Ճարտար (քաղաք)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ճարտար (այլ կիրառումներ)
Ճարտար, քաղաք Արցախի Հանրապետության Մարտունու շրջանում։ Տեղաբաշխված է հանրապետության հարավարևելյան հատվածում։ Մարտունի շրջկենտրոնից գտնվում է 17 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 78 կմ հեռավորության վրա։ Համայնքը լեռնային է, ունի 3883,8 հա տարածք, որից 2665,38 հա գյուղատնտեսական նշանակության, 832,59 հա անտառային հողեր։
Քաղաք | ||
---|---|---|
Ճարտար | ||
Արցախյան ազատամարտում զոհված նահատակների հուշարձանը Ճարտարում | ||
Երկիր | Ադրբեջան | |
Շրջան | Մարտունու | |
Համայնք | Մարտունու շրջան | |
ԲԾՄ | 780 մետր, 722 մետր | |
Բնակչություն | 1 738[1] մարդ (2005) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Ճարտարը սկզբնապես գյուղի կարգավիճակ է ունեցել (եղել է Արցախի ամենամեծ գյուղական համայնքը), սակայն 2014 թվականի նոյեմբերի 26-ին ԼՂՀ Ազգային ժողովի լիագումար նիստում ընդունվեց կառավարության առաջարկը` Մարտունու շրջանի Ճարտար համայնքին տալ քաղաքի կարգավիճակ[3]։
Աշխարհագրական դիրքը
խմբագրելՃարտարը բաղկացած է Ղուզե (հյուսիսահայաց) Ճարտար, Ղուզե Կալեր, Գյունե (արևելահայաց) Ճարտար և Գյունե Կալեր գյուղերից, որոնք գտնվում են իրարից 1-1,5 կիլոմետր հեռավորության վրա։ Հյուսիսային մասով ձգվող ժայռոտ լեռնաշղթան արևմուտքում միանում է Ալանբոթ հսկա լեռանը, որից դեպի հարավ տարածվում են Սարեն արտ և Եղիշեի լեռնազանգվածները, որոնց բազուկներից մեկի վրա էլ գտնվում է Եղիշեի նշանավոր վանքը։
Ճարտարի արևմտյան մասում է գտնվում մի լեռնանցք, որը տեղական բարբառով կոչվում է Գյադուկ։ Մեկ ուրիշ լեռնանցք, որով ճանապարհը ձգվում է դեպի Սոս, Հերհեր, Կարմիր շուկա և այլ գյուղեր, գյուղացիները կոչում են «Արյունոտ Գյադուկ»։
Ճարտարի հյուսիսարևմտյան մասում է գտնվում հսկայական մի բերդ, որի միջնաբերդի կատարին դեռ երևում են «Նահատակ» սրբավայրի ավերակները։ Շատ քչերին է հաջողվել բարձրանալ նրա միջնաբերդը։
Ճարտարի մոտակայքում կան հինգ գյուղատեղիներ, որոնցից ամենանշանավորը Շինատեղն է։ Այն գտնվում է Ճարտարի հարավային մասում՝ Եղիշեի վանքից մոտ երկու հարյուր մետր դեպի հյուսիս-արևմուտք։ Այստեղ հայտնաբերված բազմաթիվ հնագիտական իրերը՝ կավե և պղնձե ամանները, շենքերի հետքերը, հին գերեզմանատները, նաև այն հանագամանքը, որ տեղացիներն այդ վայրերն անվանում են «շինատեղ», հիմք են ծառայում պնդելու, որ հիշյալ գյուղատեղիները երբեմնի հին բնակավայրերի մնացորդներ են։ Ըստ ուսումնասիրությունների՝ «Մռավի թաղ», «Քյամալա աղբյուր», «Ղալին խութ» հնավայրերը եղել են ոչ թե մշտական ապրելատեղեր, այլ հարձակումներից պաշտպանվելու, թաքնվելու ժամանակավոր կացարաններ։
Բնակչություն
խմբագրելՃարտար քաղաքի բնակչությունը շուրջ 5000 է, իսկ տնտեսությունները 1200:Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։ Շուրջ 2 մետր բարձրություն ունեցող վիթխարի կարասները վկայում են ոչ միայն տեղացիների կավագործական արհեստի բարձր մակարդակի, այլև նրանց երկրագործական և առանձնապես այգեգործական ակտիվ գործունեության մասին։ Կարասներում գտնվել են խաղողի կորիզներ և գինու քարացած մրուր[4]։
2014 թվականի փետրվարի 1-ից ի վեր Ճարտարում գործում է «Ղարաբաղ կարպետ» ՍՊԸ մասնաճյուղը[5], որի նպատակն է արցախյան ավանդական գորգագործության ավանդույթների պահպանումը[6]։
Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[7].
Տարի | 2008 | 2009 | 2010 |
---|---|---|---|
Բնակիչ | 2313 | 2318 | 2315 |
Պատմամշակութային հուշարձաններ
խմբագրելԿան պատմամշակութային հուշարձաններ՝ Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին (1787 թ.), «Կոհակ» եկեղեցին (10-13-րդ դարեր), Ճարտար բերդը (մ.թ.ա. 1-3-րդ դարեր), Նահատակ բերդը, Եղիշեի վանքը։
Ճարտարում 2018 թվականի հունիսի 16-ին տեղի է ունեցել Սուրբ Վարդանանց եկեղեցու օծման հանդիսավոր արարողությունը[8][9][10]։ Եկեղեցին կառուցվել է «Ղարաբաղի գյուղերի զարգացման» հիմնադրամի միջոցներով։ Եկեղեցու հիմնարկեքի արարողությունը տեղի էր ունեցել 2014 թվականի սեպտեմբերի 26-ին[11]։
Առանձնակի հետաքրքրություն են ներկայացնում Ճարտարի մեջ միավորվող գյուղերի աղբյուր-հուշարձանները՝ Մոտե ջուր, Ծրվա ջուր, Գովեն աղբյուր, Ըսլար (Սալեր) և Ելազին, Կեռին աղբյուր։
Եղիշեի վանք
խմբագրելՂուզե Ճարտար գյուղից հարավ բարձրացող լեռան գագաթին է գտնվում Եղիշեի կամ Ղշա վանքը։ Վանքի միակ եկեղեցին արձանագրությունների մեջ կոչվում է Եղիշայ կույսի անապատ։ Այն ուշ միջնադարի ոճի հատուկ բազիլիկ է, ներսում ունի երկու սյուն, ծածկը թաղակապ է։ Բեմի երկու կողմում կան ուղղանկյուն հատակագծով խորաններ։ Պատերում բացված են երեք մեծ խորշեր։ Միակ մուտքը արևմտյան կողմից է։ Կամարները, մույթերը, լուսամուտների և դռան եզրերը շարված են մաքուր տաշած քարերով, իսկ մնացած մասերը՝ անտաշ որձաքարերով։
Հին շենքի հիմնադրման ժամանակը ստույգ հայտնի չէ։ Ըստ վիմական արձանագրության՝ XII դարից եղել է նշանավոր ուխտատեղիներից մեկը։ Հետագայում այն ավերվել է, և XVII դարում վերակառուցվել։ «Ուստայ Կաբրըելս շինեցի այս եկեղեցին ի ձեռամբ իմով....» (արձանագրությունը պետք է հասկանալ վերակառուցելու իմաստով)։ Վերակառուցումը կատարվել է 1655 թվականին երկու կրոնավորների՝ Հովհան աբեղայի և իր որդեգիր՝ կրտսեր տեր Հովհանի կողմից։ Շինարարության արձանագրությունը մուտքի ճակատակալ քարին է։ Կտուրի վրա իբրև զանգակատուն ունեցել է փոքրիկ կաթողիկե, որն այժմ կիսավեր վիճակում է։ Եկեղեցու ավագ խորանում՝ բեմի տակ, գտնվում է Եղիշե կույսի դամբարանը։
Վանքը հնում պարսպապատ է եղել[12]։
Հուշակոթողներ
խմբագրելՃարտարում կան մի շարք հուշակոթողներ՝ Հայրենական մեծ պատերազմին մասնակցած ճարտարցիների հիշատակին նվիրված հուշակոթողը (պատերազմին մասնակցած 1000 ճարտարցիներից 451-ը զոհվել են), Արցախյան ազատամարտում զոհված նահատակների հուշարձան, որը գտնվում է Սևակ Ղուկասյանի անվան մարզամշակութային պալատի հարևանությամբ։
Սևակ Ղուկասյանի անվան մարզամշակութային պալատ
խմբագրելՍուրեն Ադամյանի ղեկավարության տարիներին (1945 թվականի մայիսի 5-ից շուրջ 40 տարի նա ղեկավարել է Ճարտարը[13])՝ 1961 թվականին, Ճարտարում կառուցվում է Մշակույթի պալատը. այն կառուցվել է Արթիկից բերված վարդագույն տուֆով։ Այս նշանակալի կառույցը Երևանի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի նմանությամբ է կառուցվել, սակայն չափերով ավելի փոքր է։ Կառույցի նախագծի հեղինակը Ալեքսանդր Թամանյանի որդին է՝ Գևորգ Թամանյանը[14]։
Այժմ մարզամշակութային պալատը կրում է ճարտարցի քաջ մարտիկ Սևակ Ղուկասյանի անունը, ով 2011 թվականի ապրիլի 29-ին հերոսաբար ընկավ թշնամու գնդակից։
Գյուղատնտեսություն
խմբագրելԵլնելով բնական պայմանների յուրահատկություններից՝ Ճարտարում արմատավորվել են գյուղատնտեսության բազմազան ենթաճյուղեր։ Մասնավորապես, Ճարտարը հացահատիկային մշակաբույսերի աճեցման, խաղողագործության, թթի այգիների ու պտղաբուծության բնագավառներում ամբողջ Արցախում շատ հնուց միշտ առաջնակարգ տեղ է զբաղեցրել։ Քանի որ Արցախի բարձրադիր գյուղերում հացահատիկի աճեցման համար պայմաններն աննպաստ են (խիստ լեռնային ռելիեֆի ու անտառածածկ լինելու պատճառով), ապա դրանք իրենց հացահատիկի պահանջալի մասը լրացնում էին դաշտային և նախալեռնային գյուղերից։ Իսկ լեռնային գյուղերի պայմանները նպաստավոր են կարտոֆիլի ու լոբու, տարբեր տեսակի պտուղների աճեցման համար։ Հետևաբար, նրանք իրենց աճեցրած կարտոֆիլի, լոբու զգալի մասը, ինչպես նաև անտառներից մթերած պտուղները բերում և ցածրադիր վայրերում գտնվող գյուղերում փոխանակում էին հացահատիկով։ Այս տեսակետից, հատկապես Ղավախան, Ննգի, Հաղորտի, Թաղավարդ, Զարդանաշեն, Սարգսաշեն, Սարուշեն և լեռնային այլ գյուղերի համար փոխանակման հիմնական շուկա էր Ճարտարը։ Ճարտարի տնտեսությունը բազմաճյուղ է դարձել և մեծ վերելք է ապրել հատկապես 1940-ական թվականների վերջերից, երբ այստեղ մեծ չափերով ընդլայնվել են հացահատիկի ցանքերը, խաղողի ու պտղատու այգիները, անասնապահությունը։ Ինչպես ամբողջ Արցախում, այնպես էլ Ճարտարում գյուղատնտեսության կոլեկտիվացումը, կոլտնտեսության ստեղծումն իրականացվել է 1927-1932 թվականներին։ Մինչև 1948 թվականը Գյունե և Ղուզե Ճարտարները ունեին առանձին կոլտնտեսություններ։ 1948 թվականին դրանք միավորվել են, և միավորված կոլտնտեսության նախագահ է դարձել Սուրեն Ադամյանը։ Սուրեն Ադամյանի մահից (1983 թվական) որոշ ժամանակ հետո միացյալ այդ խոշոր տնտեսությունը նորից բաժանվել է 2 մասի։ Հաշվի առնելով գյուղի բնակլիմայական պայմանների առանձնահատկությունները ճարտարեցիները զարգացրել են տնտեսության 3 գլխավոր ճյուղեր՝ հացահատիկային տնտեսություն, այգեգործություն (հատկապես խաղողագործություն) և անասնապահություն։
Հացահատիկային ցանքատարծություններ
խմբագրելՃարտարի հացահատիկային ցանքատարծությունները գտնվում էին հիմնականում ցածրադիր՝ հարթավայրային վայրերում՝ Աղբուռուն, Քավթառլու, Ալաբալի, Գևորգավան կոչվող տարածքներում։ Հնուց ի վեր Ճարտարում աճեցվում են աշնանացան ցորեն և գարի։ Հացահատիկի ցանքատարածությունները 1980-ական թվականներին կազմել է շուրջ 1400 հեկտար։ Ըստ որում, գարի հիմնականում աճեցվում էր ցածրադիր, չոր տափաստանային վայրերում՝ Աղբուռունում և Քավթառլուում, որտեղ այն շատ շուտ, արդեն հունիսի սկզբներին հասունանում էր։ Իսկ ցորեն աճեցվում էր հիմնականում Ալաբալիում, Կլազին ձորում և նախալեռնային վայրերում։
Խաղողագործություն
խմբագրելԽաղողագործությունը նախկինում տարածված էր գյուղին հարակից նախալեռնային վայրերում, հետագայում այդպիսի այգիներ են հիմնվել նաև հարթավայրային (Ալաբալի, Կլազնի ձոր) մասերում, որտեղ 1 հեկտարից ստացվում էր մինչև 200-250 ց խաղող։ Խաղողի այգիների տարածքը [[1970|1970-80-ական թվականներին]] կազմել է 700 հեկտար։ Ըստ որում, ամբողջ Ճարտարի հողային ֆոնդը կազմել է 11 հազ. հեկտար, վարելահողերը՝ շուրջ 3,0 հազ. հեկտար։ Խաղողագործության բնագավառում այդպիսի հաջողությունները պայմանավորված էին նրանով, որ ճարտարեցիները հարթավայրային վայրերում ստեղծել էին խաղողի այնպիսի այգիներ, որտեղ աշխատանքները մեքենայացված էին, կիրառվում էին խաղողագործության ժամանակակից գիտական մեթոդներ, և, որ շատ կարևոր է, ստեղծվել էր ոգոռման կատարելագործված համակարգ։ Ալաբալու հարթավայրի ընդերքում գտնվող ստորերկրյա ջրի պաշարները արտեզյան ջրհորների միջոցով օգտագործվում էին նոր ստեղծված այգիները ոռոգելու համար։ Բացի դրանից, Ճարտարի այգեգործները խաղողի այգիները մշակում էին շատ խնամքով, խաղողի վազից բացի, այդ այգիներում հնարավոր չէր գտնել որևէ այլ բույս, մոլախոտ։ Խաղողի այգիները դարձել էին ցուցահանդեսներ, որոնք տեսնելու, Ճարտարի առաջավոր փորձը ուսումնասիրելու համար բազմաթիվ վայրերից գալիս էին գիտնականներ, ղեկավար աշխատողներ։ Արտադրված մեծ քանակությամբ խաղողը մշակվում էր գինու 2 գործարաններում։ Դրանցից 1-ը գտնվում էր անմիջապես Ճարտարում՝ Գյունե Կալերում, իսկ մյուսը՝ Ալաբալու խաղողի այգիների մոտ։ Մինչև կոլեկտիվ տնտեսության կազմակերպումը, Ճարտարի խաղողագործները իրենց մասնավոր այգիներում աճեցնում էին հիմնականում խնդողնի, շրնե տեսակի խաղող։ Այդ սև խաղողը ունի որակական բարձր հատկանիշներ, բարձր շաքարայնություն, որից էլ ստացվում անուշահամ գինի։ Կոլեկտիվ տնտեսություն կազմակերպելուց հետո, երբ պետությունը պահանջում էր ավելացնել խաղողի արտադրությունը, պետական պլան կատարելու նպատակով նոր ստեղծված այգիներում արմատավորվում են ավելի բարձր բերքատու, արդյունաբերական նշանակություն ունեցող խաղողի տեսակներ, հիմնականում սպիտակ գույնի։ [[1960|1960-70-ական թվականներին]] տարեկան արտադրվում էր մինչև 15 հազ. տոննա խաղող, ինչը Արցախում եզակի ցուցանիշ էր։ Ռուս ճանապարհորդ Վ. Վերեշչագինը 1860-ական թվականներին Արցախում եղած ժամանակ շատ մեծ տպավորություն է ստացել Ճարտարում արտադրվող գինուց։ Նա նշում է, որ Արցախում արտադրվում է լավ գինի, բայց տարօրինակ համի խառնուրդով, այն քաղցր է, ինչպես թունդ մեղրը։ Խոսքը խնդողնի տեսակի խաղողից արտադրված գինու մասին է։ Նշենք, որ ռուս մեծ բանաստեղծ Ալեքսանդր Պուշկինի Անդրկովկաս կատարած ճանապարհորդության ժամանակ Թիֆլիսում հյուրընկալվելիս նրան հյուրասիրում են Ճարտարում արտադրված խնդողնու սև գինով։ Այն շատ դուր է գալիս բանաստեղծին, որը և նշում է, որ խնդողնի գինին ավելի լավ է, քան բուրգունդյան գինին։ Վերջինս ֆրանսիական առավել հանրահայտ, լայն ճանաչում ստացած գինու տեսակ է։ Դեռ շատ հնուց Ճարտարում զարգացել է նաև պտղաբուծությունը։ Մինչև 1930-ական թվականները Գյունե և Ղուզե Ճարտարների հարակից նախալեռնային մասերում խաղողի այգիներին զուգահեռ գյուղացիները ունեին իրենց պտղատու այգիները, որտեղ աճեցնում էին հիմնականում խնձոր և տանձ։ Տարածված էին նաև կեռասի, բալի, սերկևիլի, թզի, հոնի, ընկույզի ու այլ պտղատեսակներ։ Կոլտնտեսային համակարգի արմատավորումից հետո գյուղի նախալեռնային հատվածներում, անտառների բացատներում պտղատու նախկին մասնավոր այգիներին ուշադրություն չէր դարձվել, և դրանք հիմնականում վայրենանում ու վերանում են։ 1950-ական թվականներից սկսած՝ ցածրադիր, հարթավայրային մասերում խաղողի այգիների հետ միասին ստեղծվել են նաև պտղատու այգիներ։ Մասնավորապես, Ալաբալիում, Կլազին ձորում և այլուր ստեղծվել են դեղձի, ծիրանի, նռան այգիներ։ 1988-94 թթ. Արցախյան ազատագրական պատերազմի ժամանակ այդտեղի խաղողի, պտղատու այգիները մեծապես տուժել են։
Թթի այգիներ
խմբագրելՇատ հնուց Ճարտարի, ինչպես նաև Արցախի նախալեռնային բազմաթիվ գյուղերի այգեգործության համակարգում յուրահատուկ կարևոր տեղ էին զբաղեցնում թթի այգիները։ Թթենին իր արմատները փռում է հսկայական տարածության վրա և կարծես թե լեռնալանջերի հողը գրկած պահում։ Այսինքն՝ թթենին իր բազմաթիվ օգտակար հատկությունների հետ միասին ունի նաև հողապաշտպան նշանակություն։ Լեռնալանջային թթի այդպիսի այգիներից առավել հայտնի էին Ճմոտեն բաղը, Զանուն բաղը, Բոզանց չափարը, Չիտիրին գյոլը, Քոլոտը, Ըղդըղորեն ծորը, Բախշունց չափարը և այլն։ Սակայն Ճարտարի թթենու ընդարձակ այգիները փռված էին համեմատաբար հարթ տարածքներում։ Դրանցից առավել հանրահայտները Դուդեն, Թունանց, Բագուն, Դերունց, Բլըղըզանց, Բադուն բաղերն են և այլն։ Ճարտարում աճեցվում է 2 տեսակի թութ՝ սպիտակ և սև։ Ճարտարի պայմաններում թութը հասունանում է մայիսի վերջերին և տևում մինչև հուլիսի կեսերը։ Շատ կարևորվում է առավոտյան առավոտյան մինչև նախաճաշը(այսինքն՝ դատարկ ստամոքսով) թութ ուտելը։ Այն կարևոր նշանակություն ունի ստամոքսաաղիքային հիվանդություններից զերծ մնալու համար։ Ճարտարում հոդացավեր ունեցող մարդիկ ընդունում էին թթի լոգանք(<<վաննա>>): Դա իրականացվում էր հետևյալ կերպ։ Երբ որ թթի ծառերը թափ են տալիս, ստացված կամ հավաքված թթի զանգվածը լցնում են փայտե տակառների մեջ։ 1-2 շաբաթ անցնելուց հետո թութը սկսում է եռալ, որից հետո թորում և օղի են ստանում։ Տակառներում եռացող թութն էլ երբեմն, մինչև թորելը, օգտագործվում է լոգանքի համար։ Այսինքն՝ հիվանդը մերկանում և մտնում է եռացող թթով լիքը տակառի մեջ և 10-15 րոպե մնում ու այսպես այդ գործընթացը կրկնում մի քանի օր, օրական մեկ անգամ։ Հոդացավի բուժման այս մեթոդը ընդունված է եղել, իսկ արդյունքը՝ բավականին դրական։ Ճարտարեցու համար թութը առավել մեծ կարևորություն ուներ՝ նրանից բարձրորակ օղի ստանալու համար։ Արտադրված թթի օղու որակը շատ բարձր էր, մաքուր և այն օգտագործվում էր խիստ չափավոր, որովհետև թթի օղու համը, հոտը, օգտակարությունը նրա օգտագործման չափի մեջ է։ Ընդունված սովորություն կար գյուղում, որ հարսանիքների, խնջույքների ժամանակ սկզբում յուրաքանչյուրին տրվում էր մեկական բաժակ օղի, որից հետո՝ գինի՝ ցանկացած չափով։ Այս առումով չափը անցկացնող ճարտարեցի հազվադեպ կարող էր լինել։ Օղին օգտագործվում է նաև մրսածությունը բուժելու համար, խմելուց բացի նրանով մերսվում էր մրսածի մարմինը։
Նշվածներից բացի ճարտարեցիները թթից պատրաստվում են չամիչ, ըստ որում, դրա համար հատկապես օգտագործվում էր լեռնալանջային, արևոտ վայրերի թթի այգիների թութը, որը ավելի քաղցր էր։ Այն նաև օգտագործվում է շերամապահության համար, այն շերամի որդի միակ կերն է։
Մյուս շատ կարևոր բարիքը, որը ճարտարեցին ստանում էր թթի ծառից, նրա պտղից, թթից եփած դոշաբն է( գյուղացիները դա անվանում են <<բաքմազ>>): Վերջինիս համար օգտագործվում է քաղցր, բարձր շաքարայնություն ունեցող թութ։ Այն հատկապես օգտագործում են մրսած ժամանակ հազը անցնելու համար։ Արցախում թթի այգիներով առավել հայտնի է Մարտունու շրջանը։ Ճարտարից բացի թթի համեմատաբար ընդարձակ այգիներ ունեն Մաճկալաշենը, Քերթը, Հերհերը, Կոլխոզաշենը, Թաղավարդը, Քարահունջը, Սոսը, Նոր Շենը, Բերդաշենը, Գիշին, Խնուշինակը, Մուշկապատը, Հաղորտին և այլ գյուղեր։
Ընկուզենի, տանձենի, կտավատ
խմբագրելԲավականին տարածված էին կուլտուրականացված ընկուզենու ծառերը, որոնք ունեն հողապաշտպան և ջրապաշտպան դեր։ Դարավոև ընկուզենիներ կային( այժմ էլ դրանց մի մասը մնում է ) հատկապես Ղուզե Ճարտարում, որոնց շնորհիվ Մոտեճուր կոչվող սառնորակ աղբյորը բավականին հորդ էր։ Այժմ այն խիստ սակավաջուր է դարձել, մինչդեռ մինչև 1950-ական թվականները Ճարտարի մյուս մասերից, հատկապես ամռանը, երիտասարդությունը գնում էր այդ աղբյուրի ջուրը ըմպելու, այդտեղ հանգստանալու և սառնորակ ջուր տանելու։ Պտղատու այգիներով առավել հանրահայտը Ղուզե Ճարտարն էր։ Այստեղ տարածված էին տանձենու մի քանի տեսակներ, որոնցից նշանակավորներն են <<մեղրենին>> (մըղըրենե) և <<կարմրենին>> (կըմբըրենե)։ Դարեր շարունակ ճարտարեցին աճեցնում էր յուղատու մշակաբույս՝ կտավատ(յուղատու վուշ), որից ստացվող ձեթը լայնորեն օգտագործվում է որպես բարձր որակի, բուժիչ սննդամթերք։ Գյուղում գործում էին ձիթհաններ (սրանոցներ)։ Հետագայում անհիմն ձևով այդ մշակաբույսը ոչ միայն Ճարտարում, այլև առհասարակ Արցախում[15], հանվեց շրջանառությունից։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ http://census.stat-nkr.am/nkr/1-5.pdf Արխիվացված 2017-07-22 Wayback Machine ԼՂՀ մարդահաշիվ
- ↑ Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
- ↑ One, Studio. «Արցախի Ճարտար համայնքը քաղաքի կարգավիճակ ստացավ». www.yerkir.am (ամհարերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 25-ին.
- ↑ Մկրտչյան, Շահեն (1985). Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձանները. Երևան: Հայաստան. էջ 152.
- ↑ «Ճարտարի գորգագործական արտադրամասի աշխատատեղերի թիվը կկրկնապատկվի». artsakhpress.am. Արխիվացված է օրիգինալից 2019-03-30-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 30-ին.
- ↑ Պողոսյան, Աշխունջ (2015). «Արցախյան գորգագործական ավանդույթների տարածման արեալների ու Կովկասի հարավարևելյան գորգագործական կենտրոնների փոխառնչությունների մասին». Բանբեր հայագիտության, N 3.
- ↑ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
- ↑ «Ճարտար քաղաքում տեղի է ունեցել Սրբ Վարդանանք եկեղեցու օծման հանդիսավոր արարողությունը». artsakhpress.am. Արխիվացված է օրիգինալից 2019-03-30-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 30-ին.
- ↑ «Օծվեց Ճարտարի Սուրբ Վարդանանք նորակառույց եկեղեցին». www.hhpress.am. Վերցված է 2019 թ․ մարտի 30-ին.
- ↑ «Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանն այցելել են Ճարտարի նորակառույց Սուրբ Վարդանանք եկեղեցի». armenpress.am. Վերցված է 2019 թ․ մարտի 30-ին.
- ↑ LLC, Helix Consulting. «Վարչապետը Ճարտարում մասնակցել է Ս. Վարդանանց եկեղեցու հիմնարկեքի արարողությանը». gov.nkr.am (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 30-ին.
- ↑ Մկրտչյան, Շահեն (1985). Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձանները. Երևան: Հայաստան. էջեր 152–154.
- ↑ «ՆՐԱ ԿԱՏԱՐԱԾԸ ՍԽՐԱՆՔ ԷՐ». www.artsakhtert.com. Վերցված է 2019 թ․ մարտի 30-ին.
- ↑ «Գևորգ Թամանյան». 2016 թ․ հոկտեմբերի 1.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն) - ↑ Մելքումյան, Սերգեյ (2003). Երևան: Զանգակ. էջեր 126–140.
{{cite book}}
: Missing or empty|title=
(օգնություն)
Արտաքին հղումներ
խմբագրել- Հակոբ Ղահրամանյան, ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.
- Մեր երկիրը՝ Ճարտար
- Чартар – самое крупное село Нагорного Карабаха...
- Ճարտար Արխիվացված 2021-09-18 Wayback Machine
- ↑ Մելքումյան, Սերգեյ (2003). Ճարտար. Երևան: Զանգակ. էջեր 126–140.