Բացել գլխավոր ցանկը
Գաղձ
Cuscuta europaea bgiu.jpg
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ինֆրաթագավորություն Streptophyta
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytina)
Կարգ Մորմածաղկավորներ (Solanales)
Ընտանիք Պատատուկազգիներ (Convolvulaceae)
Ցեղ Գաղձ (Cuscuta)
L., 1753

Գաղձ (լատ.՝ Cuscuta), գելուկ, գայլուկ, գայլխոտ, գաղձազգիների ընտանիքի միամյա մակաբույծ խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 150, ՀՀ-ում՝ 13 տեսակ՝ գաղձ մերձեցված (C. approximata), գաղձ սովորական (C. epithymum), գաղձ եվրոպական (C. europaea), գաղձ Ցեզատիի (C. cesattiana) և այլն։

Մոլախոտ է, ծառերի, թփերի, կիսաթփերի, տնկիների, խաղողի վազի, խոտաբույսերի, բանջարաբոստանային և այլ բույսերի մակաբույծ։

ՆկարագրությունԽմբագրել

Ցողունը թելանման է կամ քուղանման՝ առանց արմատի և տերևների, փաթաթվող (պարուրում են շրջակա բույսերին և ծծիչներով ամրանում դրանցԾաղկաբույլը ողկուզանման է կամ գլխիկանմաև, ծաղիկները՝ մանր, սպիտակավուն, կանաչավուն կամ վարդագույն։ Ծաղկում է հունիս-օգոստոսին։ Պտուղը հատապտղանման տուփիկ է, սերմերը՝ մանր։ Գաղձի բոլոր տեսակները նշված են կարանտինային մոլախոտերի ցուցակում։ Գեղձազգիների ընտանիքին պատկանող մակաբույծ, միամյա բույս է, զուրկ արմատներից, տերևներից, նույնիսկ քլորոֆիլից: Ապրում է այլ բույսերի հաշվին, բազմանում սերմերով և վեգետատիվ ճանապարհով: Գաղձի տեսակները պարազիտում են երեքնուկին, եղինջին, հմուլին, բամբակին, խաղողին: Նրանց ցողունին ամրանալով մանր, գորտնուկաձև ծծիչներով: Գաղձի սերմերը, աշնանը թափվելով գետնին, ծլում են միայն հաջորդ տարվա գարնան վերջերին, երբ արդեն աճած են լինում զոհ հանդիսացող բոլոր բույսերը: Ուշագրավ է այն, որ եթե ծիլը չի հանդիպում սնող բույսի, ապա այն շատ շուտ ոչնչանում է սնունդ չունենալու հետևանքով: Գաղձի ցողունը շատ նուրբ է, թելանման, ճյուղավոր, կարմրավուն կամ նարնջադեղին: Ունի սպիտակ, մանրիկ ծաղիկներ:Պտուղները հասունանում են աշնան ամիսներին: Սերմերը ծլունակությունը պահպանում են 6-7 տարի:

Տարածումը ՀայաստանումԽմբագրել

Տարածված է բոլոր մարզերում։ Աճում է ստորին, միջին լեռնային և նախալեռնային, գոտիներում, կիսաանապատներում։ Գաղձ գայլուկանման (C. lupuliformis), գաղձ Լեհմանի (C. lehmanniana) և գաղձ ծաղկակոթունավոր (C. pedicellata) հազվագյուտ տեսակները երբեմն հանդիպում են Երևանի շրջակայքում։

Կիրառական նշանակությունԽմբագրել

Որոշ տեսակներ դեղաբույսեր են. պատրաստուկներն ունեն լեղամուղ, հակաթունային, հակաուռուցքային հատկություններ, ժողովրդական բժշկության մեջ օգտագործվել է նաև էպիլեպսիայի, նյարդաբորբերի բուժման ժամանակ։ Եփուկ պատրաստելու համար 20 գ չոր հումքը 200 մլ ջրում եռացնում են 20 րոպե, ապա ընդունում մեկական ճաշի գդալ՝ օրական 3 անգամ: Թուրմ պատրաստելու համար 8-10 գ չոր հումքը 2 ժամ թրմում են մեկ բաժակ եռման ջրում, ապա քամում ու ըմպում միանվագ, թեյի ձևով, որպես լուծողական: Սերմերից թուրմ պատրաստելու համար 5-6 գ հումքը 1 ժամ թրմում են մեկ բաժակ եռման ջրում և ընդունում մեկական ճաշի գդալ՝ օրական 3 անգամ:

Քիմիական բաղադրությունըԽմբագրել

Բույսի մեջ հայտնաբերված են կումարինի ածանցյալներ, կեմպֆերոլ, կուսկուտին գլիկոզիդը, իսկ առանձին տեսակների մեջ՝ կուսկուտամին, ֆիտոստերին, կվերցետին, դաբաղանյութեր, ֆլոբաֆեն, սապոնիներ:

Բուժական նշանակությունըԽմբագրել

Բուժման նպատակով օգտագործում են ամբողջ բույսը: Այն հավաքում են ծաղկման սեզոնում, անմիջապես չորացնում հով տեղում՝ միջանցուկ քամու տակ, ապա լցնում մառլյայից տոպրակի մեջ և կախված վիճակում պահում չոր տեղում: Հին հույները գաղձը օգտագործել են որպես լեղամուղ և ստնտու կանանց կաթն ավելացնող միջոց: Ավիցեննան գաղձը օգտագործել է գլխացավի, մելանխոլիայի, հոգեկան որոշ շեղումների, գլխապտույտի, կոշմարային քնի, ընկնավորության, անդամալուծության, ականջն ընկած որդերի, բրոնխիալ ասթմայի, սրտային առիթմիաների, վատ ախորժակի, փսխման ժամանակ: Այս բոլոր դեպքերում դեղաբույսը օգտագործվել է առանձին կամ այլ դեղամիջոցների հետ խառը: Թուրքմենիայի և Իրանի ժողովրդական բժշկության մեջ գաղձի սերմերի ջրաթուրմն օգտագործվում է որպես ջերմ իջեցնող և լեղամուղ միջոց: Տարբեր ժողվուրդներ գաղձը օգտագործում են սակավարյուն դաշտանի, իսկ հոմեոպաթիայում՝ մաշկի ցաների, գրիպի, կանացի մի շարք հիվանդությունների ժամանակ: Եվրոպական որոշ երկրներում հայտնի է գաղձի օֆիցինալ ձևը՝ որպես լուծողական միջոց: Գաղձի պտուղների և սերմերի ջրաթուրմը ոչնչացնում է որոշ նախակենդանիների:

Բույսի այլ հատկանիշներըԽմբագրել

Գաղձը վտանգավոր մոլախոտ է: Այն մեծ վնաս է հասցնում խաղողին, բամբակին, առվույտին, կորնգանին: Չնայած նրա որոշակի բուժական նշանակությանը, պետք է պայքար տանել նրա արեալների անսահման տարածման դեմ՝ հերբիցիդներով, այրելով, մինչև գաղձի պտուղ տալը նրա զոհը դարձած կերաբույսի վաղ հնձումով և վերջապես, ալտերնարիայով: Վերջինս մակաբույծ սունկ է, որի սպորները սրսկելով գաղձին, ոչնչացնում են նրան: Այս մեթոդն ունի հեռանկարային կիրառում: Գաղձի որոշ տեսակներ թունավոր են, հատկապես գյուղատնտեսական մի շարք կենդանիների համար:

Արտաքին հղումներԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
  Ընթերցե՛ք «գաղձ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։