Բացել գլխավոր ցանկը

Մանկատուն ԽՍՀՄ-ում, ծնողներից զրկված կամ նրանց հետ կապը կորցրած, ինչպես նաև պեաության օգնության ու պաշտպանության կարիք ունեցող երեխաների դաստիարակության պետական հիմնարկ։ Մինչև հեղափոխությունը Ռուսաստանում բարեգործական միջոցներով ստեղծված մանկական ապաստարանները 1918 թվականին, ԺԿԽ -ի դեկրետով, վերակազմվեցին պետական մանկատների։ Խորհրդային պետության առաջին տարիներին մանկատները գտնվում էին Սոցիալական ապահովության ժողկոմատի տնօրինության տակ։ 1920 թվականից անցան ժողկրթության համակարգի օրգաններին։ Մանկատան պետական ցանցի ստեղծմամբ վերացվեց քաղաքացիական կռիվների տարիներին առաջացած երեխաների անապաստանությունը։ Հայրենական մեծ պատերազմի շրջանում (1941-1945 թվականներ) մանկատները առանձնահատուկ դեր կատարեցին խորհրդային բանակի մարտիկների, պարտիզանների և զոհվածների երեխաների պետական ապահովման ու դաստիարակման գործում։ Գոյություն ունի մանկատան երկու հիմնական տիպ՝ նախադպրոցական ՝ 3-7 տարեկանների և դպրոցական ՝ 7-18 տարեկանների համար։ Նախադպրոցական մանկատունն իր աշխատանքը կազմակերպում է մանկապարտեզի ծրագրով։ Մանկատան դպրոցահասակ սաները սովորում են տվյալ միկրոշրջանի դպրոցում։ Մանկատունը դպրոցի հետ միասին լուծում է կոմունիստական դաստիարակության, երեխաների բազմակողմանի զարգացման խնդիրները, նախապատրաստում նրանց ինքնուրույն կյանքի։ Մանկատանը կից ստեղծվում է խնամակալական խորհուրդ, որը հասարակական մարմին է և օգնում է մանկավարժական կոլեկտիվին ուսումնա-դաստիարակչական աշխատանքի կազմակերպման և մանկատան նյութատեխնիկական բազայի ամրապնդման գործում։ Մանկատան հանդեպ մեծ հոգատարություն է ցուցաբերում խորհրդային հասարակությունը՝ շեֆական արդյունաբերական ձեռնարկությունները, հիմնարկները, կոլտնտեսությունները, սովխոզները և այլն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 237 CC-BY-SA-icon-80x15.png