Համայնք (Հայաստան)
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Համայնք
Համայնք, տեղական ինքնակառավարվող վարչատարածքային միավոր Հայաստանում։ Կազմակերպվել է 1995 թվականի դեկտեմբերից, ներառվում է մարզի մեջ։ Հայաստանում կա 930 համայնք, որից 871-ը՝ գյուղական (1999)։ Ընդգրկում է մեկ կամ ավելի թվով բնակավայրեր, Երևան քաղաքում՝ նաև առանձին թաղամասեր։
Հայաստանի բոլոր բնակավայրերն առանձին կամ այլ բնակավայրի (բնակավայրերի) հետ ընդգրկված են համայնքների մեջ։ Տարբերում են քաղաքային և գյուղական համայնքներ։ Երևան քաղաքի թաղամաս և բնակավայր ընդգրկող համայնքները կոչվում են թաղային համայնքներ։
Մեկ բնակավայր ընդգրկող համայնքին տրվում է այդ բնակավայրի, երկու և ավելի բնակավայր ընդգրկող համայնքին՝ առավել բնակչություն ունեցող բնակավայրի անվանումը։ Մեկից ավելի բնակավայր ընդգրկող համայնքի վարչական կենտրոն համարվում է առավել բնակչություն ունեցող բնակավայրը։
Համայնքի սեփականությունը տնօրինելու, համայնքային հարցեր լուծելու համար 3 տարի ժամանակով ընտրվում են տեղական ինքնակառավարման մարմիններ. համայնքի ավագանի՝ 5-15 անդամով, համայնքի ղեկավար՝ քաղաքապետ, թաղապետ կամ գյուղապետ, որը ձևավորում է իր աշխատակազմը։ Համայնքի ավագանին ղեկավարի ներկայացմամբ հաստատում է համայնքի բյուջեն, վերահսկում՝ դրա կատարումը։
Երբեմն համայնք են անվանվում նաև հայկական տարբեր կազմակերպություններ (կրոնական համայնք, քաղաքային համայնք, հայկական համայնքները սփյուռքում և այլն)։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ ![]() |