Աշտիշատի եկեղեցական ժողովներ
Աշտիշատի եկեղեցական ժողովներ, եկեղեցական ժողովներ, որոնք գումարվել են IV–V դարերում, Մեծ Հայքի Տարոն գավառի Աշտիշատ ավանում, դավանական, եկեղեցականոնական խնդիրների քննարկման համար։ Փավստոս Բուզանդի վկայությամբ, Աշտիշատը եկեղեցական ժողովների գլխավոր վայրն էր IV դարում։
Առաջին ժողով
խմբագրելՆերսես Ա Մեծ կաթողիկոսը Կեսարիայում օծվելուց հետո հրամայել է բոլոր եպիսկոպոսներին հավաքվել Աշտիշատում, ինքն էլ գնացել է այնտեղ։ Որոշվում է կառուցել վանքեր, դպրոցներ, հիվանդանոցներ, իջևանատներ, աղքատանոցներ։Ժողովի սահմանած կանոնը հայոց թագավորին ու մեծամեծներին պատվիրում էր գթասիրտ լինել իրենց ծառաների և ստորադրյալների նկատմամբ, սիրել նրանց՝ որպես իրենց ընտանիքի անդամների, անօրինաբար և չափազանց մեծ հարկերով չնեղել հասարակ ժողովրդին։ Ծառաներին էլ պատվիրում էր հնազանդ ու հավատարիմ մնալ իրենց տերերին։ Աշտիշատի կանոններով արգելվում են հեթանոսական շատ սովորույթներ՝ բազմակնությունը, մահացածների վրա անվայելուչ լացը, հարբեցողությունը, անչափահասների ամուսնությունը, արյունակցական կապերի մեջ գտնվողների ամուսնությունը և այլն։
Երկրորդ ժողով
խմբագրելԵրկրորդ ժողովը գումարվել է 356-ին, Ներսես Ա Մեծ կաթողիկոսի նախաձեռնությամբ, եպիսկոպոսների և ավագ իշխանների մասնակցությամբ, Հայոց Արշակ Բ թագավորի (350–368) օրոք։ Ժողովը եղել է կանոնադիր, սահմանել կանոնական որոշումներ։ Որոշ չափով սահմանափակել է ժողովրդից գանձվող հարկերը, ամրապնդել եկեղեցու տնտեսական և քաղաքական ազդեցությունը։
Երրորդ ժողով
խմբագրելԵրրորդ ժողովը գումարվել է 435-ին, Սահակ Ա Պարթև կաթողիկոսի և Մեսրոպ Մաշտոցի նախաձեռնությամբ՝ Եփեսոսի Գ տիեզերական ժողովի (431) որոշումները պաշտոնապես ընդունելու, ինչպես նաև Հայաստանում տարածվող նեստորականության հետ կապված մի շարք խնդիրներ լուծելու համար։ Ըստ Կորյունի, Սահակ Ա Պարթևի և Մեսրոպ Մաշտոցի աշակերտները Եփեսոսից իրենց հետ բերել են ժողովի որոշումներն ու կանոնները, Աստվածաշնչի հայերեն թարգմանության օրինակը և ներկայացրել ժողովին։
Գրականություն
խմբագրել- Գիրք թղթոց, Երուսաղեմ, 1994։
- Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, Ե․, 1987։
- Մովսես Խորենացի, Պատմություն Հայոց, Ե․, 1997։
- Կորյուն, Վարք Մեսրոպ Մաշտոցի, Ե․, 1994։
- Ադոնց Ն․, Մաշտոց և նրա աշակերտները․ ըստ օտար աղբյուրների, Վնն․, 1925։
- Տեր-Մինասյան Ե․, Պատմա-բանասիրական հետազոտություններ, Ե․, 1971, էջ 331–345։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: |