Ալեզիա, քաղաք-ամրոց Գալլիայում, որը հանդիսացել է մանդուբիի ցեղի մայրաքաղաքը։ Այս կելտական բնակավայրը Գալլական պատերազմների ընթացքում նվաճվել է Հուլիոս Կեսարի կողմից ու հետագայում վերածվել գալլա-հռոմեական քաղաքի։ Երկար ժամանակ քաղաքի տեղորոշման հարցը խնդրահարույց է եղել, սակայն այժմ կարծիք կա, որ այն գտնվել է Ֆրանսիայի Բուրգունդիա պատմական տարածքի Ալիզ-Սենտ-Ռեն քաղաքի մոտ՝ Օսուա լեռան գագաթին։

Բնակավայր
Ալեզիա
ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
Ալեզիա (քաղաք) (Ֆրանսիա)##
Ալեզիա (քաղաք) (Ֆրանսիա)
Ալեզիայում Կեսարի կառուցած ամրաշինությունները։Ներդիրում խաչը ցույց է տալիս Ալեզիայի տեղը Գալլիայում (ժամանակակից Ֆրանսիա)։ Շրջանակը ցույց է տալիս պաշտպանական գծի հյուսիս-արևմտյան հատվածի թույլ կետը

Պատմություն խմբագրել

Ալեզիայի ճակատամարտ խմբագրել

Ալեզիան հանրահայտ է մ․թ․ա․ 52 թվականին տեղի ունեցած վճռորոշ ճակատամարտով, որտեղ Վերցինգետորիքսի գլխավորությամբ գալերը պարտություն են կրել Կեսարի հրամանատարությամբ հռոմեացիներից։ Կեսարը մանրամասն նկարագրել է ճակատամարտն իր «Նոթեր Գալլական պատերազմի մասին» աշխատության մեջ (Գիրք VII, 69–90)։ Ճակատամարտի ելքով է որոշվել ամբողջ Գալլիայի ճակատագիրը․ ճակատամարտում հաղթելով՝ հռոմեացիները հաղթել են գալլական պատերազմներն ու վերահսկողություն ձեռք բերել Գալլիայի նկատմամբ։

Ճակատամարտի ընթացքում կիրառված միջոցները տպավորիչ էին․ ընդամենը վեց շաբաթվա ընթացքում Կեսարի զորաջոկատները Ալեզիայի շուրջը կառուցել են 15 կմ երկարությամբ ամրաշինությունների օղակ, իսկ դրա շուրջը՝ 21 կմ երկարությամբ ևս մեկը, ըստ Կեսարի՝ 250․000 օգնական ուժերի՝ գալերին հասնելուն խանգարելու նպատակով։

Հռոմեական քաղաք խմբագրել

Կեսարի կողմից նվաճվելուց հետո Ալեզիան դարձել է գալլա-հռոմեական քաղաք՝ դրան բնորոշ բոլոր հատկանիշներով․ քաղաքի կենտրոնում հուշարձանային կառույցներ են եղել ու հրապարակ, ինչպես նաև թատրոն է գործել[1]:32։

Աշխարհագրություն և դիրք խմբագրել

Հռոմեկան քաղաքը լքվելուց երկար ժամանակ հետո Ալեզիայի տեղն ու կարևոր ճակատամարտի վայրն անհայտ են եղել՝ դառնալով շահարկումների թեմա։ 19-րդ դարում Ֆրանսիայի կայսր Նապոլեոն III-ը հետաքրքրություն է ցուցաբերել նախաֆրանսիական ժամանակաշրջանի այս վճռորոշ ճակատամարտի հանդեպ։ Նա գրում էր Կեսարի կենսագրությունն ու գալլական բանակների առաջնորդ Վերցինգետորիքսի կերպարում ֆրանսիացի ժողովրդի մարմնավորումն է տեսել։ Միևնույն ժամանակ նա հասկացել է, որ ապագա ֆրանսիացի ժողովուրդը մեծ ազդեցություն է կրել հռոմեացիների հաղթանակից ու նրանց՝ Գալլիայի բազմադարյա կառավարումից։

1838 թվականին IN ALISIIA փորգրությամբ մի գտածո է հայտնաբերվել Դիժոնի մոտ գտնվող Կոտ դ'Օր դեպարտամենտի Ալիզ-Սենտ-Ռեն համայնքի մոտ։ Նապոլեոնը հրամայել է հնագիտական պեղումներ կատարել, որոնք 1861–65 թվականների ընթացքում բացահայտել են հռոմեկան հսկայական պաշարման կառույցներն ու ապացուցել, որ պատմական Ալեզիան իրոք այդտեղ է եղել[1]:32–33։

Քաղաք-ամրոցը գտնվել է մոտավորապես 97 հեկտար տարածք զբաղեցնող սարահարթի վրա, մոտավորոպես 200 մետր հովտից բարձր, բոլոր կողմերից շրջապատված ուղղաձիգ ժայռերով (բացի արևելյան ու արևմտյան ծայրերը)[1]:32։ Պաշտպանված է եղել 140 հեկտար տարածք զբաղեցնող պարսպով, ունեցել է առնվազն երկու դարպաս և մ․թ․ա․ 52 թվականին հավանաբար 80․000 բնակչություն, այդ թվում՝ փախստականներ և Վերցինգետորիքսի զորքը[2][3]։

Ալիզ-Սենտ-Ռենի հետագա հնագիտական ուսումնասիրությունները հաստատել են մանրամասնորեն նկարագրված պաշարումը։ Օդալուսանկարչություն օգտագործելով՝ հնագետները Կեսարի նկարագրությանը համապատասխանող ամրաշինությունների մնացորդներ են հայտնաբերել։ 1991–1997 թվականներին իրականացված ֆրանս-գերմանական պեղումները հաստատել են այդ կարծիքն ու վերջ դրել Ալեզիայի տեղակայման հարցի շուրջ հնագետների երկարատև բանավեճին[1]:32։

Ալեզիայի տեղորոշման այլընտրանքային տարբերակներ խմբագրել

Ալեզիայի տեղորոշման վերաբերյալ եղել են նաև այլ տարբերակներ, որոնց պնդմամբ քաղաքը եղել է Ֆրանշ Կոնտե երկրամասում կամ Ժուրա դեպարտամենտի Սելան-լեյ-Բա համայնքի շրջակայքում։ 1960-ական թվականներին ֆրանսիացի հնագետ Անդրե Բերթիեն կարծիք է հայտնել, թե Ալեզիայի ենթադրյալ վայրը Շու-դի-Քղոթընե համայնքն է Ժուրա դեպարտամենտում, մի վայր, որը ավելի շատ է համապատասխանում գալլական պատերազմների՝ Կեսարի նկարագրություններին[4]։ Եվ իրոք, այնտեղ հռոմեական ամրաշինություններ են հայտնաբերվել։ Ընդհանուր առմամբ մոտավորապես 40 քաղաք և այլ տեղանքներ են հավակնել լինելու Ալեզիան[5]։

Մեր օրերում խմբագրել

 
Հնագիտական տեղանք, Ալեզիա

Տարածքի որոշ մասը ներկայումս Ալեզիայի թանգարան է։ Գալլական ամրոցից շատ բան տեսանելի չէ, բացի հողապատնեշի մնացորդներից․ ավերակների մեծ մասը թվագրվում է քաղաքի՝ հռոմեական ժամանակաշրջանով[1]:32–33։

1865 թվականին սարահարթի արևմտյան ծայրում քանդակագործ Էմե Միլլեի կողմից պատրաստված մեծ պղնձե հուշարձան է տեղադրվել Վերցինգետորիքսի պատվին[5]։

Ալեզիայի գտնվելու վայրի մասին անորոշությունը կատակի է ենթարկվել Աստերիքսի արկածների մասին պատմող «Աստերիքսն ու ցեղապետի վահանը» գրքում, որտեղ, ելնելով գալլի իրենց հպարտությունից, հերոսները բազմիցս ու հետևողականորեն հերքում են քաղաքի գտնվելու վայրի մասին իրենց տեղեկությունը․ «Ես չգիտեմ, որտեղ է Ալեզիան։ Ոչ ոք չգիտի, որտեղ է Ալեզիան»։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Rieckhoff, Sabine; Fichtl, Stephan (2011). Keltenstädte aus der Luft [Celtic Cities from the Sky] (գերմաներեն). WBG. ISBN 978-3-8062-2242-5.
  2. Caesar's Gallic Wars: 58–50 BC, p. 89, at Google Books
  3. Numbers from Nowhere: The American Indian Contact Population Debate, p. 389, at Google Books
  4. Berthier, André (1990). Alésia. Wartelle, André, 1930-2001., Guillaumin, Jean-Yves, 1951- ..., Mulon, Marianne., Florenne, Yves, 1918-1992., Impr. SADAG). Paris: Nouv. éd. latines. ISBN 2723304132. OCLC 463603824.
  5. 5,0 5,1 «Alesia – Wo Caesar den Vercingetorix vernichtete». Die Welt (German). 2013 թ․ ապրիլի 18. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 2-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեզիա (քաղաք)» հոդվածին։