Անազատներ, վաղ միջնադարյան Հայաստանում առավել ցածր խավերին պատկանող անձանց բնութագրելու համար օգտագործվող եզրույթ։ Անազատների դասի մեջ մտնում էին ինչպես գյուղական ազատ ու կախյալ շինականները, այնպես էլ քաղաքային բնակչության ստորին խավերը՝ ռամիկները և առևտրականները։ Սովորաբար անազատները կազմում էին զորքի մեծ մասը։

Անազատների կախվածությունը կրել է տնտեսական բնույթ։ Վճարել են պետական, նախարարական և եկեղեցական զանազան հարկեր, կատարել շինարարական, ռազմական և այլ բևույթի աշխատանքային պարհակներ։ Պատերազմի ժամանակ անազատներից է կազմվել հետևակ զորքը, առանձին դեպքերում՝ նաև ռամիկ այրուձին։ Անազատները անձնապես ազատ են եղել և հանցանքների համար՝ ենթակա դատի։ Հանցավոր անազատները դատապարտվել են մարմնական պատիժների, տաժանակիր աշխատանքների, ստրկական ծառայության և վճարել դրամական տուգանք։ Անազատների արյան գինը կրկնակի ցածր է գնահատվել ազատների արյան գնից։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 358