Գերմանիայի տնտեսություն
Գերմանիան իր տնտեսական հզորությամբ աշխարհի չորրորդ երկիրն է՝ ԱՄՆ-ից, Չինաստանից և Ճապոնիայից հետո։ 2009 թվականին Գերմանիայի համախառն ներքին արդյունքը կազմել է $2.81 տրլն (2008 թվական՝ $2.955 տրլն, 2007 թվական՝ $2.917 տրլն), ՀՆԱ-ի իրական աճի տեմպը 2009 թվականի տարեվերջին՝ -4.9 %։ Մեկ շնչին բաժին ընկնող համախառն ներքին արդյունքը՝ $34100 (VI—ը աշխարհում)։
Գյուղատնտեսությունը տալիս է համախառն ներքին արդյունքի 0.9 %-ը, արդյունաբերությունը՝ 26.8 %-ը։ Սպասարկման ոլորտին բաժին է ընկնում համախառն ներքին արդյունքի 72.3 %-ը (2009 թվական)։ Տնտեսության ճյուղային կառուցվածքում աշխատուժի համամասնությունը հետևյալն է.
Գյուղատնտեսություն –2.4 % Արդյունաբերություն – 29.7 % Սպասարկման ոլորտ – 67.8 % (2009 թվական)
Գյուղատնտեսություն
խմբագրելԳյուղատնտեսությունը տալիս է համախառն ներքին արդյունքի 0.9 %-ը։ Այս ճյուղում զբաղված է աշխատուժի 2.4 %-ը։ Գյուղատնտեսական հողահանդակները գրավում են երկրի տարածքի 35 %-ը։
Գերմանիայում հողի մեծ մասը պատկանում է խոշոր տնտեսություններին, որոնց հողակտորի միջին մեծությունը 17 հա է։ Տնտեսությունների 54 %-ն ունի մինչև 10 հա հող։ Փոքր տնտեսությունների մի մասն աշխատում է վնասով։
Պետությունը մի կողմից օգնություն է ցույց տալիս վնասով աշխատող ֆերմերային տնտեսություններին և, ընդհանրապես, բոլորին, մյուս կողմից՝ խրախուսում է տնտեսությունների խոշորացման գործընթացը։ Գերմանական ֆերմերային տնտեսությունները և գյուղական բնակչությունն իրենց եկամուտի զգալի մասը ստանում են ոչ գյուղատնտեսական զբաղմունքներից՝ արհեստագործությունից, զբոսաշրջությունից, փոքր ձեռնարկատիրությունից և այլն։
Գերմանիայի գյուղատնտեսությունը 90 %-ի չափով ապահովում է բնակչության սննդամթերքի պահանջները։
Գյուղատնտեսության առաջատար ճյուղը կաթնամսատու անասնաբուծությունն է, որը տալիս է ճյուղի համախառն արդյունքի 70 %-ը։ Անասնաբուծության համար բազա են հանդիսանում ընդարձակ արոտավայրերը, որոնք գրավում են երկրի տարածքի 30.5 %-ը, մշակովի կերակրախոտերը, սննդի արդյունաբերությունը։
Գերմանիան աշխարհում չորրորդ տեղն է գրավում կաթի (տարեկան 28 միլիոն տոննա), VI տեղը՝ մսի (տարեկան 5.8 միլիոն տոննա) արտադրությամբ։
Խոշոր եղջերավոր անասնաբուծությունը զարգացած է ամենուրեք, խոզաբուծությունը՝ ավելի շատ հյուսիսային շրջաններում։
Բուսաբուծության տակ է դրված 12 միլիոն հա հող, որը կազմում է գյուղատնտեսական հողահանդակների 69.5 %-ը։ Մշակովի հողերի 98.6 %-ը վարելահողեր են։
Գերմանիան Արևմտյան Եվրոպայում առաջին տեղն է գրավում տարեկանի, գարու, վարսակի, կարտոֆիլի, երկրորդ տեղը՝ Ֆրանսիայից հետո, ցորենի, շաքարի ճակնդեղի մշակումով։ Հացահատիկ և կարտոֆիլ մշակում են ամենուրեք, բայց առավել շատ՝ հյուսիսային շրջաններում։ Շաքարի ճակնդեղն ավելի մեծ տարածում ունի Հռենոս-Վեսֆալիայում, Բավարիայում, Մեկլենբուրգ-Առաջավոր Պոմերանիայում, խաղողը՝ Բադեն-Վյուրտեմբերգում, Էսսենում։
Գերմանիայում մշակում են նաև գայլուկ, բանջարանոցային կուլտուրաներ, ծաղիկներ։
Գյուղատնտեսության բազայի վրա զարգացել է սննդի արդյունաբերությունը։ Կենդանական յուղի և բուսայուղի արտադրությամբ Գերմանիան աշխարհում գրավում է երրորդ, Եվրոպայում՝ առաջին տեղը։ Հայտնի է գարեջրի, շաքարավազի, գինիների, ձկան, պահածոների արտադրությամբ։
Արդյունաբերություն
խմբագրելԱրդյունաբերությանը բնորոշ է գերինդուստրացումը, որի առաջատար և միջազգային շուկայում մրցադիմացկուն ճյուղերն են ավտոմոբիլաշինությունը, ինքնաթիռաշինությունը, վագոնաշինությունը, էլեկտրատեխնիկան, օպտիկական և քիմիական արտադրությունը, դեղագործությունը, մետաղաձուլությունը։
Ընդ որում՝ արդյունաբերության մեջ աստիճանաբար մեծանում է նոր՝ բարձր տեխնոլոգիաներով ճյուղերի դերը, համեմատաբար նվազում արդյունահանող, թեթև, սննդի ճյուղերի դերը։
Արդյունաբերության ավանդական ճյուղը արդյունահանումն է։ Արդյունահանում են քարածուխ, նավթ, երկաթաքար, գունավոր մետաղներ, կալիումական աղ։ Քարածխի տարեկան հանույթը կազմում է 51.2 միլիոն տոննա։ Դրանով գրավում է 10-րդ տեղը աշխարհում։ Քարածխի հանույթը աստիճանաբար նվազում է՝ կապված պահանջարկի նվազման հետ։ Քարածխի 80 %-ը տալիս է Ռուրի ավազանը, մնացածը՝ Սաարի և մյուս ավազանները։ Գորշ ածխի հանույթը 193 միլիոն տոննա է. աշխարհում գրավում է առաջին տեղը։ Գորշ ածխի հանույթը նույնպես ունի նվազման միտում։ Շահագործվող հիմնական ավազաններն են Ստորին Հռենոսյանը, Էլբա և Զաալե գետերի միջև ընկած ավազանը։ Գորշ ածուխը արդյունահանվում է բաց եղանակով։ Այն հիմնականում օգտագործվում է էլեկտրակայաններում։
Նավթի տարեկան հանույթը մոտ 0.5 միլիոն տոննա է, ներմուծումը՝ 64 միլիոն տոննա։ Նավթի վերամշակման խոշոր կենտրոններն են Համբուրգը, Քյոլնը, Ինգոլշտադը։ Նավթը ներմուծում է ՌԴ-ից և Պարսից ծոցի երկրներից։
Բնական գազի արդյունահանումը տարեկան կազմում է 15.29 միլիարդ մ³ (34-րդը աշխարհում), սպառումը՝ 96.26 միլիարդ մ³ ( 5-րդը աշխարհում), ներկրումը 94.57 միլիարդ մ³ (2-րդը աշխարհում), արտահանումը՝ 12.64 միլիարդ մ³ (16-րդը աշխարհում) (2009 թվական)։
Էլեկտրաէներգիայի արտադրությունը հասնում է 593.4 միլրդ կվտ ժ (8-րդը), սպառումը՝ 547.3 միլիարդ կվտ ժ (7-րդը), արտահանման և ներկրման ցուցանիշներն են համապատասխանաբար 61.7 և 41.67 միլիարդ կվտ ժ (2009 թ.)։
Էլեկտրաէներգետիկայի արտադրության 61.8 %-ը բաժին է ընկնում ջերմաէլեկտրակայաններին, 4.2 %-ը ջրաէլեկտրակայաններին, 29.9 %-ը ատոմային էլեկտրակայաններին։ Խոշորագույն ջերմաէլեկտրակայանն Մանհայմն է։ Միջուկային վառելիքով են աշխատում Ալբտախի, Ֆիլիպսբուրգի և մի շարք այլ էլեկտրակայաններ։ Գործում են քաղաքային աղբի բազայի վրա աշխատող ջերմաէլեկտրակայաններ։ Շուրջ 10 ոչ մեծ ջրաէլեկտրակայաններ կան Հռենոս, Զաալե, Էլբա և մյուս գետերի վրա։
Սև մետաղաձուլությունը Պողպատաձուլությամբ Գերմանիան Արևմտյան Եվրոպայում գրավում է առաջին տեղը, աշխարհում ՝ 6-րդ տեղը։ Տարեկան արտադրում է 40.6 միլիոն տոննա պողպատ։ Առաջատարների շարքում է թուջի՝ 30.0 միլիոն տոննա, և գլանվածքի արտադրությամբ։ Սև մետաղաձուլությունը զարգացած է հիմնականում Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա երկրում՝ Դորտմունդում, Դյուսբուրգում, Սաարի երկրում՝ Սաարբրյուկենում։ Սև մետաղաձուլությունը զարգացած է նաև Բրադենբուրգում, Բրեմենում, Համբուրգում։
Գունավոր մետաղաձուլության ձեռնարկություննրը հիմնականում աշխատում են ներմուծովի հումքի բազայի վրա։ Առաջատար ճյուղը ալյումինաձուլությունն է։ Ալյումինի արտադրությամբ Գերմանիան երկրորդ տեղն է գրավում տարածաշրջանում՝ Նորվեգիայից հետո։ Ալյումինաձուլության խոշոր կենտրոններն են Էսսենը, Ֆյորդեն, Համբուրգը։ Տարեկան արտադրում է 575 հազար տոննա ալյումին։ Զարգացաած է նաև զտված պղինձի՝ (տարեկան 616 հազար տ), կապարի և ցինկի ձուլումը։
Մեքենաշինությունը և մետաղաձուլությունը։ Այս ճյուղում զբաղված է արդյունաբերական աշխատողների 50 %-ը։ Մեքենաշինության մեջ տեղի են ունենում կառուցվածքային փոփոխություններ, որոնց հետևանքով աստիճանաբար նվազում է ընդհանուր մեքենաշինության, նավաշինության դերը, մեծանում է օդանավերի, տիեզերական սարքերի, էլեկտրատեխնիկական սարքավորումների, ավտոմոբիլաշինության, համակարգիչների, էլեկտրոնային հաշվիչ մեքենաների, ինքնակառավարվող սարքերի արտադրության դերը։
Մեքենաշինության հանրահայտ ճյուղը մնում է ավտոմոբիլաշինությունը և հաստոցաշինությունը։ Հաստոցների արտադրությամբ Գերմանիան աշխարհում գրավում է երկրորդ տեղը, ավտոմոբիլների արտադրությամբ՝ երրորդ տեղը։ Ավտոմոբիլների տարեկան արտադրությունը հասնում է 4.7 մլն-ի։ Ավտոմոբիլաշինական խոշորագույն ընկերություններ են «Ֆոլկսվագենը», «Մերսեդես Բենցը», «ԲՄՎ»-ն, «Աուդին», «Օպելը»։ Ավտոմոբիլաշինության մեջ մեծ է նաև ամերիկյան «Ֆորդ» ընկերության դերը։
«Ֆոլկսվագեն» ընկերությունը երկրում խոշորագույնն է. հիմնվել է 1938 թվականին։ Մասնագիտացած է մարդատար մեքենաների և ավտոբուսների արտադրության գծով։ Խոշոր կենտրոններն են Վոլֆսբուրգը, Հանովերը, որը իր դուստր ձեռնարկությունն ունի Բրազիլիայում, Մեքսիակայում, Ավստալիայում և այլ երկրներում։ «Մերսեդես Բենցի» գլխավոր ձեռնարկությունները գտնվում են Շտուտգարտում և Վերտում, «ԲՄՎ»-ինը՝ Մյունխենում և Ռեգենսբուրգում, «Օպելինը»՝ Մայնի Ֆրանկֆուրտում և Այզենախում, «Աուդի»-նը՝ Հալբրոնում։ Օդանավերի, տիեզերական սարքերի արտադրությամբ հայտնի է Մյունխենը, Բրեմենը, Համբուրգը, նավաշինությամբ՝ Համբուրգը, Քիլը, Ռոստոկը։ Էլեկտրատեխնիկական արդյունաբերության առաջատար ընկերություններն են «Սիմենսը» և «Բոշը»։ «Սիմենսը» հիմնադրվել է 1947 թվականին, արտադրում է արդյունաբերական և կանցաղային նշանակության էլեկտրատեխնիկական, ինչպես նաև ռազմական ապրանքներ։
Ընկերության ձեռնարկությունները տեղաբաշված են Նյուրնբերգում, Շտուտգարտում, Համբուրգում։ Այն իր դուստր ձեռնարկությունները ունի Դանիայում, Բելգիայում, ԱՄՆ-ում և այլ երկրներում։
Էլեկտրատեխնիկական արդյունաբերության առաջատարներից է «Բոշ» ընկերությունը, որը հիմնադրվել է 1886 թվականին, մասնագիտացած է կենցաղային էլեկտրական տեխնիկայի արտադրության բնագավառում։ Երկրում առաջիններից մեկն էր, որ սկսեց իր դուստր ձեռնարկությունները ստեղծել արտասահմանյան երկրներում՝ Ֆրանսիայում, Իտալիայում, ԱՄՆ-ում, Արգենտինայում, Բրազիլիայում և այլն։
Գերմանիան քիմիական արդյունաբերության առաջատարներից մեկն է։ Տնտեսության այս ճյուղի առաջատար երեք խոշոր ընկերությունները՝ «Բայերը», «ԲԱՍՖ», և «Հոեսհթը», հիմնադրվել են 1861—1863 թվականներին։ Այս և քիմիական արդյունաբերության մեծ մասը արտադրում են բազմատեսակ ապրանքներ։
Քիմիական արդյունաբերությունն ունի շատ լայն աշխարհագրություն։ Խոշոր կենտրոններն են Համբուրգը, Մայնի Ֆրանկֆուրտը, Լյուդվիգհաֆենը, Քյոլնը, Վիլհելմսհաֆենը։
Գերմանական ընկերությունների ձեռնարկություններ կան Արևմտյան Եվրոպայի, Լատինական Ամերիակայի մի քանի տասնյակ երկրներում, ինչպես նաև Ավստրալիայում, Բելգիայում, Դանիայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Թուրքիայում և այլն։
Արդյունաբերությունում զբաղված է աշխատուժի 29.7 %-ը։
Երկրի հարավում՝ լեռնային շրջաններում, կան նաև ՋՐԷԿ-ներ։ Գերմանիան Արևմտյան Եվրոպայում ամենաշատ պողպատ արտադրող երկիրն է։ Այստեղ զարգացած է մեքենաշինությունը։ Գերմանիային բնորոշ է ինտենսիվ գյուղատնտեսությունը։ Գերմանիան ունի զարգացած տրանսպորտային համակարգ։ Արտահանում է մեքենաներ և սարքավորումներ, արդյունաբերական ապրանքներ։ Ներմուծում է հումք, վառելիք, պարենամթերք։ Կա վարկած, որ առաջին մարդ արարածը եկել է Գերմանիայի տարածք, 700 հազար տարի առաջ։ Շուրջ 500 հազար տարի առաջ ստեղծվել են առաջին բնակավայրերը։ Առաջին գերմանացիների մասին հիշատակվում է հին հույների և հռոմեացիների աշխատանքներում։
Տրանսպորտ
խմբագրելԳերմանիան ունի զարգացած տրանսպորտային համակարգ։ Երկրի տարածքը հագեցած է արագընթաց երկաթուղիների, բարձրակարգ ավտոմոբիլային ճանապարհների, գետային ուղիների, խողովակաշարերի խիտ ցանցով։
Առաջակարգ դեր ունի ծովային տրանսպորտը, որը հիմնականում սպասարկում է արտաքին առևտրին։ Խոշոր նավահանգիստներն են Համբուրգը, Վիլհելմսհաֆենը, Ռոստոկը։
Արտաքին տնտեսական կապեր
խմբագրելԳերմանիան տնտեսական կապերի մեջ է աշխարհի գրեթե բոլոր երկրների հետ։ Արտաքին առևտրի շրջանառության ծավալով զիջում է միայն ԱՄՆ-ին։
Արտաքին առևտրի մեծ մասը բաժին է ընկնում Եվրամիության երկրներին, ԱՄՆ-ին և Կանադային։ ԱՊՀ երկրներից առևտրական կապերը մեծ են Ռուսաստանի հետ։
Գերմանիայի արտահանման գրեթե 9/10-ը լայն սպառման արդյունաբերական ապրանքներն են՝ մեքենաներ և սարքավորումներ, մատուցված ծառայություններ։
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- www.deutschland.de Բազմալեզու կայք Գերմանիայի մասին
- Destatis.de Դաշնային Գերմանիայի վիճակագրական վարչություն[1]
- Փաստեր Գերմանիայի մասին
- Գյոթե կենտրոն[2]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գերմանիայի տնտեսություն» հոդվածին։ |
- ↑ «Homepage». Federal Statistical Office (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 6-ին.
- ↑ «Goethe-Zentrum Eriwan | Willkommen auf der Seite des Goethe-Zentrums in Armenien» (գերմաներեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 6-ին.