Ռոման Պոլանսկի
Ռոման Պոլանսկի (անգլ.՝ Roman Polanski, իրական անունը` Ռայմունդ Ռոման Լիբլինգ, օգոստոսի 18, 1933[1][2][3][…], Փարիզ[4]), հետպատերազմյան տարիների խոշորագույն ռեժիսոր, պրոդյուսեր, դերասան և սցենարիստ։ Աշխատել է Լեհաստանում (1953-1962 թթ.), Մեծ Բրիտանիայում (1963-1967 թթ.), ԱՄՆ-ում (1968-1976 թթ.) և Ֆրանսիայում (1976 թ-ից)։ Կինեմատոգրաֆիայի ասպարեզում արժանացել է մի շարք կարևորագույն մրցանակների ու պարգևների, այդ թվում` Կաննի «Ոսկե արմավենու ճյուղ», Բեռլինի կինոփառատոնի «Ոսկե արջ», Վենետիկի կինոփառատոնի «Ոսկե առյուծ»` ստեղծագործական կյանքի ընթացքում կատարած ձեռքբերումների համար, «Օսկար», «Սեզար», «Ոսկե գլոբուս», BAFTA` լավագույն ռեժիսորական աշխատանքի, ինչպես նաև եվրոպական կինոակադեմիայի «Ֆելիքս»` լավագույն ֆիլմի, ռեժիսուրայի և կինեմատոգրաֆի զարգացման համար կատարած ներդրումների համար։
![]() ֆր.՝ Roman Polanski | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 18, 1933[1][2][3][…] (91 տարեկան) |
Ծննդավայր | Փարիզ[4] |
Կրթություն | Լոդզի կինոդպրոց և Կրակովի արվեստի ակադեմիա |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրոն | հուդայականություն |
Մասնագիտացում | կինոռեժիսոր, դերասան, կինոպրոդյուսեր, սցենարիստ, գրող, բնավորության դերասան, կինոդերասան, թատերական ռեժիսոր, ռեժիսոր և պրոդյուսեր |
Ոճ(եր) | սարսափ ֆիլմ, psychological horror film?, թրիլեր, դրամա, ռազմական ֆիլմ, հոգեբանական թրիլեր ֆիլմ, միստիկ ֆիլմ, comedy horror film? և մարտաֆիլմ |
Ամուսին | Բարբարա Կվյատկովսկայա-Լաս, Շերոն Թեյթ և Էմմանուել Սենյե |
Պարգևներ | |
IMDb | ID ID 0000591 |
Կենսագրություն
խմբագրելՌոման Պոլանսկին ծնվել է Փարիզում ` հրեական ընտանիքում։ Երբ նա երեք տարեկան էր, նրա ծնողները տեղափոխվել են Լեհաստան և հաստատվել Կրակովում։ Գերմանիայի կողմից Լեհաստանը նվաճելուց հետո, նրանց ընտանիքը ներկալվել է Կրակովի հրեական առանձնաթաղում։ Մայրը զոհվել է Բելժեցի համակենտրոնացման ճամբարում, իսկ հորը հաջողվել է գոյատևել Մաուտհաուզենի համակենտրոնացման ճամբարում։ Հրեական առանձնաթաղի վերացվելուց հետո, մինչև պատերազմի ավարտը, Ռոմանին թաքցրել են լեհական ընտանիքները։ Նա հիշում է, որ նացիստները հրաձգությունների ժամանակ իրեն որպես թիրախ էին օգտագործում։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո նա իրեն վերագտավ արվեստի բնագավառում։ 1945 թվականին գտել է հորը և ընդունվել տեխնիկական դպրոց։ Շուտով սկսել է աշխատել մանկական հեռուստատեսությունում, խաղացել ռադիոբեմադրություններում և թատրոնում, գլխավոր դերով հանդես է եկել Վալենտին Կատաևի «Գնդի որդին» պատմվածքի բեմադրությունում։ Իր կյանքը որոշել է կապել կինոյի հետ, երբ նայել է անգլիական «Խաղից դուրս եկածը» (1947 թ.) կինոնկարը, որը մեծ ազդեցություն է թողել նրա վրա։
Ռոման Պոլանսկու երիտասարդությունն անցել է սոցիալիստական Լեհաստանում։ 1953 թվականին քսանամյա դերասանը առաջին անգամ նկարահանվել է կինոյում։ 1955 թվականին նկարահանվել է Անջեյ Վայդայի «Սերունդ» կինոնկարում։ Վայդայի օգնությամբ նա ընդունվել է Լոձի կինոդպրոցը, որն ավարտել է 1959 թվականին։
Ռոման Պոլանսկու առաջին ռեժիսորական աշխատանքներից է «Սպանություն» (1957 թ.) կարճամետրաժ ֆիլմը, որի տևողությունը երկու րոպե էր։ Նրա հաջորդ՝ «Երկուսը պահարանով» (1958 թ.) կինոնկարը արժանացել է հինգ միջազգային մրցանակի՝ այդ թվում Բրյուսելում կայացած համաշխարհային ցուցահանդեսի բրոնզե մեդալի։ 1962 թվականին Ռոման Պոլանսկին նկարահանել է իր առաջին լիամետրաժ «Դանակը ջրում» կինոնկարը։ Լեհաստանում ֆիլմն ընդունվեց սառնությամբ, սակայն արտասահմանում այն աղմուկ հանեց և նույնիսկ որպես լավագույն արտասահմանյան ֆիլմ, ներկայացվեց «Օսկար»-ի։
Տեղափոխվելով Ֆրանսիա, Ռոման Պոլանսկին ծանոթացել է սցենարիստ Ժերար Բրաշի հետ։ Միասին նրանք գրել են «Նողկանք» (1965 թ. Բեռլինի կինոփառատոնի «Արծաթե արջ» մրցանակ) և «Փակուղի» (1966 թ. «Ոսկե արջ» մրցանակ) ֆիլմերի սցենարները։ Այդ ֆիլմերը նկարահանվել են Անգլիայում։ 1968 թվականին Ռոման Պոլանսկին տեղափոխվել է ԱՄն։ Հոլիվուդում նրա դեբյուտը «Ռոզմարիի երեխան» (1968 թ.) կինոնկարն էր, որը կինեմատոգրաֆի պատմության մեջ նշանակալից երևույթ էր։ Ֆիլմում գլխավոր դերը կատարել է Միա Ֆերրոուն։ Հոլիվուդում Ռոման Պոլանսկու հաջողությունը մթագնեց, երբ 1969 թվականին սպանվեց նրա հղի կինը՝ դերասանուհի Շերոն Թեյթը, որից հետո նա մի քանի տարով մեկնեց Եվրոպա։ Այդ ողբերգությունը իր ազդեցությունն ունեցավ նրա հետագա ստեղծագործությունների վրա։
1974 թվականին վերադառնալով ԱՄՆ, նա նկարահանեց «Չինական թաղամաս» (1974 թ.) կինոնկարը, որի գլխավոր դերերում նկարահանվել էին Ջեք Նիկոլսոնը և Ֆեյ Դանաուեյը։ Կինոնկարն արժանացել է «Ոսկե գլոբուս»-ի և 11 անվանակարգերում ներկայացվել է «Օսկար» մրցանակի։ 1977 թվականին Ռոման Պոլանսկին մեղադրվել է 13-ամյա Սամանթա Գեյմերին Լոս-Անջելեսում գտնվող Ջեք Նիկոլսոնի տանը բռնաբարելու մեջ։ Պոլանսկին իբր աղջկան հրավիրել էր «Vogue» ամսագրի համար նկարահանելու նպատակով։ Ըստ Սամանթայի, Պոլանսկին իրեն շամպայն և թմրանյութ էր տվել, իսկ հետո ստիպել էր զբաղվել օրալային և անալ սեքսով։ Ձերբակալվելուց և մեղադրանքը առաջադրելուց հետո, Ռոման Պոլանսկին ընդունել էր անչափահասի հետ սեռական հարաբերություն ունենալու վերաբերյալ իր մեղքը՝ որպեսզի մեղքի ընդունման համաձայնագրի միջոցով կարողանար մեղմել առաջադրվող մեղադրանքը։
Ռոման Պոլանսկին, մինչ դատավճռի հրապարակումը, համաձայնվել էր ենթարկվել 3-ամսյա հոգեբուժական հետազոտության՝ հանցագործների համար նախատեսված հոսպիտալում, որը գտնվում էր Կալիֆոռնիայի Չինո քաղաքի բանտում։ Վերադառնալով բանտից, Պոլանսկին իր փաստաբանից տեղեկացել էր, որ գործը քննող դատավորը փոխել է իր դիրքորոշումը՝ նրան առանց ազատազրկման պայմանականորեն դատապարտելու վերաբերյալ։ Դա իր փաստաբանների և դատախազության միջև կնքված պայմանագրի խախտում էր, որը նաև հավանության էր արժանացել այդ նույն դատավորի կողմից։ Մինչ դատավճռի կայացումը, 1978 թվականի փետրվարի 1-ին, Ռոման Պոլանսկին ԱՄՆ-ից դիմեց փախուստի և մեկնեց Մեծ Բրիտանիա։ Այնուհետև վախենալով էքստրադիցիայից, մեկնեց Ֆրանսիա, հաճախ բնակվելով նաև Շվեյցարիայի և Լեհաստանի տարածքներում։ Արդյունքում թերթերում հայտնվեցին նաև այլ մեղադրանքներ Պոլանսկու հասցեին։ Մասնավորապես անգլիացի դերասանուհի Շարլոտա Լյուիսը հայտարարում էր, որ ռեժիսորը Փարիզում բռնաբարել է նաև իրեն՝ «Ծովահեններ» (1982 թ.) ֆիլմի նկարահանումների ժամանակ, երբ ինքը 16 տարեկան էր։
Հետագա ֆիլմերը Ռոման Պոլանսկին նկարահանել է Եվրոպայում։ 1979 թվականին թողարկվեց նրա «Տեսս» կինոնկարը, որի համար նա առաջադրվեց «Օսկար»-ի և արժանացավ «Սեզար» մրցանակի։ Այդ ֆիլմը Պոլանսկին նվիրել էր Շերոն Թեյթի հիշատակին։ Գլխավոր դերը ֆիլմում կատարել է Նաստասյա Կինսկին։ 1988 թվականին Պոլանսկին նկարահանել է «Անսանձը», 1992 թվականին՝ «Դառը լուսին», 1999 թվականին՝ «Իններորդ դարպասներ», իսկ 2013 թվականին «Վեներան մորթիներով» կինոնկարները, բոլորը իր կնոջ՝ Էմմանուել Սենյեի մասնակցությամբ։ 2002 թվականին Պոլանսկին անդրադարձել է հոլոքոստի թեմային՝ նկարահանելով «Դաշնակահարը» կինոնկարը, որն արժանացել է Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակին։
2009 թվականին Պոլանսկին մեկնել է Շվեյցարիա՝ իր ռեժիսորական գործունեության համար նախատեսված մրցանակն ստանալու։ Ցյուրիխում կինոփառատոնի կազմակերպիչները հայտարարել են, որ ռեժիսորը ձերբակալվել է ԱՄՆ-ի պահանջով, քանի որ ընդունելով իր մեղքը, թաքնվել է դատարանից և համաձայն ամերիկյան օրենքների, վաղեմության ժամկետը այդ դեպքում նրա վրա չի ազդում։ Մի քանի տասնյակ հայտնի կինոգործիչներ՝ այդ թվում Վուդի Ալլենը, Դեյվիդ Լինչը, Մարտին Սկորսեզեն, Վիմ Վենդերսը, Դարրեն Արոնոֆսկին, Տերի Գիլլիամը, Պեդրո Ալմոդովարը, Ֆաննի Արդանը, Մոնիկա Բելուչին, Ֆրանսիայի մշակույթի նախարար Ֆրեդերիկ Միտերանը և այլք, իրենց բողոքն են արտահայտել Ռոման Պոլանսկու ձերբակալման կապակցությամբ։ Ֆրանսիայի և Լեհաստանի արտաքին գործերի ղեկավարները հայտարարել են, որ դիմելու են ԱՄՆ նախագահին` Ռոման Պոլանսկուն ներում շնորհելու և քրեական գործը փակելու համար։ Կալիֆոռնիայի նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը հրաժարվել է ներում շնորհել ռեժիսորին։
Ռոման Պոլանսկու ձերբակալված լինելու ժամանակ, Բեռլինի կինոփառատոնում տեղի ունեցավ նրա նոր «Ուրվականը» (2010 թ.) ֆիլմի ցուցադրությունը։ Ֆիլմն արժանացավ «Արծաթե արջ» մրցանակին՝ լավագույն ռեժիսուրայի համար։ Նույն թվականին Շվեյցարիան հրաժարվեց էքստրադիցիայի ենթարկել Պոլանսկուն և ազատ արձակեցին նրան տնային կալանքից։ 2015 թվականին Լեհաստանի դատարանը նույնպես հրաժարվեց Պոլանսկուն հանձնել ԱՄՆ-ին։ Ի դեպ հաշվի էր առնվում նաև այն հանգամանքը, որ տուժողն ինքը, դառնալով չափահաս, բազմիցս հայտարարել էր, որ ռեժիսորի դեմ ոչինչ չունի։
Անձնական կյանքը
խմբագրել1959 թվականին Ռոման Պոլանսկին ամուսնացել էր լեհ դերասանուհի Բարբարա Կվյատկովսկայա-Լասսի հետ։ Վերջինիս հետ նա ապրել է մինչև 1962 թվականը։
1968 թվականին ամուսնացել է ամերիկյան դերասանուհի Շերոն Թեյթի հետ, ում հանդիպել էր իր առաջին գունավոր «Վամպիրների պարահանդեսը» (1967թ.) ֆիլմի նկարահանման ժամանակ։ 1969 թվականին Շերոն Թեյթը հղի վիճակում սպանվել էր Չարլզ Մենսոնի խմբի անդամների կողմից։
1989 թվականին Պոլանսկին ամուսնացել է ֆրանսիացի դերասանուհի Էմմանուել Սենյեի հետ։ Նրանք ունեն երկու երեխա։
Նախկինում Պոլանսկին սիրավեպ է ունեցել նաև 15-ամյա դերասանուհի Նաստասյա Կինսկիի հետ։
Մասնակի ֆիլմագրությունը
խմբագրելՌեժիսոր
Թվական | Անվանում | Բնօրինակ անվանում |
---|---|---|
1955 | Հեծանիվ | Rower |
1955 | Սպանություն | Morderstwo |
1958 | Երկուսը պահարանով | Dwaj ludzie z szafa |
1961 | Գերն ու նիհարը | Le gros et le maigre |
1962 | Կաթնասունները | Ssaki |
1962 | Դանակը ջրում | Nóz w wodzie |
1964 | Ամենահիասքանչ խարդախություններն աշխարհում | Les plus belles escroqueries du monde |
1965 | Նողկանք | Repulsion |
1966 | Փակուղի | Cul-de-sac |
1967 | Վամպիրների պարահանդեսը | Dance of the Vampires |
1968 | Ռոզմարիի երեխան | Rosemary's Baby |
1971 | Մակբեթ | The Tragedy of Macbeth |
1972 | Չեմպիոնի օրը | Weekend of a Champion |
1972 | Ի՞նչ | Che? |
1974 | Չինական թաղամաս | Chinatown |
1976 | Կենվորը | Le locataire |
1979 | Տեսս | Tess |
1986 | Ծովահենները | Pirates |
1988 | Անսանձը (Անմտության եզրին) | Frantic |
1991 | Գովազդի արքան | The King of Ads |
1992 | Դառը լուսին | Bitter Moon |
1994 | Մահը և աղջիկը | Death and the Maiden |
1999 | Իններորդ դարպասներ | The Ninth Gate |
2002 | Դաշնակահարը | The Pianist |
2005 | Օլիվեր Թվիստ | Oliver Twist |
2007 | Յուրաքանչյուրն իր կինոն ունի | Chacun son cinéma ou Ce petit coup au coeur quand la lumiere s'eteint et que le film commence |
2009 | Ագահություն. Նոր բույր Ֆրանչեսկո Վեզոլիից | Greed, a New Fragrance by Francesco Vezzoli |
2010 | Ուրվականը | The Ghost Writer |
2011 | Կոտորած | Carnage |
2012 | Թերապիա | A Therapy |
2013 | Վեներան մորթիներով | La Vénus à la fourrure |
Դերասան
Թվական | Անվանում | Բնօրինակ անվանում | Կերպար |
---|---|---|---|
1953 | Երեք վիպակ | Trzy opowiesci | Գենեկ |
1954 | Սերունդ | Pokolenie | Մունդեկ |
1955 | Երեք ելընթաց | Trzy starty | ռադիոլսող |
1955 | Կախարդական հեծանիվը | Zaczarowany rower | Ադաս |
1955 | Հեծանիվ | Rower | - |
1956 | Խորտակված նավեր | Wraki | - |
1956 | Գիշերվա վերջը | Koniec nocy | - |
1958 | Ի՞նչ կասի կինս | Co rekne zena? | պարող |
1958 | Հերոիկա | Eroica | - |
1959 | Թռչողը | Lotna | երաժիշտ |
1959 | Ցտեսություն, մինչ վաղը | Do widzenia, do jutra | Ռոմեկ |
1959 | Երբ ցած են ընկնում հրեշտակները | Gdy spadaja anioly | - |
1960 | Անմեղ կախարդները | Niewinni czarodzieje | կոնտրաբաս նվագողը |
1960 | Զգույշ, Ձնեմարդ է | Ostroznie, Yeti! | - |
1960 | Շիլաչ երջանկություն | Zezowate szczęście | Իոլայի փորձավարը |
1961 | Սամսոն | Samson | - |
1967 | Վամպիրների պարահանդեսը | Dance of the Vampires | Ալֆրեդ |
1969 | Հրաշագործը (Կախարդական քրիստոնյան) | The Magic Christian | հարբեցող |
1972 | Ի՞նչ | Che? | Մոսկիտո |
1974 | Արյուն Դրակուլայի համար | Blood for Dracula | տղամարդ |
1974 | Չինական թաղամաս | Chinatown | դանակով տղամարդը |
1976 | Կենվորը | Le locataire | Տրելկովսկի |
1982 | Աթուրմա | Chassé-croisé | - |
1989 | Գոդոին սպասելիս | En attendant Godot | Լյուկ |
1992 | Դեպի ետ` ԽՍՀՄ | Back in the U.S.S.R. | ռուս մաֆիոզ Կուրիլով |
1994 | Հասարակ ձևականություն | Una pura formalità | կոմիսար |
1994 | Փառքի խարդավանքը | Grosse fatigue | Ռոման Պոլանսկի |
2000 | Հարգանքի տուրք Ալֆրեդ Լեպետիին | Hommage à Alfred Lepetit | - |
2002 | Վրեժ | Zemsta | Ժոզեֆ Պապկին |
2007 | Պիկ ժամ 3 | Rush Hour 3 | կոմիսար Ռևի |
2008 | Հանդարտ քաոս | Caos calmo | Ստեյներ |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 2,0 2,1 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 filmportal.de — 2005.
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #118595431 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ http://www.berlinale.de/de/archiv/jahresarchive/2010/03_preistr_ger_2010/03_Preistraeger_2010.html
- ↑ https://web.archive.org/web/20190330120507/https://www.europeanfilmacademy.org/European-Film-Awards-Winners-1999.74.0.html
- ↑ https://web.archive.org/web/20190720123540/https://www.europeanfilmacademy.org/European-Film-Awards-Winners-2006.67.0.html
- ↑ 8,0 8,1 8,2 https://web.archive.org/web/20191209171345/https://www.europeanfilmacademy.org/?id=63
- ↑ 9,0 9,1 https://www.academie-cinema.org/films/jaccuse/
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոման Պոլանսկի» հոդվածին։ |