Հյուպատոսություն, պետության ներկայացուցչություն այլ պետության տարածքում գտնվող որևէ բնակավայրում, որը գլխավորում է հյուպատոսը։ Հյուպատոսության տեղն ու գործունեության շրջանակները որոշվում են հյուպատոսներ փոխանակող պետությունների փոխադարձ համաձայնությամբ։ Հյուպատոսությունը, որպես պետությունների փոխհարաբերության միջոց, գոյություն է ունեցել դեռևս մ.թ.ա., Հին Եգիպտոսում, Հին Հունաստանում և Հին Հռոմում։

Հայաստանի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում, Ռուսաստան:

Հայաստանում խմբագրել

Անտիկ շրջան խմբագրել

Ենթադրվում է, որ հայերը նույնպես հնագույն ժամանակներում իրենց հյուպատոսներն են ունեցել, աշխարհագրական դիրքի բերումով առևտևային և հյուպատոսական գործունեություն ծավալել ինչպես Հռոմի և Բյուզանդիայի, այնպես էլ՝ Պարթևական թագավորության, Պարսկաստանի և Արաբական խալիֆայության հետ։ Մովսես Խորենացու և Փավստոս Բուզանդի վկայությամբ Հայաստանում ընդունվել և կիրառվել են հյուրընկալության, պետական հովանավորության, արտասահմանցիներին արտոնություններ տրամադրելու սկզբունքներ, որով ապահովվել է օտարերկրացիների ազատ տեղաշարժը երկրի ներսում։

Միջնադարում խմբագրել

Պրոկոպիոս Կեսարացին (VI դ.), Գեորգիոս Կեդրենոսը (XI դ.) վկայում են, որ օտարերկրացիները Հայաստանում ունեցել են հյուպատոսական բնակավայրեր, Դվինի, Անիի և առևտրական այլ կենտրոնների արաբական համայնքներն օգտվել են ինքնավարության իրավունքից։ Հույներն Անիում ունեցել են հյուպատոս (կոնսուլ), որը վարել է նրանց գործերը։ Այդպիսի արտոնություններ և իրավունքներ են տրվել նաև արտասահմանում գտնվող հայ վաճառականներին։

Միջազգային հյուպատոսական մշտական գործող մարմիններ առաջին անգամ ստեղծվել են Միջերկրական ծովի արևելյան մասի երկրներում, այդ թվում՝ Կիլիկյան Հայաստանում, XII-XIV դդ.։ Դրանց գործունեությունը Կիլիկիայում ապահովվել է պետական երաշխիքներով։ Հյուպատոսներին տրվող իրավունքներն ու ազատությունները սահմանվել են պետությունների փոխադարձ համաձայնություններով։ Պահպանվել են 1201, 1215, 1288, 1289 թթ. պայմանագրերի քրիսովուլները (շնորհագրերը)՝ ջենովացիներին, 1201, 1245, 1271, 1307, 1321 և 1383-ի պայմանագրերը՝ վենետիկցիներին Կիլիկյան Հայաստանում արտոնություններ ընձեռելու մասին։ Պայմանագրեր են պահպանվել նաև Կատալոնիայի, Սիցիլիայի, Ֆլորենցիայի հետ հյուպատոսական գործունեություն իրականացնելու մասին։ Կիլիկյան Հայաստանում իրենց հյուպատոսներն են ունեցել նաև Պիզան, Պյաչենցը, Բրյուգեն, Կանդիան, Մոնպելիեն և այլ քաղաքներ ու պետություններ։ Հյուպատոսներն օգտվել են արտերկրայնության սեփական երկրի քաղաքացիներին վերաբերող քրեական և քաղաքացիական գործեր քննելու իրավունքներից, ունեցել են մշտական գործող հիմնարկներ, խորհըրդականներ և օգնականներ։ Դատական ֆունկցիաներ կատարելիս նրանց օգնել են ստորադաս դատավորները։ Հյուպատոսության կազմի մեջ էին նոտարները, դատական կատարածուները։

Առևտրային կայուն կապերն արտասահմանյան պետությունների հետ, ինչպես նաև հայկական համայնքների ստեղծումն այդ պետություններում հիմք են հանդիսացել հյուպատոսական նոր հաստատությունների ստեղծման, որոնք հանդես են եկել նաև որպես դիվանագիտական ներկայացուցչական մարմիններ այն երկրներում, որտեղ դրանք բացակայել են։ Հայ ազգային (հաճախ ինքնավար) համայնքներն ունեցել են խանութներ, շուկաներ, պահեստներ, հյուրանոցներ և պալատներ, ստեղծել են փողոցներ ու թաղամասեր, հայաբնակ գյուղեր և քաղաքներ։ XIII դարում Ջենովայում, Պիզայում և Վենետիկում կային «հայկական տներ» («Հայերի տներ», «Հայոց տուն», «Հայ տուն» ևն), որոնց իրավական դրությունը նույնն էր, ինչ արտասահմանյան հյուպատոսներինը։ Արտասահմանյան հայ հյուպատոսները վարչական և դատական ֆունկցիաներից բացի ունեին նաև քաղաքական ֆունկցիաներ. մեկնած երկրներում հանդես են եկել որպես հավատարմագրված դեսպաններ։

Նոր շրջան խմբագրել

Պետականության անկումից հետո բուն իմաստով հյուպատոսական գործունեությունը Հայաստանում ընդհատվել է, սակայն վաճառականության ընտրովի նույնանման մարմիններ գործել են նաև հետագայում։ Հայաստանի Առաջին Հանրապետությունը (1918-20) հյուպատոսություններ է ունեցել Եվրոպայի, Ասիայի, Ամերիկայի և Հյուսիսային Աֆրիկայի երկրներում, Ճապոնիայում, Մանջուրիայի, Հեռավոր Արևելքի քաղաքներում, Բեռլինում, Մանչեստրում, Մարսելում, Միլանում, Բելգրադում, Ժնևում, Կահիրեում, Ալեքսանդրիայում, Ադիս Աբեբայում, Օդեսայում, Բաթումում, Սուխումում, Վլադիկավկազում ևն։ Հայաստանի մայրաքաղաք Երևանում հյուպատոսություններ են ունեցել Վրաստանը, Ադրբեջանը, Իրանը, Իտալիան։ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի Հայաստանում ներկայացված օգնություն իրագործող կազմակերպություններն անհրաժեշտության դեպքում կատարել են նաև հյուպատոսությունների դերը։ Հայաստանում խորհրդային իշխանության հաստատումից հետո ՀԽՍՀ հյուպատոսություններ է ունեցել Բաթումում, Սուխումում, Պոլտորեցկում (այժմ՝ Աշգաբադ), Թավրիզում։ ԽՍՀՄ կազմավորումից հետո ՀԽՍՀ հյուպատոսությունները վերացվել են։

Հայաստանի անկախության հռչակումից (1991) հետո հանրապետությունը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել աշխարհի մի շարք երկրների հետ։ Երևանում գործող ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Իրանի դեսպանությունները ունեն հյուպատոսական բաժիններ։ Հայաստանի Հանրապետության հյուպատոսները (1999-ին՝ 6), ինչպես նաև դեսպանությունները տարբեր երկրներում իրագործում են հյուպատոսություններին հատուկ ծառայություններ։

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 441