Հայ մարմնակրթական ընդհանուր միություն

(Վերահղված է Հ.Մ.Ը.Մ.ից)

Հայ մարմնակրթական ընդհանուր միություն, տարածված հապավումը Հ.Մ.Ը.Մ. (արևմտահայերեն՝ Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միութիւն, անգլերեն՝ Armenian General Gymnastic Union կամ Homenetmen [հո֊մեն֊ըթ֊մեն]), հայկական մարզական և սկաուտական կազմակերպություն։ Հիմնադրվել է 1918 թ. նոյեմբերի 18-ին Կոստանդնուպոլսում։ Կարգախոսն է «Բարձրացի՛ր, բարձրացո՛ւր»։ Ունի մասնաճյուղեր ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհի տարբեր երկրներում։

Հայ մարմնակրթական ընդհանուր միություն
ՏեսակՄիջազգային կազմակերպություն
ՀապավումՀ.Մ.Ը.Մ.
Կարգախոս«Բարձրացի՛ր, բարձրացո՛ւր»
Հիմնադրված1918 թ., նոյեմբերի 18, Կ. Պոլիս
ղեկավարԳառնիկ Մկրտիչեան
Կայքhomenetmen.org
Հ.Մ.Ը.Մ սկաուտական քայլերգը, հեղինակ՝ Տիգրան Չիտունի

Հիմնադրում

խմբագրել

Հայ մարմնակրթական ընդհանուր միության հիմնադրումը սերտորեն կապված է 19-րդ դարում Օսմանյան կայսրությունում ծայր առած մարմնամարզական շարժման հետ։ Դեռ մինչև Առաջին համաշխարհային պատերազմը Օսմանյան կայսրության տարածքում գործում էին բազմաթիվ մարզական ակումբներ և հաստատություններ։ Դրանցից էին Կ. Պոլսում և դրա շրջակայքում հիմնված Սկյուտարի, Սանթրալի, Գում Գափուի, Բերայի, Սամաթիայի, Գատըգյուղի ակումբները։ Գավառում գործում էին Արամազդ մարմնամարզական ակումբը, ինչպես նաև Կարինի, Տիվրիկի, Սամսոնի, Սեբաստիայի, Մարզվանի, Դոր Թյոլի, Իզմիրի մարզական ակումբները։ Հայ մարմնակրթական ընդհանուր միություն ստեղծելու գաղափարի հեղինակը Շավարշ Քրիսյանն է։ Վերջինս բարձրաձայնել էր միության ստեղծման անհրաժեշտության մասին 1911 թ.՝ առաջին հայկական օլիմպիական խաղերից հետո։ 1912 թ. նախատեսված էր անցկացնել համաժողով՝ նվիրված Հ.Մ.Ը.Մ. ստեղծմանը։ Համաժողովի օրակարգն ու խնդիրները տպագվեցին «Մարմնամարզ» ամսագրում, սակայն այն հետաձգվեց Բալկանյան պատերազմի պատճառով։ Այսպիսով, Հ.Մ.Ը.Մ. հիմնադրման գաղափարը հասունացել էր։ 1918 թ. նոյեմբերի 1-ին տեղի ունեցավ հիմնադիր ժողով։ Ըստ «Հայ Սկաուտ» ամսագրի՝ ժողովին ներկա էին Գրիգոր Հակոբյանը, Հայկ Ճիզմեճյանը, Լևոն Հակոբյանը, Տիգրան Խոյանը, Կառլո Շահինյանը, Վահրամ Փափազյանը, Ժիրայր Խորասանճյանը, Հակոբ Սիրունին, իսկ իններորդ անձը հավանաբար եղել է կամ Վարագ Զուռնաճյանը, կամ Բյուզանդ Կյոզիպյոյուքյանը կամ էլ Գրիգոր Մերջանովը։ Ժողովի հաջորդ օրը հիմնադրման մասին լուրը հրատարակվեց Կ. Պոլիսի հայկական թերթերում, իսկ ժողովի մասնակիցներն այցելեցին Կ. Պոլիսի հայկական թաղամասեր՝ հայ երիտասարդությանը ծանոթացնելու նորաստեղծ միության նպատակներին և առաքելությանը։

Պատմություն

խմբագրել

Շավարշ Քրիսյանը իր «Հայ մարմնամարզական միութեան կատարելիք գործը» հոդվածում, անդրադառնալով Հայ մարմնակրթական ընդհանուր միության ստեղծման գաղափարին, նշում է նրա հիմնական գործառույթները.

  1. Ընդհանուր հայութեան մէջ ֆիզիքական դաստիարակութեան ճաշակը արթնցնել և տարածել
  2. Հետամուտ ըլլալ վարժարաններու մէջ անոր դասաւանդութիւնը պարտաւորիչ դարձնելու
  3. Ընդհանուր Հայութեան մէջ մարմնամարզական ակումներ կազմելու աշխատիլ
  4. Տարեկան հայկական Ողիմբիական խաղեր կազմակերպել
  5. Հայկական Ողիմբիական խաղերուն լաւագոյնները միջազգային Ողիմբիական խաղերուն ուղարկել

Շուտով միությունը ներկայացուցչություններ բացեց Կ. Պոլսի մի շարք արվարձաններում, իսկ Հ.Մ.Ը.Մ. Կենտրոնական վարչության կազմում ստեղծվեցին առանձին հանձնախմբեր ու ենթահանձնախմբեր.

  1. Սկաուտական կենտրոնական հանձնախումբ
  2. Սկաուտական կենտրոնական ենթահանձնախումբ
  3. Շվեդական մարզանքի կենտրոնական հանձնախումբ
  4. Աթլետիզմի կենտրոնական հանձնախումբ
  5. Ֆուտբոլի կենտրոնական հանձնախումբ
  6. Քարոզչության կենտրոնական հանձնախումբ

1922 թ. սեպտեմբերի 26-ին Հ.Մ.Ը.Մ. Պոլսի Կենտրոնական վարչությունն իր վերջին նիստում որոշեց Թուրքիայի տարածքում հայտարարել միությունը լուծարված և շարունակել իր գործունեությունը սփյուռքի հայկական գաղթօջախներում։ Լուծարման պատճառը քեմալականների կողմից Զմյուռնիայի գրավման և Կ. Պոլսի անկման վտանգն էր։

Որբախնամ աշխատանքներն ու մարմնակրթությունը որբանոցներում

խմբագրել

Հիմնադրման օրվանից ի վեր Հ.Մ.Ը.Մ.-ը մեծ ուշադրություն էր հատկացնում որբահավաք աշխատանքներին և օգնություն ցուցաբերում Ցեղասպանությունից մազապուրծ եղած հայ գաղթականներին։ Մեծ Եղեռնից հետո Օսմանյան կայսրության ողջ տարածքում հայկական և օտարերկրյա կազմակերպությունների կողմից ստեղծվեցին բազմաթիվ որբանոցներ։ Շնորհիվ այս կազմակերպությունների ցեղասպանություն վերապրած հայ մանուկներն ապահով հանգրվան գտան։ Որբանոցներում առողջական և այլ կենցաղային խնդիրներից զատ մեծ կարևորություն էր հատկացվում մասնագիտական կարողությունների ու մրցակցային ոգու ներդրմանը։ Բացառություն չէին կազմում նաև մարմնամարզությունն ու սպորտը։ Գավառներից Կ. Պոլիս գաղթած հայ որբերը տեղավորվեցին մայրաքաղաքի որբանոցներում։ Ստեղծվեցին Պեյլերպեյի, Ետիկուլեի, Խասգյուղի, Առնավուտ գյուղի, նաև Գարակյոզյան, Արամյան, Պեզազյան և Մխիթարյան որբանոցները։ Հետագայում այս բոլոր որբանոցները կենտրոնացվեցին Գուլելիի կենտրոնական որբանոցում, ինչը դյուրացրեց Հ.Մ.Ը.Մ.-ի սկաուտական և մարմնամարզական շարժումը որբանոցի սաների շրջանում ավելի ընդլայնելու առումով։ Որբախնամ աշխատանք իրականացվեց հայկական սկաուտական խմբերի ու մարմնամարզական ակումբների կողմից, կազմակերպվեցին նաև հանգանակություններ։ Այսպիսով, Հ.Մ.Ը.Մ.-ը ձառնամուխ եղավ շուրջ 15.000 որբերի սկաուտական ու մարզական դաստիարակության գործին։ Բացի վերոնշյալից, Հ.Մ.Ը.Մ.-ն իրականացրեց նաև աննախադեպ փրկարարական գործողություն. Կ. Պոլսից դուրս եկած նավը ժամանակին հասավ Մարմարա ծովի ափամերձ Յալովա բնակավայրը, և շուրջ 4000 հայեր փրկվեցին վերահաս ջարդերից։ Հ.Մ.Ը.Մ.-ի ջանքերով որբանոցներում անց էին կացվում նաև միջորբանոցային օլիմպիական խաղեր։ Որոշ որբանոցներում շաբաթ օրերին կազմակերպվում էին սկաուտական արշավներ ու մրցույթներ։ Գուլելիի կենտրոնական որբանոցում շուրջ 1500 որբերի հետ սկաուտական աշխատանք էր իրականացնում նշանավոր մարզիկ Բյուզանդ Կյոզիպյոյուքյանը, ով որբանոցների կենտրոնական մարմնի տնօրենն էր։ Բացի ֆուտբոլից և մարմնամարզական խաղերից որբանոցներում տարածված էին նաև այլ մարզաձևեր՝ բասկետբոլ, բեյսբոլ և վոլեյբոլ։ Ծրագրված էր անցկացնել նաև միջորբանոցային ֆուտբոլային մրցումներ։ Այդ նպատակով մարզադաշտեր էին ստեղծվել Գուլելիի և Հայդար փաշայի դաշտում։

Սկաուտիզմ

խմբագրել

Սկաուտական շարժումը աշխարհում սկիզբ առավ անգլիացի գեներալ-լեյտենանտ Բեյդըն Փաուելի նախաձեռնությամբ։ 1912 թ. առաջին բոյ սկաուտների խումբը կազմավորվեց Կ. Պոլսի «Նոր դպրոց» սաների կողմից։ Պոլսում սկաուտական շարժման զարգացման ուղղությամբ առաջին գործնական քայլերն իրականացվեցին Պերպերյան, Մեզպուրյան և Տայան վարժարաններում։ Հայ սկաուտապետերը նամակագրական կապ էին պահպանում Բեյդըն Փաուելի հետ։ 1918 թ. Հ.Մ.Ը.Մ.-ի կազմավորմամբ ամուր հիմքեր ստեղծվեցին նաև հայ սկաուտական շարժման ստեղծման համար՝ հատկապես Պոլսի վարժարանների ու որբանոցների սաների շրջանում։ Հ.Մ.Ը.Մ.-ի սկաուտական կառույցների գործունեությունը տարվում էր երկու ուղղությամբ.

 
Հայ սկաուտին առաջնորդը
  1. Աշխատանք որբանոցների սաների հետ,
  2. Գործունեության ծավալում մասնաճյուղերում։

Սկաուտական ջոկատներ կազմավորվեցին Հ.Մ.Ը.Մ.-ի գրեթե բոլոր մասնաճյուղերին կից։ Շարժումը տարածվեց Զմյուռնիայում, Կիլիկիայի Ադանա և Տարսոն քաղաքներում, ինչպես նաև Եգիպտոսի Կահիրե, Ալեքսանդրիա և Պորտ Սաիդ քաղաքներում, Մերձավոր Արևելքի և Եվրոպայի հայկական գաղութներում։ Կ. Պոլսի կենտրոնի առաջարկով Ադանայում կազմավորվում է Հ.Մ.Ը.Մ.-ի ժամանակավոր հանձնախումբ։ Վերջինս 1919 թ. կոչով դիմում է կիլիկիահայությանը՝ իրենց զավակներին Հ.Մ.Ը.Մ. սկաուտական խմբերին անդամագրելու համար։ 1919 թ. նոյեմբերի 14-ին ձևավորվում է Կիլիկիայի Հ.Մ.Ը.Մ. շրջանային վարչությունը։ Շուտով այս մասնաճյուղի սկաուտների թիվն անցնում է 400-ը։ Կազմվում են նաև արենուշների (աղջիկ սկաուտների) խմբեր։ 1920 թ. մարտին Հ.Մ.Ը.Մ.-ի նորընտիր վարչությունը Ադանայում հայկական եռագույնի ներքո կազմակերպում է սկաուտների անդրանիկ երդման արարողությունը։ 1920 թ. հուլիսին հայտնի սկաուտապետեր Վահան Չերազը, Տիգրան Խոյանն ու Օնիկ Յազմաճյանը Հայաստանի կառավարության հրավերով ժամանում են Երևան և ձեռնամուխ լինում Հայաստանում սկաուտական խմբեր ձևավորելու գործին։

Համահայկական օլիմպիական խաղեր

խմբագրել

Առաջին համաշխարհային պատերազմից հետո վերականգնվեց նաև համահայկական օլիմպիական խաղերն անցկացնելու ավանդույթը։ Այս անգամ դրանք անց էին կացվում Հ.Մ.Ը.Մ.-ի հովանու ներքո։ Հինգ տարի ընդմիջումից հետո հայկական մարմնամարզական ակումբների մասնակցությամբ առաջին մրցումները, որոնք անվանվեցին Հ.Մ.Ը.Մ.-ի տարեկան առաջին միջմասնաճյուղային մրցումներ, տեղի ունեցան 1919 թ. օգոստոսի 31-ին Պոլսի Գատըգյուղի «Յունիոն» մարզադաշտում։ Մրցումներում հատկապես հաջող հանդես եկան Կ. Պոլսի Բերա թաղամասի մասնաճյուղի մարզիկները, ովքեր արժանացան ինը առաջին, հինգ երկրորդ և մեկ երրորդ մրցանակների։

1920 թ. սեպտեմբերի 5-ն կայացան Համահայկական ընդհանուր օլիմպիական խաղեր կոչված մրցումները, որոնց ներկա էր նաև Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող Արմեն Թաղթաջյանը։

Հայկական օլիմպիական խաղեր կազմակերպվեցին նաև 1921 և 1922 թվականներին։ Հայկական օլիմպիական խաղերին մասնակցում էին ոչ միայն Կ. Պոլսի, այլև գավառներից ժամանած ակումբները։

Գործունեություն

խմբագրել

Հայ մարմնակրթական ընդհանուր միության մասնաճյուղերի կողմից անց են կացվում բազմաթիվ մարզական միջոցառումներ և ծրագրեր։ Մի շարք երկրներում, մասնավորապես Լիբանանում և Սիրիայում անց են կացվում տեղական մրցումներ՝ պրոֆեսիոնալ մարզիկների մասնակցությամբ։ Հ.Մ.Ը.Մ.-ի ծրագրերը հիմնականում ներառում են հետևյալ սպորտաձևերը՝ դաշտային խաղեր, բասկետբոլ, վոլեյբոլ, ֆուտբոլ, թենիս, լող, հեծանվավազք և այլ սպորտաձևեր։ Այսօր Հ.Մ.Ը.Մ.-ը շարունակում է իրականացնել մի շարք սկաուտական միջոցառումներ։ Սկաուտական խմբերի մեծ մասն ընդգրկված է ազգային սկաուտական կազմակերպություններում։ Դրանցից որոշներն ունեն իրենց նվագախմբերը։ Սկաուտական ենթահանձնախմբի հիմնական նպատակն է դաստիարակել սկաուտներին հայրենասիրական ոգով, կերտել սկաուտին վայել բնավորություն, ծանոթացնել սկաուտական կարգուկանոնին, ինչպես նաև ավելի լավ ծանոթացնել սկաուտներին հայկական մշակույթին։ Սկաուտական ծրագրերը մշակվում և իրականացվում են Սկաուտական հանձնախմբի կողմից։ Վերջինս նշանակվում է Կենտրոնական վարչության կողմից։ Կազմակերպվում են նաև արշավներ, սկաուտիզմին և հայագիտական թեմաներին առնչվող գիտաժողովներ ու դասախոսություններ։ Դասախոսությունների ընթացքում բաժանվում են հայալեզու կրթական ձեռնարկներ։ Ծրագիրն ավարտելուց հետո սկաուտները հանձնում են համապատասխան քննություն և բարեհաջող ավարտելուց հետո ստնում վկայականներ։ Ծրագիրը ներառում է նաև սկաուտական ջոկատային աշխատանքներ, ինչպես օրինակ այցելություն թանգարաններ և բացօթյա միջոցառումներ։ Յուրաքանչյուր չորս տարի Հայաստանում տեղի է ունենում բոյսկաուտների հավաք։ Հ.Մ.Ը.Մ.-ի տարբեր մասնաճյուղերից բազմաթիվ սկաուտներ ժամանում են Հայաստան մասնակցելու երկշաբաթյա բանակմանը և զբաղվելու համայնքային գործունեությամբ։ Յուրաքանչյուր տարի Հ.Մ.Ը.Մ.-ի Միացյալ Նահանգների արևմտյան շրջանային վարչության կողմից կազմակերպվում են Նավասարդյան խաղեր։ ԱՄՆ-ում դրանք առաջին անգամ կազմակերպվել են Լոս Անջելես քաղաքում, 1975 թ.: Այսօր Նավասարդյան խաղերին մասնակցում են մոտ 300 թիմեր, 6000 մարմնամարզիկներ և 2000 սկուտներ։ Հ.Մ.Ը.Մ.-ի կողմից չորս տարին մեկ անց են կացվում նաև Համա-Հ.Մ.Ը.Մ.-ական խաղեր։

Տարբերանշանը, կարգախոսն ու վահանը

խմբագրել

Հայ մարմնակրթական ընդհանուր միության տարբերանշանի վրա պատկերված են մեծ և փոքր Մասիսները, որոնց մեջտեղից ծագում է արևը։ Լեռների ստորոտից Արարատյան դաշտով հոսում է Արաքս գետը։ Տարբերանշանի հեղինակն է Նիկողոս Ճիզմեճյանը։

Կազմակերպության կարգախոսն է «Բարձրացի՛ր, բարձրացո՛ւր», որն առաջարկել է Ռեթեոս Պերպերյանը՝ Պերպերյան վարժարանի հիմնադիրը։ Հ.Մ.Ը.Մ. գրությամբ վահանը գոյություն ուներ մինչև տարբերանշանի ստեղծումը։ Այն տեղ է գտել մասնաճյուղերի դրոշակների և մարզիկների հագուստների վրա։ Առաջին անգամ վահանին հանդիպում ենք «Հայ Սկաուտ» ամսագրի առաջին համարում, ուր այն հիշատակվում էր Հ.Մ.Ը.Մ. առաջին տարեկան միջմասնաճյուղային խաղերի կապակցությամբ։

Մասնաճյուղեր

խմբագրել

Հայ մարմնակրթական ընդհանուր միությունն ունի բազմաթիվ մասնաճյուղեր աշխարհի տարբեր անկյուններում՝ Ասիայում (Հայաստան, Ռուսաստան, Վրաստան), Եվրոպայում (Հունաստան, Անգլիա, Ֆրանսիա, Ավստրիա, Հունգարիա, Շվեդիա, Բուլղարիա, Հոլանդիա, Իտալիա, Կիպրոս), Միջին Արևելքում (Լիբանան, Իսրայել, Սիրիա, Իրաք, Քուվեյթ), Միացյալ Նահանգների արևելյան ու արևմտյան շրջաններում, Կանադայում, Հարավային Ամերիկայում և Ավստրալիայում։

Պաշտոնաթերթեր

խմբագրել
Անուն Հրատարակման ժամանակաշրջան Վայր Գլխավոր խմբագիր կամ արտոնատեր
«Մարմնամարզ» (1911-1914) Կ. Պոլիս Շավարշ Քրիսյան
«Հայ Սկաուտ» (1919-1922) Կ. Պոլիս Կարո Ուշագլյան
«Պատրաստ» 1921 Իզմիր -
«Արի» 1924-1925 Բուխարեստ Հակոբ Սիրունի
«Մարզիկ» 1925 Փլովտիվ Կարո Ղազարոսյան
«Հայ Սկաուտ» 1925-1926 Ռուսճուք -
«Հ.Մ.Ը.Մ.» 1926-? Փլովտիվ Կարո Ղազարյան
«Նոր Սերունդ» 1926-1929 Աթենք Ստեփան Տամլամայան
«Պահակ» 1927-1936 Փլովտիվ -
«Հայ Սկաուտ» 1929 Փարիզ Կարո Ուշագլյան
«Տեղեկատու Հ.Մ.Ը.Մ.-ի» 1930 Սոֆիա -
«Գայլիկ» 1930 Հելիոպոլիս -
«Հայ Սկաուտ» 1934 Փարիզ Վազգեն Անդրեասյան
«Արի» 1934 Բուխարեստ -
«Հայ Արի» 1938 Սլիվեն -
«Ամսօրյա Շրջաբերական» 1938 Երուսաղեմ -

Գրականություն

խմբագրել
  • Վազգէն Անդրէասեան, «Հայ սկաուտին առաջնորդը», Փարիզ, 1947
  • Բիւզանդ Թորիկեան, «Պատմութիւն Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միութեան», հատոր առաջին, տպարան Կաթողիկոսութեան Հայոց Մեծի Տանն Կիլիկիոյ, Պէյրութ, 1995
  • Հայկ Դեմոյան, «Հայկական սպորտը և մարմնակրթությունը Օսմանյան կայսրությունում», Տիգրան Մեծ հրատարակչություն, Երևան, 2009

Ներքին հղումներ

խմբագրել

 

Արտաքին հղումներ

խմբագրել