Ինֆրակարմիր ճառագայթներ
Ինֆրակարմիր ճառագայթներ, էլեկտրամագնիսական ճառագայթներ, որոնք զբաղեցնում են տեսանելի լույսի կարմիր մասի (ալիքի երկարությունը՝ λ=0.74 մկմ) և կարճալիք ռադիոճառագայթման (λ~1-2մմ) միջև ընկած սպեկտրային տիրույթը։ Սպեկտրի ինֆրակարմիր տիրույթը պայմանականորեն բաժանում են մոտիկ (0.74-ից մինչև 0.5 մկմ), միջին (2.5-50 մկմ) և հեռու (50-2000 մկմ) տիրույթների։ Ինֆրակարմիր ճառագայթները հայտնաբերել է Վ. Հերչելը՝ Արեգակի սպեկտրն ուսումնասիրելիս (1800 թ.)։ Հերչելի հայտնագործած այդ անտեսանելի ճառագայթները ջերմային էֆեկտ էին առաջացնում։ Հետագայում (1835 թ.) Ա. Ամպերն առաջ քաշեց այն ենթադրությունը, որ «ջերմային» (ինֆրակարմիր) և լուսային ճառագայթները միևնույն բնույթն ունեն, դրանք էլեկտրամագնիսական ալիքներ են։
Աղբյուրներ
խմբագրելԻնֆրակարմիր ճառագայթների աղբյուրները բազմազան են։ Այդպիսի ճառագայթում տալիս են բոլոր ատոմները։ Եթե ատոմների հիմնական ռեզոնանսային անցումներից կարելի է ստանալ ուլտրամանուշակագույն և տեսանելի տիրույթի ճառագայթում, ապա երկրորդ և հաջորդ ռեզոնանսային անցումներից որպես կանոն ստացվում է մոտիկ և հեռու ինֆրակարմիր տիրույթների ճառագայթում։ Ինֆրակարմիր ճառագայթներ ստացվում են նաև մոլեկուլներից։ Մոլեկուլային սպեկտրները կազմված են էլեկտրոնային, տատանողական և պտտական սպեկտրներից։ Էլեկտրոնային սպեկտրն ընկած է տեսանելի տեսանելի և մոտիկ ինֆրակարմիր տիրույթներում, տատանողական սպեկտրը՝ հիմնականում ինֆրակարմիր (2.5-50 մկմ), իսկ պտտական սպեկտրը՝ հեռու ինֆրակարմիր և ռադիոալիքային տիրույթներում։ 1911 թվականին գերմանացի գիտնականներ Գ. Ռուբենսը և Օ. Բայերը ինֆրակարմիր ճառագայթներ հայտնաբերեցին սնդիկի գոլորշիներում (340 մկմ)։ Ինֆրակարմիր ճառագայթների հարուստ աղբյուր է Արեգակը, որի ճառագայթած էներգիայի մոտ կեսն ընկած է սպեկտրի ինֆրակարմիր տիրույթում։ Ինֆրակարմիր ճառագայթների աղբյուր են նաև շիկացման լամպերը և ընդհանրապես բացարձակ զրոյից տարբեր ջերմաստիճան ունեցող բոլոր մարմինները։ Մարմնի ջերմաստիճանի փոքրացմանը զուգընթաց ճառագայթման մաքսիմումը տեղաշարժվում է դեպի հեռու ինֆրակարմիր տիրույթը։
Կիրառությունը
խմբագրելՆյութերի հետ ունեցած փոխազդեցության առանձնահատկությունների շնորհիվ ինֆրակարմիր ճառագայթներն ունեն կիրառության որոշակի ոլորտ։ Ինֆրակարմիր ճառագայթները կլանվում են ընտրողաբար։ Որոշ նյութեր (էբոնիտ, ֆիբր, կաշի) թափանցիկ են ինֆրակարմիր տիրույթում։ Այս հատկությունը հնարավորություն է տալիս ուսումնասիրել և չափել նյութերի բնութագրիչ որոշ պարամետրեր։ Ինֆրակարմիր ճառագայթները համեմատաբար քիչ են ցրվում մթնոլորտում և առանց նկատելի կորուստների կարող են տարածվել մի քանի տասնյակ կմ։ Ինֆրակարմիր ճառագայթների այդ հատկությունն օգտագործվում է աստղաֆիզիկական հետազոտություններում, լուսանկարչության բնագավառում (ինֆրակարմիր լուսանկարչություն)։ Ինֆրակարմիր ճառագայթների կիրառության ոլորտը սկզբունքորեն ընդլայնվեց և խորացավ արհեստական հզոր աղբյուրների՝ լազերների ստեղծումից հետո։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ինֆրակարմիր ճառագայթներ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 372)։ |