Սևակ Ղուկասյան (նոյեմբերի 8, 1969, Ճարտար, Արցախի Հանրապետություն - ապրիլի 29, 2011, Հադրութ, Արցախի Հանրապետություն), Արցախի ԶՈւ գնդապետ, Արցախյան ազատամարտի ակտիվ մասնակից, «Արայիկ» ջոկատի քաջ մարտիկ։

Սևակ Արազի Ղուկասյան
Սևակ Ղուկասյան.jpg
նոյեմբերի 8, 1969թ. - ապրիլի 29, 2011
ԾննդավայրԼՂՀ Ճարտար, Մարտունու շրջան, Արցախի Հանրապետություն
Մահվան վայրԼՂՀ Հադրութ, Արցախի Հանրապետություն
ԿոչումԱՀ ԶՈՒ գնդապետ
ՊարգևներԱՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշան,
«Մարտական ծառայություն»,
ՀՀ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար»
Սևակ Ղուկասյանը Խորհրդային բանակի զինվոր
Սևակ Ղուկասյանի անվան մարզամշակութային պալատը Ճարտարում

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է 1969թ. նոյեմբերի 8-ին, Մարտունու շրջանի Ճարտար գյուղում։ Տեղի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո՝ 1987 թվականին, ընդունվել է Երեւանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետ[1]։ 1988-89թթ. ծառայել է Խորհրդային բանակում։ Ծառայությունն ավարտելուց հետո շարունակել է կիսատ թողած ուսումը։ Այդ ժամանակ Արցախում և Հայաստանում արդեն սկսվել էր դեպքերի գլխապտույտ զարգացումը։ 3-րդ կուրսից ուսումը կիսատ թողնելով` Սևակ Ղուկասյանը շտապեց զինվորագրվել հայրենի եզերքի պաշտպանությանը։

1991թ. վերջերին Սևակ Ղուկասյանը ժիրայր Սեֆիլյանի ջոկատի կազմում մասնակցել է Կրկժանի, Լեսնոյի և Ստեփանակերտի շրջակա այլ բնակավայրերի ազատագրմանը։ 1992թ. հունվարին նա արդեն Ճարտարում էր։ Այստեղ սկսվել էին ինքնապաշտպանական ջոկատների կազմավորման աշխատանքները։

1992թ. մայիսի 14-ը համարվում է Ճարտարի «Արայիկ» ջոկատի հիմնադրման պաշտոնական օրը։ Իր ռազմական գործունեությունը Սևակ Ղուկասյանը սկսեց որպես նռնակաձիգ։ Վահրամ Ղահրամանյանի գլխավորած «Արայիկ» ջոկատում նա ռազմական գործողություններին մասնակցեց մինչև 1993թ. վերջը։ 1993-ի դեկտեմբերից մինչև պատերազմի ավարտը եղել է Ճարտարի գումարտակի հրամանատարը։

Պատերազմից հետո էլ շարունակել է ծառայությունը[2]։ 2000թ. նշանակվել է N զորամասի շտաբի պետ։ 2002-2004թ. սովորել է Մոսկվայի Մ.Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիայում։ 2005-2008թթ. եղել է N զորամասի հրամանատար։ 2008-2011թթ. եղել է հարավային զորամիավորման շտաբի պետ։

Սևակ Ղուկասյանը զոհվել է 2011թ. ապրիլի 29-ին թշնամու դիպուկահարի նենգ հարվածից[3]. հրամանատարը գնացել էր դիպուկահարի կողմից զոհված զինծառայողի դին բերելու, որտեղ էլ ընդհատվեց նրա կյանքը[4]::

Սևակ Ղուկասյանն ամուսնացած էր, ունի երկու որդի և մեկ դուստր։

«Արայիկ» ջոկատԽմբագրել

1992 թ. մայիսի 14-ին Արցախի Մարտունու շրջանի Ճարտար գյուղի երիտասարդության հավաքն էր. օրըստօրե ահագնացող վտանգին դիմագրավելու համար անհրաժեշտ էր համախմբել անառիկ լեռների կրծքին բազմած շենի առողջ ուժերը, կազմակերպել և ստեղծել ինքնապաշտպանական ջոկատ, լուծել պաշտպանական գծի, զենք-զինամթերքի, համազգեստի և փոխադրամիջոցների հարցերը։ Ջոկատի ստեղծման նպատակը ոչ միայն գյուղի ինքնապաշտպանությունը կազմակերպելն էր, այլև մարդկանց մարտական ոգին բարձրացնելը, նրանց հույս և հավատ ներշնչելը։

Փաստորեն, ստեղծվում էր հատուկ նշանակության մի ջոկատ, որի մարտիկներից ոմանք, ճիշտ է, անցել էին Աֆղանական պատերազմի բովով, սակայն հիմնական մասը չուներ և չէր էլ կարող ունենալ անհրաժեշտ պատրաստվածություն։

Սևակ Ղուկասյանը ԵՊՀ բանասիրության ֆակուլտետից էր, Վահրամ Ղահրամանյանն ու Հովիկ Ջիվանյանը` իրավաբանության, Մեսրոպ Մեքիյանը` Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի ծանրամարտի բաժնից …

Ջոկատի ստեղծման նախաձեռնողը Վահրամն էր։ Երրորդ կուրսի ուսանող էր։ Ծառայել էր Աֆղանստանում` հատուկ նշանակության զորքերում, հմտացել արևելյան մարտարվեստներում։ Ազատագրական շարժման սկզբից ևեթ մասնակցել էր մարտական գործողություններին, մշտապես պատվով ելել անգամ ամենածանր իրավիճակներից։ Հենց նա էլ ստանձնեց ջոկատի հրամանատարությունը և շուրջ մեկ տարի ղեկավարեց մարտերը։ Վահրամի ծանր վիրավորվելուց հետո արդեն գումարտակի վերածված ջոկատը Հովիկ Ջիվանյանն էր ղեկավարում։ Հետո նրան փոխարինելու էր Սևակ Ղուկասյանը։

Ջոկատը տարբեր ուղղություններում մասնակցել է երեք տասնյակից ավելի մարտական գործողությունների և երբեք պարտություն չի կրել։ Այդպես երկու անգամ մարտի բռնվեցին իրենց քանակապես գերազանցող «Գորշ գայլերի» հետ, որ հատուկ հեղինակություն էին վայելում թշնամու ռազմուժի կազմում, տարբերվում էին իրենց պատրաստվածությամբ, զինվածությամբ։ Սակայն վերջիններիս սին-հերոսական համբավը չփրկեց նրանց։ Երկու ընդհարումների ժամանակ էլ «գայլերը» գլխովին ջախջախվեցին՝ առաջին անգամ Ուրյան լեռան մարտում տալով վեց զոհ և նույնքան վիրավոր, ինչից հետո անմիջապես գործեց կաշին փրկելու գայլային բնազդը, և մեծաքանակ ռազմամթերք, զոհեր ու վիրավորներ թողնելով` իսպառ անհետացան[5]։

ՊարգևներԽմբագրել

Գնդապետ Սևակ Ղուկասյանը պարգևատրվել է ԱՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով, «Մարտական ծառայություն», նաև ՀՀ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» և «Մարտական ծառայություն» մեդալներով։

Սևակ Ղուկասյանի մտքերիցԽմբագրել

  • Հարցին, թե պատերազմի վերսկսման դեպքում հայկական բանակը քանի կիլոմետր կարող է առաջ տանել իր դիրքերը, Սևակ Ղուկասյանը պատասխանել է.
  Հայ զինվորից լավ զինվոր չկա, նրանք մեզանից հարյուր անգամ լավ են կռվելու, այդ հարյուրը վերածեք կիլոմետրի և կհասկանաք, թե ինչքան ենք առաջ գնալու [6]։  
  • Պետք է ճանաչել դիմացինի կարողությունները եւ հստակ պատկերացնել` ով ինչի է ընդունակ։ Իսկ մարդկանց մեջ ամենաշատը սեփական պարտականությունների նկատմամբ անտարբեր վերաբերմունքն է անընդունելի։
  • Բարձր կարգապահությունն ու ճշտակատարությունն են զինվորական կյանքի առանցքը։ Բայց կան նաև ընդհանուր աշխատանքների հաջողությանը նպաստող մի շարք գործոններ։ Նախ՝ պետք է ճանաչել և գնահատել բոլորի հնարավորությունները, իմանալ, թե որ պայմաններում ով ինչի է ընդունակ։ Ենթականերին տրվող ցուցումները պետք է լինեն հստակ և իրատեսական։ Ու պետք է նաև սեփական ուժերի ու արժանիքների նկատմամբ հավատն ամրապնդել մարդկանց մեջ։ 

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Ղուկասյան Սևակ Արազի-Բանասիրական ֆակուլտետ,ուսանող « ԵՊՀ Վարդանանք ՌՀԴԱ»։ Վերցված է 2019-06-12 
  2. LLC Ayb Solutions։ «ՀԱՂԹԱՆԱԿԻ ՀԱՄԱՐ ԾՆՎԱԾԸ»։ Hay Zinvor (անգլերեն)։ Վերցված է 2019-06-12 
  3. «Այսօր Սևակ Ղուկասյանի մահվան տարելիցն է»։ Վերցված է 2019-06-11 (չաշխատող հղում)
  4. «Հայոց Աղավնիներ»։ www.facebook.com (հայերեն)։ Վերցված է 2019-06-12 
  5. LLC Ayb Solutions։ ««ԱՐԱՅԻԿ» ՋՈԿԱՏԸ»։ Hay Zinvor (անգլերեն)։ Վերցված է 2019-06-11 
  6. «Մովսես Հակոբյան. «Իմ հայրենիքն այնտեղ է, որտեղ կանգնած է հայ զինվորը»»։ Hetq.am (հայերեն)։ Վերցված է 2019-06-11