Տուր (քաղաք)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տուր (այլ կիրառումներ)
Տուր (ֆր.՝ Tours, լատին․՝ Turones, Caesarodunum Turonum, Augusta Turonum), քաղաք Ֆրանսիայում, Լուարա գետի վրա, դրա և Շեր գետի միացման մասում։ Էնդր և Լուարա դեպարտամենտի վարչական կենտրոնը։ Բնակչությունը՝ 142,000 (քաղաքում) և 297,630 (արվարձաններով) մարդ (2006 թ.)։ Լուարայի հովտի գինեգործության կենտրոն։ Տուրեն պատմական շրջանի գլխավոր քաղաքն է։ Մեծ տրանսպորտային հանգույց է՝ երկաթգծային կայարան, օդանավակայան։
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Տուր | |||||
ֆր.՝ Tours[1] | |||||
| |||||
Երկիր | Ֆրանսիա | ||||
Համայնք | Էնդր և Լուար և Տուր (շրջան) | ||||
Մակերես | 34,67 կմ² | ||||
ԲԾՄ | 56 մետր, 44 մետր, 109 մետր | ||||
Բնակչություն | ▼137 658 մարդ (հունվարի 1, 2021)[2] | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | 247 | ||||
Փոստային դասիչ | 37000[3], 37100[3] և 37200[3] | ||||
Պաշտոնական կայք | tours.fr(ֆր.) | ||||
| |||||
Էլեկտրատեխնիկական և գյուղատնտեսական մեքենաշինություն։ Վագոնանորոգման, քիմիական, դեղագործական, պոլիգրաֆիական, կարի, կահույքի արդյունաբերություն։ Համալսարան։ Այն ֆրանսերեն լեզուն, որով խոսում են Տուրում, համարվում է ամենամաքուրը։ 1799 թվականի մայիսի 20-ին Տուրում է ծնվել Օնորե դը Բալզակը։
Պատմություն
խմբագրելՔաղաքի անունն առաջացել է տուրոններ գալլական ցեղի անունից, որոնց բնակավայրերը գտնվել են Լուարի աջ ափին։ Հռոմեացիների կողմից Գալիայի նվաճումից հետո ձախ ափին հիմնվեց քաղաք, որը կոչվում էր Տուրոնեմսիս կամ Ցեզարոդունում («Կեսարի բլուր»)։ Քաղաքի ժամանակակից անունը համահունչ է ֆրանսերեն «էքսկուրսիա» և «աշտարակ» բառերին, ինչը շատ սիմվոլիկ է։ Տուրը հանդիսանում է ամենահարմար ելակետ հայտնի ամրոցներ էքսկուրսիաների համար, որոնք տեղակայված են Լուարի հովտում։ Ինչ վերաբերում է երկրորդ նշանակությանը, ապա քաղաքի զինանշանում պատկերված են երեք հինավուրց աշտարակներ։ Ֆրանկերի ժամանակաշրջանում Տուրը կազմավորում էր հատուկ կոմսություն։
Հռոմեական իշխանության տարիներին Տուրը, շնորհիվ իր շահավետ դիրքի, բերքառատ հողերի և որոշակի տնտեսական արտոնությունների, դարձավ կայսրության ամենահարուստ քաղաքներից մեկը։
3-րդ դարի կեսերին Հռոմից Ցեզարոդունում ուղարկվեց միսիոներ Գատիանը (лат.: Gatianus, фр.: Gatien)` քրիստոնեական համայնքի հիմնադրման նպատակով։ Իր առջև դրված խնդրը նա կարողացավ կատարել։ 4-րդ դարում Ցեզարոդունումում արքեպիսկոպոս դարձավ Սուրբ Մարտին Տուրացին։ Նա ակտիվ միսիոներական գործունեություն էր վարում, և այնքան հայտնի դարձավ իր այդ վարքով, որ նրա գերեզմանը, Սուրբ Մարտինի եկեղեցին դարձան Եվրոպայի ամենահռչակավոր ուխտագնացության կենտրոններից մեկը` ինչպես Սենտ-Էքզյուպերին Թուլուզում և Սանտյագո դե Կոմպոստելան։ Մինչև այսօր Տուրը երբեմն անվանում են Սուրբ Մարտինի քաղաք։
573 թվականին Տուրի եպիսկոպոսի կոչում ստացավ հայտնի ֆրանկական պատմաբան Գրիգոր Տուրցին, Մերովինգների ժամանակագիրը։ Նա ևս սուրբ ճանաչվեց։ Կրոնական տրամադրությունները որոշիչ դեր խաղացին քաղաքի զարգացման գործում Կարոլինգների ժամանակաշրջանում, սակայն Տուրն աստիճանաբար դարձավ արհեստավորների, նկարիչների, գիտնականների քաղաք։ 732 թվականի հոկտեմբերի 10-ին տեղի ունեցավ նշանակալից իրադարձություն ոչ միայն Տուրի, Ֆրանսիայի այլ նաև ամբողջ Եվրոպայի պատմության համար։ Կարլ Մարտելը Տուրի մոտ հաղթանակ տարավ մավրերի նկատմամբ, ինչով և վերջակետ դրեց մուսուլմանների կողմից Արևմտյան Եվրոպայի գրավման ճանապարհին։
Դա, սակայն, չէր նշանակում անամպ պատմություն։ Այսպես, վիկինգները թալանել են քաղաքը 853 և 903 թվականներին։ Սակայն քաղաքը շարունակում էր աճել և ամրանալ։ Այդ թվում նաև ֆինանսապես։ Ֆիլիպ II-ի կառավարման տարիներին տուրական լիվրը ընդունվեց որպես Ֆրանսիայի միջազգային արժույթ։
8-րդ դարում Տուրում հիմնվեց ակադեմիա, որտեղ պատրաստում էին ձեռագիր գրքեր։ Ծագեց նույնիսկ տառերի հատուկ գրելաոճ։ Այդ հնագույն ձեռագրերը մինչ այսօր պահպանվում են քաղաքային գրադարանում։
Քաղաքը երկար ժամանակ զարգանում էր երկու մշակույթների ազդեցության տակ՝ հռոմեական և գալլական։ Մինչև 12-րդ դարը այդ տեղում կային առերևույթ երկու քաղաք՝ անտիկ Ցեզարոդունումը և միջնադարյան Տուրը։ Հռոմեական քաղաքից ժամանակակից Տուրում մնացել են բերդապարսպի ավերակներ, ամֆիթատրոնի, հասարակական բաղնիքների և ֆորումի հողով ծածկված հատվածներ։ Միջնադարյան Տուրն ամբողջությամբ կլանեց անտիկ հատվածը միայն 13-րդ դարում։ Ֆիլիպ II Օգոստոսը վերջնականապես միացրեց Տուրը թագավորական դոմենին։ 15-17-րդ դարերում այստեղ սկսեցին բուռն զարգանալ արհեստները։ Այդ ժամանակ հուգենոտները հիմնեցին Տուրում մետաքսագործական արդյունաբերություն, սակայն 1685 թվականից հետո նրանք ստիպված էին լքել երկիրը։ Ֆրանսիայից արտաքսված որոշ հուգենոտներ հայտնվեցին Իռլանդիայում և այնտեղ շարունակեցին զբաղվել մետաքսագործությամբ։ Դա բերեց նրան, որ Իռլանդիան մինչև այսօր առաջատար դիրք ունի աշխարհում մետաքսե սպիտակեղենի արտադրության մեջ։ Իսկ Տուրում այն արհեստն անհետացավ ընդմիշտ։
1461 թվականին Լյուդովիկ XI-ը Տուր տեղափոխեց Ֆրանսիայի մայրաքաղաքը։ Նա մնաց մայրաքաղաք Կարլ VIII-ի, Լյուդովիկ XII-ի, Ֆրանցիսկ I-ի ժամանակներում։ Հենրիխ III-ը այստեղ տեղափոխեց խորհրդարանը (1583 թվականին), ինչով նույնպես աջակցեց քաղաքի աճին։ Միայն Հենրիխ IV-ը չէր սիրում Տուրը, այդ պատճառով էլ վերադարձրեց մայրաքաղաքը Փարիզ։
Տուրում մի քանի անգամ հավաքվել են ֆրանսիական Գլխավոր շտատները։ 1870-1871 թվականների Ֆրանկո-Պրուսական պատերազմի տարիներին քաղաքը ուժեղ ավերածությունների ենթարկվեց։ Դա կապված էր այն բանի հետ, որ 1870 թվականի սեպտեմբերի 11-ից մինչև դեկտեմբերի 10-ը Տուրում էր նստում ազգային պաշտպանության կառավարության ռազմակայանը, որը կազմակերպվել էր Ներքին գործերի և պաշտպանության նախարար Լեոն Գամբետտայի կողմից։ Փարիզն օկուպացվել էր պրուսական զորքերի կողմից։
Քաղաքը զգալիորեն տուժել էր նաև երկու համաշխարհային պատերազմների ժամանակ։ Սակայն լայնածավալ վերակառուցումը և վերականգնումը, որ անց է կացվում քաղաքում 1960-ական թվականներից սկսած, այն դարձրին Ֆրանսիայի ամենաէլեգանտ, ամենախնամված քաղաքներից մեկը։
Կլիմա
խմբագրելՏուրում չափավոր ծովային կլիմա է, մեղմ անձրևոտ ձմեռներով և տաք ամառներով։ Ձմռանը ցրտեր հազվադեպ են լինում, ինչը թույլ է տալիս քաղաքում աճեցնել մի շարք էկզոտիկ բույսեր։
Տեսարժան վայրեր
խմբագրելՏուրի գլխավոր տեսարժան վայրն է Սեն-Գատյեն գոթական տաճարը (Cathédrale Saint-Gatien), որը կառուցվել է 13-րդ դարից մինչև 16-րդ դար։ Քաղաքի կենտրոնում պահպանվել է փոքր միջնադարյան տարածք հիանալի կարկասային (ֆախվերկային) տներով։ Այդ թաղամասը շատ լավ վերականգնված է։ Հատկապես գեղեցիկ է Տուր-Շառլեման ֆախվերկային տունը (Tour Charlemagne)։ Հետաքրքիր է նաև 9-րդ դարի եպիսկոպոսի պալատը, որի կառուցվածքում ներառված են գալլո-հռոմեական ամրությունների պատերի մասեր։ Այդ շինության մեջ է տեղակայված գեղեցիկ արվեստների թանգարանը, որը կարող է հպարտանալ Անդրեա Մանտենյաի որմնանկարներով, որոնք բերվել են Նապոլեոնի կողմից Իտալիայից։ Կայսրի ժամանակներում այստեղ տնկեցին լիբանանյան մայրի, որը ժամանակի ընթացքում հսկա ծառ դարձավ։ Ուշադրության է արժանի նաև Սեն-Ժյուլյեն աբբայությունը նույնանուն եկեղեցով։ Տուրի ամենահին և պատմականորեն հռչակված շինությունը Սուրբ Մարտինի բազիլիկան է (հիմնադրվել է 471 թվականին, այրվել է նորմանների կողմից 853 թվականին, վերջնականապես ավերվել է ֆրանսիական հեղափոխականների կողմից 18-րդ դարում, մասնակիորեն վերականգնվել է 20-րդ դարում). այնտեղ են հանգչում սրբի մասունքները։ 2007 թվականի հոկտեմբերի 21-ին Տուր քաղաքի կենտրոնական հրապարակում բացվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան, որի բացման արարողությանը ներկա են գտնվել Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Էդվարդ Նալբանդյանը եւ Ֆրանսիայի Տուր քաղաքի քաղաքապետ Ժան Ժերմենը, ինչպես նաև ֆրանսիական պատգամավորներ, Ֆրանսիայի նախկին մշակույթի նախարար Ռենո Դոնեդիո դը Վաբրը, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, տեղի հայկական միությունների ղեկավարներ, լրագրողներ, հարյուրավոր քաղաքացիներ[4]։
Հայտնի մարդիկ և բնակիչներ
խմբագրել- Ալֆրեդ Ագաչ, ֆրանսիական ճարտարապետ-քաղաքաշինարար, սոցիոլոգ, ծնվել է 1875 թվականի փետրվարի 24-ին
- Մոիզ Ամիրո - աստվածաբանության պրոֆեսոր, ծնվել է 1596 թվականին
- Օնորե դը Բալզակ - գրող, ծնվել է 1799 թվականի մայիսի 20-ին
- Ռենե Բենժամեն - գրող, Գոնկուրյան մրցանակի դափնեկիր (1915)
- Իվ Բոնֆուա - գրականագետ, ծնվել է 1923 թվականի հունիսի 24-ին
- Ժան Դոբերվալ - խորեոգրաֆ, կոմիկական բալետի հիմնադիր, մահացել է 1742 թվականի օգոստոսի 19-ին
- Յուրսեն Դյուրան - պատմաբան, բենեդիկտական վանական, ծնվել է 1682 թվականի մայիսի 20-ին
- Իզաբել Ժեֆրուա (Զազ) - ֆրանսիական երգչուհի, որը հանդես է գալիս ZAZ կեղծանվամբ, ծնվել է 1980 թվականի մայիսի 1-ին
- Ժան-Սեբաստյան Ժորես - ֆուտբոլիստ, ծնվել է 1977 թվականի սեպտեմբերի 30-ին
- Գաբրիել Լամե - մաթեմատիկոս և ֆիզիկոս, ծնվել է 1870 թվականի մայիսի 1-ին
- Դորա Մաար - նկարչուհի, ծնվել է 1907 թվականի նոյեմբերի 22-ին
- Ժան Ֆուքե - նկարիչ, ծնվել է մոտավորապես 1420 թվականին
Աղբյուրներ
խմբագրել- «Большая энциклопедия в 62 томах». Том 52. «Терра». Москва. 2004. ISBN 5-273-00432-2
- «Франция» «Вокруг Света» Москва. 2005. ISBN 5-98652-029-7
Ծանոթագրություններ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տուր (քաղաք)» հոդվածին։ |