Դավանանք, դավանություն, աստվածային հայտնությամբ տրված և եկեղեցու կողմից սահմանված կրոնական ճշմարտությունների ամբողջությունը։ Հայերենում դավանանք եզրը որոշ իմաստով համապատասխանում է հունարեն δοv γμα (դոգմա) բառի հոգնակի ձևին (δοvγματα), որը սկզբնապես գործածվել է որպես այն, ինչ ճիշտ (լավ) է թվում կամ կարծվում, սակայն հետզհետե աստվածաբանության մեջ բյուրեղացել է որպես դավանանքի դրույթ կամ հավատքի ճշմարտություն։ Հայերեն եզրն ի տարբերություն հունարենի գործածվում է միայն հավաքական իմաստով։ Դավանանքի խնդիրների հետ առնչվող աստվածաբանության ոլորտը կոչվում է դավանական աստվածաբանություն (dogmatic theology)։

Ուղղափառ դավանանք խմբագրել

 
հեղինակ՝ Սարգիս Պիծակ

Դավանանքի աղբյուրը եկեղեցու սրբազան ավանդությունն է, որի հեղինակը Աստծո Սուրբ Հոգին է։ Աստված ինքն է հայտնել իրեն՝ իր Հոգու կենդանի ներգործությամբ, և այդ հայտնությունն արտահայտված է Աստվածաշունչ գրքերով, առաքելական ավանդությամբ, սրբազան ծեսով, եկեղեցու հայրերի և վարդապետների գրվածքներով, տիեզերական ժողովների սահմանումներով և այլն։ Այդ հայտնությունը շարունակական է և ոչ թե մեկ անգամ կատարված իրողություն, որի մեջ մուտք գործելու (եկեղեցի մտնելու) համար անհրաժեշտ է Սուրբ Հոգու հետ կենդանի և գոյաբանական հաղորդակցություն, որի նախահիմքը ուղղափառ դավանությունն է։ Համաձայն Տիրոջ խոսքի, ուղղափառ դավանանքը այն վեմն է կամ ամուր հիմքը, որի վրա կառուցված է եկեղեցին[1]։ Ուղղափառ դավանանքին (տեսական հավատք) պետք է անպայմանորեն զուգակցվի ուղղափառ կենցաղավարություն և աստվածապաշտական ճիգեր (գործնական հավատք). տեսական և գործնական հավատքի ճիշտ համադրությունը, ըստ եկեղեցու հայրերի, հոգևոր կյանքի և փրկության անհրաժեշտ նախապայմանն է։

Տիեզերական ժողովներ խմբագրել

Դավանաբանության մեջ բարձրագույն հեղինակությունը վերապահված է տիեզերական ժողովներին, որոնք Սուրբ Հոգու բացառիկ ներգործությամբ սահմանել են Քրիստոսի եկեղեցու ուղղափառ հավատքը։ Տիեզերաժողովների կողմից ընդունվել են այսպես կոչված Հավատո հանգանակներ կամ նշանակներ, որոնք դավանանքի հակիրճ ձևակերպումներ են։ Հավատո հանգանակը կոչվում է նաև Հավատամք կամ Խոստովանություն հավատո կամ Դավանություն հավատո։ Այս իմաստով դավանանք ուղղափառ հավատքի խոստովանությունն է, իսկ դավանել նշանակում է ընդունել, խոստովանել և վկայել որպես ճշմարտություն։

Եկեղեցու ավանդը խմբագրել

Պայքարելով զանազան աղանդավորական շարժումների դեմ՝ եկեղեցին մշտապես կարիք է ունեցել նորոգել և հաստատել հավատացյալ գիտակցությունը։ Եկեղեցու հայրերը և վարդապետները ավանդել են մեծածավալ դավանական ժառանգություն՝ ուղղափառ հավատքն ուսուցանելու, բացատրելու, լուսաբանելու և մեկնելու համար։ Այդ ժառանգությունը Սուրբ Հոգով տրված սրբազան ավանդության անբաժանելի մասն է[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Մատթ. 16.18
  2. Հայկական հանրագիտարանի գլխ. խմբ., Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան, Երևան, «Հայկական Հանրագիտարան հրատարակչություն ՊՈԱԿ», 2002, էջ 260 — 1072 էջ, ISBN 5-89700-016-6։