Պետական դավաճանություն (լատին․՝ perduellio, անգլ.՝ high treason, ֆր.՝ lese majeste, ռուս.՝ Госуда́рственная изме́на), ծանր հանցագործություն, որը կատարվում է գիտակցաբար, ուղղված է այն պետության կամ միապետի դեմ, որի քաղաքացին կամ հպատակն է հանցագործը, կամ որին այս կամ այն կերպ ծառայում է նա։ Մասնավորապես, պետական դավաճանություն է համարվում պատերազմի ժամանակ հակառակորդի կողմն անցնելը, պետական գաղտնիքը հայտնելը և լրտեսությունը, իշխանության կամքին հակառակ թշնամու հետ անհատական բանակցություններ վարելը և այլն։ Յուրաքանչյուր երկրի Քրեական օրենսգիրք պետական դավաճանության համար սահմանում է իր բարձրագույն պատիժը։

17-րդ դարի Վառոդի դավադրության առաջնորդների պատկերազարդում․ 1605 թվականի նոյեմբերի 5-ին Շոտլանդիայի և Անգլիայի թագավոր, ՝ Հակոբ ԱՍտյուարտի դեմ անհաջող մահափորձի մասնակիցներ, որոնք ամենադաժան մահապատժի են ենթարկվել։ Դավադրության ամենահայտնի ղեկավարի՝ Գայ Ֆոքսի անունով նոյեմբերի 5-ը փրկության օր է հայտարարվել Անգլիայում և մինչև 1859 թվականը, իսկ դրանից հետո՝ ավանդաբար նշվում է Խառույկների գիշերը, որտեղ այրում են Գայ Ֆոքսի դիմակով խրտվիլակներ

Հասկացության պատմություն խմբագրել

Միջնադարյան իրավունքի հասկացությունից է ծագում (ֆրանսերեն՝ Lèse majesté - սուվերենի անձին վիրավորանք հասցնել)։ Սուվերենն իր հերթին ծագում է Հռոմեական իրավունքում ընդունված` մեծագույնին վիրավորանք հասցնել հասկացությունից (crimen laesae majestatis), որը սկզբում ներառում էր բոլոր պետական հանցագործությունները։

Այդ դարաշրջանի քաղաքական կառուցվածքում կարևոր հանգամանք կար. իրավունքում բացակայում էր ազգային ինքնիշխանության հասկացությունը։ Դավաճանությունը բացարձակապես ընկալվում էր իր վերադաս սյուզերենին դավաճանելը։

Հասկացության մեկնաբանումներ խմբագրել

Պետական դավաճանությունը տարբերվում է միութենական պարտավորությունների խախտումից (օրինակ, պատերազմի ժամանակ), քանի որ դավաճանության դեպքում մեղավորը համապատասխան պետության իրավունքի սուբյեկտ է, իսկ միութենական պարտավորությունները խախտելու դեպքում այդպիսին չի հանդիսանում։

Տարբեր պետություններ տարբեր վերաբերմունք ունեն այն հարցի վերաբերյալ, թե արդյո՞ք սահմանադրական կարգի կամ իշխող ռեժիմի դեմ գործողությունները դավաճանություն համարվում է, եթե դրանք ուղղակիորեն ռազմական գործողություններով չեն ուղեկցվել։ Ինչպես օրինակ, նացիստական քարոզիչ Ուիլյա Ջոյսի գործը, որը Մեծ Բրիտանիայի քաղաքացի չէր, դատապարտվել է կախաղանի՝ դավաճանության համար, հակասական տեսակետներ է առաջացրել։

Շատերը, ովքեր ի վնաս իրենց երկրի համագործակցել են թշնամու հետ, այդ թվում նաև պետությունների և կառավարությունների ղեկավարները, դատապարտվել են 1945-1946 թվականների եվրոպական տարբեր երկրներում պետական դավաճանության համար։ Դատապարտյալ դավաճանների գլխավորած կառավարությունները (ինչպես Վիշիի ռեժիմը Ֆրանսիայում) այդպիսով ի սկզբանե համարվել են անօրինական և ոչ լեգիտիմ։

Քանի որ թեկուզ մեկ անձի կողմից կատարված պետական դավաճանությունը կարող է էական կամ նույնիսկ անուղղելի վնաս հասցնել ամբողջ պետության անվտանգությանը և նրա մեծ թվով քաղաքացիների, ուստի դավաճանության համար պատիժը մեծ թվով երկրների օրենքով, որպես կանոն, ամենախիստն է և նույնիսկ բացառիկ։ Նախկինում դավաճանությունը առավելապես պատժվել է մահապատժով, հաճախ կախաղանով, իսկ զինվորականների համար՝ գնդակահարությամբ։ Անգլիայում պետական խիստ դավաճանության (high treason) համար բարձրագույն պատիժ էր սահմանված՝ տանջամահ անելով կախել, փորը թափել և քառատել (Hanged, drawn and quartered): ԽՍՀՄ-ում 1950-1953 թվականներին (վերականգնումից հետո սկզբնական շրջանում) մահապատիժ գոյություն ուներ միայն դավաճանության և հակահեղափոխական գործունեության համար։

Մեր օրերում, այն օրենսդրություններում, որտեղ մահապատիժ չկա, պետական դավաճանության լուրջ դեպքերի համար նշանակվում են երկարատև պատիժներ՝ մինչև ցմահ ազատազրկում։

ԱՄՆ-ում խմբագրել

ԱՄՆ պետական դավաճանությունը միակ հանցագործությունն է, որի բնորոշումը ամրագրված է երկրի Սահմանադրությամբ (չարաշահումներից խուսափելու նպատակով) 3-րդ հոդվածում։ Այն մեկնաբանվում է որպես Դաշնային իշխանության դեմ պատերազմական գործողություններ.

  Միացյալ Նահանգների նկատմամբ պետական դավաճանություն է համարվում միայն նրա դեմ պատերազմելը կամ նրա թշնամիներին միանալը և նրանց օգնություն և համագործակցուցյուն ցույց տալը։ Որևէ մեկը չի կարող պետական դավաճանության համար դատապարտվել առանց բաց դատական նիստում միևնույն ակնհայտ գործողության վերաբերյալ երկու վկաների վկայությունների կամ անձնական խոստովանության։ Կոնգրսն իրավունք ունի պետական դավաճանության համար պատիժ սահմանել, սակայն մեղավոր ճանաչելը չի հանգեցնի բոլոր իրավունքներից և կարողությունից զրկելուն կամ ունեցվածքը բռնագրավելու այլ կերպ, քան մեղավորի կյանքի ընթացքում։  

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից ԱՄՆ-ում միայն մեկ մարդ է մեղադրվել պետական դավաճանության մեջ[1]։

Եվրոպական երկրներում խմբագրել

Թյուդորների ժամանակներից Անգլիայում պետական դավաճանություն էր համարվում (անգլ.՝ high treason) թագավորի հրամանների ցանկացած խախտում (օրինակ, Հենրի VIII-ի ամուսնությունները դատապարտելը)։ Վճիռներից մեկում սոդոմիան (անգլ.՝ sodomy) մեկնաբանվում էր որպես պետական դավաճանություն։

Տարբեր երկրներում տարբեր են մոտեցումները այն հարցի նկատմամբ, թե սահմանադրական կառուցվածքի կամ տիրող վարչակարգի դեմ գործողությունները պետական դավաճանություն համարել, թե՞ ոչ, եթե մեղադրանքն անմիջական պատերազմական գործողություններին մասնակցելու հետ կապված չէ։ Այդպիսի վիճաբանությունների տեղիք տվեց նացիստական պրոպագանդիստ Ու. Ջոյսին («մականունը՝ «Լորդ Հոֆ-հոֆ»») պետական դավաճանության համար Մեծ Բրիտանիայի մեղադրանքը և կախաղան բարձրացնելու դատապարտումը (Նա Մեծ Բրիտանիայի նկատմամբ գերմանական ռադիոյով նացիստական պրոպագանդա էր տանում անգլերենով)։ Նրա դատապարտումը միջազգային իրավական նորմերի խախտում էր, քանի որ նա Մեծ Բրիտանիայի հպատակ չէր (1940 թվականից Գերմանիայի քաղաքացիություն էր ստացել, իսկ մինչ այդ ԱՄՆ քաղաքացի էր)[2][3]։

Մեծ Բրիտանիայում ներկայումս պետական դավաճանությունը շատ նեղ իմաստով է մեկնաբանվում. միապետի անձի նկատմամբ ոտնձգություն։ Վերջինը The Treason Act 1842 մեղադրանքով[4] մեղադրվել է 16-ամյա Մարկուս Սարջենտը, որը 1981 թվականի հունիսի 13-ին շքերթի ժամանակ մի քանի դատարկ կրակոց էր արձակել Եղիսաբեթ II-ի կողմը։

Եվրոպայի տարբեր երկրներում 1945-1946 թվականներին շատերը, ովքեր իրենց անունը պղծել էին թշնամու հետ համագործակցելով, դատապարտվեցին պետական դավաճանության համար։ Բացառություն չէին պետության և կառավարության ղեկավարները։ Դատապարտված դավաճանների ղեկավարած կառավարությունները (ինչպես Վիշիի վարչակարգը Ֆրանսիայում) դրանով իսկ համարվում էին անօրինական և ի սկզբանէ ոչ լեգիտիմ։

ԽՍՀՄ խմբագրել

ԽՍՀՄ-ում պետական դավաճանությունը սկզբնական շրջանում դասակարգային մեկնաբանություն ուներ, որպես «բանվորագյուղացիական հեղափոխության գործի դավաճանություն»։ 1934 թվականից հայրենասիրական երանգավորում ստացավ, որպես «Հայրենիքի դավաճանություն»։

Պետական դավաճանության ընդարձակ հասկացությունը լայնորեն կիրառվել է Ստալինյան բռնաճնշումների ժամանակ։ Բազմաթիվ պետական անվտանգության ղեկավարներ մեղադրվել են դավաճանության մեջ և գնդակահարվել են։ Հատկանշական է, որ փաստաթղթերում, խոսակցականում և գրականության մեջ հաճախ օգտագործում էին «հայրենիքի դավաճան» արտահայտությունը (որը գրեթե չէր հանդիպում 1930-ական թվականներին)[5]։ Բառերն օգտագործվում էին ուղիղ իմաստով, որը տրագիկոմիկ մեկնաբանությամբ նշանակում էր «մարդ, որը դավաճանել է Հայրենիքը»։ Անձը հայտարարվում էր ժողովրդի թշնամի[6]։

«Հայրենիքի դավաճանություն» ձևակերպումը ԽՍՀՄ միութենական Քրեական օրենսգրքերում պահպանվում էր մինչև ԽՍՀՄ փլուզումը։

Պատիժներ խմբագրել

Պետական դավաճանության համար որպես կանոն ամենադաժան պատիժ է սահմանվում։ Միջնադարում դավաճաններին հիմնականում դատապարտվում էին հասարակական մահապատժի։ Ոչ հասարակական մահապատիժներ իրականացվում են նաև մեր օրերում։ Մահապատժի ձևերից հաճախ կիրառում էին կախաղան բարձրացնելը, գլխատումը, քառատումը, ողջակիզումը, զինվորականների համար՝ գնդակահարությունը։ Անգլիայում հատուկ տաժանակիր ընթացակարգ էր սահմանված՝ կախաղան, փորաթափում և քառատում (անգլ.՝ [to be] hanged, drawn and quartered) գործողությունների հաջորդականությամբ։

1950-1953 թվականներին ԽՍՀՄ-ում մահապատիժ սահմանվում էր միայն Հայրենիքի դավաճանության և հակահեղափոխական գործունեության համար։

Մեր օրերում պետական դավաճանության պատժի համար սահմանված են ազատազրկման մեծ ժամկետներ։

Հայաստանի Հանրապետությունում խմբագրել

2003 թվականի ապրիլի 18 որոշման համաձայն լրտեսությունը և դրա նկատմամբ սահմանված պատիժը ամրագրված է Քրեական օրենսգրքի Հոդված 299. Պետական դավաճանություն կետում.

  Պետական դավաճանությունը՝ թշնամու կողմն անցնելը, լրտեսությունը, օտարերկրյա պետությանը կամ օտարերկրյա կազմակերպությանը կամ դրանց ներկայացուցիչներին պետական գաղտնիք հանձնելը կամ թշնամական գործունեություն իրականացնելու համար այլ օգնություն ցույց տալը, որը կատարել է Հայաստանի Հանրապետության քաղաքացին՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության կամ արտաքին անվտանգության՝ պատժվում է ազատազրկմամբ՝ տասից տասնհինգ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա։
Սույն հոդվածով, ինչպես նաև սույն օրենսգրքի 302-րդ հոդվածով[7] նախատեսված հանցանքներ կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նա, իշխանության մարմիններին կամովին հայտնելով կամ այլ ձևով, օժանդակել է հետագա վնասը կանխելուն, և եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում[8]։
- ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
 

Ռուսաստանում խմբագրել

 
ՌԽՖՍՀ Քրեական օրենսգիրք, 1922

1934 թվականի դեկտեմբերին Կիրովի սպանությունը ԽՍՀՄ բռնաճնշումների սաստկացման առիթ հանդիսացավ։ Հունիսի 8-ին ԽՍՀՄ ԿԳԿ որոշման համաձայն ՌԽՖՍՀ Քրեական օրենսգրքի 58-1ա հոդվածով սահմանված Հայրենիքի դավաճանությունը («Հակահեղափոխական հանցագործություն») հետևյալ կերպ է ձևակերպվել.

  Հայրենիքի դավաճանությունը, այսինքն ԽՍՀՄ քաղաքացիների գործողությունները ի վնաս ԽՍՀՄ ռազմական հզորության, նրա պետական անկախության կամ սահմանների անձեռնմխելիության, ինչպիսիք են՝ լրտեսությունը, ռազմական կամ պետական գաղտնիքը հանձնելը, թշնամու կողմը անցնելը, փախուստը կամ սահմանի անցումը, դատապարտվում է քրեական պատժի բարձրագույն չափով՝ գնդակահարություն ունեցվածքի բռնագրավմամբ, իսկ մեղմացուցիչ հանգամանքների դեպքում՝ 10 տարի ազատազրկմամբ ունեցվածքի բռնագրավումով։  

Այս ձևակերպումը գործել է մինչև 1960 թվականը։ Հայրենիք հասկացությունը հոմանիշ էր պետությանը, քանի որ ԽՍՀՄ հայրենիքի դավաճանություն հոդվածով դատապարտվել են շատերը, որոնք ծնվել էին Ռուսական կայսրությունից և ԽՍՀՄ միութենական սահմաններից դուրս (մասնավորապես Ստալինի ժամանակ)։

ՌԽՖՍՀ 1960 թվականի Քրեական օրենսգրքում «Հայրենիքի դավաճանություն» հասկացությանը հատկացված է առանձին՝ 64-րդ հոդվածը.

  Հայրենիքի դավաճանությունը, այսինքն ԽՍՀՄ քաղաքացիների մտածված գործողությունները ի վնաս ԽՍՀՄ ինքնավարության, տարածքային անձեռնմխելիության կամ պետական անվտանգության և պաշտպանուանկության՝ թշնամու կողմն անցնելը, լրտեսությունը, օտարերկրյա պետություններին ռազմական կամ պետական գաղտնիքը մատնելը, սահմանից դուրս փախուստը կամ ԽՍՀՄ վերադառնալուց հրաժարվելը, ԽՍՀՄ դեմ թշնամական գործողություններում օտար երկրներին օգնելը, որը հավասարազոր է իշխանությունը գրավելու նպատակով դավադրության, պատժվում է 10-15 տարի ազատազրկման սեփականության բռնագրավմամբ և 2-5 տարի աքսորով կամ առանց աքսորի կամ մահապատժի սեփականության բռնագրավմամբ։  

Լրտեսության համար պատասխանատվության սահմանափակումները կախված հանցագործի քաղաքացիությունից, գործում է նաև ներկայիս Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքում.

  Հոդված 275. Պետական դավաճանություն
Պետական դավաճանությունը, այսինքն լրտեսությունը, պետական գաղտնիքի մատնումը կամ օտար երկրին, օտարերկրյա կազմակերպությանը կամ նրա ներկայացուցիչներին թշնամական գործողություններում որևէ այլ տեսակի օգնությունը, որը ուղղված է Ռուսաստանի Դաշնության արտաքին անվտանգության դեմ, կատարված է Ռուսաստանի Դաշնության քաղաքացու կողմից
պատժվում է 12-20 տարի ազատազկմամբ 500 հազար ռուբլի տուգանքով կամ դատապարտվածի 3 տարվա աշխատավարձի կամ այլ եկամտի միջոցի տուգանքով կամ առանց դրա։
Ծանոթագրություն. Քրեական օրենսգրքի սույն հոդվածով, ինչպես նաև սույն օրենսգրքի 276 և 278 հոդվածներով նախատեսված հանցանքներ կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նա, իշխանության մարմիններին կամովին հայտնելով կամ այլ ձևով, օժանդակել է Ռուսաստանի Դաշնության հետագա վնասը կանխելուն, և եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում։
 

2012 թվականի հոկտեմբերին Պետական դուման այս հոդվածում ուղղում է կատարել, որը քրեական պատասխանատվություն է նախատեսում «ֆինանսական, նյութական, նյութատեխնիկական կոնսուլտացիոն կամ օտարերկրյա պետության, միջազգային կազմակերպության կամ նրանց ներկայացուցիչներին Ռուսաստանի անվտանգության դեմ ուղղված իրենց գործողություններում այլ օգնություն ցուցաբերելու համար»[9]։

Այս ձևակերպումը քննադատության է ենթարկվել «Human Rights Watch» կողմից իր անորոշ ձևակերպման համար[10]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Газета «Коммерсантъ» :: США пустили в ход измену родине. (ռուս.)
  2. Радиокомментатор германских программ на английском языке Уильям Джойс («Лорд Хау-хау») 2011 սեպտեմբերի 29 (ռուս.)
  3. Lord Haw Haw Trial [Radio documentary] (անգլ.)
  4. An Act for providing for the further Security and Protection of Her Majesty's Person. [16th July 1842.] Նորին Մեծության հետագա անվտանգությունը և պաշտպանությունը ապահովելու ստատուտը. բնօրինակ (անգլ.)
  5. Встречаемость синтагмы «հայրենիքի դավաճան» սինտագմայի կիրառման հաճախակիության գրաֆիկ Google Ngram Viewer կայքում(չաշխատող հղում)
  6. Ալեքսանդր Սոլժենիցին АРХИПЕЛАГ ГУЛАГ Т. 1. Ч. 1. Глава 6.
  7. Լրտեսություն
  8. ԲԱԺԻՆ 11. ՊԵՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ԳԼՈՒԽ 28. ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՐԳԻ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. Հոդված 299. Պետական դավաճանությունը
  9. Екатерина Винокурова Закон точечного действия. Госдума приняла закон о госизмене, который оппозиция считает репрессивным. Газета.Ру, 23.10.2012 (ռուս.)
  10. Russia: New Treason Law Threatens Rights. Хьюман Райтс Вотч 2012 (անգլ.)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 212