ՀՀ քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց իրավունքներ

ՀՀ քրեակատարողական հիմնարկ|քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց իրավունքներ, ազատությունը որոշ չափով սահմանափակված անձանց` կալանավորների և դատապարտյալների իրավունքները ուղղիչ հիմնարկներում, որտեղ դրանք ավելի են սահմանափակվում և էլ ավելի խոցելի դառնում:

ՔԿՀ-ներԽմբագրել

Համաձայն «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքի[1] 7-րդ հոդվածի` քրեակատարողական հիմնարկներ են ուղղիչ հիմնարկները և կալանավորվածներին պահելու վայրերը: «ՀՀ քրեակատարողական օրենսգիրքը», ելնելով մեկուսացվածության աստիճանից, առանձնացնում է ուղղիչ հիմնարկների հետևյալ տեսակները․

  1. բաց ուղղիչ հիմնարկ.
  2. կիսաբաց ուղղիչ հիմնարկ.
  3. կիսափակ ուղղիչ հիմնարկ.
  4. փակ ուղղիչ հիմնարկ.
  5. բուժական ուղղիչ հիմնարկ:

Պատիժը կատարելու համար ուղղիչ հիմնարկի տեսակը որոշվում է հետևյալ առանձնահատկություններով.

  1. անզգուշությամբ կատարած հանցագործության համար որոշակի ժամկետով ազատազրկման դատապարտվելու դեպքում՝ բաց ուղղիչ հիմնարկ.
  2. դիտավորյալ ոչ մեծ, միջին ծանրության կամ ծանր հանցագործության համար առաջին անգամ որոշակի ժամկետով ազատազրկման դատապարտվելու դեպքում՝ կիսաբաց ուղղիչ հիմնարկ.
  3. առանձնապես ծանր հանցագործության համար տասը տարուց պակաս ժամկետով առաջին անգամ դատապարտվելու կամ ռեցիդիվի կամ վտանգավոր ռեցիդիվի դեպքում՝ կիսափակ ուղղիչ հիմնարկ.
  4. առանձնապես ծանր հանցագործության համար տասը տարուց ավելի ժամկետով կամ ցմահ ազատազրկման դատապարտվելու, ինչպես նաև առանձնապես վտանգավոր ռեցիդիվի դեպքում՝ փակ ուղղիչ հիմնարկ.
  5. որոշակի ժամկետով ազատազրկման դատապարտվելու և բուժսանիտարական ու բուժկանխարգելիչ համապատասխան օգնություն կազմակերպելու անհրաժեշտության դեպքում՝ բուժական ուղղիչ հիմնարկ[2]:

ՔԿՀ-ների տեսակները առանձնացնելիս արդեն պարզ է դառնում, որ այս կառույցները որոշակի հատուկ ռեժիմային գոտում են գտնվում։ Այս և որոշ այլ հանգամանքների (այդ թվում` այդ հաստատություններ մուտք գործելու համար սահմանված հատուկ կարգը) հիման վրա էլ այս կառույցը համարվում է փակ հաստատություն։ Փակ հաստատություններում գտնվող անձանց կյանքի, առողջության պահպանման, արժանապատվության հարգման և մյուս իրավունքների պաշտպանության պարտավորությունը, հոգսն ու պատասխանատվությունը կրում է պետությունը[3]:

Քրեակատարողական հիմնարկների տեսակները և լրակազմերը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը` քրեակատարողական վարչության պետի ներկայացմամբ: Քրեակատարողական հիմնարկները ստեղծում, վերակազմակերպում և դրանց գործունեությունը դադարեցնում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը[1]: Ներկայումս ՀՀ-ում գործող քրեակատարողական հիմնարկները 12-ն են․

  1. ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ,
  2. ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ,
  3. ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ,
  4. ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ,
  5. ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ
  6. ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկ
  7. ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկ,
  8. ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ,
  9. ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ,
  10. ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկ,
  11. ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկ,
  12. ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ [4]:

Միջազգային իրավական փաստաթղթերԽմբագրել

Հայաստանի Հանրապետության իրավական համակարգի բաղկացուցիչ մասն են կազմում միջազգային պայմանագրերը: Համաձայն ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի[5]` եթե վավերացված միջազգային պայմանագրում սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են օրենքներով, ապա կիրառվում են այդ նորմերը: Ազատազրկվածների իրավունքներին վերաբերող նորմեր պարունակող միջազգային իրավական փաստաթղթերից են`

Դատապարտյալներ և կալանավորված անձինք, նրանց իրավական վիճակըԽմբագրել

ՔԿՀ-ներում պահվում են կալանավորված և դատապարտված անձինք: Կալանավորներն այն անձինք են, որոնց նկատմամբ դատարանի որոշմամբ կիրառվել է կալանքը որպես խափանման միջոց, երբ դեռևս օրինական ուժի մեջ մտած դատավճիռ չկա: Դատավճիռն օրինական ուժի մեջ է մտնում այն ժամանակ, երբ սպառվել են բոլոր երեք ներպետական կառույցների՝ ընդհանուր իրավասության, վերաքննիչ և վճռաբեկ դատարանների բողոքարկումները, կամ բողոքարկման ժամկետը,և վերջնական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ: Կալանավորները պահվում են մեկուսարաններում՝ փակ ռեժիմային գոտում: Դատապարտյալներն այն անձինք են, որոնք պատիժը կրում են ազատազրկման ձևով՝ նրանց նկատմամբ ընդունված վերջնական դատական ակտի, այսինքն, օրինական ուժի մեջ մտած դատավճռի հիման վրա: Նրանք տեղաբաշխվում են համապատասխան քրեակատարողական հիմնարկներում[3]:

«Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածում քրեակատարողական ծառայության հիմնական խնդիրների մեջ առանձնացվում է քրեակատարողական հիմնարկներում օրինականություն, ինչպես նաև կալանավորվածների և դատապարտյալների` իրենց իրավունքներից և ազատություններից օգտվելու երաշխիքներ ապահովելը: «ՀՀ Քրեակատարողական օրենսգրքում» (ՔԿՕ) ամրագրված է դատապարտյալի, իսկ «Ձերբակալված և կալանավորված անձանց մասին» ՀՀ օրենքում` կալանավորված անձանց իրավական վիճակը: Այսպես դատապարտյալն կամ կալանավորված անձը իրավունք ունի՝

  • մայրենի կամ իրեն հասկանալի այլ լեզվով տեղեկություններ ստանալու իր իրավունքների, ազատությունների և պարտականությունների, դատարանի նշանակած պատժի կատարման կարգի և պայմանների, դրանց փոփոխությունների, առաջարկությունների, դիմումների և բողոքների, ինչպես նաև միջազգային համապատասխան փաստաթղթերի մասին.
  • իր նկատմամբ բարեկիրթ վերաբերմունքի.
  • իր իրավունքների և ազատությունների խախտման վերաբերյալ դիմումներով, բողոքներով, ինչպես անձամբ, այնպես էլ պաշտպանի կամ օրինական ներկայացուցչի միջոցով դիմելու պատիժը կատարող մարմնի կամ հիմնարկի վարչակազմ, նրանց վերադաս մարմիններ, դատարան, դատախազություն, Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանին, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ, հասարակական միավորումներ և կուսակցություններ, զանգվածային լրատվության միջոցներ, ինչպես նաև մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության միջազգային մարմիններ կամ կազմակերպություններ.
  • առողջության պահպանման, այդ թվում՝ բավարար սնունդ, բժշկական օգնություն ստանալու.
  • սոցիալական ապահովության,
  • իրավաբանական օգնություն ստանալու.
  • անձնական անվտանգության ապահովման.
  • մտքի, խղճի և դավանանքի, քաղաքական կամ այլ հայացքների ազատության.
  • արտաքին աշխարհի հետ հաղորդակցվելու, այդ թվում՝ վարելու նամակագրություն, ունենալու տեսակցություններ, օգտվելու հեռախոսակապից, գրականությունից և հնարավոր լրատվական միջոցներից.
  • հանգստի, ներառյալ՝ բացօթյա զբոսանքի կամ մարմնամարզության և ութժամյա գիշերային քնի իրավունքը.
  • իր անվամբ կամ ազգանվամբ կոչվելու.
  • անձնական ընդունելության խնդրանքով դիմելու պատիժը կատարող մարմնի կամ հիմնարկի ղեկավարին, այդ մարմնի կամ հիմնարկի գործունեության նկատմամբ հսկողություն և վերահսկողություն իրականացնող մարմիններ.
  • քաղաքացիաիրավական գործարքների մասնակցելու.
  • հնարավոր և օրենքով նախատեսված կրթություն ստանալու, ստեղծագործ աշխատանքով զբաղվելու.
  • պատիժը կատարող հիմնարկի խանութից կամ կրպակից կամ վարչակազմի միջոցով ձեռք բերելու լրացուցիչ սնունդ և առաջին անհրաժեշտության առարկաներ.
  • դրամական փոխանցումներ, հանձնուքներ և ծանրոցներ ստանալու և ուղարկելու.
  • ստանալ նույնականացման քարտ՝ «Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով[2][11]:

Քանի որ ՔԿՀ-ներում դատապարտյալների, կալանավորների որոշ իրավունքներ արդեն իսկ սահմանափակված են, այստեղ նրանց իրավունքները ավելի խոցելի են դառնում: Առանձին անդրադառնանք դրանցից մի քանիսին:

Արդար դատաքննության իրավունքԽմբագրել

ՀՀ Սահմանադրությունը արդար դատաքննության իրավունքի տակ ամրագրում է, որ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք: Հրապարակայնության առումով նշվում է, որ օրենքով սահմանված դեպքերում և կարգով, դատարանի որոշմամբ դատական վարույթը կամ դրա մի մասը կարող է անցկացվել դռնփակ` վարույթի մասնակիցների մասնավոր կյանքի, անչափահասների կամ արդարադատության շահերի, ինչպես նաև պետական անվտանգության, հասարակական կարգի կամ բարոյականության պաշտպանության նպատակով: Նաև նշվում է, որ հիմնական իրավունքների խախտմամբ ձեռք բերված կամ արդար դատաքննության իրավունքը խաթարող ապացույցի օգտագործումն արգելվում է:

Այս իրավունքը ամրագրված է նաև մի շարք միջազգային իրավական փաստաթղթերում: «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրրը»[12] ամրագրել է, որ յուրաքանչյուր ոք իր իրավունքներն ու պարտականությունները ճշտելու և իրեն ներկայացված քրեական մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար լիակատար հավասարության հիման վրա իրավունք ունի պահանջելու, որ իր գործը հրապարակայնորեն և արդարության բոլոր պահանջների պահպանմամբ քննվի անկախ և անկողմնակալ դատարանի կողմից: Այս իրավունքի ապահովումը սերտորեն կապված է նաև մեղադրվող անձի անմեղության կանխավարկածի հետ: Սա ամրագրված է ինչպես միջազգային իրավական փաստաթղթերում, այնպես էլ մեր երկրի օրենսդրությամբ: Ընդհանուր առմամբ այն իրենից ներկայացնում է հետևյալը. յուրաքանչյուր ոք, ով մեղադրվում է հանցանք կատարելու մեջ, համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ գործող օրենքին համապատասխան։

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության եվրոպական կոնվենցիա»-ն[13] արդար դատաքննության իրավունքը սահանելիս ամրագրել է, որ քրեական հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող յուրաքանչյուր ոք ունի հետևյալ նվազագույն իրավունքները.

  • իրեն հասկանալի լեզվով անհապաղ ու հանգամանորեն տեղեկացվելու իրեն ներկայացված մեղադրանքի բնույթի և հիմքի մասին,
  • բավարար ժամանակ ու հնարավորություններ` իր պաշտպանությունը նախապատրաստելու համար,
  • պաշտպանելու իրեն անձամբ կամ իր ընտրած դատապաշտպանների միջոցով, կամ եթե նա բավարար միջոցներ չունի դատապաշտպանի ծառայության դիմաց վճարելու համար, ունենալու անվճար նշանակված դատապաշտպան, երբ դա պահանջում են արդարադատության շահերը,
  • հարցաքննելու իր դեմ ցուցմունք տվող վկաներին կամ իրավունք ունենալու, որ այդ վկաները ենթարկվեն հարցաքննության և իրավունք ունենալու` իր վկաներին կանչելու ու հարցաքննելու միևնուն պայմաններով, ինչ իր դեմ ցուցմունք տված վկաները,
  • օգտվելու թարգմանչի անվճար օգնությունից, եթե ինքը չի հասկանում դատարանում գործածվող լեզուն կամ չի խոսում այդ լեզվով։

Առողջության պահպանման իրավունքԽմբագրել

ՀՀ գործող Սահմանդրության 85-րդ հոդվածը ամրագրում է, որ յուրաքանչյուր ոք, օրենքին համապատասխան, ունի առողջության պահպանման իրավունք[5]: Այսպես դատապարտյալներն ու կալանավորված անձինք բացառություն չեն:

ՀՀ կառավարությունը 2018 թվականի մարտի 1-ի թիվ 204-Ն որոշմամբ ստեղծել է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը, որի գործունեության նպատակն է Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալներին պատշաճ բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցումը: Հարկ է նշել, որ ՊՈԱԿ-ը ապահովում է բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցումը «Դատապարտյալների հիվանդանոց», «Նուբարաշեն», «Վարդաշեն», «Երևան-Կենտրոն», «Աբովյան», «Սևան», «Հրազդան», «Վանաձոր», «Արթիկ», «Գորիս», «Կոշ», «Արմավիր» քրեակատարողական հիմնարկներում[14]:

ՀՀ-ում դատապարտյալի բուժսանիտարական և բուժկանխարգելիչ օգնությունը կազմակերպելու, առողջապահական մարմինների բուժական հիմնարկներից օգտվելու և այդ նպատակով դրանց բժշկական անձնակազմին ներգրավելու կարգը սահմանում է ՀՀ կառավարությունը: Այդ նպատակով կազմակերպվում է բուժական ուղղիչ հիմնարկ: Վերջինիս վարչակազմն ապահովում է դատապարտյալի առողջության պահպանմանն ուղղված սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումների կատարումը և պատասխանատվություն է կրում չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար[2]: Քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունը պետք է երաշխավորի ազատազրկված անձանց առողջապահությունը: Քրեակատարողական հիմնարկի բուժսպասարկումը պետք է կազմակերպվի երկրի ընդհանուր առողջապահության կառույցների հետ սերտ համագործակցությամբ: Կարևոր է այն, որ ազատազրկված անձինք պետք է հնարավորություն ունենան օգտվելու երկրում առկա բժշկական ծառայություններից առանց նրանց իրավական կարգավիճակի հիման վրա խտրականության: Յուրաքանչյուր քրեակատարողական հիմնարկ իր տրամադրության տակ պետք է ունենա գոնե մեկ որակյալ, ընդհանուր բժշկության բնագավառում գիտակ բուժաշխատող, որի հասանելիությունը պետք է ապահովված լինի ցանկացած պահի: Բժիշկը պարտավոր է հոգ տանել ազատազրկված բոլոր անձանց մարմնական և հոգեկան առողջության մասին, այցելի այն հիվանդներին, ովքեր գանգատվում են հիվանդությունից, ինչպես նաև նրանց, ովքեր հատուկ ուշադրության կարիք ունեն այնպիսի պայմաններում և հաճախականությամբ, որոնք համապատասխանում են հասարակության առողջապահական չափանիշներին: Բժիշկը կամ նման լիազորություններով օժտված այլ անձ պարտավոր է իրականացնել կանոնավոր տեսչական ստուգում, այլ կերպ տեղեկություններ հավաքել և հիմնարկի ղեկավարին զեկուցել`

  • սննդի և ջրի որակի, չափաբաժնի, պատրաստման և մատուցման,
  • հիմնարկի և ազատազրկված անձանց հիգիենայի և մաքրության,
  • հիմնարկի սանիտարական պայմանների, ջեռուցման, լուսավորության ու օդափոխության,
  • ազատազրկված անձանց հագուստի և անկողնային պարագաների պիտանիության ու մաքրության մասին:

Այս կարգավորումները ամրագրված են «Եվրոպական բանտային կանոնների մասին ԵԽ անդամ պետություններին հասցեագրված Նախարարների կոմիտեի Թիվ Rec(2006)2 առաջարկության» մեջ[10]: 2001թ. հունվարի 25-ից լինելով ԵԽ-ի անդամ` ՀՀ-ի վրա նույնպես այս իրավական ակտի նորմերը տարածվում են [15]:

Առողջության պահպանման մասին խոսելիս չպետք է ենթադրել միայն բուժսպասարկում: Հարկ է նշել նաև սնունդը, այդ անձանց հիգենիայի ապահոման համար ստեղծված պայմանները:

Մեր օրենսդրությունը ամրագրում է, որ դատապարտյալները, կալանավորված անձինք պետք է ապահովված լինեն իրենց հիգենիայի պահանջները բավարելու համար մարդկային արժանապատվությունը չնվաստացնող պայմաններով[2][11]: Բանտարկյալներին պետք է ապահովված լինեն մաքրությունը ապահովելու համար անհրաժեշտ քանակի ջրով ու անհրաժեշտ պարագաներով: Հագուստը պետք է պահվի մաքուր և կարգին վիճակում: Լվացքն ու մաքուր սպիտակեղենի տրամադրումը պետք է ապահովել հիգիենայի պահանջներին համապատասխան[7]: Դատապարտյալները, կալանավորված անձինք պետք է ապահովված լինեն իրենց օրգանիզմի կանոնավոր կենսագործունեության համար անհրաժեշտ սննդով, ինչպես նաև խմելու ջրով: Ընդ որում սննդի որակը և սննդարարությունը սահմանված նվազագույն չափաբաժիններից պակասեցնելը, այդ թվում` որպես տույժի միջոց, արգելվում է[11],[2]:

Ազատազրկված անձանց պետք է ապահովել այնպիսի կերակրացանկով, որտեղ հաշվի է առնված նրանց տարիքը, առողջությունը, ֆիզիկական պայմանները, կրոնական պահաջները, մշակույթը և նրանց կողմից կատարվող աշխատանքը[10]: Դատապարտյալներն ու կալանավորված անձինք նաև կարող են իրենց միջոցներով ձեռք բերել սնունդ և անհրաժեշտ ու չարգելված առարկաներ: Դրանք ձեռք բերելու կարգը սահմանվում է ներքին կանոնակարգով: Դատապարտյալների, կալանավորված անձանց անձնական հիգիենայի պահպանման համար անհրաժեշտ հիգիենայի պարագաների չափաբաժինները, ինչպես նաև տրամադրվող սննդի նվազագույն չափաբաժինները սահմանում է ՀՀ կառավարությունը[11]:

Այս իրավունքի ապահովման տեսանկյունից կարևոր է նաև այն, որ կալանքի տակ գտնվող ոչ մի անձ կամ դատապարտյալ չպետք է նույնիսկ իր համաձայնությամբ որևէ բժշկական կամ գիտական փորձի ենթարկվի, որոնք կարող են վնասել նրա առողջությանը: Այս սկզբունքը ամրագրված է ինչպես մեր երկրի օրենսդրության մեջ, այնպես էլ մի շարք միջազգային իրավական փաստաթղթերում[9]:

ՄԱԿ-ի[16] Գլխավոր ասամբլեայի ընդունած «Իրավակարգը պաշտպանող անձան վարվելակերպի կանոնագրքի» 6-րդ հոդվածը սահմանում է, որ իրավակարգը պաշտպանող պաշտոնատար անձինք լիովին ապահովում են ձերբակալվածների առողջության պաշտպանությունը, մասնավորապես, անհապաղ միջոցներ են ձեռք առնում անհրաժեշտության դեպքում բժշկական օգնություն ապահովելու համար[17]:

Կրթության իրավունքԽմբագրել

ՀՀ Սահմանադրության 38-րդ հոդվածում ամրագրված է, որ յուրաքանչյուր ոք ունի կրթության իրավունք[5]: Դատապարտյալների և կալանավորված անձինք նույնպես օգտվում են այդ իրավունքից:

Մեր օրենսդրությամբ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմը հնարավորություններ է ստեղծում կալանավորված անձանց տարրական, հեռակա ընդհանուր միջնակարգ և բարձրագույն կրթությունը կազմակերպելու համար` պահպանելով ներքին կանոնակարգի պահանջները: Ի տարբերություն նրանց, մեր երկրում դատապարտյալի նախնական կամ միջին մասնագիտական կրթություն չի իրականացվում, իսկ նրա հիմնական և հեռակա բարձրագույն, հետբուհական մասնագիտական կրթությունը և մասնագիտական ուսուցումը կազմակերպելու համար, արդեն, ուղղիչ հիմնարկի վարչակազմը միջոցներ է ձեռնարկում: Դատապարտյալների, կալանավորված անձանց կրթությունը և մասնագիտական ուսուցումը կազմակերպվում են ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգով սահմանված կարգով[2][11]:

«Բանտարկյալների հետ վարվեցողության նվազագույն ստանդարտ կանոններ«»-ի 77-րդ կետում նշվում է, որ այն բանտարկյալներին, ովքեր ընդունակ են դրանից օգուտ քաղել, պետք է կրթության հնարավորություն ընձեռել, ներառյալ կրոնական դաստիարակությունն այն երկրներում, որտեղ դա թույլատրվում է: Անգրագետների և երիտասարդների ուսուցումը պետք է պարտադիր համարել, և բանտային վարչության մարմինները պետք է հատուկ ուշադրություն դարձնեն դրան: Բանտարկյալների ուսուցումը հնարավորին չափ պետք է կապակցել երկրում գործող կրթական համակարգին, որպեսզի ազատվող բանտարկյալները կարողանան հետագայում էլ սովորել առանց դժվարությունների[7]:

«Անդամ պետություններին հասցեագրված նախարարների կոմիտեի եվրոպական բանտային կանոնների մասին թիվ R(2006) 2 առաջարկության» 28-րդ կետում ամրագրված է, որ յուրաքանչյուր քրեակատարողական հիմնարկ պետք է ջանքեր գործադրի և ապահովի ազատազրկված անձանց կրթական ծրագրերով, որոնք բավականաչափ համապարփակ են և համապատասխանում են նրանց անհատական կարիքներին ու ձգտումներին: Նաև նշվում է, որ ՔԿՀ-ն պետք է ունենա գրադարան, որը հասանելի կլինի բոլոր ազատազրկվածներին։ Այն պետք է համալրված լինի կրթական և գեղարվեստական նյութերով, գրքերով և այլ տեղեկատվական աղբյուրներով։ Ազատազրկված անձանց կրթությունը պետք է հնարավորինս՝ ա) ինտեգրված լինի կրթական և մասնագիտական ուսուցման ազգային համակարգում, որպեսզի ազատվելուց հետո նրանք առանց խոչընդոտների հնարավորություն ունենան շարունակելու մասնագիական ուսուցումը կամ կրթությունը. բ) իրականացվի կրթական հաստատությունների հովանու ներքո։ 106-րդ կետում նշվում է, որ կրթության համակարգված ծրագիրը, այդ թվում հմտություններ զարգացնող ուսուցումը, որոնք նպատակ ունեն բարելավել ազատազրկված անձանց կրթվածության ընդհանուր մակարդակը և նպաստել հետագայում պատասխանատու և հանցավորությունից զերծ կենսակերպին, պետք է լինեն ազատազրկման դատապարտված անձանց ռեժիմի կարևոր մասը: Պետք է խրախուսել ազատազրկման դատապարտված բոլոր անձանց մասնակցությունը կրթական և ուսուցողական ծրագրերին: Ազատազրկման դատապարտված անձանց համար նախատեսված կրթական ծրագրերը պետք է մշակվեն` հաշվի առնելով քրեակատարողական հինարկում նրանց մնալու տևողությունը[10]:

Աշխատանքի իրավունքԽմբագրել

Մեր օրենսդրությունը ամրագրել է, որ դատապարտյալները, կալանավորված անձինք հնարավորության դեպքում ապահովվում են աշխատանքով կամ նրանց իրավունք է վերապահվում ինքնուրույն իրենց աշխատանքով ապահովելու, որի կարգը և պայմանները սահմանվում են ներքին կանոնակարգով: Նրանց աշխատանքի ներգրավելիս համապատասխան վարչակազմը պարտավոր է հաշվի առնել նրանց սեռը, տարիքը, աշխատունակությունը, առողջական վիճակը և հնարավորինս՝ մասնագիտությունը։ Դատապարտյալի աշխատանքային գործունեությունը չպետք է խոչընդոտի ուղղիչ հիմնարկի առջև դրված խնդիրներն իրականացնելուն: Աշխատանքով ապահովելիս առաջնությունը տրվում է այն դատապարտյալին, ով ունի գույքային պարտավորություններ կամ գտնվում է նյութական ծանր վիճակում[2]: Նրանց աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ: Կալանավորված անձի կատարած աշխատանքից ստացված եկամուտը օրենքով նախատեսված պահումները կատարելուց հետո փոխանցվում է նրա անձնական հաշվին: Դատապարտյալի աշխատանքի ամսական վարձատրությունը չի կարող պակաս լինել սահմանված նվազագույն աշխատավարձից: Ի տարբերություն կալանավորված անձանց, դատապարտյալները իրենց համաձայնությամբ կարող են նաև ներգրավվել չվարձատրվող աշխատանքների: Նրանց արգելված աշխատանքների և պաշտոնների ցանկը հաստատվում է ՀՀ կառավարության որոշմամբ[11]:

Բանտարկյալների աշխատանքը չպետք է տառապանք պատճառի նրանց: Այն պետք է օգտակար լինի, հնարավորության դեպքում նաև բարձրացնի նրանց որակավորումը: Իսկ աշխատաժամանակը պետք է այնպես բաշխել, որ բանտարկյալները շաբաթվա մեջ ունենան գոնե 1 հանգստյան օր և բավականաչափ ժամանակ` իրենց վերադաստիարակման նպատակով անհրաժեշտ ուսման և գործունեության համար[7]:

«Թիվ R(2006) 2 հանձնարարական»-ում նշվում է, որ աշխատանքի տրամադրման ժամանակ չպետք է սեռական խտրականություն դրվի: Ազատազրկված անձինք պետք է հնարավորություն ունենան իրենց աշխատած գումարի գոնե մի մասը ծախսել անձնական օգտագործման թույլատրելի առարկաներ ձեռք բերելու համար, իսկ աշխատավարձի մի մասն էլ ուղարկել ընտանիքին[10]։

Խոշտանգումներից ու անմարդկային վերաբերմունքից զերծ մնալու իրավունքԽմբագրել

ՀՀ Սահմանդրության 26–րդ հոդվածը սահմանում է, որ ոչ ոք չի կարող ենթարկվել խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի: Ապա ավելացնում` ազատությունից զրկված անձինք ունեն մարդասիրական վերաբերմունքի իրավունք[5]:

ՄԱԿ-ի «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի ու պատժի դեմ կոնվենցիա»-ում «խոշտանգում» է համարվում ցանկացած գործողություն, որով որևէ անձի դիտավորությամբ պատճառվում է մարմնական կամ մտավոր ուժեղ ցավ կամ տառապանք՝ նրանից կամ երրորդ անձից տեղեկություններ կամ խոստովանություն կորզելու, այն գործողության համար պատժելու, որը կատարել կամ կատարման մեջ կասկածվում է նա կամ երրորդ անձը, կամ նրան կամ երրորդ անձին վախեցնելու կամ հարկադրելու նպատակով, կամ ցանկացած տեսակի խտրականության վրա հիմնված ցանկացած պատճառով, երբ նման ցավը կամ տառապանքը պատճառվում է պետական պաշտոնյայի կամ պաշտոնապես հանդես եկող այլ անձի կողմից կամ նրանց դրդմամբ կամ համաձայնությամբ։ Սա չի ներառում այն ցավն ու տառապանքը, որոնք բխում են օրինական պատժամիջոցներից միայն կամ հատուկ են դրանց[6]։

Մեր քրեակատարողական օրենսդրությունը, հիմքում դնելով թե մեր սահմանդրության սահմանածը, թե միջազգային իրավունքի սկզբունքները, ամրագրում է, որ պատժի կատարումը, ինչպես նաև պատժի կատարման հետ միացված բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների կիրառումը չպետք է զուգակցվեն անձի նկատմամբ ֆիզիկական բռնությամբ, ինչպես նաև այնպիսի գործողություններով, որոնք կարող են հանգեցնել անձի սոցիալ-հոգեբանական զարգացման հետընթացի: Դատավճռի հիման վրա ազատությունից զրկված ոչ մի անձ չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի: Ոչ մի հանգամանք չի կարող հիմք ծառայել խոշտանգումները կամ այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքը կամ պատիժն արդարացնելու համար[2]: Կալանավորված անձանց առումով օրենքում նշվում է, որ նրանց նկատմամբ արգելվում է ֆիզիկական բռնություն գործադրել, ինչպես նաև անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող գործողություններ: Բացի սրանցից մեր երկրում այդ անձանց կալանքի տակ պահելն իրականացվում է նաև միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներն ու նորմերին համապատասխան[11]:

Թե Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը[12], թե Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության եվրոպական կոնվենցիան[13] ամրագրում են, որ ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգման կամ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքի ու պատժի:

Դիմում, բողոք ներկայացնելու իրավունքըԽմբագրել

Օրենսդրությունը դատապարտյալներին, կալանավորված անձանց իրավունք է տալիս նաև իրենց առաջարկությունները, դիմումները և բողոքները ներկայացնել ամեն օր ինչպես գրավոր, այնպես էլ բանավոր։ Գրավոր բողոքները ոչ ուշ, քան 1 օրվա ընթացքում, ուղարկվում են հասցեատերերին: Ներկայացրած առաջարկությունները, դիմումներն ու բողոքները քննարկող մարմինները և պաշտոնատար անձինք պարտավոր են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ու ժամկետներում քննարկել դրանք և ընդունված որոշումների մասին տեղյակ պահել դատապարտյալին կամ կալանավորված անձին: Ներկայացրած առաջարկությունից, բողոքից կամ դիմում ելնելով` արգելվում է որևէ ձևով հետապնդումը դատապարտյալի կամ կալանավորված անձի նկատմամբ: Նման հետապնդում իրականացնող անձինք կրում են օրենքով սահմանված պատասխանատվություն[2]:

Դիմումներն ու բողոքները բովանդակության առումով գրաքննության ենթակա չեն, բայց պետք է կազմված լինեն պատշաճ ձևով, և ներկայացվեն դրա համար նախատեսված ուղիներով: Բացի այն դեպքերից, երբ նմանատիպ դիմումները կամ բողոքներն ունեն մակերեսային կամ վերացական բնույթ, դրանք ենթակա են անհապաղ քննության, և դրանց պետք է պատասխանել առանց ավելորդ ձգձգումների[7]: Դիմումի կամ բողոքի մերժման դեպքում ազատազրկված անձին պետք է ներկայացվեն պատճառները, և նա պետք է ունենա անկախ մարմնին բողոքարկելու իրավունք։ Նրանք չպետք է պատժվեն դիմում կամ բողոք ներկայացնելու պատճառով[10]։

Կապն արտաքին աշխարհի հետԽմբագրել

Մեր քրեակատարողական օրենսդրությունը ամրագրում է, որ դատապարտյալների, կալանավորված անձանց իրենց ընտանիքի և արտաքին աշխարհի հետ կապն ապահովելու նպատակով ուղղիչ հիմնարկներում ստեղծվում են կարճատև և երկարատև տեսակցությունների սենյակներ, կապի հնարավոր միջոցների հանգույցներ, լրատվական միջոցներից օգտվելու հնարավոր պայմաններ: Մերձավոր ազգականների կամ այլ անձանց հետ կարճատև տեսակցություն տրամադրվում է ամսվա ընթացքում առնվազն 1 անգամ` մինչև 4 ժամ տևողությամբ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Միայն մերձավոր ազգականների հետ և նաև դատապարտյալի հետ ամուսնության մեջ երեխա ունեցող անձի հետ թույլատրվում է երկարատև տեսակցություն`2 ամսվա ընթացքում առնվազն 1 անգամ` մինչև 3 օր տևողությամբ: Դատապարտյալի խնդրանքով երկարատև տեսակցությունը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի կարող է փոխարինվել կարճատև տեսակցությամբ: Առանձնապես ծանր հանցագործության համար որոշակի ժամկետով ազատազրկման կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձանց տրամադրվում է տարվա ընթացքում առնվազն 6 կարճատև և 2 երկարատև տեսակցություն: Նշված սահմանափակումը վերանում է, եթե դատապարտյալը փաստացի կրել է պատժի` ՀՀ քրեական օրենսգրքով պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատում կիրառելու համար սահմանված ժամկետը: Կարճատև և երկարատև տեսակցություններ տրամադրելու կարգը սահմանվում է ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգով: Եթե դատապարտյալը տառապում է շրջապաի համար վտանգ ներկայացնող հիվանդությամբ, տեսակցությունը իրականացվում է այնպիսի հատուկ պայմաններում, որոնք բացառում են տեսակցողի վարակումը[2]:

Դատապարտյալներին, կալանավորված անձանց թույլատրվում է իրենց հաշվին նամակագրություն վարել առանց նամակների, հեռագրերի թվի սահմանափակման: Տեղափոխվելու հետևանքով իրենց անունով ստացված նամակներն ուղարկվում են նրանց գտնվելու նոր վայր: Նամակագրությունը առանց բովանդակային առումով քննության ենթարկվում է արտաքին զննման: Գրաքննություն կարող է կատարվել միայն դատարանի որոշմամբ` վարույթն իրականացնող մարմնի կողմից: Կապի միջոցներից, այդ թվում՝ հեռախոսակապից, օգտվելու կարգը և քանակը սահմանվում են ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգով: Ուղղիչ հիմնարկի վարչակազմն ստեղծում է համապատասխան պայմաններ՝ թերթերից, ամսագրերից և այլ գրականությունից օգտվելու համար: Կալանավորվածներին պահելու վայրի խցերը ապահովվում են ռադիոընդունիչներով, այնտեղ կարող են տեղադրվել հեռուստացույցներ: Դատապարտյալի լուսանկարահանումը, ինչպես նաև տեսանկարահանումը և հարցազրույցն իրականացվում են նրա համաձայնությամբ` ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգով սահմանված կարգով: Համաձայնությունը կարող է կրել գրավոր բնույթ[2]։

Կալանավորված անձանց մերձավոր ազգականի մահվան կամ կյանքին սպառնացող ծանր հիվանդության, կալանավորված անձին կամ նրա ընտանիքին զգալի նյութական վնաս պատճառած տարերային աղետի դեպքում կարող են տրամադրվել կարճաժամկետ մեկնումներ[11]:

Կարևոր է համարվում բանտարկյալի ու նրա ընտանիքի միջև կապի ապահովումը: «Բանտարկյալների հետ վարվեցողության նվազագույն ստանդարտ կանոններ»-ում նշվում է, որ պատժաժամկետն անցկացնելու հենց սկզբից հարկավոր է մտածել ազատազրկվելուց հետո բանտարկյալին սպասող ապագայի մասին: Ուստի պետք է օգնել նրան` հիմնարկի պատերից դուրս գտնվող անձանց կամ հաստատությունների հետ կապերը հաստատելու և ամրապնդելու, որոնք ի վիճակի են պաշտպանել նրա ընտանիքի շահերը և ազատվելուց հետո աջակցել հասարակական կյանքին նրա ընդգրկմանը[7]:

Պահման պայմաններԽմբագրել

«Բանտարկյալների հետ վարվեցողության նվազագույն ստանդարտ կանոններ»-ում ամրագրված են այն պայմանները, որոնց պետք է բավարարեն բանտախցերը: Յուրաքանչկուր բանտարկյալ պետք է ունենա առանձին խուց կամ սենյակ: Եթե հատուկ պատճառներով, ինչպես օրինակ` բանտի ժամանակավոր ծանրաբեռնվածությունը, կենտրոնական բանտային վարչությունը ստիպված է հրաժարվել այդ կանոնի գործածությունից, միևնույն խցում կամ սենյակում երկու բանտարկյալների տեղավորելը ցանկալի չէ: Ընդհանուր բանտախցերում տեղավորվելիք բանտարկյալներին պետք է մանրակրկիտ կերպով ընտրել, որպեսզի համոզված լինեն, որ նրանք կարող են այդպիսի պայմաններում միասին ապրել: Գիշերները պետք է իրականացնել հիմնարկի բնույթին համատեղելի մշտական հսկողություն: Բոլոր կառույցները, որոնցից օգտվում են բանտարկյալները, հատկապես ննջարանները, պետք է համապատասխանեն սանիտարական բոլոր պահանջներին, ընդ որում` հարկավոր է պատշաճ ուշադրություն դարձնել կլիմայական պայմաններին, հատկապես այդ կառույցների ծավալներին, նվազագույն մակերեսի ապահովմանը, լուսավորությանը և օդափոխմանը:Այն կառույցներում, ուր ապրում և աշխատում են բանտարկյալները,

  • լուսամուտները պետք է ունենան բավարար չափեր, որպեսզի բանտարկյալները կարողանան կարդալ և աշխատել ցերեկային լույսով, և պետք է նախագծված լինեն այնպես, որ ապահովեն թարմ օդի մուտքը, անկախ այն բանից, գոյություն ունի օդափոխման արհեստական համակարգ, թե ոչ:
  • արհեստական լուսավորությունը պետք է բավարար լինի, որպեսզի բանտարկյալները կարողանան կարդալ կամ աշխատել առանց տեսողության համար վտանգի:

Սանիտարական հարմարությունները պետք է բավականաչափ լինեն, որպեսզի ամեն բանտարկյալ մաքրության և բարեկեցության պայմաններում կարողանա բավարարել իր բնական պահանջները: Բաղնիքի սարքավորումները և ցնցուղների քանակը պետք է բավականաչափ լինեն, որպեսզի յուրաքանչյուր բանտարկյալ կարողանա և պարտավոր լինի լողանալ կամ ջրցնցուղ ընդունել ամեն մի կլիմայի համապատասխան ջերմաստիճանում և այնքան հաճախ, որքան պահանջում են ընդհանուր հիգիենայի պայմանները` հաշվի առնելով տարվա եղանակը և աշխարհագրական շրջանը, այսինքն` չափավոր կլիմայում առնվազն շաբաթը մեկ անգամ: Հիմնարկի բոլոր մասերը, որտեղից կանոնավոր օգտվում են բանտարկյալները, պետք է միշտ պահվեն պատշաճ և մաքուր ձևով[7]:

Մեր օրենսդրությամբ նշված է, որ ուղղիչ հիմնարկում դատապարտյալին հատկացված բնակելի տարածքը պետք է համապատասխանի ընդհանուր բնակելի տարածքների համար սահմանված շինարարական և սանիտարահիգիենիկ չափանիշներին, ինչպես նաև ապահովի նրա առողջության պահպանումը: Ուղղիչ հիմնարկում մեկ դատապարտյալին հատկացվող բնակելի տարածության չափը չի կարող պակաս լինել չորս քառակուսի մետրից[2]։ Նույնը նաև կալանավորված անձանց համար[11]:

Արժանապատվության հարգման իրավունքԽմբագրել

ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածը սահմանում է, որ Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է, որ մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է: Իսկ իր 23-րդ հոդվածով էլ ամրագրում, որ մարդու արժանապատվությունն անխախտելի է[5]:

Վերոնշյալ իրավունքների պաշտպանությունը, դրանց իրականացման ապահովումը հենց վկայում են անձի արժանապատվության հարգման իրավունքի իրական ու գիտակցված լինելու, իսկ դրանց խախտումները` այս իրավունքի անտեսման, դրա ձևական ու ոտնահարված լինելու մասին:

ՕտարերկրացիներԽմբագրել

ՀՀ ՔԿՕ-ն ամրագրել է նաև օտարերկրյա քաղաքացիություն ունեցող դատապարտյալների, կալանավորված անձանց իրավունքները, նշելով, որ նրանք իրավունք ունեն կապեր հաստատելու և պահպանելու ՀՀ-ում իրենց պետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հաստատության հետ: Նշվում է, որ այն դատապարտյալը կամ կալանավորված անձը, ով ՀՀ-ում դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հաստատություն չունեցող երկրի քաղաքացի է, ինչպես նաև փախստականը կամ քաղաքացիություն չունեցող դատապարտյալը կամ կալանավորված անձը իրավունք ունեն կապեր հաստատելու և պահպանելու այն պետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հաստատության հետ, որը ստանձնել է այդ անձանց շահերի պաշտպանությունը կամ նրանց պաշտպանությամբ զբաղվող ցանկացած ազգային կամ միջազգային մարմնի հետ: Օտարերկրյա քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող դատապարտյալը, կալնավորված անձը «Փախստականների և ապաստանի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածով սահմանված կարգով ՀՀ-ում ապաստանի խնդրանք ներկայացնելու իրավունք ունեն, որը համապատասխան վարչակազմի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ենթակա է փոխանցման միգրացիայի հարցերով Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնին[2]:

Օտարերկրյա քաղաքացիություն ունեցող ձերբակալված կամ կալանավորված անձի ծանր հիվանդության կամ մահվան դեպքում համապատասխան հիմնարկի վարչակազմն այդ մասին անհապաղ հայտնում է վերադաս մարմնին, որն էլ տեղեկացնում է շահագրգիռ գերատեսչություններին, այդ թվում` համապատասխան պետության դիվանագիտական ներկայացուցչությանը կամ հյուպատոսական հիմնարկին[11]:

«Թիվ R(2006) 2 առաջարկության» մեջ ամրագրված է, որ, ելնելով հատուկ կարիքներ ունեցող ազատազրկված անձանց շահերից, ովքեր օտարերկրյա պետության քաղաքացիներ են, քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունը պետք է լիարժեք համագործակցի ազատազրկվածներին ներկայացնող դիվանագիտական և հյուպատոսական պաշտոնյաների հետ։ Օտարերկրյա քաղաքացի հանդիսացող ազատազրկված անձանց պետք է տեղեկացվեն իրավաբանական խորհրդատվության և այլ երկրում պատիժը կրելու հնարավորության մասին[10]։

Կանայք և անչափահասներԽմբագրել

Որպես դատապարտյալ կամ կալանավորված անձ, բացի ընդհանուր կանոններից, որոշ այլ պայմաններ են նախատեսվում կանանց, անչափահասների համար: Մեր օրենսդրությունը ամրագրում է, որ եթե դատապարտյալը հղի կին է կամ ունի մինչև երեք տարեկան երեխա,ապա պատիժը կատարող մարմնի կամ հիմնարկի ղեկավարը կարող են դատարան միջնորդություն ներկայացնել պատժի կրումը հետաձգելու կամ պատժից ազատելու համար: Պատժից ազատվող և առողջական վիճակի պատճառով խնամքի կարիք ունեցող, հղի, մինչև երեք տարեկան երեխա ունեցող անձին, ինչպես նաև անչափահասին պատժից ազատելիս` պատիժը կատարող հիմնարկի վարչակազմն ազատվելու մասին նախօրոք հայտնում է նրա ազգականներին կամ այլ անձանց, իսկ այդպիսիք չունենալու դեպքում անհրաժեշտ օգնությունը ցուցաբերում է ուղղիչ հիմնարկի վարչակազմը[2]:

Ուղղիչ հիմնարկում անհրաժեշտության դեպքում կարող է ստեղծվել մանկատուն՝ երեխաների բնակության և զարգացման պատշաճ պայմաններով։ Դատապարտյալն ուղղիչ հիմնարկի մանկատանը կարող է տեղավորել իր՝ մինչև երեք տարեկան երեխային և աշխատանքից ազատ ժամերին առանց սահմանափակման շփվել նրա հետ։ Դատապարտյալին կարող է թույլատրվել երեխայի հետ համատեղ բնակություն[10]:

Նախատեսված են նաև այլ արտոնություններ. հղի դատապարտյալին, կալանավորված անձին չվարձատրվող աշխատանքի ներգրավելն արգելվում է: Որպես տույժ` պատժախուց տեղափոխելը, ուղղիչ հիմնարկի մանկատանը երեխա ունեցող, կերակրող մայր, հղի, նախածննդյան կամ հետծննդյան ժամանակահատվածում գտնվող դատապարտյալի, կալանավորված անձանց նկատմամբ չի գործում: Հղի, կերակրող մայր, անչափահաս կամ հիվանդ դատապարտյալներն ու կալանավորված անձինք ապահովվում են հավելյալ սննդով, որի չափաբաժինները սահմանում է ՀՀ կառավարությունը[11]:

«Բանտարկյալների հետ վարվեցողության նվազագույն ստանդարտ կանոններ«»-ում ամրագրված է, որ կանանց հիմնարկները պետք է ունենան հղի կանանց և ծննդկաններին խնամելու համար հատուկ մասնաշենքեր: Այնտեղ, ուր հնարավոր է, հարկ է հոգալ, որ ծննդաբերությունը լինի ոչ թե բանտային, այլ սովորական հիվանդանոցում: Իսկ եթե երեխան ծնվում է բանտում, ապա այդ մասին չպետք է հիշատակել ծննդյան վկայականում[7]:

«Պեկինյան կանոններ»-ում նշվում է, որ անչափահաս է համարվում այն երեխան կամ երիտասարդը, որը իրավախախտման համար, գործող իրավական համակարգի շրջանակներում, կարող է ենթարկվել պատասխանատվության մեծահասակի նկատմամբ գործադրվող պատասխանատվության ձևից տարբերվող ձևով: Նաև ամրագրված է, որ ուղղիչ հիմնարկներում անչափահասները պետք է պահվեն մեծահասակներից առանձին, հատուկ ուղղիչ հիմնարկում կամ ուղղիչ հիմնարկի հատուկ բաժանմունքում, իսկ անչափահաս իրավախախտների գործերի նյութերը չպետք է օգտագործվեն մեծահասակ իրավախախտների գործերի` նույն իրավախախտի հետ կապված դեպքերի հետագա քննարկման ընթացքում: Ուղղիչ հիմնարկներում անչափահասները պետք է ապահովվեն իրենց տարիքին, սեռին, անձին և լիարժեք զարգացման շահերին համապատասխան խնամքով, պաշտպանությամբ և սոցիալական, հոգեբանական, բժշկական, ֆիզիկական, կրթության և արհեստավարժության բնագավառների ողջ անհրաժեշտ օգնությամբ[8]:

Մեր օրենսդրությամբ անչափահասների հանդեպ նույնպես որոշ դեպքերում արտոնություններ են սահմանվում. անչափահաս դատապարտյալին ամսվա ընթացքում 1 անգամ տրամադրվում է մինչև 4 ժամ տևողությամբ կարճատև տեսակցություն ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների հետ: Եթե դատապարտյալն օգտվում է առնվազն 1 ժամ, ապա անչափահաս դատապարտյալը՝ առնվազն 2 ժամ տևողությամբ ամենօրյա զբոսանքի իրավունքից: Որպես տույժ` պատժախուց տեղափոխելը, անչափահաս կալանավորվածներին մինչև 5 օր ժամկետով է նախատեսվում ընդհանուր 10 օրվա փոխարեն: Իսկ դատապարտյալ անչափահասներին 10 օր` ընդհանուր 15 օրվա փոխարեն[2]:

Մեր օրենսդրությունը նաև ամրագրում է, որ որոշակի ժամկետով ազատազրկման դատապարտված անչափահասը մինչև պատժի ժամկետը լրանալը պատիժը կրում է միևնույն ուղղիչ հիմնարկում, բայց ոչ ավելի, քան նրա 21 տարեկան դառնալը։ 18 տարին լրացած դատապարտյալի` բացասական վարքագիծ դրսևորելու դեպքում վերոնշյալ առանձնահատկությունը չի գործում: Արգելվում է որոշակի ժամկետով ազատազրկման դատապարտված անչափահասի պատիժը կրելու նպատակով փակ ուղղիչ հիմնարկ ուղարկելը[2]:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Քրեակատարողական ծառայության մասին ՀՀ օրենք
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 ՀՀ Քրեակատարողական օրենսգիրք
  3. 3,0 3,1 «Մարդու իրավունքների լուսաբանումը փակ հաստատություններում» լրագրողական ուղեցույց
  4. ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայություն
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 ՀՀ Սահմանադրություն
  6. 6,0 6,1 Խոշտանգումների և անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման մասին եվրոպական կոնվենցիա
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 7,7 Բանտարկյալների հետ վարվեցողության նվազագույն ստանդարտ կանոնները
  8. 8,0 8,1 ՄԱԿ-ի Նվազագույն ստանդարտ կանոնները անչափահասների նկատմամբ արդարադատություն իրականացնելու վերաբերյալ («Պեկինյան կանոնները»)
  9. 9,0 9,1 Որևէ ձևով ձերբակալվող կամ կալանավորվող անձանց պաշտպանության սկզբունքների ժողովածու
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 10,6 10,7 ԵԽ նախարարների կոմիտեի թիվ R/2006/2 հանձնարարականը ԵԽ անդամ պետություններին «Եվրոպական բանտային կանոնների մասին»
  11. 11,00 11,01 11,02 11,03 11,04 11,05 11,06 11,07 11,08 11,09 11,10 Ձերբակալված և կալանավորված անձանց մասին ՀՀ օրենք
  12. 12,0 12,1 Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր
  13. 13,0 13,1 Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության եվրոպական կոնվենցիա
  14. ՀՀ Կառավարության որոշումը «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առեվտրային կազմակերպություն ստեղծելու մասին
  15. /https://www.mfa.am/hy/international-organisations/5
  16. /https://www.mfa.am/hy/international-organisations/12
  17. Իրավակարգը պաշտպանող անձանց վարվելակերպի կանոնագիրք

Արտաքին հղումներԽմբագրել

  1. «Մարդու իրավունքների լուսաբանումը փակ հաստատություններում» լրագրողական ուղեցույց
  2. «Տարեկան զեկույց Հայաստանի Հանրապետության ՄԻՊ-ի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2017 թվականի գործունեության վերաբերյալ»
  3. «Կալանավորված եվ դատապարտված անձանց իրավունքները Հայաստանում» ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի աջակցությամբ պատրաստված ուղեցույց