Հոդաբորբ
Հոդաբորբ կամ արթրիտ (լատին․՝ arthritis, հունարեն՝ άpvpov - հոդ), հոդերի բորբոքային հիվանդություն, որը կարող է առաջանալ տեղային կամ ընդհանուր վարակների, նյութափոխանակության խանգարումների, վնասվածքների և այլ պատճառներով։ Մի շարք ծանր հիվանդությունների (ռևմատոիդ հիվանդություն, անշարժացնող սպոնդիլոարթրիտ և այլն) առաջացման պատճառը դեռևս լրիվ պարզ չէ, սակայն հաստատված է, որ նպաստող գործոններ են համարվում օրգանիզմի սառեցումը, ֆիզիկական գերլարվածությունը և այլև։ Ըստ ռևմատոլոգների համամիութենական ընկերության համագումարի (1971) դասակարգման, հիվանդությունները բաժանվում են երկու հիմնական խմբի՝ որպես ինքնուրույն հիվանդություն և որևէ հիվանդության ախտանշան։ Մեկ հոդի բորբոքումը կոչվում է մոնոարթրիտ, մի քանիսինը՝ պոլիարթրիտ։ Ըստ ընթացքի հիվանդությունները լինում են՝ սուր, ենթասուր և քրոնիկական, չոր և էքսուդատիվ (շճային, թարախային, արյունային), ըստ ծագման՝ վարակիչ և սպեցիֆիկ, դիստրոֆիկ, վնասվածքային և այլ հիվանդությունների հետ կապված։
Հոդաբորբ | |
---|---|
Տեսակ | հոդախտ, հիվանդության կարգ և ախտանիշ կամ նշան |
Հիվանդության ախտանշաններ | վերջույթների բորբոքում[1] |
Բժշկական մասնագիտություն | ռևմատոլոգիա |
ՀՄԴ-9 | 710, 711, 712, 713, 714, 715, 716, 717, 718 և 719 |
Arthritis Վիքիպահեստում |
Վարակիչ և սպեցիֆիկ հիվանդություններ
խմբագրելԱյս շարքին են դասվում բրուցելոզային, տուբերկուլոզային, վիրուսային, սիֆիլիտիկ, դիզենտերային, սնկային, գոնոռեային, էխինոկոկային, սեպտիկ, ռևմատիկ, վարակիչ, ոչ սպեցիֆիկ հիվանդությունները և այլն, որոնք օրգանիզմում վարակի վերացումից հետո կարող են ընթանալ որպես ինքնուրույն հիվանդություններ։ Վարակիչ հիվանդությունների յուրահատուկ ձև է անշարժացող սպոնդիլոարթրիտը (Բեխտերևի հիվանդություն)։
Դիստրոֆիկ հիվանդություններ
խմբագրելԱյս շարքին են դասվում նյութափոխանակության խանգարումներով (պոդագրային հիվանդություն, Կաշին Բեկի հիվանդություն), վիտամինների անբավարարությամբ պայմանավորված, արյան հիվանդություններից առաջացած (հեմոֆիլիայի, լեյկոզների դեպքում), ֆիզիկական գերլարվածության, սառեցման և աշխատանքային հիգիենայի պայմանների խախտման հետ կապված հիվանդությունները (լեռնագործների, թունելագործների, տրանսպորտի աշխատողների մոտ) և այլն։
Վնասվածքային հիվանդություններ
խմբագրելԱյս հիվանդությունների պատճառ են հանդիսանում հոդերի Փակ ու բաց վնասվածքները և հաճախ կրկնվող թույլ վնասումները։ Հիվանդությունների ժամանակ կարող են ախտահարվել նաև հոդաճառները և ոսկրերը։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն ընդհանուր հաշմանդամության 3, 1%-ի պատճառը քրոնիկական հիվանդություններն են։ Ախտանշաններն են՝ հոդացավեր, հոդի այլաձևություն, ֆունկցիայի խանգարում, հոդի մաշկածածկույթների կարմրություն և ջերմաստիճանի բարձրացում։ Սուր հիվանդությունների ժամանակ ցավերը լինում են ուժեղ և մշտական, իսկ քրոնիկականի դեպքում՝ միայն հոդը շարժելիս։
Բուժում
խմբագրելԲուժումը հիմնական պատճառի կամ հիվանդության վերացումն է։ Ցավը հանգստացնող, հակաբորբոքային դեղամիջոցներ, հորմոնային սպեցիֆիկ պատրաստուկներ։ Այլաձևությունները կանխելու համար կիրառվում են օրթոպեդիական միջոցառումներ, ուղղիչ մարմնամարզություն, ֆիզիոթերապևտիկ, ջրաբուժական և ցեխաբուժական պրոցեդուրներ։ Կայուն այլաձևությունների դեպքերում՝ վիրահատություններ (մկանահատում, ջլահատում, ոսկրահատում, հոդահատում, հոդապլաստիկա և այլն)։ Առողջարանային բուժում (Արզնի, Դիլիջան, Ծղալտուբո, Պյատիգորսկ, Սակի, Եվպատորիա)։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Disease Ontology — 2016.
http://www.crosscenter.am/am/diseases/arthritis-arthrosis-coxarthrosis
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հոդաբորբ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 507)։ |