Երաշխիք, իրավական գործողություն, երբ երաշխիք տված անձը (բանկը, այլ վարկային հաստատությունը կամ ապահովագրական կազմակերպությունը) այլ անձի (պրինցիպալի) խնդրանքով գրավոր պարտավորություն է ստանձնում պրինցիպալի պարտատիրոջ (բենեֆիցիարի) հանդեպ, երաշխիքով ստանձնած պարտավորության պայմաններին համապատասխան, բենեֆիցիարին վճարել դրամական գումար՝ վերջինիս կողմից գրավոր պահանջ ներկայացնելիս։

Երաշխիքի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են ՀՀ Քաղաքացիական Օրենսգրքի 24-րդ գլխի §5-ով։ Երաշխիքը հանդիսանում է պարտավորությունների կատարման ապահովման տարածված միջոցներից մեկը։ Երաշխիքն ապահովում է բենեֆիցիարի հանդեպ պրինցիպալի պարտավորության (հիմնական պարտավորության) պատշաճ կատարումը։ ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 383-րդ հոդվածը տալիս է սահմանում է երաշխիքի հասկացությունը. «Երաշխիք տված անձը (բանկը, այլ վարկային հաստատությունը կամ ապահովագրական կազմակերպությունը) այլ անձի (պրինցիպալի) խնդրանքով գրավոր պարտավորություն է ստանձնում պրինցիպալի պարտատիրոջ (բենեֆիցիարի) հանդեպ, երաշխիքով ստանձնած պարտավորության պայմաններին համապատասխան, բենեֆիցիարին վճարել դրամական գումար` վերջինիս կողմից գրավոր պահանջ ներկայացնելիս»։ Փաստորեն, ի տարբերություն Երաշխավորության՝ Երաշխիքի դեպքում երաշխավորը ֆինանսական կազմակերպությունն է։ Բանկային երաշխիքը որպես ֆինանսական ծառայության տեսակ ենթադրում է նաև վարձատրություն։ Երաշխիքը կարող է լինել ինչպես անհետկանչելի, այնպես էլ՝ հետկանչելի, պայմանով կամ առանց որևէ պայմանի։ Երաշխիք տված անձի (բանկի, այլ վարկային հաստատության կամ ապահովագրական կազմակերպության)պրինցիպալի նկատմամբ հետադարձ պահանջի հարաբերությունները կարգավորում է ՀՀ Ք.Օ. 394 հոդվածը՝ 1. Երաշխիք տված անձի` երաշխիքով բենեֆիցիարին վճարված գումարները հետադարձ կարգով պրինցիպալից պահանջելու իրավունքը սահմանվում է երաշխիք տված անձի և պրինցիպալի համաձայնությամբ։ 2. Երաշխիք տված անձն իրավունք չունի պրինցիպալից պահանջել հատուցելու երաշխիքի պայմաններին չհամապատասխանող կամ բենեֆիցիարի առաջ երաշխիք տված անձի պարտավորության խախտմամբ բենեֆիցիարին վճարված գումարները, եթե այլ բան նախատեսված չէ երաշխիք տված անձի և պրինցիպալի համաձայնությամբ։ Երաշխիք տված անձը մերժում է բենեֆիցիարի պահանջը, եթե այդ պահանջը կամ դրան կից փաստաթղթերը չեն համապատասխանում երաշխիքի պայմաններին կամ երաշխիք տված անձին ներկայացվել են երաշխիքով սահմանված ժամկետի ավարտից հետո։ Երաշխիք տված անձը պարտավոր է բենեֆիցիարին անհապաղ տեղեկացնել նրա պահանջը մերժելու մասին։ Բենեֆիցիարի առջև երաշխիքով նախատեսված երաշխիք տված անձի պարտավորությունը սահմանափակվում է այն գումարից, որով տրված է երաշխիքը։

Բենեֆիցիարի առջև երաշխիք տված անձի երաշխիքով պարտավորությունը դադարում է՝

  1. բենեֆիցիարին այն գումարը վծարելով, որով տրված է երաշխիքը,
  2. երաշխիքով որոշված ժամկետի ավարտով,
  3. բենեֆիցիարի կողմից երաշխիքով իր իրավունքներից հրաժարվելու և երաշխիքն երաշխիք տված անձին վերադարձնելու հետևանքով,
  4. բենեֆիցիարի կողմից երաշխիքով իր իրավունքներից հրաժարվելու հետևանքներով երաշխիք տված անձին պարտավորություններից ազատելու մասին գրավոր տալու միջոցով։

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 541