Ահմոս (թագուհի)

հին եգիպտական թագուհի

Ահմոս (անգլ.՝ Ahmose, մ. թ. ա. 1505 - մ. թ. ա. 1493), հին եգիպտական թագուհի, որը հանդիսացել է տասնութերորդ արքայատոհմի երրորդ փարավոն Թութմոս I-ի մեծ թագուհին ու կին-փարավոն Հատշեպսուտի մայրը։ Ահմոսի անունը նշանակում է «Լուսնից ծնված»։

Ահմոս
Ծնվել է՝մ. թ. ա. 1505
Մահացել է՝մ. թ. ա. 1493
ԵրկիրՀին Եգիպտոս
ՏոհմՏասնութերորդ արքայատոհմ
քաղաքական գործիչ
ՀայրԱհմոս I
ՄայրԱհմոս-Նեֆերտարի
ԵրեխաներՀատշեպսուտ, Ամենմոս, Նեֆրուբիթի և Վաջմոս

Ընտանիք խմբագրել

 
Արքայազն Սիփաիր, անհայտ թագավորական տիկին, թագուհի Ահմոս, թագուհի Տուրես և թագուհ Հենուտամեհու

Հայտնի չէ, թե ովքեր են եղել Ահմոսի հայրն ու մայրը[1]։ Ենթադրվել է, որ նա եղել է կա՛մ փարավոն Ամենհոտեպ I-ի, կա՛մ Ահմոս I-ի դուստրը, հետևաբար նաև Ահմոս I-ի քույր-կինը՝ Ահմոս-Նեֆերտարին։ Նրան երբեք չեն անվանել «Թագավորի դուստր», և այս փաստն Ահմոսի արքայական ընտանիքի հետ կապերի վերաբերյալ տեսությունների մասին որոշակի կասկածներ է առաջացրել։ Սակայն նա կրել է «Թագավորի քույր» տիտղոսը, որից կարելի է ենթադրել, որ նա եղել է փարավոն Թութմոս I-ի քույրը[2]։

Ահմոսը կրել է մի շարք տպավորիչ տիտղոսներ, այդ թվում՝ «Ժառանգական արքայադուստր» (iryt-p`t), «Գերաշնորհ» (wrt-hzwt), «Մեծ քաղցրության սիրված տիրուհի» (nebt-bnrt-‘3(t)-mrwt), «Մեծ արքայի սիրելի կին» (hmt-niswt-wrt meryt.f), «Ուրախության տիրուհի» (hnwt-ndjm-ib), «Բոլոր կանանց տիրուհի» (hnwt-hmwt-nbwt), «Երկու երկրի տիրուհի» (hnwt-t3wy), «Հորուսի ուղեկից» (zm3yt-hrw), «Հորուսի սիրելի ուղեկից» (zm3yt-hrw-mryt.f), «Թագավորի քույր» (snt-niswt)[3]։

Ահմոսը եղել է Թութմոս I-ի մեծ թագուհին։ Նրան պատկերել են Դեյր էլ-Բահարիի հուշադամբան-տաճարում Նեֆրուբիթի անունով դստեր հետ։ Նա նաև Հատշեպսուտ թագուհու մայրն էր, սակայն հաստատված չէ, արդյոք արքայազններ Ամենմոսն ու Վաջմոսը նրա որդիներն են եղել․ վերջիններս սովորաբար համարվել են Թութմոս I-ի մեկ այլ կնոջ՝ Մուտնոֆրետ թագուհու որդիները։

Հուշարձաններ և փորագրություններ խմբագրել

Յուֆ անունով մի պաշտոնյա ծառայել է որպես զոհասեղանի երկրորդ մարգարե (S'w), տաճարի դռնապան ու քահանա։ Նա նաև ծառայել է մի շարք արքայական կանանց, նախ՝ փարավոն Ահմոս I-ի մորը՝ Ահհոտեպ թագուհուն, ապա պատասխանատու է եղել թագուհի Սոբեկեմսաֆի գերեզմանի վերանորոգման համար, ի վերջո ծառայել է նաև Ահմոս թագուհուն։ Յուֆի գրառումների համաձայն՝ վերջինս նրան նշանակել է գանձապահի օգնական և նրան վստահել նորին մեծության արձանի ծառայությունը[4]։

Ահմոսը հայտնի է աստվածային բեղմնավորման տեսարաններից։ Հատշեպսուտը տեսարաններ է քանդակել տվել, որտեղ պատկերված է, թե ինչպես է Ամոն աստվածը մերձենում իր մորը՝ Ահմոսին, և թե ինչպես ինքը՝ Հատշեպսուտը, աստվածային ծագում ունի։ Փորագրությունները ցույց են տալիս, թե ինչպես է Թրոթ աստվածն առաջին անգամ Ամոնի մոտ հիշատակում թագուհւ Ահմոսին․ «Ահմոս է անունը նրա, բարերար և սիրուհի։ Նա կինն է թագավոր Աախեպերկարեի (Թութմոս I), հավերժ կենդանություն նրան» (Բրեստեդի «Հնագույն գրառումներից»)[5]։ Ամոն աստվածը դրանից հետո այցելում է պալատ ու ներկայանում թագուհուն։ Նրանք երեխա են բեղմնավորում, ու Ամոնը հայտարարում է, որ նրան պետք է անվանակոչել Խնեմետ-Ամոն-Հատշեպսուտ, որից հետո նա գնում է Խնում աստծո մոտ ու նրան հրամայում մարմնավորել Հատշեպսուտին։ Այնուհետև տեսարանները պատկերում են թագուհու կալանքն ու նրա աստվածային դստեր ծնունդը։

Շատ տարիներ անց Ամենհոտեպ III փարավոնը համարյա նույնությամբ կրկնել է այս տեսարանները՝ ցույց տալու համար, թե ինչպես է Ամոնն այցելել իր մորը՝ թագուհի Մուտեմույային ու բեղմնավորել աստվածային արքայազնին՝ իրեն։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Dodson, Hilton, The Complete Royal Families of Ancient Egypt, 2004
  2. Tyldesley, J, Chronicles of the Queens of Egypt, 2006
  3. W. Grajetzki: Ancient Egyptian Queens: a hieroglyphic dictionary.
  4. James Henry Breasted: Ancient Records of Egypt. Vol II, Chicago 1906, S. 44–46 [1]
  5. J. H. Breasted, Ancient Records: The Eighteenth Dynasty
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ահմոս (թագուհի)» հոդվածին։