Խառանի ճակատամարտ
Խառանի ճակատամարտ, մ.թ.ա. 53 թ. մայիսի 6-ին Խառան քաղաքից ոչ հեռու հռոմեացիների և պարթևացիների միջև տեղի ունեցած ճակատամարտ։ Պարթևական զորքը Սուրենի գլխավորությամբ ջախջախիչ պարտություն է հասցրել Կրասոսի հրամանատարությամբ հռոմեական լեգեոններին։ Հռոմեացիները կորցրել են 20 հազար մարդ սպանված և 10 հազարից ավել գերի ընկած։ Սպանվել են նաև Կրասոսն ու իր որդին։
Թվական | Ք.ա. 53 թ., հունիս |
---|---|
Մասն է | Crassus' Parthian campaign? |
Վայր | Խառան |
Արդյունք | Հռոմեական զորքը ջախջախվեց |
Հակառակորդներ | |
Պարթևստան | Հռոմ |
Հրամանատարներ | |
Սուրեն զորավար | Մարկոս Կրասսոս |
Կողմերի ուժեր | |
9000 հեծյալ նետաձիգ, 1000 կատաֆրակտոս, 1000 բեռնակիր ուղտ | 11 լեգեոն. 35-40 հազար լեգեոներ, 4000 հեծյալ, 4000 թեթև հետևազոր |
Ռազմական կորուստներ | |
38 կատաֆրակտոս | 20000 սպանված, 10000 գերի |
Ընդհանուր կորուստներ |
Կացությունը ճակատամարտից առաջ
խմբագրելՔ.ա. 66 թվականին Տիգրան Մեծը պայմանանգիր էր կնքել հռոմեացի զորավար Գնեոս Պոմպեոսի հետ, և դրանով Մեծ Հայքը դարձել էր Հռոմի բարեկամն ու դաշնակիցը։ 60թ. Հռոմը բաժանվեց եռապետության, որից հետո նվաճողական արշավանքները կատարվում էին երեք ուղղությամբ՝ հյուսիս-արևմուտք, հարավ-արևմուտք և արևելք։ Եռապետությունն իրենց մեջ բաժանում էին երեք ազդեցիկ այրեր՝ Հուլիոս Կեսարը, Գնեոս Պոմպեոսը և Մարկոս Կրասսոսը։ Հուլիոս Կեսարը կատարում էր հաջողված արշավանքներ դեպի Գալիա, իսկ Պոմպեոսը կարողացել էր նվաճել Իսպանիայի մեծ մասը և կատարել էր հաջողված արշավանքներ դեպի արևելք, նաև Մեծ Հայք։ Իսկ Կրասոսին հիշում էին, որպես այն մարդու, ով հաղթել էր ապստամբ գլադիատոր Սպարտակին։ 55 թվականին Տիգրան Մեծը մահացավ, իսկ գահը ժառանգեց որդիներից Արտավազդը։ Իսկ Հռոմում այդ ժամանակահատվածում վիճակն այսպիսին էր. նույն թվականին Մարկոս Կրասսոսն ընտրվեց կոնսուլ և նշանակվեց Սիրիայի կառավարիչ։ Նա երկրի ամենահարուստ մարդն էր, բայց ոչ ամենասիրվածը, ինչպես Կեսարն ու Պոմպեոսը։ Չցանկանալով դուրս գալ մրցակցությունից՝ Կրասսոսը որոշում է նույնպես արշավանք ձեռնարկել։ Նրա կալվածքները գտնվում էին այսօրվա Սիրիայի մերձափնյա տարածքներում։ Կրասսոսն իր արշավանքում ցանկանում էր գրավել Պարթևստանը, որն ընդգրկում էր տարածքներ այսօրվա Պարսկաստանից և Թուրքմենստանից, այնուհետև Հնդկաստանը և դուրս գալ դեպի Չինաստան։ Նա հավաքում է ահռելի մի զորք՝ բաղկացած 7 լեգեոնից և 4000 հեծյալներից (հեծելազորի հրամանատարն էր Կրասսոսի որդին՝ Պուբլիոսը), ընդհանուր առմամբ 43 000 զինվոր։
Տարածաշրջանի երեք խոշոր պետությունների՝ Հռոմի, նրա դաշնակից Մեծ Հայքի և Պարթևստանի միջև արտաքնապես խաղաղություն էր տիրում։ Սակայն Կրասսոսին դա չէր հետաքրքրում։ Փառամոլ ղեկավարին հուզում էր այն փաստը, որ Կեսարի ու Պոմպեոսի հաղթանակներն առավել ցնցող են։
Կրասսոսի Պարթևական արշավանքը
խմբագրելՔ.ա. 54 թվականին Կրասսոսն անցավ Եփրատն ու գրավեց մի շարք քաղաքներ Միջագետքում։ Հայոց արքայից արքա Արտավազդը կանգնեց դժվար ընտրության առջև։ Ըստ պայմանագրի նա պարտավոր էր օգնել դաշնակից Հռոմին և զորք տրամադրել, բայց միևնույն ժամանակ պետք էր չմոռանալ պարթևական վտանգի մասին։ Արտավազդն անձամբ մեկնեց Կրասսոսի մոտ և առաջարկեց, որպեսզի վերջինս իր զորքը տանի Մեծ Հայքը հարավից եզերող լեռներով։ Հայոց արքան երկու նպատակ էր հետապնդում դրանով. նախ մարտական գործողությունները կծավալվեին Հայքի բնակչությունից հեռու, և երկրորդ՝ պարթևական այրուձիու համար դժվար կլիներ մարտնչել լեռնային վայրերում։ Բացի դրանից, նա Կրասսոսին խոստանում էր ապահովել պարենով։ Սակայն Կրասսոսը որոշեց գնալ անապատային ուղղությամբ։ Այստեղ պետք է նկատել նրա սխալ մոտեցումը, քանի որ գարնանն անապատում սոսկալի շոգ էր, իսկ հռոմեական ծանր հետևակին դժվար կլիներ այդ ճանապարհն անցնել, իսկ լեռնային ճանապարհի դեպքում, նրանք կարող էին լրացուցիչ օժանդակություն ստանալ հայերից։ Ի դեպ, հունա-հռոմեական պատմիչներն Արտավազդի Բ-ին մեղադրում են նրանում, որ թույլ չտվեց հռոմեացիներին անցնել Մեծ Հայքի բերրի տարածքներով և դիտավորյալ առաջարկեց լեռնային շրջաններով անցնել, որպեսզի դժվարությունների պատճառով Կրասսոսը հրաժարվի ընդհանրապես հայկական տարածքով անցնելուց։ Ք.ա. 53 թ. մայիսի 6-ին հռոմեական զորքը գտնվում էր դեպի Պարթևստան տանող անապատային ճանապարհին։ Կրասսոսի զինվորները գերհոգնած էին, սնունդն ու ջուրը սպառվում էր։ Շուտով Կրասոսի հետախույզները նրան հայտնեցին, որ պարթևական զորքը շարժվում էր իրենց ընդառաջ։ Պարթևների հրամանատարն էր Սուրեն զորավարը։ Զորքի թվաքանակը հասնում էր 10000-ի և բոլորը հեծյալներ էին։ 9000-ը հեծյալ նետաձիգներ էին, իսկ 1000-ը կատաֆրակտոսներ` ծանր հեծելազոր, զինված երկաթյա օղակավոր զրահով, երկար նիզակներով, երկաթյա սաղավարտով, որոնց ձիերը նույնպես կրում էին երկաթյա զրահներ։ Նետաձիգները նետահարում էին շատ ճշգրիտ, իսկ ձիերն արագավազ էին։ Պարթև զինվորի համար սովորական երևույթ էր անապատում կռվելը, իսկ հռոմեացու համար դա շատ անսովոր էր։
Ճակատամարտը Խառան քաղաքի մոտ
խմբագրելԱյս լուրն ապշեցրեց Կրասսոսին և նա հրամայեց իր զինվորներին կազմել քառակուսի՝ հատուկ պաշտպանական դիրք։ Հունիսյան առավոտը չբացված, լեգեոններն արդեն կազմ պատրաստ, մարտակարգով շարված սպասում էին պարթևներին։ Երբ նրանք հայտնվեցին հորիզոնին, այս համախմբված ու կանոնակարգված զանգվածը հոծ քառանկյան պես շարժվեց առաջ։ Պարթև հեծյալները ծածկված էին գորշ կտորից կարված զգեստով և նման չէին ծանր հեծելազորի, որոնք պետք է մետաղե զրահներ ունենային։ Նրանք առաջինը սկսեցին հարձակումը։ Նետաձիգները սկսեցին նետեր արձակել, այնուհետև հեծելազորը հարձակվեց հռոմեացիների շարքերի վրա, բայց լեգեոներների պաշտպանական դիրքն արդյունավետ էր, ուստի պարթևները սկսեցին նահանջել։ Դա նկատելով հռոմեացիները սկսեցին հետապնդել, սակայն որքան առաջանում էին, պարթևները նահանջում էին՝ կարծես վճռական մարտից խուսափելով։ Կրասսոսի մտքով չէր անցնում, որ դա կեղծ նահանջ է, ինչև պարթևական մարտաոճն է, և իրենք վտանգի են ենթարկվում՝ հետապնդելով պարթևներին։ Այս միջոցով հռոմեացիներին բավականին առաջ քաշելուց հետո, երբ նրանց մարտակարգերը բավականին ձնվել էին, հանկարծ պարթևական հեծելազորը ետ դարձավ ու արագ դասավորվեց։ Հեծյալները վրաներից դեն նետեցին գորշ ծածկոցները և արևի տակ ի ցույց դրվեցին շողշողուն զրահները։ Միաժամանակ սկսեցին փչել ռազմական փողերը՝ սարսափ տարածելով հակառակորդի վրա։ Հռոմեացի լեգեոներները զինված էին նիզակներով և թրերով, ունեին երկաթյա զրահներ և սաղավարտներ, որոնք իրենց հերթին պաշտպանում էին նրանց թույլ հարվածներից, և ուղղանկյունաձև վահաններ՝ լավագույն պաշտպանությունը հարվածի և նետի դեմ։ Լեգեոններից շատերն օգտագործում էին կրիա կոչվող պաշտպանական ֆունկցիան. մեջտեղի շարքերն իրենց վահանները բարձրացնում էին վեր, կողային շարքերը վահանները պահում էին կողային մասում, դիմայինը՝ դիմային մասում։ Բայց այս ամենը շատ ծանր էր, իսկ Կրասսոսի լեգեոներները հոգնած էին։ Կրասսոսը հույս ուներ, որ պարթևների նետերը կսպառվեն, բայց հանկարծ նկատեցին, որ պարթևական ջոկատների թիկունքում, բլրի տակ, նետերով բեռնավորված ուղտերի քարավան է կանգնած։ Երբ մի պահ նետերի տարափը թուլացավ, Կրասսոսի հրամանով որդին՝ Պուբլիոսն իր ջոկատով, որը հռոմեական բանակի ամենաուժեղ և վարժված հեծյալ ջոկատն էր, հակագրոհ սկսեց՝ հարձակվելով նետաձիգների վրա։ Պարթևները դարձյալ նահանջ ձևացնելով շրջափակման մեջ առան ջոկատն ու բոլորին կոտորեցին։ Հռոմեական բանակի հետագա բոլոր գործողություններն ապարդյուն եղան։
Կրասսոսի անփառունակ մահը
խմբագրելԳիշերը հռոմեացիները որոշում են շարժվել դեպի մոտակա փոքրիկ քաղաքը՝ Խառան։ Ճանապարհին հռոմեացիների վրա կրկին հարձակվում են պարթևները և մեծ վնաս հասցնում։ Խառանում հռոմեացիները հույս ունեին հաց և ամենակարևորը ջուր ձեռք բերել, սակայն այն փոքր քաղաք էր, որպեսզի կարողանար հազարավոր զինվորներին մատակարարեր ջրով և սնունդով։ Հաջորդ գիշեր հռոմեացիները դուրս եկան քաղաքից և կրկին հայտնվեցին նետերի տարափի տակ։ Հազարավոր զինվորներ զոհվեցին։ Պարթևների Սուրեն զորավարն առաջարկեց Կրասսոսին բանակցությունների գնալ։ Վերջինս չէր ցանկանում բանակցել, բայց իր զինվորները սպառնացին ըմբոստանալ։ Բանակցությունների ժամանակ կռիվ բռնկվեց և Կրասսոսին ու նրա հրամանատարներին սպանեցին։ Ավանդության համաձայն, Կրասսոսի գլուխը կտրելուց հետո պարթևները նրա կոկորդի մեջ հալեցրած ոսկի են լցրել, իբրև թե հագեցնելու համար ոսկու հանդեպ նրա ծարավը։ Իսկ շրջապատման մեջ ընկած լեգեոններից մեկի 20 կենդանի մնացած զինվորներին Սուրենն ազատ արձակեց, քանզի նրանք քաջաբար էին կռվել։
Կրասսոսի գլուխն Արտաշատում
խմբագրելԸստ Պլուտարքոսի`Սուրենը Կրասսոսի գլուխն ուղարկել է Հայաստան՝ Արտաշատ քաղաք, որտեղ այդ ժամանակ Արտավազդ Բ-ի մոտ հյուրնկալվել էր Որոդես Բ-ն` պարթև մեծամեծերի ուղեկցությամբ։ Խնջույքից հետո սեղաններն արդեն հավաքել էին, և դերասանները հանդիսականների ուշադրությանն էին ներկայացնում հույն հեղինակների ստեղծագործություններից հատվածներ։ Կրասոսի գլուխը բերելու պահին ներկայացվում էր Եվրիպիդեսի «Բաքոսուհիներ» ողբերգությունը։ Դերասան Յասոն Տրալացին բեմ է դուրս գալիս Կրասոսի կտրված գլխով և արտասանում.
Լեռան բարձունքից բերում ենք / Եղնիկ`խոցված մեր / փառահեղ հարվածներից։
Տեսարանը ցնծության աղաղակներով է ընդունվում հանդիսականների կողմից։
Աղբյուրներ
խմբագրել- Պլուտարքոս
- Արտավազդ 2-րդ