Միհրդատ Ա (պարթ.` 𐭌𐭄𐭓𐭃𐭕Mihrdāt), հայտնի է նաև Միհրդատ I Մեծ անունով[1]. մ. թ. ա. 195 - մ. թ. ա. 132), ՊարթևստանիԱրշակունի հարստության արքա (մ.թ.ա. 171 - 132 թթ.)։ Միհրդատ Ա հայտնի է որպես ականավոր քաղաքական գործիչ և զորավար։ Նրա նվաճումների շնորհիվ Պարթևաստանը էապես ընդլայնում է իր տերության սահմանները՝ տարածելով իր իշխանությունը բոլոր ուղղություններով և մի փոքր թագավորությունից վերաճելով քաղաքական խոշոր կազմավորման[2]։ Միհրդատի օրոք Պարթևաստանի կազմի մեջ են մտնում Հույն-Բակտրիական թագավորության մի մասը (մ.թ.ա. 167 թ.), Կենտրոնական Ասիայի Մարգիանա պատմական շրջանը, Միջագետքը (մ.թ.ա. 144), Իրանն ամբողջությամբ։ Սելևկյանների հետ պատերազմներում մ.թ.ա. 141 թ. գերի է վերցնում արքա Դեմետրիոս Բ-ին, որը հետագայում ամուսնանում է Միհրդատի դուստր Ռոդոգունայի հետ։ Իր նվաճումների արդյունքում Պարթևաստանը դառնում է անտիկ աշխարհի խոշորագույն տերություններից մեկը, հետագայում՝ Հռոմեական պետության հիմնական հակառակորդը Արևելքում։ Պարթևների կողմից հելլենիստական մշակույթ ունեցող երկրների գրավումը զարկ է տալիս Պարթևաստանի ուրույն մշակույթի զարգացմանը և նրանում հելլենիստական տարրերի ներմուծմանը։ Միհրդատը պատմության մեջ է մտել որպես Պարթևաստանի և ամբողջ Արևելքի մեծ արքաներից մեկը։ Նա պարթևական առաջին թագավորն է, որ հին աքեմենյան տերության միապետների պես ստացել է արքայից արքա տիտղոսը և համեմատվել աքեմենյան կայսրության հիմնադիր Կյուրոս Մեծի հետ[3]:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 551)։