Բացել գլխավոր ցանկը

Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ

Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ, ՀՀ կրթության և գիտության նախարարության ենթակայության տակ գտնվող պետական ոչ առևտրային կազմակերպություն, Հայաստանի առաջին նկարչական դպրոցը։ Հիմնադրվել է 1921 թվականին, գտնվում է Երևանում, Արշակունյաց պողոտայի 39-րդ շենքում։

Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ
Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ
Telemezyan Art Colege.jpg
Տեսակքոլեջ
Հիմնադրված է1921
Անվանված էՓանոս Թերլեմեզյան և Փանոս Թերլեմեզյան
ՏնօրենԱննա Մնացականյան
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան
ՏեղագրությունԵրևան
Կայքterlemezyan.com

ՊատմությունԽմբագրել

Նկարչական դպրոցը ստեղծվել է 1921 թվականին՝ Ժողովրդական կոմիսարների խորհրդի հատուկ դեկրետով, Ալեքսանդր Մյասնիկյանի ստորագրությամբ, ՀԽՍՀ առաջին լուսժողկոմ Աշոտ Հովհաննիսյանի օրոք։ Սկզբնապես կոչվել է «Գեղարդ» գեղարվեստաարդյունաբերական տեխնիկում, 1938 թվականին՝ գեղարվեստական ուսումնարան, 1941 թվականին վերանվանվել է հայ մեծ նկարիչ Փանոս Թերլեմեզյանի անունով և կարճ ժամանակահատվածում դարձել գեղարվեստի միջնակարգ լավագույն կրթարաններից մեկը։

Առաջին տնօրենն է եղել Հովհաննես Թադևոսյանը, որը գլխավորել է ուսումնական աշխատանքներն ու կազմել դասատուների կազմը։ Հաստատության ակունքներում են կանգնած ժամանակին Եվրոպայի լավագույն կենտրոններում՝ Վիեննայում, Փարիզում, Մյունխենում, Մոսկվայում, կրթություն ստացած և մեծ հեղինակություն վայելող արվեստագետներ Մարտիրոս Սարյանը, Վրթանես Ախիկյանը, Ստեփան Աղաջանյանը, Սեդրակ Առաքելյանը, Վահրամ Գայֆեճյանը, Գաբրիել Գյուրջյանը, Հակոբ Կոջոյանը, Արա Սարգսյանը և այլք։ 1927 թվականին ուսումնարանը տվել է իր առաջին շրջանավարտները, որոնց թվում էին անվանի հայ գեղանկարիչներ Մհեր Աբեղյանը, Սեդրակ Ռաշմաճյանը, Բաբկեն Քոլոզյանը, Արմեն Չիլինգարյանը և այլք։ Մյուս տարիների շրջանավարտներից են Հովհաննես Զարդարյանը, Գրիգոր Խանջյանը, Ղուկաս Չուբարյանը, Մարիամ Ասլամազյանը, Արա Բեքարյանը, Էդուարդ Իսաբեկյանը, Կարապետ Տիրատուրյանը և այլք։

 
Գլխավոր մուտք

Մինչև 2007 թվականը ուսումնարանը (հետագայում վերանվանվեց քոլեջ) գտնվում էր Լեոյի փողոցի շենքում, հետագայում ՀՀ կառավարության որոշմամբ տեղափոխվել է Արշակունյաց պողոտա[1]։

ԿառուցվածքԽմբագրել

Սկզբում ունեցել է նկարչության, քանդակագործության (բրուտանոցով), 1925 թվականից՝ նաև ոսկերչության, փայտագործության, ասեղնագործության (ավելի ուշ՝ գորգագործության) բաժիններ։

Այսօր քոլեջը բաղկացած է գունանկարչության, քանդակագործության, դիզայնի բաժիններից։ Կարևոր տեղ է հատկացվում ընդհանուր մասնագիտական կրթության մեջ տեսական բաժնին, որտեղ արվեստի պատմության լսարանին կից գործում է ժամանակակից տեխնիկայով հագեցած ֆոտոկինոլաբորատորիան, որը հնարավորություն է տալիս ուսանողներին յուրացնել դասավանդվող նյութը, ծանոթանալ համաշխարհային արվեստի պատմության էջերին վավերագրական, պատմական, գեղարվեստական ու արվեստաբանական տեսանյութերի օգնությամբ, ինչպես նաև վիրտուալ այցելություններ կատարել աշխարհի տարբեր թանգարաններ։

Դասավանդման առանձնահատկություններից է այն, որ այստեղ դասավանդում են ակտիվ ստեղծագործական կյանքով ապրող նկարիչները, որոնք ՀՀ նկարիչների միության անդամ են[2]։

Կարևոր և երկար սպասված իրադարձություն էր քոլեջի կյանքում 2007 թվականից գործող «Թերլեմեզյան» ցուցասրահը, որն իրականացնում է համահայկական մշակութային փառատոներ, ուսանողական և դասախոսական ամենամյա ցուցահանդեսներ և «Թերլեմեզյանականներ» մշակութային միջոցառումների շարքը[3]։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել