Ֆրանց ֆոն Բայրոս

ավստրացի նկարիչ

Ֆրանց ֆոն Բայրոսը (գերմ.՝ Franz von Bayros, մայիսի 28, 1866[4], Ագռամ, Ավստրիական կայսրությունապրիլի 3, 1924[4], Վիեննա, Ավստրիա), ֆինդեսյեկլի դարաշրջանի ավստրիացի նկարիչ, ով դեկադենտ ուղղության ներկայացուցիչ էր։ Հանդես էր գալիս նաև Մարքիզ դը Բայրոս (Marquis de Bayros) և Շուազի լյո Կոնեն (Choisy Le Conin) կեղծանուններով։

Ֆրանց ֆոն Բայրոս
Franz von Bayros
Նկարիչը 1898 թվականին
ԿեղծանունՄարքիզ դը Բայրոս, Շուազի լյո Կոնեն
Ծնվել էմայիսի 28, 1866(1866-05-28)[1][2][3][…]
ԾննդավայրԱգռամ, Ավստրիական կայսրություն[4] (այժմ` Զագրեբ, Խորվաթիա)
Վախճանվել էապրիլի 3, 1924(1924-04-03)[5][6][2][…] (57 տարեկան) կամ ապրիլի 2, 1924(1924-04-02)[7] (57 տարեկան)
Մահվան վայրՎիեննա, Ավստրիա[4]
Ազգությունավստրացի
Քաղաքացիություն Ավստրիա
ԿրթությունՎիեննայի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ, նկարազարդող, գծանկարիչ, նկարիչ-փորագրող և exlibrist
Ոճմոդեռն
Թեմաներգեղանկարչություն
 Franz von Bayros Վիքիպահեստում

Ֆրանց ֆոն Բայրոսը ծնվել է 1866 թվականին Զագրեբ (Ագռամ) քաղաքում։ 17 տարեկանում ընդունվել է էդուարդ ֆոն Էնգերթի գլխավորած Վիեննայի ակադեմիա։

1890 թվականից սկսած ֆոն Բայրոսն սկսել է աշխատել դիմանկարիչ Օյգեն Ֆելիքսի, ապա՝ բնանկարիչ Գոթֆրիդ Զեելոսի հետ։ Ֆոն Բայրոսը մտերիմ էր Յոհան Շթրաուսի հետ և 1896 թվականին ամուսնացավ Ալիսի՝ նրա խորթ դստեր հետ։

1897 թվականին նկարիչը տեղափոխվել է Մյունխեն, որտեղ էլ 1904 թվականին բացվել է նրա առաջին ցուցահանդեսը, որը մեծ հաջողություն է ունեցել։ 1904-1908 թվականներին նա հետագա ուսման նպատակով ուղևորվել է Փարիզ և Իտալիա։ Վիեննա վերադառնալով նկարիչը չի կարողացել լիարժեք ներգրավվել տեղի մշակութային կյանքում։ Առաջին աշխարհամարտը գաղափարական մեծ հարված է հասցրել ֆոն Բայրոսի ստեղծագործական կյանքին։

Ֆոն Բայրոսը նշանավոր է իր էրոտիկ և ֆանտասմագորիկ տեսարաններ պատկերող նկարներով։ Ֆրանց ֆոն Բայրոսի արվեստը հաճախ համեմատում են այլ նշանավոր էրոտոմանների՝ Ֆելիսիեն Ռոպսի և Օդրի Բըրդսլիի մոտեցումների հետ։ Սակայն, ի տարբերություն այդ երկուսի ֆոն Բայրոսն իր տաղանդը հարմարեցնում էր շուկայի պահանջարկին։ Դասական էրոտիկ գրականության համար արված նրա պատկերազարդումներն առանձնանում են իրենց մտահղացումով, պերճաշուք միջավայրում պաճուճանքի և տենչանքի նրբամիտ խաղով։ Ֆրանց ֆոն Բայրոսի շատ էրոտիկ գործեր ունեն ԲԴՍՄ-ուղղվածություն։

Նկարիչը մահացել է 1924 թվականին Վիեննայում՝ ներուղեղային արյունազեղումից։

Կենսագրություն

խմբագրել

Վաղ տարիներ

խմբագրել

Ֆրանց ֆոն Բայրոսը ծագում էր հին ազնվական տոհմից, որի անդամներն Ավստրիա էին տեղափոխվել Կառլոս VI-ի` 1714 թվականին Իսպանական ժառանգության համար պատերազմում կրած պարտությունից հետո։ Ֆոն Բայրոսի նախնիներից շատերը եղել են սպաներ Հաբսբուրգների արքունիքում։ Նկարչի մայրը Ռենգելռոդ տոհմից էր և մասամբ խորվաթական ծագում ուներ։ Նրա հայրն` Օտտո ֆոն Բայրոսը դուրս էր եկել զինվորական ծառայությունից և դարձել էր ավստրիական երկաթուղային պաշտոնյա Զագրեբում, Բոսնիայում և Վիեննայում։

Հոր մշտական գործուղումներն անընդհատ ոգեշնչման աղբյուր էին Ֆրանցի համար, ով սկսել էր նկարել 6 տարեկան հասակում։ Տաս տարեկանում օսմանահպատակ Բոսնիայում գնչու կանանց հետ հանդիպումը մեծ տպավորություն է գործել պատանի ֆոն Բայրոսի վրա։ Փորձելով պատկերել այդ երիտասարդ կանանց գեղեցկությունը և ներդաշնակությունը, Ֆրանց ֆոն Բայրոսն արդեն ցույց է տվել այն արտահայտչությունը, որը հատուկ էր նրա ավելի ուշ գործերին։

Վաղ տարիները Վիեննայում

խմբագրել

1882 թվականին Վիեննայում և Լինցում դպրոցն ավարտելուց հետո, դեռ 17 տարին չբոլորած ֆոն Բայրոսն ընդունվել է Վիեննայի ակադեմիա, որի ռեկտորն այդ ժամանակ էդուարդ ֆոն Էնգերթն էր։ Նրա այդ ժամանակվա ուսուցիչներ պատմանկարիչներ Քրիսթիան Գրիփենքերլը և Ավգուսթ Այզենմենգերը չէին հասկանում նկարչին և նրա ուղևորությունները դեպի Մյունխեն իսկական ազատություն էին նկարչի համար։ 1888 թվականին նրա հոր վաղաժամ մահը նկարչին ստիպում է վերաիմաստավորվել և կարճ ժամանակով փակվել սենյակում` նկարչությունը թողնելու շուրջ մտածելու համար։

1890 թվականից Ֆրանց ֆոն Բայրոսը վերսկսել է ուսումը, ի թիվս այլոց համագործակցելով նաև դիմանկարիչ Օյգեն Ֆելիքսի, ապա՝ բնանկարիչ Գոթֆրիդ Զեելոսի հետ։ Ֆոն Բայրոսն աշխատել է Զեելոսի ստուդիայում և նրա հետ շրջագայել է Դալմաթիայի ծովափով։ Շուտով ֆոն Բայրոսը մուտք է գործել բարձրաշխարհիկ հասարակություն և մտել Յոհան Շթրաուսի մերձավոր շրջապատ։ 1896 թվականին ֆոն Բայրոսն ամուսնացել է Շթրաուսի խորթ դստեր` Ալիսի հետ։ Սակայն ամուսնությունն անհաջող էր և մեկ տարի անց նրանք ամուսնալուծվել են։

Կյանքը և գործունեությունը Մյունխենում

խմբագրել

1897 թվականին Ֆրանց ֆոն Բայրոսը հեռացել է Վիեննայից և հաստատվել Գերմանիայի մշակութային կենտրոն Մյունխենում։ Մյունխենը ֆոն Բայրոսի առջև լայն և բազմաթիվ հնարավորություններ էր բացում` այն գերմանական բնանկարչության գլխավոր կենտրոններից էր և տուն էր բազմաթիվ նշանավոր իմպրեսիոնիստների համար։ Միաժամանակ այդտեղ առկա էին նաև աշխույժ գրավաճառային գործունեություն և բազմաթիվ նոր տպագրիչներ, որոնց թվում էին նաև Ալբերթ Լանգենը և Գեորգ Մյուլլերը։

Ֆոն Բայրոսը հաճախում էր Ադոլֆ Հյոլցելի հատուկ դպրոցը Դախաուում և Հայնրիխ Քնառի դպրոցը Մյունխենում (որտեղ սովորել էր նաև Փաուլ Քլեեն)։ Իր հուշերում ֆոն Բայրոսն այդ շրջանը բնութագրել է այսպես` «Ես ծնվեցի 31 տարեկանում, Քնառի դպրոցում, Մյունխենում»։ Այդ ժամանակահատվածից է սկսվել ֆոն Բայրոսի անհատական ու անկախ ոճի ձևավորումն ու զարգացումը։

Միաժամանակ Ֆրանց ֆոն Բայրոսը կապեր էր հաստատում Մյունխենի ստեղծագործական շրջանակների հետ և շուտով դառնում է «Բարձրաշխարհիկ հետազոտող» կոչվող ընկերակցության անդամ, որի անդամ էին նաև ծովային սպա Թիլո ֆոն Զեեբախը, գրականության պատմաբան Կառլ Գեորգ ֆոն Մաասենը և մշակութաբան դոկտոր Հանս Ֆլյորքեն։

Միաժամանակ ձևավորվում էր նրա մշակութային ընդարձակ ոճը` բնանկարչության ու իմպրեսիոնիզմի և դիմանկարչության ու գծանկարչության սահմաններում։

1904 թվականին Մյունխենում տեղի է ունեցել Ֆրանց ֆոն Բայրոսի առաջին խոշոր ցուցահանդեսը, որը մեծ հաջողություն է գրանցել։ Դրանից հետո ֆոն Բայրոսը սկսում է ստանալ գրքերի նկարազարդման և գրքապիտակների պատվերներ, օրինակ` 1905 թվականին Լայփցիգի Ինզել հրատարակչության Աբբա Պրևոյի Մանոն Լեսկո գրքի կամ 1906 թվականին Մյունխենում Գեորգ Մյուլլերի հրատարակած Դենի Դիդրոյի «Անհամեստ զարդեր»-ի նկարազարդումը։ 1911-1913 թվականներին ֆոն Բայրոսի երեք և գրքապիտակների մի քանի հավաքածու տպագրվել են մյունխենյան տպագրիչ Կառլ Թեոդոր Զենգերի տպագրատանը։

1904-1908 թվականներին ֆոն Բայրոսն սկսել է խորապես ուսումնասիրել Լյուդովիկոս XV-ի կենսագրությունը, ինչը, Փարիզ և Իտալիա ուսումնական նպատակներով կատարած այցերի հետ մեկտեղ նկարչին օգնել է կատարելագործել սեփական ոճը։ Հատկապես ռոկոկոյի ուսումնասիրությունը նկարչին թույլ է տվել բացահայտել նրբաճաշակ էրոտիկայի աշխարհը և որպես արդյունք` դառնալ էրոտիկ պատկերազարդումների ճանաչված նկարիչ։ 1907 թվականին Մաքս Սեմնեռաուի «Պատմվածքներ զարդասեղանից» գրքի նկարազարդումից հետո նրա դեմ քրեական գործ է հարուցվել։ 1911 թվականին ֆոն Բայրոսի արվեստը ենթարկվել է գրաքննության, ինչը նրան ստիպել է լքել Մյունխենը, ապա` երկիրը։

Ֆրանց ֆոն Բայրոսի յուրահատուկ երևակայական պաճուճանքը, նրբամիտ խաղը բարդ ալյուզիաների հետ` նախանշել են նրա դառնալը ցնծավետ, թեթևամիտ և էրոտիկ մտահղացման նկարիչ։ Նրա մյունխենյան տարիներին նրան տվել են «մաքրագույն ռոկոկոյի հանճարեղ նկարիչ» բնորոշումը։ 1912 թվականին անցկացվել է նկարչի ցուցահանդեսը Բեռլինում, իսկ 1913 թվականին՝ Բուդապեշտում։

Վերադարձ Վիեննա

խմբագրել

Վիեննա վերադառնալուց հետո ֆոն Բայրոսն իրեն սկսում է օտար զգալ այդտեղ։ Նկարչի համար դժվար էր Վիեննայի մշակութային շուկայի հետ կապեր հաստատելը և նա որոշել էր տեղափոխվել Հռոմ, սակայն այդ մտահղացումը ձախողվել է Մեծ պատերազմի բռնկման պատճառով։ Վիեննայում ֆոն Բայրոսը ձեռք է բերել հետաքրքիր ընկերներ, ինչպիսիք էին գրողներ Ռուդոլֆ Հանս Բառչը և դոկտոր Հուգո Մարքուս Գանցը, դրամատուրգ Անթոն Վիլդգանսը։ Վիեննայում ֆոն Բայրոսը երկրորդ անգամ է ամուսնացել։ Այդուամենայնիվ, նկարիչը Վիեննայում իր կյանքը համեմատում էր աքսորի հետ։

Մյունխենի ցուցադրական դատավարությունից հետո ֆոն Բայրոսի պատվերների քանակը նվազել է, սակայն նա շարունակում էր ստանալ մեծ քանակությամբ գրքերի և ամսագրերի պատկերազարդման, գրքապիտակների և ցուցապաստառների պատվերներ, հիմնականում` Ավստրիայից, Հունգարիայից և Իտալիայից։ Այդ ժամանակաշրջանի օրինակ է Հանս Լուդվիգ Ռոզեգերի «Արքաների և յակոբինների մասին» գրքի պատկերազարդումը։

Առաջին աշխարհամարտի պատճառով ոչ միայն ձախողվում են Իտալիա տեղափոխվելու և ամեն ինչ նորովի սկսելու ֆոն Բայրոսի ծրագրերն, այլ նաև սկսվում է խորը ճգնաժամ, որի պատճառը 1918 թվականին Գերմանիայի կործանումն էր։

Վերջին տարիներ

խմբագրել
 
Ֆրանց ֆոն Բայրոսի հուշատախտակը Վիեննայի իր մահատան պատին

Ֆրանց ֆոն Բայրոսի ոգեշնչումը վերադարձավ միայն 1921 թվականի սեպտեմբերին` Դանթե Ալիգիերիի մահվան 600-ամյակին։ Այդ առիթով նա մտադրվել էր ստեղծել իր գլուխգործոցը որպես գրքերի պատկերազարդող։ Վիեննական Ամալթեա տպագրատունը կոշտ կազմով հրատարակում է Աստվածային կատակերգությունը, որի մեջ տեղ են գտնում նկարչի 60 նկար ջրաներկով։ Դա գրքերի պատկերազարդման ֆոն Բայրոսի ամենահասուն մտահղացումն էր, որը ոչ թե ուղղակի տեքստի պատկերազարդումն էր, այլ գրական աշխատության շարունակությունը։ Աստվածային կատակերգության պատկերազարդումը ֆոն Բայրոսի վերջին նշանավոր աշխատանքն էր։

1923 թվականին ֆոն Բայրոսը փորձում է վերադառնալ Մյունխեն, սակայն ֆինանսական դժվարությունների պատճառով չի անում դա։ Դանթեի աշխատության պատկերազարդումը վիթխարի աշխատանք էր և Գերմանիայում ու Իտալիայում կազմակերպված նրա ցուցահանդեսները վերադարձրին ֆոն Բայրոսի հռչակը։ Նկարիչը մեկուկես տարի աշխատում էր իր ուժերի գերագույն լարումով` հասնելով ֆիզիկական հյուծման։ Սակայն ավստրիական կրոնի սրընթաց արժեզրկումը ֆոն Բայրոսին հասցնում է սնանկացման։ Ֆոն Բայրոսն ստիպված էր ջանադրաբար աշխատել հացագին պատվերների վրա։ Լարված աշխատանքը բորբոքում էր նկարչի սաստկացող հիվանդությունը։

Ֆրանց ֆոն Բայրոսը մահացել է 1924 թվականի ապրիլի 2-ին ներուղեղային արյունազեղումից` 57 տարեկանում։ Իր կյանքի ընթացքում նկարիչը ստեղծել է ավելի քան 2000 աշխատանքներ։

Նշանակալի աշխատանքներ

խմբագրել

Ֆրանց ֆոն Բայրոսը հայտնի է իր պատկերազարդումներով.

Բացի պատկերազարդումները ֆոն Բայրոսը հեղինակել է նաև մեծ թվով գրքապիտակներ, հավաքածուներ և գծանկարներ։

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  3. Discogs — 2000.
  4. 4,0 4,1 4,2 4,3 http://data.bnf.fr/11890716/franz_von_bayros/
  5. Franz von Bayros (նիդերլ.)
  6. Franz von Bayros // Benezit Dictionary of ArtistsOUP, 2017. — ISBN 978-0-19-977378-7doi:10.1093/BENZ/9780199773787.ARTICLE.B00014284
  7. Կերպարվեստի արխիվ — 2003.

Գրականություն

խմբագրել
  • Franz von Bayros: Das galante Werk. Gala Verlag 1967
  • Franz von Bayros: Die Purpurschnecke. Gala Verlag 1971
  • Franz von Bayros: Zeichnungen. Gala-Verlag 1978, ISBN 3-8201-0028-8
  • Franz von Bayros: Im Garten der Aphrodite. Erotische Zeichnungen und Illustrationen. Heyne-Verlag 1980, ISBN 3453501942
  • Rudolf Brettschneider: Franz von Bayros, Bibliographie und beschreibendes Verzeichnis seiner Exlibris. Leipzig 1926
  • Bruno Jahn: Die deutschsprachige Presse: Ein biographisch-bibliographisches Handbuch, Walter de Gruyter 2005, ISBN 3110961571, 9783110961577
  • Francesc Orenes, «Contribució de l'exlibrisme europeu del primer terç del s. XX. En favor de la pervivència del gravat calcogràfic». Butlletí de la Reial Acadèmia Catalana de Belles Arts de Sant Jordi, vol. 13, 1999, ISSN 2340-3802
  • Božena Šurina: Hrvatski biografski leksikon. Leksikografski zavod Miroslav Krleža, 1983

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանց ֆոն Բայրոս» հոդվածին։