Բացել գլխավոր ցանկը

Հաստոցաշինություն, մեքենաշինության ճյուղ, ժողովրդական տնտեսության բոլոր ճյուղերի համար թողարկում է մետաղամշակման և փայտամշակման հաստոցներ, կիսաավտոմատ և ավտոմատ գծեր, համալիր-ավտոմատ արտադրություններ, դարբնոցամամլիչային և ձուլման սարքավորումներ։ Մեքենա արտադրող մեքենայի, հատկապես մեխանիկական սուպորտով մետաղամշակման հաստոցի հայտնադործումը պայմանավորված էր կապիտալիստական խոշոր արտադրության զարգացմամբ։ Խառատայինից մետաղամշակման մյուս հաստոցների վրա մեխանիկական սուպորտի տեղադրմամբ սկզբնավորվեց գործադիր մեխանիզմով հաստոցների թողարկումը։ Հետագայում մշակվեցին ֆրեզերային, ռանդիչ, թործիչ, շրջահաստոցների և այլ մոդելներ։

Հայրենական Մեծ պատերազմի տարիներին հաստոցաշինությունը կատարում էր ռազմական պատվերներ, շարունակվում էր նաև նոր գործարանների (Նովոսիբիրսկի, Մտերլիտամսկի) շահագործումը։ Ետպատերազմյան շրջանում ԽՍՀՄ հաստոցաշինությունը աշխարհում առաջատար տեղ գրավեց լայն անվանացանկի մետաղահատ հաստոցների արտադրությամբ։

1978 թվականին, 1950 թվականի համեմատ, մետաղահատ հաստոցների արտադրությունն ավելացավ 3, 4, ավտոմատ ու կիսաավտոմատ գծերինը՝ 8, 4 անգամ։ Բարձր տեմպերով է աճել ճշգրիտ, կոորդինատայիններ տաշ, ծանր, ունիկալ, թվային ծրագրային կառավարմամբ մետաղահատ հաստոցների թողարկումը։ Յուրացվել է էլեկտրակայծային, իմպուլսային, կոնտակտային, ուլտրաձայնային հաստոցների արտադրությունը։

Կիրառվում են մետաղի մշակման էլեկտրաֆիզիկական, էլեկտրաքիմիական մեթոդներ, լույսի ճառագայթով չափամշակումը։ Սոցիալիստական մյուս երկրներից հաստոցաշինությունը հատկապես զարգացած էր Լեհաստանում, Չեխոսլովակիայում, Ռումինիայում, կապիտալիստական երկրներից՝ ԱՄՆ-ում, ճապոնիայում, ԳՖՀ-ում։

Հաստոցաշինությունը ՀայաստանումԽմբագրել

Հայաստանում հաստոցաշինությունը սկզբնավորվել է 1944 թվականին, երբ Երևանի Զերժինսկու անվան մեքենաշինական գործարանը վերակառուցվեց խառատային հաստոցների արտադրության ուղղությամբ։ Նույն տարում թողարկվել է 1615 մակնիշի խառատային առաջին հաստոցը։ 1950 թվականից հաստոցներ արտադրեց նաև Հոկտեմբերյանի հաստոցաշինական գործարանը։ 1955-1960 թվականներին Չարենցավանի հաստոցաշինական, Լենինականի (այժմ՝ Գյումրի) հղկող, Կիրովականի (այժմ՝ Վանաձոր) ճշգրիտ, Երևանի ֆրեզերային, 1972 թվականին՝ փորձնական հաստոցաշինական գործարանների կառուցմամբ հաստոցաշինությունը ձեավորվել է որպես ՀԽՍՀ մեքենաշինության բարձր զարգացած ճյուղ։

Ցոթնամյակի տարիներին ավելացվել է հղկող, հորիզոնական ներտաշ, լայն ունիվերսալ ֆրեզերային, շառավղային գայլիկոնիչ, հատուկ և կիսաավտոմատ հաստոցների արտադրությունը, հաստոցների թողարկման քանակով Հայկական ԽՍՀ ԽՍՀՄ-ում գրավեց 5-րդ տեղը։

1966-1970 թվականներին սկսվեց ավտոմատ թվային ծրագրային կառավարմամբ հաստոցների արտադրության յուրացումը։ 1971-1975 թվականներին մետաղահատ հաստոցների թողարկումն աճեց 23%֊ով, արտադրվեց մոտ 40 տիպաչափի հաստոց, որոնց 50%֊ը ճշգրիտ և գերճշգրիտ էին։ Հաստոցաշինության բնագավառում գիտատեխնիկական հետազոտություններն իրականացրել են «Հայմեքշինգիտ» ինստիտուտը, Մոսկվայի մետաղամշակման հաստոցների փորձնական ԳՀԻ-ի Անդրկովկասի մասնաճյուղը (ԷՆԻՄՍ)։

Հայկական հաստոցները մեծ համարում ունեն ԽՍՀՄ-ում և արտասահմանում, Լայպցիգի, Պլովդիվի, Բուդապեշտի, Մոնրեալի և այլ ցուցահանդեսներում արժանացել են մեդալների ու դիպլոմների, արտահանվում են շուրջ 40 երկիր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 256