտենշտեյնի, Ալեքսանդր Կոլդերի աշխատանքները։ Այս շենքում են գտնվում նաև պատկերասրահի գրասենյակները, հետազոտական կենտրոնները։
Արևմտյան շենքից դեպի արևմուտք՝ 7-րդ փողոցում է գտնվում քանդակների այգին։ 25.000մ² տարածքում գործում է հսկայական շատրվանը (ձմռանը այն վերածվում է սահադաշտի), որը շրջապատված է քարե նստարաններով, քանդակներով։
2014 թվականին պատկերասրահի հավաքածուն հարստացավ սնանկացած Կորկորանա պատկերասրահի 17.000 աշխատանքներով, այդ թվում՝ Դելակրուայի, Դեգայի, Մոնեի, Պիկասսոյի, ամերիկյան ակնառու նկարիչների աշխատանքներով։
Ղեկավարում
խմբագրելԱՄՆ կառավարությունը ամենամյա հատկացումների միջոցով ֆինանսավորում է պատկերասրահը։ Արվեստի բոլոր գործերը, ինչպես նաև պատկերասրահի հատուկ ծրագրերը ֆինանսավորվում են նվիրատվություններով։ Պատկերասրահը պաշտոնապես չի հանդիսանում Սմիթսոնի ինստիտուտի մաս, բայց մտնում է ինստիտուտի կողմից հսկվող մշակութային 90 հաստատությունների մեջ։
Պատկերասրահ
խմբագրել-
Ջորջոնե, «Հովիվների երկրպագություն»
-
Ռաֆայել, «Տիրամայր»
-
Ջովաննի Բելլինի և Տիցիան, «Աստվածների խրախճանք»
-
Էլ Գրեկո, «Լաոկոոն»
-
Ռեմբրանդտ, «Հողմաղաց»
-
Ռեմբրանդտ, «Ինքնադիմանկար բերետով»
-
Յան Վերմեեր, «Նամակ գրող աղջիկը»
-
Էժեն Դելակրուա, «Կոլումբոսը և իր որդին Ռաբիդայում»
-
Էդուարդ Մանե, «Ծեր երաժիշտը»
-
Կլոդ Մոնե, «Նկարչի այգին»
-
Վան Գոգ, «Ինքնադիմանկար»
-
Պոլ Գոգեն, «Ինքնադիմանկար»
-
Պոլ Սեզան, «Կարմիր բաճկոնով տղան»
-
Վան Գոգ, «Սպիտակ հագած կինը»
-
Անրի Ռուսո, «Հասարակածային անտառ»
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Union List of Artist Names
- ↑ https://www.nga.gov/collection/prints.html
- ↑ https://www.nga.gov/research/library.html
- ↑ Google Maps — 2005.
- ↑ https://www.nga.gov/contact-us.html
- ↑ https://www.nga.gov/visit/getting-here.html
- ↑ 8,0 8,1 8,2 Highlights of the History of the National Gallery of Art
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Visitor Figures 2013: Museum and exhibition attendance numbers compiled and analysed, The Art Newspaper, International Edition, Аперль 2014.
- ↑ National Gallery of Art — Infopease.com (անգլ.)
- ↑ Национальная галерея искусства // Популярная художественная энциклопедия. Под ред. Полевого В.М.; М.: Издательство «Советская энциклопедия», 1986.
- ↑ Национальная галерея искусства // Энциклопедический словарь. 2009.
- ↑ National Gallery of Art — About the NGA (անգլ.)
Գրականություն
խմբագրել- Walker J. National Gallery of art. — Washington, N. Y, 1979:
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արվեստի ազգային պատկերասրահ» հոդվածին։ |