Սերգեյ Գոգլիձե
Սերգեյ (Սերգո) Արսենևիչ (Արսենտևիչ) Գոգլիձե (1901[1][2][3], Ռաճայի գավառ, Քութայիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 23, 1953[2][3], Մոսկվա, ԽՍՀՄ), սովետական հատուկ ծառայության գործիչ, ընդգրկվել է ԽՍՀՄ Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի հատուկ եռյակի կազմում, ստալինյան բռնաճնշումների (1930-ականների բռնաճնշում) ակտիվ կազմակարեպիչներից, գեներալ-գնդապետ (1945)։ Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամության թեկնածու (1939-1953 թվականներին)։
Սերգեյ Գոգլիձե վրաց.՝ სერგო არსენის ძე გოგლიძე | |
---|---|
Ծնվել է | 1901[1][2][3] |
Ծննդավայր | Ռաճայի գավառ, Քութայիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Մահացել է | դեկտեմբերի 23, 1953[2][3] |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Գերեզման | Դոնսկոե գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Մասնագիտություն | զինվոր և քաղաքական գործիչ |
Աշխատավայր | Հակահեղափոխության և դիվերսիայի դեմ պայքարի համառուսական արտակարգ հանձնաժողով, State Political Directorate?, Միացյալ պետական դիրեկտորիատ և ԽՍՀՄ ՆԳ ԺԿ |
Զբաղեցրած պաշտոններ | ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ | |
Sergo Goglidze Վիքիպահեստում |
Եղել է Լավրենտի Բերիայի մտերիմներից։
Ձերբակալվել է Բերիայի գործով՝ լրտեսությամբ հայրենիքը դավաճանելու, իշխանությունը զավթելու և այլ կասկածանքներով։ 1953 թվականի դեկտեմբերի 23-ին ԽՍՀՄ Գերագույն դատարանի զինվորական կոլեգիայի կողմից համաձայն Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության քրեական օրենսգրքի 58-րդ հոդվածի՝ դատապարտվել է մահապատժի և գնդակահարվել է նույն օրը։ Մարմինը դիակիզվել է, թաղվել է Նովի Դոնսկոյի գերեզմանատանը։
Կենսագրություն խմբագրել
Հայրը խոհարար է եղել։ Ազգությամբ վրացի է։ Սովորելով Կոկանդի (1911-1915 թվականներին) և Տաշքենդի (1915-1917 թվականներին) կոմերցիոն դպրոցներում ՝ստացել է միջնակարգ կրթություն։ 1917 թվականին զորակոչվել է զինվորական ծառայության։ Ծառայել է Սիմբիրսկիի 1-ին գնդում։ 1 տարի հետո զինվորագրվել է Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակին։
Համառուսական արտահերթ հանձնաժողովի, Պետական քաղաքական կառավարման և ԽՍՀՄ Ներքին գործերի ժողկոմիսարիատի զորքերում խմբագրել
1920 թվականից աշխատել է Թուրքեստանական ֆրոնտի հեղափոխական տրիբունալում։ Միաժամանակ սովորել է Տաշքենդի երեկոյան դպրոցում։ Հաջորդ տարվա հունիսին համալրել է Համառուսական արտահերթ հանձնաժողովի շարքերը որպես Թուրքեստանի համառուսական արտահերթ հանձնաժողովի զորքերի քաղաքական քարտուղար։ 1921-1922 թվականներին՝ Համառուսական արտահերթ հանձնաժողովի և Պետական քաղաքական կառավարման զորքերի կոմիսար։ 1922-1923 թվականներին՝ Ուկրաինայի սահմանների պաշտպանության լիազոր։ 1923 թվականից ծառայել է Կովկասի սահմանապահ զորքերում, որտեղ և ծանոթացել է Լավրենտի Բերիայի հետ։ 1928-1929 թվականներին սովորել է Մ․ Ֆրունզեի անվան Ռազմական ակադեմիայի բարձրագույն հրամկազմի կատարելագործման կուրսերում։ 1930 թվականի հունիսի 1-ից քաղբաժնի ղեկավար, քաղվարչության պետի տեղակալ, իսկ 1933 թվականի հունիսի 1-ից՝ սահմանապահ բաժնի և պետական քաղաքական ղեկավարության զորքերի ղեկավար, միասնական քաղաքական վարչության լիազոր ներկայացուցիչ ԱԽՖՍՀ-ում, 1934 թվականի հուլիսի 13-ից ԱԽՖՍՀ ՆԳԺԿ-ի սահմանապահ և ներքին անվտանգության վարչության և Վրաստանի ՆԳԺԿ վարչության ղեկավար։
1934 թվականի հունվարի 26-ից փետրվարի 10-ը ԽՄԿԿ XVII համագումարի պատվիրակ՝ որոշիչ քվեով[4]։
Վրաստանում և Լենինգրադում խմբագրել
1934 թվականի նոյեմբերի 11-ից Անդրկովկասի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության ներքին գործերի ժողկոմիսար և Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության ներքին գործերի ժողկոմիսարիատի կառավարության ղեկավար։
Դավլետ Կանդալիան՝ Նեստոր Լակոբայի պահակ-վարորդը (1933 թվականից) ձերբակալվել է Լակոբայի մահից հետո՝ 1936 թվականին։ Կանդալիայի հուշերից․
Առաջինը Գոգլիձեն է ինձ հարցաքննել, թե քանի անգամ եմ իրեն հարբած տուն հասցրել, ապա ատրճանակի փողը մտցրել է բերանս և գոռում էր․ «Ասա ինձ, թե ազգի դավաճան Լակոբան ու՞մ հետ է հանդիպել»։ Ես պատասխան տվեցի․ «Ինչպե՞ս ես համարձակվում Լակոբայի մասին այդպես արտահայտվել, չէ՞ որ դու նրա հետ նույն ափսեից ես կերել։ Դու ինքդ գիտես՝ ում հետ է նա հանդիպել․․․» Գոգլիձեն ամբողջությամբ կանաչել էր «ափսեի» հիշատակումից հետո[5]։ |
Ըստ Կանդալիայի հուշերի, 10 տարի հետո նրան կրկին տարել են Գոգլիձեի մոտ՝ Լակոբայի վերաբերյալ տեղեկություն իմանալու նպատակով, ինչը նրանց չի հաջողվել։
1935 թվականի նոյեմբերի 25-ին՝ 34 տարեկան հասակում, դարձել է պետանվտանգության 2-րդ աստիճանի ամենաերիտասարդ կոմիսարը։ 1937 թվականից ԽՍՀՄ Գերագույն խորհրդի դեպուտատ։
1937 թվականի հունվարի 1-ից Վրաստանի ներքին գործերի ժողկոմիսար։ Եղել է Բերիայի մտերիմներից։ 1937-1938 թվականներին եղել է Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության ներքին գործերի ժողկոմիսարի եռյակի նախագահ[6]։
1938 թվականի նոյեմբերի 14-ին նշանակվել է Լենինգրադի մարզում ԽՍՀՄ Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի կառավարության ղեկավար։ Մաքրել է կառավարության պաշտոնյաների կազմը Նիկոլայ Եժովի դրածոներից։ Թույլատրել է բանաստեղծուհի Օլգա Բերգգոլցի ձերբակալությունը[7]։
1939 թվականից Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության անդամության թեկնածու։
Վտարում Բեսարաբիայից խմբագրել
1941 թվականի ապրիլի 28-ից Գոգլիձեն նշանակվել է Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության կենտկոմի լիազոր և Ժողվրդական կոմիսարների խորհրդի կոմիսար Մոլդովայում։ Ղեկավարել է ԽՍՀՄ-ին միացած Բեսարաբիայից «հակասովետական տարրերի» վտարման գործընթացը։ Գոգլիձեն Ստալինից թույլտվություն է խնդրել մոտավորապես 5 հազար «ակտիվ հակահեղափոխականների» վտարման համար։ Մոլդովայից ինչպես նաև Ուկրաինական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության շրջաններից՝ Չեռնովցիից և Իզմայիլց արտաքսումը տեղի է ունեցել 1941 թվականի հունիսի 12-ի գիշերվանից մինչև հունիսի 13։ Ղազախական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունում, Կոմի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունում, Օմսկի և Նովոսիբիրսկի շրջաններում վերաբնակեցվել է ավելի քան 30 հազար մարդ։ Մոլդովայի դեպքում կան ավելի կոնկրետ տվյալներ։ Մասնավորապես այնտեղ նախատեսված էր 8-8,5 հազար մոլդովացի ակտիվ «հակահեղափոխականների» ձերբակալություն և վերաբնակեցում․ 5 հազար մարդ ուղարկվել է Կոզելշչանսկի ճամբար, 3 հազարը՝ Պուտիվլսկու ճամբար։ Իսկ նրանց ընտանիքի անդամները (33 հազար մարդ) հիմնականում վտարվել են Ղազախստան և Արևմտյան Սիբիր․ Հարավային Ղազախստան, Ակտյուբինսկի և Կարագանդինսկի շրջաններ ուղարկվել է 11 հազար մարդ, Նովոսիբիրսկի մարզ՝ 10 հազար, ևս 6 հազար մարդ՝ Կուստանայի, Կզիլ-Օրդայի և Օմսկի շրջաններ[8]։
1941 թվականի հուլիսից Խաբարովսկի երկրամասի ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի կառավարության ղեկավար, 1943 թվականի մայիսի 7-ից Հեռավոր Արևելքում ԽՍՀՄ Պետական անվտանգության նախարարության լիազոր։
Մոսկվայում խմբագրել
1951 թվականի հունվարի 3-ին տեղափոխվել է Մոսկվա և նշանակվել է ԽՍՀՄ պետական անվտանգության նախարարության երկաթուղային և ջրային տրանսպորտի անվտանգության գլխավոր կառավարության պետ։ Երբ 1951 թվականի օգոստոսին Վիկտոր Աբակումովին ԽՍՀՄ պետական անվտանգության նախարարի պաշտոնում փոխարինում է Սեմյոն Ինգատևը, Գոգլիձեն նշանակվում է նախարարի առաջին տեղակալ։ Իգնատևի հիվանդության ընթացքում ժամանակավորապես փոխարինել է նրան և վարել է «բժիշկների գործով» գրեթե ողջ նամակագրությունը։
1951 թվականի նոյեմբերի 10-ին նշանակվել է Ուզբեկիստանի պետական անվտանգության նախարարի պաշտոնում, սակայն 1952 թվականի փետրվարի 13-ին կրկին նշանակվել է ԽՍՀՄ պետական անվտանգության նախարարի տեղակալի պաշտոնում՝ միաժամանակ ղեկավարելով ԽՍՀՄ պետական անվտանգության 3-րդ (ռազմական հակահետախուզություն) վարչությունը։ 1952 թվականի նոյեմբերի 20-ին կրկին դարձել է նախարարի առաջին տեղակալ։
Ըստ Յակով Էտինգերի՝ 1952 թվականի նոյեմբերին Միխայիլ Ռյումինի պետական անվտանգության նախարարությունից հեռանալուց հետո Գոգլիձեն նշանակվել է «բժիշկների գործով» հսկիչ[9]։
Ստալինի մահից և Բերիայի ղեկավարությամբ միասնական ԽՍՀՄ ներքին գործերի նախարարության հիմնվելուց հետո, Գոգլիձեն 1953 թվականի մարտի 5-ին դարձել է նախարարության կոլեգիայի անդամ և 3-րդ վարչության պետ (հակահետախուզություն սովետական բանակում և ռազմածովային նավատորմում)։
Ձերբակալություն, դատ, մահապատիժ խմբագրել
Բերիայի ձերբակալության ժամանակ գտնվել է Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունում, որտեղ 1953 թվականի հուլիսի 3-ին կալանավորվել և տարվել է Մոսկվա։
1953 թվականի հուլիսի 2-7-ին Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի պլենումի ժամանակ հեռացվել է Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամակցության թեկնածուների ցուցակից։
1953 թվականի դեկտեմբերի 23-ին ԽՍՀՄ Գերագույն դատարանի հատուկ դատական ներկայությամբ՝ Լ․ Բերիայի, Բ․ Քոբուլովի, Վ․ Մերկուլովի, Վ․ Դեկանոզովի, Լ․ Վլոդիմիրսկիի և Պ․ Մեշիկի հետ միասին դատապարտվել է մահապատժի՝ իրեն պատկանող ունեցվածքի բռնագրավմամբ, ռազմական կոչումների և պարգևների զրկումով։
Ընտանիք խմբագրել
Հայրը՝ Արսեն Գոգլիձե (1878-1942), մայրը՝ Օլգա Կալմախելիձե (1882-1948)։ Սերգեյ Գոգլիձեի կրտսեր եղբայրներն են եղել․ Վիկտորը (1905-1964)՝ վրացի հայտնի շախմատիստ, և Վլադիմիրը (1908-1942), որը զոհվել է պատերազմում[10]։
Գոգլիձեն ամուսնացած է եղել երկու անգամ։ Առաջին ընտանիքը թողել է 1934 թվականին, ինչից հետո, ինչպես գրում է Ալեքսանդր Շլայեն, երբեք կապ չի ունեցել նրանց հետ։ Հայտնի է, որ 1954 թվականին նրա որդուն՝ Վլադիմիր Գոգլիձեին, հետախուզումից հետո գտել են, ձերբակալել և արտաքսել Ղազախստան[11]։ Վիկտոր Գոգլիձեի որդին նշել է, որ Վլադիմիր Գոգլիձեն մահացել է 1972 թվականին՝ Բաթումիում[10]։
Գոգլիձեի երկրորդ կինը՝ Եվլալիա Ֆյոդորովնան ևս աքսորվել է Ղազախական ԽՍՀ։
1984 թվականին Եվլալիա Ֆյոդորովնա Գոգլիձեն և դուստրը՝ Գալինան (որոշ տվյալներով՝ խորթ աղջիկը[10]) սպանվել են իրենց տանը՝ Մալախովկայում, կողոպուտի ժամանակ։
Պարգևներ խմբագրել
- Երկու Լենինի շքանշան(22.07.1937, 21.02.1945)
- Չորս Կարմիր դրոշի շքանշան (14.02.1936, 26.04.1940, 3.11.1944, 19**)
- Կուտուզովի II կարգի շքանշան (8.03.1944)
- Կարմիր աստղի շքանշան (20.09.1943)
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան (30.10.1942)
- ԱԽՖՍՀ Աշխատանքնային կարմիր դրոշի շքանշան (7.03.1932)
- «Աշխատավոր-գյուղացիական կարմիր բանակի 20-ամյակի» հոբելյանական մեդալ
- «Պետանվտանգության պատվավոր աշխատակից» կրծքանշան (1932)
Դատարանի վճռով զրկվել է բոլոր պետական պարգևներից և զինվորական կոչումներից։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 საქართველოს ბიოგრაფიული ლექსიკონი (վրաց.) — 2001.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 TracesOfWar
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Who led the NKVD (ռուս.)
- ↑ Делегаты XVII съезда ВКП(б) 26.1 - 10.2.1934
- ↑ «Огонек: НЕСТОР И ТЕНЬ». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 17-ին.
- ↑ «Приложение 2. Составы троек НКВД—УНКВД 1937—1938 гг., созданных для рассмотрения дел арестованных в ходе массовой операции по приказу НКВД СССР № 0044». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 16-ին.
{{cite web}}
: no-break space character in|title=
at position 49 (օգնություն) - ↑ Соколовская Н. Е. К 100-летию ОЛЬГИ ФЕДОРОВНЫ БЕРГГОЛЬЦ Արխիվացված 2017-09-03 Wayback Machine Журнал «Звезда»
- ↑ Павел Полян Не по своей воле. Արխիվացված 2010-05-14 Wayback Machine
- ↑ Врачи и их убийцы Արխիվացված 2012-12-19 Wayback Machine Совершенно СЕКРЕТНО
- ↑ 10,0 10,1 10,2 «Виктор Гоглидзе. Первый грузинский мастер по шахматм». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 4-ին.
- ↑ ОТМОРОЖЕННАЯ ОТТЕПЕЛЬ Արխիվացված 2013-09-27 Wayback Machine gazeta.zn.ua
Գրականություն խմբագրել
- Гоглидзе С. А. // Петров Н. В., Скоркин К. В. Кто руководил НКВД, 1934—1941 : справочник / Под ред. Н. Г. Охотина и А. Б. Рогинского. — М.: Звенья, 1999. — 502 с. — 3000 экз. — ISBN 5-7870-0032-3