Ռինդ
Ռինդ, գյուղ Հայաստանի Վայոց ձորի մարզում, ծովի մակերևույթից 1320 մ բարձրության վրա, մարզկենտրոնից 25 կմ արևմուտք։
Բնակավայր | |||
---|---|---|---|
Ռինդ | |||
![]() Փառքի պուրակ Ռինդում | |||
Երկիր | ![]() | ||
Մարզ | Վայոց ձորի մարզ | ||
Համայնք | Արենի (համայնք) | ||
Համայնքապետ | Հուսիկ Սահակյան[1] | ||
Մակերես | 43․88 կմ² | ||
ԲԾՄ | 1320 մետր | ||
Կլիմայի տեսակ | բարեխառն-ցամաքային, չոր | ||
Պաշտոնական լեզու | հայերեն | ||
Բնակչություն | 1502 մարդ | ||
Ազգային կազմ | հայեր (100%) | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Հեռախոսային կոդ | +(374)281 | ||
Փոստային ինդեքս | 3613 | ||
Փոստային ինդեքսներ | 3613 | ||
|
Աշխարհագրական դիրքԽմբագրել
Ռինդը գտնվում է Վարդենիսի լեռնաշղթայի Արփայի հովիտը իջնող լեզվակաձև սարավանդի վրա։
Ներկայումս գյուղի վարչական տարածքը 4388.32 հեկտար է, տնտեսությունների թիվը՝ 432։ Մարզկենտրոնից հեռավորությունը 25 կմ է, մայրուղուց՝ 4 կմ։ Ռինդ գյուղը սահմանակից է Ելփին, Չիվա, Արենի, Աղավնաձոր, Հորս, Թառաթումբ գյուղերին։
Գյուղի տարածքն ընկած է Ելփին գետի ջրահավաք ավազանում։ Ամենամեծ ջրային օբյեկտը Եղեգնալիճն է, որի մակերեսը 2,12 հեկտար է, իսկ հայելու բացարձակ բարձրությունը՝ 1458 մետր։
Վարդենիսի լեռների հրաբխային ապարներում ներծծված ջրերն աղբյուրների տեսքով գյուղի տարածքում դուրս են գալիս լեռների ստորոտներում, որոնք էլ խողովակաշարերով հասնում են գյուղ ու օգտագործվում խմելու և կենցաղային նպատակներով։
ՊատմությունԽմբագրել
Ռինդ գյուղը հիմնադրվել է 1800 թվականների սկզբներին, Շորգեցի Սիմոնի կողմից, որից հետո այնտեղ են հաստատվել Մելիք Բալին՝ իր եղբայրներ Աղաբաբի և Գրիգորի հետ միասին, Զարգար Թադևոսը և այլ ընտանիքներ։ Բնակչության մի մասի նախնիները 1828 թվականին գաղթել են Խոյի և Սալմաստի գյուղերից։ 1967 թվականին սողանքի պատճառով հին գյուղատեղին ապաբնակեցվեց, բնակիչները տեղափոխվեցին 3 կմ արևմուտք և «Թափ» հանդամասում հիմնեցին ներկայիս գյուղը։
Գյուղից 1 կմ հյուսիս-արևմուտք գտնվող Ջնդրաղաջի սարահարթը նորագույն շրջանում հայտնի է որպես հայ-թուրքական բազմաթիվ կռիվների մարտադաշտ։ Նշանակալի է 1919 թվականի նոյեմբերի 29-ի մեծ կռիվը, որտեղ Աղավնաձորի ու Ռինդի դասակները և աշխարհազորը ջաղջախեցին և Ջնդրաղաջու դիրքերից դուրս շպրտեցին Խալին բեյի գլխավորությամբ Չիվայով դեպի Ռինդ և Աղավնաձոր արշավող Շարուրի թուրք հրոսակներին[2]։
ԲնակչությունԽմբագրել
Ռինդ գյուղի մշտական բնակչության թիվը 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմում է 1502 մարդ[3]։
Բնակչության փոփոխությունը 1970 թվականից հետո[4]․
Տարի | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2004 | 2012 | 2018 |
---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 1279 | 1353 | 1510 | 1444 | 1471 | 1726 | 1502 |
Համաձայն 1910 թվականի «Կովկասյան օրացույցի»՝ 1908 թվականին Ռինդ գյուղի բնակչությունը կազմել է 468 մարդ։ Ապրել են բացառապես հայեր[5]։
ՇինություններԽմբագրել
Գյուղի տարածքում պահպանվել են XII-XIII դարի եկեղեցու մնացորդներ, մատուռներ, XIII-XIV դարի խաչքարեր։ Գյուղն ունի միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, մանկապարտեզ, փոստ, բուժկետ[6]։
ՏնտեսությունԽմբագրել
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։ Բուսաբուծությունից զարգացած է հատկապես խաղողագործությունը և դեղձի արտադրությունը։
2009 թ-ից Ռինդ գյուղի տարածքում գործում է «Զորահ» գինեգործական ընկերությունը։ 2012 թ-ին այդ ընկերության արտադրած Zorah Karasi Areni Noir գինին Բլումբերգ հեղինակավոր հանդեսի կողմից ճանաչվել է աշխարհի 10 լավագույն գինիներից մեկը[7]։
Հայաստանի տեղական ինքնակառավարման համակարգի ձևավորման 17-ամյակի կապակցությամբ անցկացված «Տարվա լավագույն համայնք-2013» մրցանակաբաշխությունում Ռինդը ճանաչվել է լավագույն գյուղական համայնք[8]։
ՄշակույթԽմբագրել
Գյուղի մշակույթի տանը գործում է պարի խմբակ։
2012 թ-ից յուրաքանչյուր տարվա հոկտեմբերին նշվում է գյուղի հիմնադրման օրը[9]։
Պատմամշակութային կառույցներԽմբագրել
Գյուղի հյուսիս-արևելյան հատվածում է գտնվում հին հայկական Ուլգյուր բնակատեղին, որտեղ ծնվել է մանրանկարիչ, ճարտարապետ Մոմիկը։ Վերին Ուլգյուրում պահպանվել են 12-14-րդ դարերի խաչքարեր, գերեզմաններ և Սուրբ Ստեփանոս եկեղեցու հիմնապատերը[10]։
Բնակավայրից 1 կմ հյուսիս-արևմուտք գտնվում է Ջնդրաղաչի պրիզմայաձև հարթակը, որը պաշտվել է որպես սրբատեղի։ Այս բարձունքում զուգորդվում են քրիստոնեական և նախաքրիստոնեական հուշարձանները։ Ջնդրաղաչ սրբավայրում կան երկու մենհիրներ, իսկ հարթակի դեր է կատարում միջնադարյան տապանաքարը[11]։ 2006 թվականին ՀՀ կառավարության N1905 որոշմամբ սրբավայրի մատուռի անունը հաստատվել է որպես «Ջնդրախաչ»[12]։
Գյուղում կառուցվում է եկեղեցի[13]։ Գյուղի կենտրոնում է գտնվում փառքի պուրակը, որտեղ կանգնեցված է Հայրենական մեծ պատերազմի անհայտ զինվորի հուշարձանը, Արցախյան ազատամարտի և Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի խաչքարերը[14]։ Կառուցվող եկեղեցու հարևանությամբ է գտնվում աղբյուր-հուշարձան։
Ցեղասպանության զոհերի հիշատակի խաչքար
Հայտնի անձինքԽմբագրել
- Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյան[15] (Վայոց ձորի թեմի Առաջնորդ),
- Տեր Գալուստ քահանա Սահակյան (Ջերմուկի տարածաշրջանի հոգևոր հովիվ),
- Մկրտիչ Մկրտչյան (արձակագիր, բանաստեղծ, դրամատուրգ),
- Սուսաննա Սաֆարյան (ՀՀ վաստակավոր արտիստ)։
ՊատկերասրահԽմբագրել
Տես նաևԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Արենի համայնքի ղեկավար և ավագանի
- ↑ Աշոտ Սիմոնյան, Վայոց ձոր։ 20-րդ դարի քառուղիներում (1914-1921), Երևան, 2011թ, 728 էջ։ ISBN 978-9939-9015-4-1.
- ↑ «Վայոց ձորի մարզը թվերով, 2018»
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 172»։ Արխիվացված է օրիգինալից 2014-09-12-ին։ Վերցված է 2014 Հունիսի 4
- ↑ Кавказский календарь на 1910 год. — Тифлис: Типография канцелярии Е.И.В. на Кавказе, казенный дом, 1910. — С. 195.
- ↑ Ռինդ համայնքի մասին տեղեկություն Վայոց ձորի մարզպետարանի պաշտոնական կայքից(չաշխատող հղում)
- ↑ Top 10 Wines of 2012
- ↑ Էջմիածինն ու Ռինդը` Տարվա լավագույն համայնքներ - 2013
- ↑ Վարչապետն այցելել է Վայոց ձորի մարզի Ռինդ համայնք, 2014
- ↑ Վայոց ձոր, Ուլգյուր
- ↑ «Մեծամոր. Կեսդարյա պեղումների տարեգրություն։ ՀՀ Մշակույթի նախարարություն, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրերի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ»։ 2015
- ↑ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՐՈՇՈՒՄ 21 դեկտեմբերի 2006 թվականի N 1905-Ն»
- ↑ Վայոց ձորի մարզի Ռինդ գյուղը 2016թ.-ին եկեղեցի կունենա(չաշխատող հղում)
- ↑ «Հայոց Մեծ եղեռնի նահատակների հիշատակին կանգնեցված խաչքարի օրհնություն Ռինդ համայնքում»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-10-ին։ Վերցված է 2016-09-13
- ↑ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյան