Ալեզիայի ճակատամարտ, Գալլական պատերազմների ընթացքում՝ մ․թ․ա․ 52 թվականին, գալերի Ալեզիա քաղաք-ամրոցի մոտ տեղի ունեցած ռազմական բախում։ Հուլիոս Կեսարի բանակի դեմ կռվել են միավորված գալլական ցեղերը՝ Վերցինգետորիքսի առաջնորդությամբ։ Դա գալերի ու հռոմեացիների միջև վերջին խոշոր ճակատամարտն էր և համարվել է Կեսարի ամենամեծ ռազմական նվաճումներից մեկը՝ հանդիսանալով շրջապատման ու պաշարման դասական օրինակ։ Ալեզիայի ճակատամարտով ավարտվել է գալլական անկախությունը ժամանակակից Ֆրանսիայի և Բելգիայի տարածքներում։

Ալեզիայի ճակատամարտ
ԹվականՍեպտեմբեր, մ․թ․ա․ 52
Մասն էԳալլական պատերազմների վերջին պատերազմ
ՎայրԱլիզ-Սենտ-Ռեն, Ֆրանսիա
ԱրդյունքԿեսարի հաղթանակ, Գալլիայի անկախության ավարտ։
Հակառակորդներ
Հռոմեական հանրապետությունԳալլական միավորված ցեղեր
Հրամանատարներ
Հուլիոս Կեսար
Մարկոս Անտոնիոս
Տիտուս Լաբիենուս
Գայուս Տրեբոնիուս
Վերցինգետորիքս
Վերկասիվելաունոս
Սեդուլոս
Կողմերի ուժեր
10-11 լեգեոն[1][2] (30,000–50,000 լեգեոներ)
10,000 գերմանացի վարձկան հեծելազոր[1]
60-75,000 հռոմեացի և դաշնակիցներ
80․000 պաշարված, 248․000 օգնական ուժեր (Հուլիոս Կեսար)[3][4]
300,000 (Պլուտարքոս)[5]
400,000 (Ստրաբոն)[6]
70,000–100,000 (ժամանակակից հաշվարկներ)[7][8]
Ռազմական կորուստներ
12․800 սպանված և վիրավոր[9][9]250․000 սպանված
40․000 գերի

Ճակատամարտի տեղանքը հավանաբար Ֆրանսիայի Ալիզ-Սենտ-Ռեն համայնքում գտնվող Օսուա լեռան գագաթն է, սակայն, ըստ որոշ պատմաբանների՝ այն չի համապատասխանում ճակատամարտի՝ Կեսարի նկարագրությանը։ Ժամանակի ընթացքում առաջ են քաշվել նաև այլ տարբերակներ, որոնցից միայն Ֆրանսիայի Ժուրա դեպարտամենտում գտնվող Շու-դի-Քղոթընե համայնքն է համարվում հավանական այլընտրանքը[10]։

Ճակատամարտի որոշակի ժամանակահատվածում գալերի թիվը չորս անգամ գերազանցել է հռոմեացիներին, ինչի մասին նշվել է մի քանի հեղինակների, այդ թվում և Կեսարի կողմից՝ իր «Նոթեր Գալլական պատերազմի մասին» աշխատության մեջ։ Հռոմեացիների հաղթանակից հետո Գալլիան (մերօրյա Ֆրանսիան) հպատակեցվել է և վերածվել Հռոմեական կայսրության նահանգի։ Հռոմեական սենատը գալլական պատերազմում տարած հաղթանակի առթիվ 20 օր գոհաբանության տոն է հայտարարել[11]։

Նախադրյալներ խմբագրել

Մ․թ․ա․ 59 թվականին՝ առաջին անգամ կոնսուլ դառնալուց հետո, մ․թ․ա․ 58 թվականին Կեսարը կազմակերպել է Առաջին եռապետության կողմից իր նշանակումը որպես հռոմեական երեք նահանգների (լատին․՝ provincae) պրոկոնսուլ։ Այդ նահանգներն էին՝ Ցիզալպյան Գալլիան (հյուսիսային Իտալիա), Իլիրիկումը (Ադրիատիկ ծովի արևելյան ափին) և Նարբոնյան Գալլիան (հարավարևելյան Ֆրանսիայում և Ֆրանսիայի՝ միջերկրածովյան ափի մնացած մասը)։ Չնայած պրոկոնսուլի պաշտոնավարման ժամկետը մեկ տարի էր, Կեսարի կառավարումը տևել է աննախադեպ հինգ տարի։ Նրա հրամանատարության տակ գտնվում էր նաև չորս լեգեոն։

Կեսարը ներգրավվել է գալլական պատերազմների մեջ (մ․թ․ա․ 58-50 թվականներ), որի արդյունքում գրավել է Գալլիան։ Երբ այժմյան Շվեյցարիայի տարածքում բնակվող հելվետիների ցեղախումբը որոշել է Գալլիայի միջով տեղափոխվել դեպի ատլանտյան ափ, Կեսարը մեկնել է Ժնև և արգելել նրանց շարժվել դեպի Գալլիա։ Մինչ նա ևս երեք լեգեոն հավաքելու մտադրությամբ գտնվում էր Ցիզալպյան Գալլիայում, հելվետիները հարձակվել են երեք գալլական ցեղերի՝ էդուիների, արվերնիների և ալոբրոգների տարածքների վրա, և վերջիններս դիմել են Կեսարի օգնությանը։ Կեսարն իր գալլական դաշնակիցների հետ պարտության է մատնել հելվետիներին, որից հետո գալլական ցեղերը նրան խնդրել են միջամտել գերմանական սվև ցեղի ներխուժմանը, որը Կեսարը նույնպես հաջողությամբ իրականացրել է։ Մ․թ․ա․ 57 թվականին միջամտել է նաև ներգալլական կոնֆլիկտների և արշավել հյուսիսային Գալլիայում գտնվող բելգերի դեմ, որից հետո մեկ առ մեկ նվաճել է գալլական ցեղերին։ Գալլիայում արձանագրած հաջողությունը Հռոմում Կեսարին քաղաքական հեղինակություն և մեծ հարստություն է բերել՝ դիակապտության ու ռազմագերիներին որպես ստրուկ վաճառելու միջոցով։

 
Հուլիոս Կեսարի մարմարյա կիսանդրին

Սկզբնական հաջողությունից հետո Կեսարն ստիպված է եղել դիմագրավել գալլական մի շարք ապստամբությունների, որոնք սպառնում էին Գալլիայում նրա վերահսկողությանը։

Մ․թ․ա․ 54–53 թվականի ձմռանը կելտական կարնուտներ ցեղախումբը (որոնք բնակվում էին կենտրոնական Ֆրանսիայում՝ Սեն և Լուար գետերի միջև) սպանել է Կեսարի կողմից նշանակված Տասգետիուս թագավորին։ Կեսարը մեկ լեգեոն է ուղարկել այնտեղ ձմեռելու[12]։ Նախկինում հանդարտեցված էբուրոններ ցեղախումբը (որոնք ապրում էին Բելգիայի Արդեններ կոչվող տարածքում և հյուսիսային Ֆրանսիայի մի մասում) Ամբիորիքսի հրամանատարությամբ ապստամբել են ու ոչնչացրել Քվինտուս Տիտուրիուս Սաբինուսի ղեկավարած 14-րդ լեգեոնը։ Սա հռոմեացիների առաջին ակնհայտ պարտությունն էր Գալլիայում և տեղիք է տվել լայնածավալ ազգային հուզումների ու ապստամբությունների[13]։ Էբուրոններին աջակցում էին ադուատուկիները (արևելյան Բելգիայից), ներվիիները (կենտրոնական Բելգիայից) և բազմաթիվ մանր ցեղեր։ Նրանք պաշարել են Քվինտուս Ցիցերոնի ճամբարը, որը տևել է երկու շաբաթ։ Ցիցերոնը կարողացել է Կեսարին այս մասին տեղեկացնել՝ նրա մոտ ներվիական մի ազնվականի ու մի նամակ ուղարկելով։ Պաշարումը դժվար էր Ցիցերոնի համար, որովհետև գալերը սովորել էին պաշարման հռոմեական տեխնիկան ու պատրաստել հռոմեացիների պաշարման սարքավորումներին նման սարքեր[14]։ Կեսարը հարկադրված էր երկու լեգեոնով արշավել Սամարոբրիվայից (Ամյեն, հյուսիսային Ֆրանսիա) ու հաղթել պաշարողներին, որից հետո Սամարոբրիվան դարձրել է իր շտաբը[15]։ Հետո ապստամբել են սենոնները (որոնք ապրում էին հյուսիսային Ֆրանսիայում՝ Սեն գետի շրջակայքում), որոնց աջակցել են գալլական շատ ցեղեր։ Միայն էդուիներն ու ռեմիներն են հավատարիմ մնացել Հռոմին։ Տրևերի ցեղը (հյուսիսարևելյան Գալլիայից) հարձակվել է լեգատ (ներկայացուցիչ, դեսպան) Տիտուս Լաբիենուսի վրա, որը կարողացել է հաղթել նրանց՝ սպանելով նրանց առաջնորդին[16]։

Կեսարը հավաքագրել է ևս երկու լեգեոն և ստացել նաև մեկը Գնեոս Պոմպեոսից, որի արդյունքում Գալլիայում ունեցել է արդեն տասը լեգեոն։ Տրևերիների կողմն են անցել էբուրոնները, ներվիիներն ու ադուատուկիները։ Արևմտյան ռազմաճակատում սենոնները, կարնուտները և նրանց հարևան ցեղերն են շարունակել ապստամբությունները։ Կեսարը կայծակնային հարձակում է գործել ներվիիների վրա՝ փչացնելով նրանց ցանքերն ու մեծ թվով խոշոր եղջերավորներ ավարառելով։ Հանկարծակիի եկած ներվիիները հանձնվել են, որից հետո Կեսարը շարժվել է դեպի արևմուտք՝ սենոնների ու կարնուտների դեմ։ Վերջիններս խաղաղության բանակցություններ են վարել էդուիների ու ռեմիների միջնորդությամբ։ Միայն խռովարար արքայազն Աքոն է շղթայվել ու հետագայում մահապատժի ենթարկվել՝ ի զգուշացում գալերին[17]։ Այնուհետև Կեսարն ուղղություն է վերցրել դեպի տրևերիներն, էբուրոններն ու նրանց դաշնակիցները։ Նա հինգ լեգեոնով հարձակվել է մենապիիների վրա, որոնք թաքնվել են անտառներում։ Կեսարն իր բանակը բաժանել է երեք զորասյան ու կրակի մատնել բազմաթիվ գյուղեր, հափշտակել կենդանիների մեծ մասին։ Մենապիիները նույնպես հանձնվել են։ Միևնույն ժամանակ Լաբիենուսը 25 կոհորտով (հին հռոմեական ռազմական միավոր, որը բաղկացած էր լեգեոնի մեկ տասներորդ մասը կազմող վեց հարյուրյակից) ու հեծելազորով արշավել է տրևերիիների վրա, հաղթել նրանց Բելգիայի մի գետի մոտ ու հռոմեասեր առաջնորդ նշանակել[18]։ Դեպի Գերմանիա կատարած երկրորդ պատժիչ արշավանքից հետո Կեսարն իր ամբողջ բանակն ուղղել է դեպի էբուրոններն ու Ամբիորիքսը և հանկարծակի հարձակման ուղարկել հեծելազորը։ Էբուրոնները փախել են դեպի անտառները, իսկ հարևան մանր ցեղերը խաղաղություն են խնդրել[19]։ Կեսարը ինը լեգեոնը բաժանել է երեք զորասյան, որոնցից մեկը պետք է վերահսկեր մենապիիներին, մյուսը՝ ամայացներ ադուատուկիների հողերի մերձակա տարածքները, իսկ իր զորասյունը՝ հետապնդեր Ամբիորիքսին[20]։

Նա որոշել էր բնաջնջել էբուրոններին, սակայն, քանի որ դժվար էր գտնել նրանց անտառներում ու ճահճուտներում (որտեղ նրանք թաքնվել էին), Կեսարն ստիպել է այդ տարածքի գալլական ցեղերին դա անել։ Գյուղերն ու ագարակները հրդեհվել են, կենդանիները՝ սպանվել, ամբողջ հացահատիկը՝ առգրավվել, կենդանի մնացածները սովի են մատնվել[21]։ Ռեմիների հետ Կեսարը գնացել է Դուրոկորտորում (Ռեյմս, հյուսիս-արևելյան Ֆրանսիա), որտեղ տրևերիների հետ սահմանի վրա տեղակայել է երկու լեգեոն, երկուսը՝ լինգոններ ցեղի երկրում և վեցը՝ սենոնների երկրում, որից հետո վերադարձել է հյուսիսային Իտալիա[22]։

Նախապատմություն խմբագրել

Կեսարի անողոք արշավանքներով գալլական անկարգությունները չեն ավարտվել։ Կարնուտիները հավաքվել են Կենաբումում (այժմյան Օռլեան) և սպանել այնտեղ բնակվող բոլոր հռոմեացիներին։ Այս լուրն արագորեն տարածվել է Գալլիայում։ Վերցինգետորիքսն ապստամբության կոչ է արել կենտրոնական Գալլիայի Օվերն շրջանում բնակվող իր ցեղակից արվերնիներին, սակայն որոշ ցեղային առաջնորդներ ընդդիմացել են և նրան արտաքսել մայրաքաղաք Գերգովիայից։ Վերցինգետորիքսն աջակիցներ է հավաքել քաղաքից դուրս, տապալել նրանց ու ինքն իրեն թագավոր հռչակել։ Հռոմեացիների դեմ պայքարում դաշնակիցներ փնտրելու նպատակով սուրհանդակներ է ուղարկել հարևան ցեղախմբերին և համաձայնություն ստացել սենոններից, Սեն գետի շրջակայքի պարիզիիներից, Բիսկայան ծոցի պիկտոններից, հարավ-արևմտյան Գալլիայի կադուրկիներից, Տուրի տարածքի տուրոններից, Արմորիկայի ավլերկիներից, Լիմուզանի ու Պուատուի լեմովիկներից, Լուարայի հովտում գտնվող Անգերսի անդեկավիներից և ատլանտյան ափի բոլոր ցեղերից[23]։ Վերցինգետորիքսն արագորեն մեծ բանակ է հավաքել, կադուրկիների առաջնորդ Լուկտերիուսի հրամանատարությամբ մի քանի դասակ ուղարկել ռուտենիների երկիրը (Ավերոն, հարավային Գալլիա) և մեկնել բիտուրիգիների երկիրը (Բուրժ, կենտրոնական Ֆրանսիա)։ Հարավային Գալլիայում Լուկտերիուսին են միացել ռուտենիները, ագենաիսները և Ակվիտանիայի գաբալիները։

Կեսարն շտապել է Նարբոնյան Գալլիա և կայազորներ տեղակայել ռուտենիների բնակավայրերում, Թուլուզում և մայրաքաղաք Նարբոյի (Նարբոն) շրջակայքում։ Լուկտերիուսը նահանջել է, իսկ Կեսարը՝ հետապնդել նրան։ Սա ստիպել է Վերցինգետորիքսին վերադառնալ իր հայրենի Արվերնի։ Կեսարը դա կանխատեսել էր և հարկադիր արշավանք է կատարել դեպի լինգոնների երկիրը, որտեղ իր լեգեոններից երկուսը ձմեռում էին, որից հետո ութ լեգեոնով հարձակվել ու նվաճել է սենոններին պատկանող Վելաունոդունումը, կարնուտիների մայրաքաղաք Կենաբումը և բիթուրիգներին պատկանող Նովիոդունումը (ներկայիս Նուան-լե-Ֆուզելիե)[24]։ Դրանից հետո 27 օրում նվաճել է բիթուրիգների ամենամեծ քաղաք Ավարիկումը և կոտորել այնտեղի 40,000 բնակիչներին[25]։ Չնայած Վերցինգետորիքսի բանակն ավելի մեծ էր, նա խուսափել է բաց ճակատամարտից։ Ձմեռն անցնելուց հետո Կեսարը Տիտուս Լաբիենուսին հյուսիս է ուղարկել՝ չորս լեգեոնով սենոնների ու պարիզիիների ապստամբությունը ճնշելու համար, իսկ ինքը վեց լեգեոնով Էլավեր գետի երկայնքով (Ալյե գետ, կենտրոնական Ֆրանսիա) արշավել Գերգովիա։ Վերցինգետորիքսը ոչնչացրել է բոլոր կամուրջները[26]։ Էդուիները, որոնք հռոմեացիների վաղեմի դաշնակիցներն էին, այդ պահին անցել են գալիացի առաջնորդի կողմը, և Կեսարը ժամանակավորապես նահանջել է՝ նրանցով զբաղվելու, որից հետո շարժվել է դեպի Գերգովիա ու ջախջախվել քաղաքի պարիսպների տակ[27]։ Երկու օր անց նա պատրաստվել է բաց մարտի, բայց Վերցինգետորիքսը հրաժարվել է։ Էդուիները նորից են ապստամբել, սպանել իրենց տարածքի բոլոր հռոմեացիներին ու կայազորներ տեղակայել Լուար գետի երկայնքով։ Կեսարին որպես դաշնակիցներ մնացել էին միայն լինգոններն ու ռեմիները[28]։ Այդ ընթացքում Լաբիենուսին հաջողվել է հաղթել Լուար գետից հյուսիս բնակվող ցեղերի միությանը և վերամիավորվել Կեսարի հետ՝ խուսափելով նախ նույնպես ապստամբած բելովակների, ապա՝ էդուիների շրջապատումից[29]։

Էդուիների մայրաքաղաք Բիբրակտում (Օտյոն, Բուրգունդիա) ընդհանուր ժողով է հրավիրվել (որին չեն մասնակցել հռոմեացիների դաշնակից տրևերիները, ռեմիները և լինգոնները), որտեղ Վերցինգետորիքսը նշանակվել է գալլական միացյալ բանակների հրամանատար։ Վերջինս պատանդներ է պահանջել միավորված բոլոր ցեղերից ու հրամայել հավաքագրել 15,000 հեծելազոր։ Նա ենթադրում էր, թե իր ունեցած հետևակը բավարար է, և չէր ընդունում բաց ճակատամարտը։ Հեծելազորը պետք է ոչնչացներ հռոմեացիների հացահատիկի ու չոր խոտի պաշարները, իսկ գալերն իրենք պետք է ոչնչացնեին իրենց հացահատիկն ու հրդեհեին տները։ Էդուիների 10,000 հետևակ և 800 հեծյալ ուղարկել է հռոմեական գաղութի ալոբրոգների դեմ, արվերնիներին ու գաբալիներին (Ակվիտանիայի ցեղախումբ) ուղարկել հելվիիների դեմ, իսկ ռուտենիներն ու կադուրկիները պետք է ավերեին Արեկոմիցիի տարածքը։ Սրանց դիմավորել են 22 կոհորտից բաղկացած հռոմեական կայազորները[30]։

Լաբիենուսի և Սենի տարածքում արշավանք իրականացնող չորս լեգեոնների հետ միավորվելուց հետո Կեսարը շարժվել է դեպի լինգոնները։ Նա ուժեղացրել էր իր բանակը գերմանական վարձկան հեծելազորային ստորաբաժանումներով և ուղղություն վերցրել դեպի Նարբոնյան Գալլիա։ Դիժոնից դեպի հյուսիս-արևմուտք՝ արևելյան Գալլիայում, Վերցինգետորիքսը հարձակվել է նրա վրա, սակայն հարձակումը հետ է մղվել հռոմեական լեգեոնների ու գերմանական հեծելազորի կողմից։ Ապստամբների վստահությունը սասանվել է, և Վերցինգետորիքսը որոշել է նահանջել մանդուբիիների մայրաքաղաք Ալեզիա, որտեղ էլ Կեսարը պաշարել է նրան[31]։

Պաշարում խմբագրել

 
Ալեզիայում Կեսարի կառուցած ամրաշինություններն ըստ Ալիզ-Սենտ-Ռենի գտնվելու վայրի վարկածի։
Ներդիրում խաչը ցույց է տալիս Ալեզիայի տեղը Գալլիայում (ժամանակակից Ֆրանսիա)։ Շրջանակը ցույց է տալիս պաշտպանական գծի հյուսիս-արևմտյան հատվածի թույլ կետը

Ալեզիան քաղաք-ամրոց էր (լատին․՝ oppidum) բարձր լեռան վրա, որի երկու կողմերից գետեր էին հոսում։ Այսպիսի հզոր պաշտպանական հատկանիշների առկայության պայմաններում Կեսարը որոշել է պաշարում իրականացնել ու սովամահությամբ ստիպել անձնատուր լինել։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մոտավորապես 80,000 մարդ էր կայազորված Ալեզիայում, և այնտեղ նաև քաղաքացիական բնակչություն կար, դա երկար չէր տևի։ Կատարյալ շրջափակում ապահովելու նպատակով Կեսարը հրամայել է Ալեզիայի շուրջը տասնմեկ հռոմեական մղոն երկարություն (16 կմ կամ 10 ժամանակակից մղոն) և 24 աշտարակ ունեցող հողե ամրաշինություններ կառուցել։ Մինչ աշխատանքն ընթանում էր, գալերը հեծելազորային հարձակումներ են իրականացրել շինարարությունը խափանելու համար։ Կեսարը լեգեոնները դասավորել էր ճամբարի առջևում՝ թշնամու հետևակի հանկարծակի հարձակումից պաշտպանվելու նպատակով, և իր գերմանացի դաշնակիցների օգնությամբ հետապնդել գալլական հեծելազորին[32]։

Վերցինգետորիքսը սուրհանդակներ է ուղարկել ամբողջ Գալլիայով, որպեսզի ցեղերը պատրաստվեն պատերազմի ու գան Ալեզիա։ Երբ Կեսարը դասալիքներից ու գերիներից իմացել է այս մասին, նա քսան ֆուտ (6 մետր) խորությամբ ուղղաձիգ կողմերով խրամատ է փորել, իսկ մյուս հողապատնեշները կառուցել չորս հարյուր ստադիոն (մոտավորապես 592 մ, 1943 ֆուտ) այդ խրամատից հեռու։ Կեսարը խրամատի՝ այդքան հեռու կառուցումը բացատրել է նրանով, որ այդ դաշտային ամրության կառուցումը հեշտ չէր և այդ հեռավորությունը կպաշտպաներ թշնամու գիշերային հանկարծակի գրոհներից ու օրվա մեջ դրա վրա աշխատող հռոմեացի զինվորների վրա տեգերով կամ այլ զինատեսակներով հարձակումներից։ Խրամատի ու այս ամրաշինության միջև փորել է ևս երկու խրամատ՝ 15 ֆուտ (4.45 մ) լայնությամբ և խորությամբ, որոնցից ներսի հատվածինը լցրել է գետի ջրով։ Երեք խրամատների հետևում կառուցել է բերդապատնեշ՝ 12 ֆուտ (3.57 մ) բարձրությամբ ցանկապատներով, որոնցից վերև ատամնավոր հողապատնեշներն էին (կրակելու համար նախատեսված քառակուսի բացվածքներով) և պատվարները (կրծքավանդակի բարձրությամբ փայտե վահանակներ՝ պաշտպանվելու համար) հորիզոնական դիրքով դասավորված խոշոր ցցերով, որոնք խանգարելու էին թշնամուն բարձրանալ դրանց վրա։ Ամբողջ ամրաշինությունը շրջապատել է միմյանցից 80 ֆուտ (24 մ) հեռավորությամբ գտնվող փոքրիկ աշտարակներով[33]։

Հռոմեացի զինվորների մի մասը ստիպված էր բավականաչափ հեռու գնալ կառուցապատման համար անհրաժեշտ փայտանյութն ու զորքերին կերակրելու համար հացահատիկը գտնելու համար։ Սա նվազեցրել է նրանց քանակը ամրաշինությունների վրա աշխատանքում։ Գալերը մեծ ուժերով հանկարծակի հարձակումներ են գործել, այդ պատճառով Կեսարն ամրաշինություններին նոր կառույցներ է ավելացրել, որոնք դրանց պաշտպանված էին դարձնում զորքերի փոքր քանակի պարագայում անգամ։ Կտրված ծառերի բները սրվում էին՝ ցցեր ստանալու նպատակով, թաղվում հինգ ֆուտ (1.5 մ) խորությամբ խրամատի մեջ ու հինգական ամրացվում միմյանց այնպես, որ դրանք չկարողանան բարձրացնել առանց ցցերից վնասվելու։ Ցցերի դիմաց փորվել էին երեք ֆուտ (0.9 մ) խորությամբ փոսեր, որոնք դասավորված էին հինգ հատվող շարքերով այնպես, որ չորսը գտնվում էին ծայրերում, իսկ հինգերորդը՝ կենտրոնում։ Մարդու ազդրի հաստությամբ, ծայրը սրված ու կրակի մեջ թրծված ցցեր էին տեղադրված այդ փոսերում, որոնք դուրս էին ցցվում այնտեղից չորս մատ բարձրությամբ․ դրանց շուրջը հողը մոտ մեկ ոտաչափ սեղմվել էր՝ դրանց անշարժ պահելու համար։ Փոսի մնացած մասը լցված էր ոստերով ու կոտրտված ճյուղերով այդ թակարդը թաքցնելու նպատակով։ Կառուցվել էին այսպիսի ութ շարքեր, որոնց առջևում հողում թաղված երկաթյա կեռերով ցցեր էին, որոնք ցրված էին ամբողջ տարածքով մեկ[34]։

Գալլական օգնական ուժերի ժամանմանը նախապատրաստվելիս Կեսարը նույն բնութագրիչներով կառուցել է ևս մեկ արտաքին ամրաշինություն, որը, սակայն, ունեցել է հակադարձ ուղղվածություն՝ որպես հետևից մոտեցող օգնական ուժերի դեմ պաշտպանության միջոց։ Այն ունեցել է 14 հռոմեական մղոն (20.7 կմ, 12.86 ժամանակակից մղոն) երկարությամբ շրջանագծի տեսք[35]։ Պաշարողները պատրաստվում էին պաշարվելու։

Ալեզիայի բնակչության սննդի պաշարները չէին կարող երկար դիմանալ, այդ պատճառով Վերցինգոտերիքսը հրամայել է իր մոտ բերել ամբողջ հացահատիկն ու օրաբաժին սահմանել[36]։ Գալերը խորհուրդ են անցկացրել, որտեղ որոշվել է, որ ծերերն ու հիվանդները պետք է հեռանան քաղաքից։ Քաղաքի բնակիչները դուրս են ուղարկել նաև իրենց կանանց ու երեխաներին, որպեսզի զինվորների համար սնունդ խնայեն՝ հուսալով, որ Կեսարը նրանց գերի կվերցնի ու կկերակրի, սակայն վերջինս արգելել է նրանց մուտքն իր ամրաշինություններ[37] ու թողել, որ քաղցից մեռնեն։

Ճակատամարտ խմբագրել

Այս ընթացքում գալլական օժանդակ ուժերը ժամանել և ճամբար են դրել լեռան վրա՝ հռոմեական ամրաշինություններից մեկ մղոն հեռավորությամբ, իսկ հաջորդ օրը՝ ճամբարը մոտեցրել քաղաքին։ Այնուհետև հարձակվել են հռոմեացիների արտաքին պաշտպանական հատվածին, որին համընթաց պաշարված գալերը գրոհել են ներքին հատվածի վրա, սակայն այս համաժամանակյա հարձակումը հաջողություն չի ունեցել։ Հաջորդ օրը գալերը գիշերն են հարձակվել։ Մարկոս Անտոնիոսն ու Գայուս Տրեբոնիուսը իրենց ընկերներին օգնելու համար ամենահեռավոր ամրոցների զորաջոկատներն են բերել։ Օրը բացվելուն պես գալլական օժանդակ ուժերը, վախենալով հռոնեացիների կողմից արտագրոհով շրջապատվելուց, նահանջել են։ Վերցինգետորիքսի հրամանատարությամբ պաշարված գալերի առաջխաղացումը հետաձգվել է, որովհետև ստիպված էին լցնել հռոմեացիների փորած խրամատները, բայց լսելով իրենց ընկերների նահանջի մասին՝ պաշարվածները վերադարձել են քաղաք։

Գալերը հռոմեացիների ամրաշինության մեջ թույլ տեղ են նկատել։ Լեռան հյուսիսային լանջը չէր կարող ընդգրկվել հռոմեացիների ամրաշինության մեջ, այդ պատճառով նրանք երկու լեգեոնից բաղկացած ճամբար էին դրել ուղղաձիգ ու անմատչելի հատվածում (նկարի վրա այդ տեղը նշված է շրջանակով)։ Այսպիսով, գալերն ընտրել են 60,000 զինվոր, և Վերցինգետորիքսի մերձավոր ազգական Վերկասիվելաունոսին հանձնարարվել է հարձակվել այդ կետի վրա։ Նրանք արշավել են լուսաբացից առաջ և հարձակումն իրականացրել կեսօրին։ Վերցինգետորիքսն արտագրոհ է ձեռնարկել ու հարձակվել ներքին պաշտպանական գծի՝ թույլ թվացող ցանկացած հատվածի վրա։ Կեսարը Լաբիենուսին հեծելազորային վեց կոհորտով ուղարկել է լեռան մոտ թույլ տարածքի պաշտպանությանն օգնելու[38], իսկ Բրուտուսին նույնքան ուժերով ու Գայուս Ֆաբիուսին յոթ հեծելազորային կոհորտով ուղարկել պաշտպանելու ներքին ամրաշինությունները, որին ինքն է միացել թարմ զորաջոկատներով․ հարձակումը հետ է մղվել[39]։ Այնուհետև Կեսարը շտապել է Լաբիենուսին օգնելու՝ տանելով չորս կոհորտ և հրամայելով հեծելազորի մի մասին հետևել իրեն, իսկ մյուս մասին՝ թողնել արտաքին ամրաշինություններն ու թիկունքից հարձակվել գալլական օգնական ուժերի վրա։ Լաբիենուսը համարյա ջախջախվել էր և տեղեկացրել է Կեսարին արտագրոհ կազմակերպելու իր որոշման մասին, ինչպես իրեն հրահանգվել էր։ Կեսարն շտապել է, և նրա ժամանումը ոգեշնչել է հռոմեացի զորքերին, որոնք «ցած դրեցին իրենց տեգերն ու մարտը շարունակեցին թրերով»[40]։ Հանկարծ հռոմեացիների հեծելազորը երևացել է գալերի թիկունքում, սրընթաց առաջացել, ու գալերը փախուստի են դիմել։ Հեծելազորը կտրել է նրանց առաջը և կոտորել։ Պաշարված գալերը հետ են շպրտվել ամրաշինությունից, նրանք փախել են իրենց ճամբարներից և ըստ Կեսարի նկարագրության՝ «եթե զինվորները հոգնած չլինեին ամբողջ օրվա ընթացքում պարբերաբար համալրումների ուղարկվելու պատճառով, թշնամու ամբողջ բանակը կոչնչացվեր»[41]։ Կեսգիշերին հռոմեացիների հեծելազորն ուղարկվել է նրանց հետապնդելու, շատերն սպանվել են, շատերն էլ փախել այն երկրները, որտեղից եկել էին։

Հաջորդ օրը Վերցինգետորիքսը գալերի խորհուրդ է գումարել ու առաջարկել, որ հռոմեացիներին հանդարտեցնելու համար ինքը կա՛մ պետք է սպանվի, կա՛մ կենդանի հանձնվի։ Կեսարը հրամայել է գալերին հանձնել զենքերն ու իրենց ցեղապետներին։ Ցեղապետներին բերել են նրա մոտ և Վերցինգետորիքսը հանձնվել է։ Գերիներին տվել են հռոմեացի զինվորներին՝ որպես պատերազմի ավար[42]։

Հետևանք խմբագրել

 
Ալեզիայի ամրաշինությունների վերականգնված հատված

Ալեզիայի ճակատամարտով ավարտվել են Կեսարի՝ Գալլիայի նվաճման դեմ ընդհանրացված ու կազմակերպված դիմադրությունը և գալլական պատերազմները։ Հռոմում քաղաքացիական պատերազմների ընթացքում Գալիան, ըստ էության, մնացել է ինքնուրույն։ Մարկոս Վիպսանիոս Ագրիպպան դարձել է դրա առաջին նահանգապետը մ․թ․ա․ 39–38 թվականներին։ Մ․թ․ա․ 39 թվականին Հռենոս գետի արևմտյան ափը բնակեցրել է ուբիացիներով, իսկ մ․թ․ա․ 38 թվականին՝ խռովություն ճնշել Ակվիտանիայում։ Կառուցել է ճանապարհների ճառագայթաձև ցանց, որոնք հատվում էին գալլական մայրաքաղաք Լուգդունումում (Լիոն)։ Գալլիան բաժանվել է հռոմեական երեք պրովինցիայի՝ Գալլիա Ակվիտանիա, Գալլիա Լուգդունունենզիս և Գալիա Բելգիկա։ Միայն արվերնիներն են կարողացել պահպանել իրենց անկախությունը՝ Գերգովիայի ճակատամարտում Կեսարին հաղթելու շնորհիվ։

Կեսարի համար Ալեզիան հսկայական անձնական հաջողություն էր՝ ինչպես ռազմական առումով, այնպես էլ քաղաքական։ Սենատը հաղթանակի պատվին 20 օր գոհաբանություն է սահմանել, բայց քաղաքական պատճառներով Կեսարին թույլ չի տվել հաղթահանդես անել։ Քաղաքական լարումն աճում էր, և երկու տարի անց՝ մ․թ․ա․ 49 թվականին, Կեսարն անցել է Ռուբիկոնը՝ մխրճվելով մ․թ․ա․ 49–45 թվականների Քաղաքացիական պատերազմի մեջ, որտեղ և հաղթել է։ Քաղաքացիական պատերազմի յուրաքանչյուր տարվա համար կոնսուլ և մի քանի անգամ ժամանակավոր դիկտատոր (բարձրագույն լիազորություններով օժտված պետական պաշտոնյա) ընտրվելուց հետո նա ի վերջո Հռոմեական սենատի կողմից մ․թ․ա․ 44 թվականին նշանակվել է dictator perpetuus (ցմահ դիկտատոր)[43]։ Նրա անընդհատ աճող անձնական իշխանությունն ու տիտղոսները խարխլել են Հռոմի ավանդական հանրապետական հիմքերը, իսկ նրա սպանությանը հաջորդել են ավելի շատ քաղաքացիական պատերազմներ։ Վերջինը Օկտավիանոսի (հետագայում հայտնի որպես Օգոստոս) և Մարկոս Անտոնիոսի միջև կոնֆլիկտն էր՝ Հռոմի միանձնյա կառավարիչ լինելու շուրջ։ Հաղթել է Օկտավիանոսը, որով էլ վերջ է դրվել Հռոմեական հանրապետությանը, և սկսվել է կայսրերի կառավարումը։

Վերցինգետորիքսը գերի է վերցվել ու հաջորդ հինգ տարին պահվել Հռոմում՝ սպասելով Կեսարի հաղթահանդեսին։ Ինչպես ավանդույթն էր պահանջում գերեվարված նման առաջնորդների դեպքում, նա քայլել է հաղթահանդեսում, որից հետո տարվել Տուլիանում բանտն (լատին․՝ Carcer Tullianum) ու ծիսակարգով խեղդամահ արվել[44]։

Կարևորություն խմբագրել

Պոլ Կ․ Դեյվիսը գրել է, որ «Կեսարի հաղթանակը համախմբված գալլական ուժերի դեմ Գալլիայում հաստատել է հռոմեական գերիշխանությունը հաջորդ 500 տարվա ընթացքում։ Կեսարի հաղթանակը նաև մրցակցություն է առաջացրել հռոմեական կառավարության հետ, որի արդյունքում նրանք հարձակվել են Իտալական թերակղզու վրա»[45]։

Տարածքի տեղորոշում խմբագրել

Երկար տարիներ ճակատամարտի տեղանքն անհայտ է եղել։ Միմյանց հետ մրցող երկու տեսակետներ կենտրոնացել են նախ երկու քաղաքների վրա՝ Ալեզիա Ֆրանշ Կոնտե դեպարտամենտում և Ալիզ-Սենտ-Ռեն՝ Կոտ դ'Օր դեպարտամենտում։ Ֆրանսիայի Նապոլեոն III կայսրը երկրորդ տարբերակի կողմնակիցն էր և 1860-ական թվականներին հնագիտական պեղումներ է սկսել, որոնք բացահայտել են տարածքում հռոմեական ճամբարների առկայությունն ապացուցող փաստեր։ Նոր հայտնաբերված ավերակների մոտ Վերցինգետորիքսի պատվին արձան է կանգնեցրել։

Անորոշությունը, սակայն, շարունակել է գոյություն ունենալ, հատկապես երբ հարցեր էին առաջանում Ալիզ-Սենտ-Ռենի արժեհավատության մասին։ Օրինակ՝ ասում են, որ տարածքը չափազանց փոքր է վերահաշվարկված գալլական 80,000-անոց հետևակին, ինչպես նաև հեծելազորին ու լրացուցիչ անձնակազմին տեղավորելու համար։ Ենթադրվում է նաև, որ տարածքի տեղագրությունը չի համապատասխանում Կեսարի նկարագրությանը։ 1960-ական թվականներին ֆրանսիացի հնագետ Անդրե Բերթիեն վիճարկում էր, որ լեռնագագաթը չափազանց ցածր է, որպեսզի այն պաշարեին, և որ գետերն իրականում փոքրիկ առվակներ էին[46]։

Բերթիեն ենթադրել է, որ ճակատամարտի տեղանքը Յուրայի լեռների ստորոտում գտնվող Շու-դի-Քղոթընեն է, որն ավելի է համապատասխանում Կեսարի նկարագրությանը։ Տարածքում հռոմեական ամրաշինություններ են հայտնաբերվել։ Սորբոնի համալսարանի պրոֆեսոր Դանիել Պորտեն շարունակել է կասկածի տակ առնել Ալիզ-Սենտ-Ռենը՝ որպես ճակատամարտի վայր, սակայն Ալեզիայի թանգարանի տնօրեն Լորեն դե Ֆրոբերվիլը պնդել է, որ գիտական վկայությունները վերջինիս օգտին են։ Բրիտանացի դասական պատմիչ և հնագետ, Հին Հռոմի մասնագետ Քոլին Վելսը այն տեսակետն է հայտնել, որ Ալիզ-Սենտ-Ռենում 1990-ական թվականների պեղումները պետք է ցրած լինեին հնարավոր կասկածներն այդ տեղանքի վերաբերյալ, իսկ այլընտրանքային տարբերակների առաջքաշումը համարել է «կրքոտ անհեթեթություն»[47]։

Բանակների թվաքանակ խմբագրել

Ճակատամարտող բանակների թիվն ու զոհվածների քանակը դժվար է ճշգրիտ հաշվարկել, քանի որ դրանք միշտ եղել են քարոզչության հիմնական գործիք, հետևաբար կասկածելի են։ Կեսարն իր «Նոթեր Գալլական պատերազմի մասին» աշխատության մեջ գալլական օժանդակ ուժերը ներկայացրել է որպես քառորդ միլիոն զինվոր, որը հավանաբար չափազանցություն է՝ իր հաղթանակի մեծությունն ընդգծելու համար։ Դժբախտաբար ճակատամարտի մասին աղբյուրները միայն հռոմեական են, այդ պատճառով՝ գուցե միտումնավոր կողմնակալ։ Ժամանակակից պատմաբանների կարծիքով ճակատամարտողների թիվը կարող էր լինել հիսուն հազարից մինչև հարյուր հազար մարդ, որն ավելի հավանական է[8][48]։ Գերմանացի պատմիչ Հանս Դելբրյուկը հաշվարկել է մոտավորապես քսան հազար մարդ ամրոցում և հիսուն հազար օգնական ուժեր, թեև նա ինքն էլ այս թվերն ուռճացված էր համարում[8]։ Միակ հայտնի փաստն այն է, որ Կեսարի լեգեոներներից յուրաքանչյուրն ստացել է մեկ գալլ որպես ստրուկ, որը նշանակում է առնվազն քառասուն հազար ռազմագերի, որոնց մեծամասնությունը պաշարված կայազորից էր։ Միայն արվերնի և էդուի ցեղախմբերից գերի ընկած գալլերն են իրենց քաջության շնորհիվ պահպանել իրենց ազատությունը։ Օգնական ուժերը հավանաբար մեծ կորուստներ են կրել այն բանակների նման, որոնք կորցրել են մարտական կարգն ու նահանջել հռոմեական հեծելազորի կրակի տակ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Dodge, Theodore Ayrault (1989–1997). Caesar. New York. էջեր 276–295.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  2. Keppie, Lawrende (1998). The making of the roman army. University of Oklahoma. էջ 97.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  3. Julius Caesar, Commentarii de Bello Gallico 7.71
  4. Julius Caesar, Commentarii de Bello Gallico 7.76
  5. Plutarch, Parallel Lives, Life of Caesar, 27, 3.
  6. Strabo, Geographica, IV, 2, 3
  7. «Siege of Alesia». Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 10-ին.
  8. 8,0 8,1 8,2 Delbrück 1990, p. 504
  9. 9,0 9,1 Kennedy Hickman (2019 թ․ հունվարի 13). «Gallic Wars: Battle of Alesia». ThoughtCo. Վերցված է 2019 թ․ հունիսի 21-ին.
  10. «Alésia Mandubiorum l'Hypothèse jurassienne» (French). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 9-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  11. Julius Caesar, Commentarii de Bello Gallico 7.90
  12. Julius Caesar, Commentaries on the Gallic Wars, 5.24–25
  13. Julius Caesar, Commentaries on the Gallic Wars, 5.28–37
  14. Julius Caesar, Commentaries on the Gallic Wars, 5.38–45
  15. Julius Caesar, Commentaries on the Gallic Wars, 5.46–53
  16. Julius Caesar, Commentaries on the Gallic Wars, 5.54–56
  17. Julius Caesar, Commentaries on the Gallic Wars, 6.2–4
  18. Julius Caesar, Commentaries on the Gallic Wars,6.5–8
  19. Julius Caesar, Commentaries on the Gallic Wars,6.30–31
  20. Julius Caesar, Commentaries on the Gallic Wars, 6.32–33
  21. Julius Caesar, Commentaries on the Gallic Wars, 6.34–42.
  22. Julius Caesar, Commentaries on the Gallic Wars,6.44
  23. Julius Caesar, Commentaries on the Gallic Wars, 7.2–4
  24. Julius Caesar, Commentaries on the Gallic Wars,7.10–12
  25. Julius Caesar, Commentaries on the Gallic Wars,7.13
  26. Julius Caesar, Commentaries on the Gallic Wars, 7.33–34
  27. Julius Caesar, Commentaries on the Gallic Wars,7.37–41
  28. Julius Caesar, Commentaries on the Gallic Wars, 7.54–56
  29. Julius Caesar, Commentaries on the Gallic Wars,7.57–62
  30. Julius Caesar, Commentaries on the Gallic Wars, 7.64–65
  31. Julius Caesar, Commentaries on the Gallic Wars, 7.66–68
  32. Julius Caesar, Commentaries on the Gallic War, 7.70
  33. Julius Caesar, Commentaries on the Gallic War, 7.72
  34. Julius Caesar, Commentaries on the Gallic War, 7.73
  35. Julius Caesar, Commentaries on the Gallic War, 7.74
  36. Julius Caesar, Commentaries on the Gallic War, 7.71,
  37. Julius Caesar, Commentaries on the Gallic War, 7.78
  38. Julius Caesar, Commentaries of the Gallic Wars, Book VII.86
  39. Julius Caesar, Commentaries of the Gallic Wars, Book VII.87
  40. Julius Caesar, Commentaries of the Gallic Wars, Book VII.88.
  41. Julius Caesar, Commentaries on the Gallic Wars, Book VII.88
  42. Julius Caesar, Commentaries of the Gallic Wars, Book VI.88
  43. Goldsworthy, Adrian (2006 թ․ սեպտեմբերի 22). «XIX». Caesar: Life of a Colossus. Yale University Press. ISBN 0753821583.
  44. Fields, Nic (2014 թ․ հունիսի 20). «Aftermath». Alesia 52 BC: The final struggle for Gaul (Campaign). Osprey Publishing.
  45. Paul K. Davis, 100 Decisive Battles from Ancient Times to the Present: The World’s Major Battles and How They Shaped History (Oxford: Oxford University Press, 1999), 56.
  46. Շոֆիլդ, Հյու (2012 թ․ օգոստոսի 27). «France's ancient Alesia dispute rumbles on». BBC News. BBC. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 22-ին.
  47. Ուելս, Քոլին Մ. «Alesia and Kalkriese compared and contrasted: local chauvinism, nationalistic fervor, and sober archaeology» (PDF). Journal of Roman Archaeology: 674–680. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 22-ին.
  48. Delbrück, Hans Jr (1990). History of the art of war. Translated by Renfroe, Walter J. Lincoln, Neb.: University of Nebraska Press/ Bison Book. ISBN 978-0-8032-9199-7.

Հետագա ընթերցանություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեզիայի ճակատամարտ» հոդվածին։