Երվանդաշատ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Երվանդաշատ (այլ կիրառումներ)
Երվանդաշատ, Երվանդունիների թագավորության վերջին մայրաքաղաքը, հաջորդել է Արմավիրին ու կոչվել նաև Մարմետ։ Հիմնադրել է Երվանդ Դ Վերջին թագավորը մ․թ․ա․ III դարի վերջին Այրարատ նահանգի Արշարունիք (հնում Երվանդունիք կամ Երասխաձոր) գավառում Երասխ գետի ձախ ափին՝ Ախուրյանի հետ միախառնման տեղում[1]։ Ներկայումս հին Երվանդաշատը և նրա տարածքները գտնվում են Հայաստանի և Թուրքիայի միջև անցնող սահմանագոտում, իսկ Արշարունիք գավառի մեծ մասը այժմ Թուրքիայի տարածքում է գտնվում։ Միայն գավառի արևելյան ծայրամասային տարածքներն են գտնվում Հայաստանի սահմանում և ընդգրկում են Արմավիրի մարզի Երվանդաշատ և Բագարան գյուղերը։ Սովետական տարիներին «փակ» լինելու պատճառով այդ տեղանքներում հնագիտական ուսումնասիրություններ չեն արվել և միայն կարճատև այցերի և աղբյուրագիտական տվյալների հիման վրա է որոշվել պատմական Երվանդաշատի տեղը։ Երվանդաշատի տեղադրության վերաբերյալ առաջին ուսումնասիրությունները կատարել են Ալիշանը, Բ․ Առաքելյանը, Թ․ Թորամանյանը։
Բնակավայր | ||
---|---|---|
Երվանդաշատ | ||
Երկիր | Հայաստան | |
Համայնք | Երվանդաշատ և Բաղրամյանի շրջան | |
|
2005-2012 թվականներին ՀՀ ԳԱԱ կողմից Ֆելիքս Տեր-Մարտիրոսովի ղեկավարությամբ հնագիտական և հետախուզական սիստեմատիկ պեղումներ են անց կացվել Երվանդաշատ և Բագարան գյուղերի տարածքներում։ Հիմնական պեղվող հուշարձանը եղել է Երվանդ արքայի հիմնադրած որսորդական պալատը, որը թվագրվում է մ․թ․ա․ III դարով։ Որսորդական պալատը գտնվում է Արաքս գետի ձախ ափին, Արաքս ու Ախուրյան գետերի խառնարանից հարավ։ Խորենացու տվյալների համաձայն տարածքը համընկնում է թագավորական որսատեղի «Անտառ Ծննդոցի» տարածքի հետ[1]։
Հնագիտական պեղումների համաձայն Երվանդի հիմնադրած Երվանդաշատի մի մասն է միայն մնացել, որը ներկայացնում էր կրոնական, տնտեսական, պաշտպանական, որսորդական համալիր։ Պեղումների ընթացքում հայտնաբերվել են 4 հիմնական մշակութային շերտեր, որոնցից առաջինը պատկանում է Երվանդունիներին, հաջորդը Արտաշես արքային վերագրվող շերտն է, ով պալատը վերածել է ամրոցի, երրորդը պարթևական շրջանով թվագրվող շերտն է, իսկ վերջին շերտը հասուն միջնադարյան շերտն է, որը առկա է որոշ մասերում միայն[1]։
Երվանդաշատի մասին հիմնական տեղեկությունները ստանում ենք Խորենացու «Պատմություն Հայոց» աշխատությունից։ Ըստ Խորենացու մայրաքաղաքը տեղափոխելու գլխավոր պատճառներից է եղել Արաքսի հունի փոփոխումը, ինչի հետևանքով քաղաքի բնակիչները զրկվել էին ջրից[2]։ Բացի դրանից նա իր համար ավելի ապահով վայր էր ցանկանում գտնել։ Երվանդը իր ամրոցը կառուցում է Արաքսի ու Ախուրյանի խառնարանի մոտ վեր խոյացող ժայռի վրա։ Իր կառուցած բերդից դեպի հյուսիս քառասուն ասպարեզ հեռավորության վրա կառուցում է Բագարան քաղաքը, որը ծիսական նշանակություն ուներ։ Բագարանի կառուցումից հետո նա այստեղ է տեղափոխում Արմավիրում գտնվող բոլոր կուռքերին։ Իսկ Երվանդակերտ դաստակերտը կառուցում է ամրոցից հյուսիս-արևմուտք, մինչև գետերի խառնարանը տարածվող Արաքսի հովտում։ Երվանդակերտ դաստակերտը թագավորին և արքունիքին գյուղատնտեսական ապրանքներով ապահովող կենտրոն էր[1]։
Խորենացու հավաստմամբ Երվանդ արքան Երվանդաշատը բնակչությամբ է լցնում, և այդ բնակիչների մեծ մասը Արմավիրից բերված հրեաներ էին, որոնք էլ Արտաշես արքայի օրոք տարվել են նորակառույց Արտաշատ և վերաբնակեցվել այնտեղ[3]։
Երվանդը արքունիքը փոխադրում է միակտուր ապառաժ բլուրի վրա՝ Երասխ գետի մոտակայքում։ Նա բլուրը պարսպապատում է, պատերի մեջ դնում է պղնձյա դռներ, ներքևից մինչև դռները կառուցում երկաթե սանդուղքներ և դրանց մեջ՝ որոգայթներ դավադիրներին բռնելու նպատակով։ Բլրի վրա փորվում են նաև ջրի հորեր՝ մինչև բլրի հիմքը՝ հնարավոր պաշարման դեպքում ջրից օգտվելու համար։ Երվանդաշատը մեծ քաղաք է եղել, որտեղ արքան տեղափոխում է Արմավիրի բնակչության մի մասը[2]։ Այստեղ բացի հայերից բնակվել է նաև Տիգրան Մեծի օրոք նվաճված երկրներից գաղթեցված բնակչություն։ Ճարտարապետ Թորոս Թորամանյանը նկատել է, որ շինությունների վիթխարի որձաքարերը միացվել են լոկ երկաթյա կապերով[2]։ Արաքիս դիմացի ափին արքան կառուցում է Երվանդակերտ դաստակերտը, որտեղ տեղափոխում է իր ընտանիքը։ Պատմահայր Խորենացին Երվանդաշատը նկարագրելիս այն անվանել է դրախտիկ։
Երվանդաշատը 360–ական թթ կործանել են պարսից Շապուհ II արքայի զորքերը։ Պահպանվել են Երվանդաշատի ավերակները՝ այժմյան Արմավիր մարզկենտրոնից հարավ-արևմուտք՝ Բագարան և Երվանդաշատ գյուղերի միջակայքում։ Պահպանվել են պարիսպների հետքերը, փողոցների ու շենքերի փլատակները, ինչպես նաև խաչքարեր և վիմագիր արձանագրություններ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 «Из почты / Облако Mail.ru». cloud.mail.ru. Վերցված է 2023 թ․ մարտի 19-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 «Հայաստանի մայրաքաղաքները». www.yerevan.am. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ «Երվանդյան մայրաքաղաքի հիմնարկեքի պաշտամունքային հայեցակարգը ըստ Մ. Խորենացու (Երվանդակերտ, Դրասխանակերտ, մ.թ.ա. III-II դդ.)». ՀՀ ԳԱԱ Զեկույցներ № 3. 2005.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Երվանդաշատ կատեգորիայում։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 639)։ |