Խոզաբուծություն
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Խոզաբուծություն, անասնաբուծության ճյուղ, զբաղվում է խոզերի բուծմամբ՝ միս, ճարպ, կաշի և այլ մթերքներ ստանալու համար։
Խոզերն աչքի են ընկնում բարձր պտղատվությամբ և կերահատուցմամբ, վաղահասությամբ, հղիության շրջանի կարճատևությամբ։ Լավագույն տնտեսություններում մեկ հիմնական մերունի հաշվով տարեկան արտադրվում է ավելի քան 2, 5 տ միս։ Հասակավոր խոզերի սպանդային ելքը՝ 80 - 85, մատղաշներինը 72 - 75% է։ 100 կգ կենդանի քաշով խոզի մսեղիքը պարունակում է 52% մկանային հյուսվածք, 38% ճարպ։ Խոզի միսը և ճարպը սննդարար մթերքներ են։ Մսի մարսելիությունը՝ 90 - 95, ճարպինը 98% է։ Միսը հարուստ է լիարժեք սպիտակուցներով, հանքանյութերով և վիտամիններով։ Խոզաբուծությունն ունի մսային, բեկոնային, մսաճարպային և այլ ուղղություններ։
Խոզաբուծությունն աշխարհումԽմբագրել
Խոզաբուծությամբ մարդիկ զբաղվել են հնուց։ Մինչև 18-19-րդ դարերում եվրոպական երկրներում հիմնականում տարածված էին տեղական, ցածր մթերատու խոզեր։ 19-րդ դարից Եվրոպայում, հատկապես Անգլիայում, ստեղծվեցին բարձր մթերատու ցեղեր։
Խոզաբուծությունը ՀայաստանումԽմբագրել
Հայաստանում խոզերի բուծմամբ զբաղվել են հնագույն ժամանակներից։ Նախապատմական բնակատեղիներում (Թեղուտ, Շենգավիթ, Աղստև) հայտնաբերված խոզի ոսկորները, օտար և հայ մատենագիրների հաղորդած տեղեկությունները հաստատում են, որ Հայկական բարձրավանդակում խոզը ընտելացվել է մոտավորապես նեոլիթում։ 11-րդ դարից Հայաստանում խոզաբուծությունն աստիճանաբար անկում է ապրել, իսկ հետագայում՝ գրեթե վերացել։ Ըստ Հայկական սովետական հանրագիտարանի, 1920 թվականի դրությամբ Հայաստանում կար 5200 գլուխ խոզ։ Խորհրդային ռեժիմի հաստատումից հետո խոզաբուծությունը սկսել է զարգացում ապրել, և արդեն 1928 թվականին բուծվում էր մոտ 30 000, 1976 թվականին՝ 142 000 խոզ։
Հայաստանում խոզաբուծությունը կենտրոնացված է հիմնականում հյուսիսարևելյան և Արարատյան դաշտի շրջաններում։ Այն արդյունաբերական հիմունքներով վարելու նպատակով խորհրդային շրջանում կառուցվել էր Սովետաշենի (այժմ՝ Նուբարաշեն) խոզաբուծական համալիրը, իսկ 10-րդ հնգամյակի վերջում շահագործման է հանձնվել Թալինի շրջանում կառուցվող ևս երկու համալիր։
ԳրականությունԽմբագրել
- Волкопилов Б. П., Свиноводство, 4 изд., Л., 1968
- Свиноводство, M., 1974.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 65)։ |