Վերցինգետորիքս (լատին․՝ Vercingetorix) (մոտ. Ք.ա 82-46 թվականներ), Կենտրոնական Գալլիայում ապրած կելտական ցեղերի, արվերնների առաջնորդ, որը Գալլիական պատերազմում ակտիվ պայքար էր մղում Հուլիոս Կեսարի դեմ։ Նրա անունը գալլիական լեզվից թարգմանաբար նշանակում է ռազմիկների տիրակալ (լատ. ver-rix cingetos):

Վերցինգետորիքս
 
Մասնագիտություն՝ ցեղի առաջնորդ և ռազմական գործիչ
Ծննդյան օր մոտ մ. թ. ա. 80
Ծննդավայր Գալիա
Վախճանի օր մ. թ. ա. 46[1][2]
Վախճանի վայր Հռոմ, Հռոմեական Հանրապետություն[3]
Քաղաքացիություն Arverni
Հայր Celtillus?

Կենսագրություն խմբագրել

Վերցինգետորիքսը արվերնների առաջնորդ Կելտիլի որդին էր։ Վերջինս մահապատժի էր ենթարկվել ողջ Գալլիայի վրա իշխելու ցանկության մեղադրանքով[4][5]։

Որոշ տեղեկությունների համաձայն՝ կրթություն է ստացել Բրիտանիայում՝ դրուիդների մոտ։ Ըստ Դիոն Կասսիոսի վկայության՝ նա եղել է Կեսարի ընկերը։

Ընդհանուր ապստամբության սկիզբ խմբագրել

Գալլիական պատերազմների ժամանակ Վերցինգետորիքսը գլխավորել է միավորված գալլիական ցեղերի ապստամբությունն ընդդեմ Կեսարի։ Ք.ա. 52 թվականին փաստացի ողջ Գալլիան նվաճած Կեսարն այսպես է նկարագրում Վերցինգետորիքսին.

  Այդ շատ ազդեցիկ երիտասարդը, որի հայրը մի անգամ կանգնեց ողջ Գալլիայի իշխանության գլուխ և իշխանատենչության համար սպանվեց հայրենակիցների կողմից, հավաքեց իր բոլոր համախոհներին և նրանց ապստամբության մղեց։ Իմանալով նրա արարքների մասին՝ արվերնները զենքի դիմեցին։ Վերցինգետորիքսի հորեղբայր Գոբաննիտոնը և մնացած իշխանները, անհնարին համարելով այն, ինչ ձեռնարկել է վերջինս, ընդդիմացան նրան։ Վերցինգետորիքսը արտաքսվեց Գերգովիայից։ Չնայած այս ամենին՝ նա երբեք չհրաժարվեց Գալլիան ազատագրվելու իր մտադրությունից և սկսեց բոլոր գյուղերից մարդկանց հավաքել։ Այս մարդկանցից նա համայնք ձևավորվեց և սկսեց ամեն տեղ իրեն համախոհներ գտնել, որոնց կոչ էր անում զենքի դիմել և պայքարել հանուն բոլորի ազատության։ Այս կերպ հավաքելով բավականին մեծ ուժեր՝ արտաքսեց երկրից իր հակառակորդներին, որոնք ժամանակին իրեն էին արտաքսել։ Շուտով համախոհները Վերցինգետորիքսին արքա հռչակեցին։ Նա ամեն տեղ պատվիրակներ էր ուղարկում և կոչ անում բոլոր գալլերին հավատարիմ մնալ իրենց երդմանը։ Շուտով Վերցինգետորիքսի հետ միավորվում են սենոնները, պարսիսիները, պիկտոնները, կարդուրկները, տուրոնները, աուլերկները, լեմովիկները, անդերը և օվկիանոսի ափին ապրող մյուս ցեղերը։ Բոլորը միաձայն որոշեցին Վերցինգետորիքսին հռչակել գլխավոր հրամանատար։ Իրեն տրված այս լիազորությամբ էլ Վերցինգետորիքսը պահանջեց այս բոլոր համայնքներից կարճ ժամանակում ճշտել զորքի թիվը, և թե ինչ ժամկետներում ու որքան զենք պետք է պատրաստի ամեն համայնք
- Հուլիոս Կեսար, Նոթեր Գալլիական պատերազմի մասին, գիրք 7, 4
 

:

 
Ք.ա. 52 թվական ռազմական կամպանիան
      Հռոմեական Հանրապետությունը պատերազմի սկզբին  Կեսարի գործողությունները և նրա լեգատները
 Վերցինգետորիքսի գործողությունները
 գալլիական համալրումը Ալեզիայում
X — ճակատամարտեր
Մոխրագույնովնշված են այն քաղաքները, որոնցով անցել են Կեսարը կամ Լաբիենոսը, քաղաքների ժամանակակից անվանումները չակերտներում են
Կապույտով՝ ապստամբների քաղաքներն ու ամրոցները

Ապստամբության կոչին հետևեց կարնուտների ցեղի հարձակումը Քենաբի վրա (կամ Ցենաբ, ժամանակակից Օռլեան) և տեղի բոլոր հռոմեացիների ոչնչացումը (հիմնականում վաճառականների)։ Հարձակվողները հույս ունեին, որ քաղաքական գործիչ Պուբլիուս Կլոդիուս Պուլքերի սպանությունից հետո քաղաքական ճգնաժամի մեջ հայտնված Հռոմեական Հանրապետությունը չի կարող հակահարված տալ։ Ռոբեր Էտիենը գտնում է, որ Վերցինգետորիքսը ոչ միայն դարձավ Քենաբի սպանդն իրականացողների առաջնորդը, այլև՝ ծրագրեց ողջ ապստամբությունը՝ ներառյալ ձմռանը պատերազմ սկսելը, ինչը ստիպեց Ալպերից հարավ ձմեռող Կեսարին Սեվենյան ձյունապատ լեռներով շտապելու Գալլիայում փակուղու մեջ հայտնված լեգեոններին օգնության (Կեսարը գրում է նույնիսկ ձյան շերտի հաստության մասին, որը հասնում էր 6 ֆունտի՝ մոտ 170—180 սմ[6]). Գալլիական առաջնորդի ծրագրին հետևեց հռոմեական լեգեոնների արգելափակումը հյուսիսում և Նարբոնական Գալլիայի վրա հարձակումը հարավում։ Այս պլանի համաձայն՝ Կեսարը ստիպված կլիներ բոլոր ուժերին ուղարկելու հռոմեական պորվինցիային օգնության, իսկ Վերցինգետորիքսը հիմնական զորքով արագ կգործեր Կենտրոնական Գալլիայում[7]։

Մտնելով Վերցինգետորիքսի հայրենի արվերններին պատկանող տարածքը՝ Կեսարը այնտեղ թողեց Դեցիմոս Բրուտոսին իր ողջ խմբով և Հռոմին հավատարմության երդում տված էդուիների տարածքով միացավ լինգոնների տարածքում ձմեռող իր երկու լեգեոններին և այնտեղից էլ բելգերի տարածքից իր մոտ կանչեց մնացած լեգեոններին։ Այսպիսով, Կեսարին հաջողվեց գաղտնի մոտենալ իր հիմնական զորքին, և Վերցինգետորիքսը իմացավ կատարվածի մասին, երբ արդեն հռոմեական զորքերը համարյա միավորվել էին։ Գալլերի առաջնորդը հարձակվեց կելտական բոյի ցեղախմբի վրա, որոնց էդուիները վերաբնակեցրել էին իրենց տարածքում։ Սրանով Վերցինգետորիքսը Կեսարին կանգնեցրեց դժվար ընտրության առջև. կա՛մ զորավարը պետք է սկսեր ռազմարշավը շարունակվող ձմռան պայմաններում, ինչը կդժվարացներ պարենի մատակարարումը, կա՛մ՝ նա չի օգնի բոյի ցեղախմբին, որով էլ կկորցներ Հռոմի դաշնակիցների վստահությունն առ այն, որ Կեսարն ընդունակ է իրենց պաշտպանել[8]։

Չնայած կանխատեսվող դժվարություններին՝ հռոմեական հրամանատարը որոշեց օգնել բոյի ցեղին։ Երկու լեգեոն թողնելով Ագեդենիկում քաղաքում (ժամանակակից Սանս)՝ նա ասպատակեց սենոնների գլխավոր ապստամբ քաղաքներից Քենաբը և այն գրավեց երկու օրում։ Կարնուտների համար, որոնք չէին կարողացել նախապատրաստել Քենաբը հռոմեացիների հարձակմանը, քաղաքի այսչափ արագ գրավումը անսպասելի էր։ Քաղաքը գրոհով գրավվեց, հիմնահատակ այրվեց, իսկ բնակչությունը ստրկության մատնվեց՝ ի պատիժ քաղաքում եղած հռոմեացիների սպանդի։

Քենաբի գրավումից հետո հռոմեացիները անցան Լուարա գետը և մոտեցան Նովիոդունումին՝ բիտուրիգուսների քաղաքին (ժամանակակից Նյովի Սյուր Բարանժոն). քաղաքի բնակիչները արդեն պատրաստ էին Կեսարի առջև բացելու դարպասները, երբ երևացին Վերցինգետորիքսի զորքերը, և նրանք մտափոխվեցին։ Ի վերջո, երբ հարձակվող ապստամբական ուժերը պատմություն կրեցին հռոմեացիներից, քաղաքի բնակիչները ստիպված բացեցին դարպասների հռոմեացիների առջև[9]։

«Ամայացած հող» խմբագրել

Ինչպես գրում է Հուլիոս Կեսարը իր «Նոթեր գալլիական պատերազմի մասին» աշխատության մեջ, Հռոմն ամրապնդեց իր իշխանությունը կելտական ցեղերի վրա մինչև Նարբոնական Գալլիայի սահմանները՝ կիրառելով «բաժանիր, որ տիրես» քաղաքական սկզբունքը։ Ի պատասխան՝ Վերցինգետորիքսը միավորեց ցեղերին և որդեգրեց հռոմեացիների վրա հարձակվելու սկզբունքը։ Բացի այդ, ապստամբությունը դարձավ «ամայացված հող» ռազմավարության կիրառման իսկական օրինակ. ապստամբները այրում էին քաղաքային բնակավայրերը, որպեսզի զրկեն հռոմեական լեգեոններին պարենի պաշարները համալրելուց։ Գալլերի առաջնորդը հրամայեց պաշարների որոշակի քանակ տեղափոխել լավ պաշտպանվող քաղաքներ, իսկ մնացածը հրամայեց այրել, որ դրանք չընկնեն հակառակորդի ձեռքը։ Ժամանակն աշխատում էր գալլերի օգտին, քանի որ նրանք կարողանում էին շարունակել ամրացման աշխատանքները և համալրել պարենի պաշարները[10]։

Պարենի պաշարներից վերջնականորեն զրկվելուց հռոմեացիներին փրկեց գալլիական հերթական քաղաքի՝ Ավարիկումի գրավումը (ժամանակակից Բուրժ), որտեղ էլ գալլերը տեղակայել էին պարենամթերքը։ Բիտուրիգոսների ցեղը խնդրեց Վերցինգետորիքսին չլքել և պաշտպանել քաղաքը, որը, գտնվելով դժվարանցանելի ճահիճների, անտառների ու գետերի մեջտեղում, շատ լավ ամրացված էր։ Չնայած այս հանգամանքին՝ Կեսարը, լսելով այստեղ եղած պաշարների մասին, ամեն դեպքում որոշեց այն գրավել։ Գրոհի համար նա ընտրեց երկու ճահիճների միջև ընկած մասը և սկսեց այնտեղ տեղափոխել զինտեխնիկան։ Երբ ապրիլի կեսերին հռոմեացիների պարենը սպառվում էր, իսկ ամրապատնեշն ավարտին էր հասցված, նրանք կարող էին դրա միջոցով պատն անցնել, ներս մտնել։ Գրոհի ժամանակ Կեսարի և նրա տեղակալ Տիտոս Լիբիենոսի զորքերը գրավեցին պարենամթերքի պաշարներով հագեցած քաղաքը և ոչնչացրեցին այնտեղ թաքնված համարյա ողջ բնակչությանը (40 000-ից ողջ մնաց միայն 800 մարդ). Ավարիկումի գրավումը ոչ միայն չթուլացրեց Վերցինգետորիքսի հեղինակությունը, այլև հակառակը տեղի ունեցավ։

  …դեռևս այն ժամանակ, երբ ամեն ինչ բարենպաստ էր, ու Վերցինգետորիքսը սկզբում առաջարկեց այրել քաղաքը, իսկ հետո՝ այն լքել, այդժամ գալլերի մեջ ավելի բարձրացավ պատկերացումը նրա հեռատեսության և ապագան կանխագուշակելու տաղանդի մասին։  

Գերգովիայի հաղթանակ խմբագրել

Շուտով Կեսարը իր զորքը բաժանեց երկու մասի։ Նա Տիտոս Լաբիենոսի գլխավորությամբ չորս լեգեոն ուղարկեց հյուսիս՝ սենոնների և փարիսիների մոտ, իսկ ինքը շարժվեց հարավ՝ արվերնների տարածք։ Փոխկոնսուլը Էլավեր գետի հոսանքով բարձրացավ դեպի վեր (ժամանակակից անվանումը՝ Ալյե), իսկ Վերցինգետորիքսը նրան հետևում էր գետի մյուս ափից՝ ոչնչացնելով կամուրջները և թույլ չտալով Կեսարին գետն անցնել։ Խաբելով գալլիական հրամանատարին՝ Կեսարն անցավ Էլավերը և մոտեցավ գալլերի պաշտպանական կետին՝ Գերգովիային, որը արվերնների տարածքում էր (ժամանակակից Կլերմոն Ֆերանայի մոտ)[11]։ Հերգովիան ապստամբների ամենակարևոր քաղաքներից մեկն էր, իսկ Ռոբեր Էտիենն այն անվանում է «ապստամբ Գալլիայի մայրաքաղաք»[12]։

Քաղաքը բավականին հաջող տեղակայված էր բարձր բլուրի վրա և շատ լավ ամրացված էր։ Չնայած, որ այն պաշտպանում էր Վերցինգետորիքսի հիմնական բանակը, Կեսարը որոշել գրավել ռազմավարական այդ կարևոր կետը։ Շուտով հայտնի դարձավ, որ էդուիների առաջնորդները պատրաստվում են դավաճանել հռոմեացիներին և անցնել ապստամբների կողմը։ 10 հազարանոց օգնական ջոկատը, որը էդուիները նախկինում ուղարկել էին Կեսարին օգնության, լսելով հռոմեացիների կողմից էդուիների սպանության մասին լուրերը, ցանկանում էր անցնել։ Լսելով շրջանառվող այդ լուրերը՝ Կեսարն այդ ջոկատի մոտ ուղարկեց իր հեծելազորը՝ դրա մեջ ներառելով նաև էդուիներին, որոնց սպանված էին համարում։ Դրանից հետո օգնական ջոկատի մեծ մասը միացավ Կեսարին, բայց էդուիները շարունակեցին հավատարիմ մնալ ապստամբներին։

Հետագա իրադարձությունները հայտնի են Գերգովիայի ճակատամարտ անունով (Ք.ա. 52 թվականի հունիս) և լիովին պարզ չեն թյուր տեղեկությունների պատճառով։ Հավանական է, որ այդ հակասական տեղեկությունները ինքը՝ Կեսարն է միտումնավոր հայտնում, որպեսզի թաքցնի սեփական անհաջողությունը։ Գործողությունների ամբողջ ընթացքն այսպես է ներկայացվում. հակառակորդի ուշադրությունը շեղելով՝ հրամանատարն իր զորքերն ուղարկեց վտանգավոր գրոհի, բայց գրոհը ձախողվեց։ Տեղեկությունների համաձայն՝ ամենապատասխանատու պահին լեգեոնները չեն լսում նահանջի ազդանշանը։ Փաստորեն, այդ նկարագրությունը չի բացատրում, թե ինչու էր անհրաժեշտ նահանջել այն դեպքում, երբ գրոհը հաջողվել էր։ Բացի այդ, ինչո՞ւ հրամանատարը չպաշտպանեց հարձակվողներին, եթե իր տրամադրության տակ նա դեռ ուներ 10-րդ լեգեոնը։ Կեսարի տեղեկությունների համաձայն՝ հռոմեացիները տվեցին 746 սպանված (46 ցենտուրիոն և 700 զինվոր) և շուտով նահանջեցին՝ երկու անգամ փորձելով հրահրել Վերցինգետորիքսին կռվելու հարթավայրում։ Գերգովիայից հռոմեացիները շարժվեցին դեպի էդուիների շրջան։ Նրանց մեծամասնությունն այդ ժամանակ միացել էր ապստամբությանը։ Նրանք էդուիների Նովիոդունում (ժամանակակից Նեվեր) ոչնչացրել էին մեծ քանակությամբ հռոմեացի վաճառականների և պարենի մատակարարների, զավթել էին մեծ քանակությամբ պարենամթերք ու դրամներ, որից հետո այրել էին քաղաքը[13]։

Պարտությունն Ալեզիայում խմբագրել

Վերցինգետորիքսը ստիպեց հոռմեացիներին նահանջել Գերգովիայից, որից հետո էդուիների մայրաքաղաք Բիբրակտում տեղի ունեցած համագալլիական համագումարում վերջինիս հռչակեցին գերագույն ռազմական առաջնորդ։ Գալլիական ցեղերից Հռոմին հավատարիմ մնացին միայն լինգոնները և ռեմերը։ Բիբրակի համագումարում Վերցինգետորիքսը հայտարարեց, որ գալլերը պետք է շարունակեն խուսափել մեծ բախումներից՝ թույլ չտալով Կեսարին համալրել պարենի պաշարները։ Գլխավոր ռազմական հենարան էր նախատեսվում դարձնել Ալեզիան (գտնվում է ժամանակակից Դիժոնի մոտ. իրական տեղանքը պարզվեց Նապոնելոն 3-րդի հրամանով կատարված հնագիտական պեղումների արդյունքում). Կելտերի առաջնորդը կրկին խոսեց ապստամբությունը դեպի Նարբոնական Գալլիա տարածելու մասին և սկսեց այնտեղ ջոկատներ ուղարկել։ Ի վերջո, երբ ապստամբները փորձեցին օգնել այդ պրովինցիայում գտնվող կելտերին, ամենավճռական պահին ալոբրոգեսների ցեղը հրաժարվեց համագործակցել նրանց հետ, իսկ փոխկոնսուլի զարմիկը՝ Լուցիոս Հուլիոս Կեսարը, պրովինցիայում հավաքեց 22 կոհորտա և հաջողությամբ հետ մղեց բոլոր առաջխաղացումները[14]։

 
Ալեզիայի պաշարման սխեման

Չնայած իրենց սկզբնական հաջողություններին՝ ապստամբներն ի վերջո Կենտրոնական Գալլիայի Ալեզիա ամրոցում հայտնվեցին շրջափակման մեջ։ Ալեզիան գտնվում էր հարթավայրի կենտրոնում տեղակայված մի մեծ բլրի վրա և լավ ամրացված էր։ Վերցինգետորիքսը հույս ուներ այստեղ ևս կրկնել Գերգովիայի սցենարը, սակայն հռոմեացիները գրոհելու փոխարեն անցան պլանավորված հարձակման։ Այդ պատճառով էլ Կեսարը իր զորքերը տեղավորեց 11 մղոն երկարությամբ հարձակողական պատի երկայնքով։ Հարձակումն առանձնահատուկ էր՝ հարձակվողների համեմատությամբ պաշարվածների ունեցած թվական գերակշռությամբ պայմանավորված։ Կեսարի տեղեկությունների համաձայն՝ Ալեզիայում պաշարվածների թիվը 80 հազար էր[15]։ Բայց, ամենայն հավանականությամբ, նրանց թիվը հասնում էր 50-60 հազարի[16], չնայած, որ Նապոլեոն Բոնապարտը և Հանս Դելբրյուկը Ալեզիայի կայազորի թիվը գնահատում են հազիվ 20 հազար[17]։ Հռոմեական զորքերի թվի հետ կապված ևս տարբեր վարկածներ էին առաջ քաշվում. պատերազմից հյուծված 10 լեգեոն, 40 հազար զինվոր[16] կամ 11 լեգեոն, 70 հազար զինվոր, այդ թվում՝ նաև օգնական զորքերը[18]։

Հարձակվելով հակառակորդի դիրքերն ամրացնող լեգեոնների վրա՝ գալլիական հրամանատարը փորձում էր ճեղքել հակառակարոդի պաշարումը, սակայն գալլերը հետ շպրտվեցին։ Ապստամբների հեծելազորի մի մասը կարողացավ ճեղքել հռոմեացիների շարքերը և Վերցինգետորիքսի հանձնարարությամբ պաշարման լուրը տարածեց ողջ Գալլիայով և կոչ արեց բոլոր ցեղերին ջոկատներ հավաքել, զինվել և շարժվել դեպի Ալեզիա։ Չնայած, որ Վերցինգետորիքսը օգնության էր կանչում մյուս գալլիական ցեղերին, Կեսարը, այնուամենայնիվ, կարողացավ կրկնակի օղակի մեջ վերցրել Ալեզիայի ամրոցը, ինչն էլ հնարավորություն տվեց մաս-մաս կոտորել պաշարվածներին և նրանց օգնության եկած դաշնակիցներին։

Հռոմեացիների շրջափակումը ճեղքելու բոլոր անհաջող փորձերից հետո, երբ սննդի բոլոր պաշարները սպառվեցին, Ալեզիայի պաշարվածները հանձնվեցին։ Նրանց հաշվարկով՝ եղածը նույնիսկ մեկ ամիս էլ չէր բավականացնի, և Վերցինգետորիքսը կարգադրեց քաղաքից հեռացնել կանանց, երեխաներին, ծերերին, չնայած, որ գալլիական առաջնորդներից Կրիտոգնատիքսը առաջարկում էր ուտել նրանց։ Բնակչության մեծամասնությունը, որոնց ստիպել էին թողնել քաղաքը, պատկանում էին մանդուբիենների ցեղին և հենց նրանք էին իրենց քաղաքը տրամադրել Վերցինգետորիքսին։ Կեսարը հրամայեց նրանց առջև ոչ մի դեպքում չբացել դարպասները[19]։

Չնայած սեպտեմբերի վերջին համալրման նպատակով պաշարված ամրոցին մոտեցան մեծ քանակությամբ գալլիական ուժեր Կոմիոսի, Վիրիդոմարի, Էպորեդորիքսի և Վերկասիվելլաունի գլխավորությամբ (որի քանակը Կեսարի գնահատմամբ ավելի քան 258 հազար էր[20], ըստ Հանս Դելբրկյուկի՝ 50 հազար էր[21]), սակայն պաշարման ճեղքման երկու փորձն էլ ավարտվեց անհաջող. երրորդ օրը գալլերի 60 հազարանոց ջոկատը (ըստ Կեսարի վկայության) հյուսիս-արևմուտքից հարձակվեց հռոմեական ամրությունների վրա, որոնք համեմատաբար ամենաթույլն էին։ Այդ ջոկատը գլխավորում էր Վերկասսիվելաունը՝ Վերցինգետորիքսի զարմիկը։ Զորքի մնացած մասերը փորձեցին հակառակորդի ուշադրությունը շեղող հարձակումներ անել՝ խանգարելով փոխկոնսուլին ուժերը նախապաստարստել գլխավոր հարվածի համար։ Հյուսիսարևմտյան ամրությունների մոտ ճակատամարտի ելքը որոշեցին Կեսարի ուղարկած օգնական ուժերը՝ 40 կոհորտա՝ Տիտոս Լաբիենոսի գլխավորությամբ։ Գալլերը ջախջախվեցին ու փախուստի դիմեցին։

Արդյունքում հաջորդ օրը Վերցինգետորիքսը վայր դրեց զենքը։ Նրա հանձնվելու մանրամասները մեզ հայտում է Պլուտարքոսը[22].

  Ողջ ռազմական գործողությունների հրամանատար Վերցինգետորիքսը, որն ուներ ամենագեղեցիկ ռազմական հանդերձանքն ու շքեղ ձին, դուրս եկավ դարպասներից։ Հասնելով այն վայրը, որտեղ հանդիսավոր նստած էր Կեսարը՝ իջավ ձիուց, հանեց իր զրահները և ծնկի եկավ Կեսարի առաջ և մնաց այնքան ժամանակ, մինչև նրանց ձերբակալեցին Կեսարի հերթական հարթահանդեսի՝ տրիումֆի համար։
- Պլուտարքոս, Կեսար, 27
 

Վերցինգետորիքսը, որպես ռազմավար, տարվեց Հռոմ, որտեղ, Կեսարի հաղթահանդեսին սպասելով՝ հինգ տարի անցկացրեց Մամերտինյան բանտում։ Հաղթահանդեսից հետո Ք.ա 46 թվականին խեղդամահ արվեց (ըստ այլ աղբյուրների՝ մահացավ բանտում)։

Հիշատակ խմբագրել

Ի տարբերություն ավելի ուշ շրջանի ֆրանսիական հեղինակների, որոնք հենց Գալլիայի մեջ էին տեսնում Ֆրանսիական մշակույթի արմատները, Նապոլեոն Բոնապարտն այնքան էլ մեծ կարծիքի չէր Վերցինգետորիքսի և մյուս գալլիական առաջնորդների մասին, որոնք, ունենալով թվական գերակշռություն, պարտություն կրեցին։ Ռոմանտիզմի դարաշրջանում մեծ հետաքրքրություն առաջացավ ազգային պատմության նկատմամբ, և Գալլիական պատերազմը դիտվեց որպես ազատատենչ գալլերի մղած ազատագրական պայքար, որոնց մեջ էլ տեսնում էին ժամանակակից ֆրանսիացիների նախնիներին։ Մասնավորապես՝ 1828 թվականին Ամեդեուս Տիերին գրեց «Գալլերի պատմությունը», որտեղ գովերգում էր գալլերի խիզախությունն ընդդեմ հռոմեացի նվաճողների։ Հենց նրա «Վերցինգետորքիսն ու Բրեննը» գրվածքի շնորհիվ էլ Ք.ա. 4-րդ դարում Հռոմի վրա հարձակվող գալլերն էլ սկսեցին համարվել Ֆրանսիայի ազգային հերոսներ։

Չնայած քաղաքակիրթ Կեսարի նկատմամբ ունեցած իր համակրանքին և պլեբեյ բարբարոսական առաջնորդի նկատմամբ ունեցած իր հակակրանքին՝ 1867 թվականին Նապոլեոն III-ը հրամայեց Ալեզիայում բլրի վրա կանգնեցնել Վերցինգետորիքսի արձանը, որին համընդհանուր գիտակցությամբ արդեն ընդունում էին որպես հերոսի։ Բացի այդ, գալլիական առաջնորդի դիմագծերը նմանեցված են հենց Նապոլեոն III կայսեր դիմագծերին[23]։

Ֆրանս-պրուսական պատերազմից հետո գալլերի թշնամի Կեսարին սկսեցին համեմատել Մոլտկեի ու Բիսմարկի հետ, իսկ Ալեզիայի պաշարումը՝ Փարիզի պաշարման հետ, իսկ Վերցինգետորիքսին՝ Լեոն Համբետտի հետ։

1916 թվականին՝ արդեն Առաջին աշխարհամարտի ժամանակմ պատմաբաններից մեկը հրատարակեց մի գիրք՝ «Հերոսն ու հանցագործը. Վերցինգետորիքս և Արմինիուս», որտեղ դաժան ու անհավատ գերմանացիները ներկայացվում էին որպես գալլերի թշնամիներ։

Արվեստում խմբագրել

 
Վերցինգետորիքսի հուշակոթողը Ալեզիայում՝ Ալիզ Սենթ Ռեն բնակավայրի հարևանությամբ, Ֆրանսիա
  • Հռոմի պատմության այս դրվագին է նվիրված «Դրուիդներ» ֆիլմը (2001). Վերցինգետորիքսի դերում հանդես է գալիս Քրիստոֆեր Լամբերտը
  • «Հուլիոս Կեսար, Գալլիայի նվաճումը» ֆիլմում՝ (Իտալիա, 1962) նրա դերում հանդես է գալիս Ռիք Բատալիան
  • «Հուլիոս Կեսար» ֆիլմում՝ (2002) Հեյնո Ֆերչը
  • «Հռոմ» սերիալում՝ (2005) Ջիովաննի Կալկանոն
  • «Alesia, le reve d’un roi nu» (Ֆրանսիա, 2011) ֆիլմում՝ Յան Տրեգյոն։
  • Վերցինգետորիքսը հանդես է գալիս նաև Աստերիքսի մասին կոմիքսներում՝ «Աստերիքսը Գալլիայում» և «Առաջնորդի վահանը»
  • Բրազիլական Tuatha de Danann խմբի «Tingaralatingadun» ալբոմում կա այսպիսի երգ՝ «Vercingetorix»
  • Երաժշտական միջազգային նախագծերից մեկը ձյանագրել է երգ, որը կոչվում ՝ The Capitulation of Vercingetorix[24]
  • RAC In Tyrannos խումբը ձայնագրել է երգ, որը ևս կոչվում է Vercingetorix
  • Վիկտոր Պոլևինի "IPhuck 10" վեպում Վերցինգետորիքսը բավականին ծանր ծեսով հանձնվում է Կեսարին, որն ուղեկցվում է գալլիական հատուկ ծիսական գործիքով՝ կարնիքսով գալլիական առաջնորդի բռնաբարությամբ, ինչն էլ տեղի է ունենում հռոմեական լեգեոնների լռակյաց հայացքների ներքո։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Верцингеторикс (ռուս.) // Энциклопедический словарьСПб.: Брокгауз — Ефрон, 1892. — Т. VI. — С. 93.
  2. Верцингеторикс (ռուս.) // Военная энциклопедияСПб.: Иван Дмитриевич Сытин, 1912. — Т. 6. — С. 332—333.
  3. Deutsche Nationalbibliothek Record #118804170 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. Плутарх. Сравнительные жизнеописания. Цезарь, 25.
  5. Гай Юлий Цезарь. Записки о Галльской войне, VII, 4.
  6. Цезарь. Записки о Галльской войне, VII, 8.
  7. Этьен Р. Цезарь. — М.: Молодая гвардия, 2003. — С. 119.
  8. Billows R. Julius Caesar: The Colossus of Rome. — London; New York: Routledge, 2009. — P. 156.
  9. Billows R. Julius Caesar: The Colossus of Rome. — London; New York: Routledge, 2009. — P. 156—157.
  10. Billows R. Julius Caesar: The Colossus of Rome. — London; New York: Routledge, 2009. — P. 157.
  11. Billows R. Julius Caesar: The Colossus of Rome. — London; New York: Routledge, 2009. — P. 158.
  12. Этьен Р. Цезарь. — М.: Молодая гвардия, 2003. — С. 120.
  13. Этьен Р. Цезарь. — М.: Молодая гвардия, 2003. — С. 121—122.
  14. Billows R. Julius Caesar: The Colossus of Rome. — London; New York: Routledge, 2009. — P. 159—160.
  15. Цезарь. Записки о Галльской войне, VII, 71.
  16. 16,0 16,1 Billows R. Julius Caesar: The Colossus of Rome. — London; New York: Routledge, 2009. — P. 160.
  17. Дельбрюк Г. История военного искусства в рамках политической истории. — Т. 1: Античный мир. — СПб.: Наука; Ювента, 1999. — С. 356—358.
  18. Дельбрюк Г. История военного искусства в рамках политической истории. — Т. 1: Античный мир. — СПб.: Наука; Ювента, 1999. — С. 356.
  19. Утченко С. Л. Юлий Цезарь. — М.: Мысль, 1976. — С. 180-181.
  20. Цезарь. Записки о Галльской войне, VII, 75.
  21. Дельбрюк Г. История военного искусства в рамках политической истории. — Т. 1: Античный мир. — СПб.: Наука; Ювента, 1999. — С. 359.
  22. Утченко С. Л. Юлий Цезарь. — М.: Мысль, 1976. — С. 182.
  23. Pucci G. Caesar the Foe: Roman Conquest and National Resistance in French Popular Culture // Julius Caesar in Western Culture. Edited by M. Wyke. — Malden; Oxford: Blackwell, 2006. — P. 191—192.
  24. «Folkodia - Forgotten Lore» (անգլերեն). MetalArchives. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 19-ին.

Գրականություն խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վերցինգետորիքս» հոդվածին։