Շերոն Թեյթ (անգլ.՝ Sharon Tate, ամբողջ անունը` Շերոն Մարի Թեյթ (Sharon Marie Tate), հունվարի 24, 1943(1943-01-24)[1][2][3][…], Դալաս, ԱՄՆ - օգոստոսի 9, 1969(1969-08-09)[1][3][4], Չելո դրայվ 10050), ամերիկացի դերասանուհի և մոդել։ 1968 թվականին «Տիկնիկների հովիտը» ֆիլմում կատարած դերի համար առաջադրվել է «Ոսկե գլոբուս» մրցանակին։

Շերոն Թեյթ
անգլ.՝ Sharon Marie Tate Polanski
Ծնվել էհունվարի 24, 1943(1943-01-24)[1][2][3][…]
ԾննդավայրԴալաս, ԱՄՆ
Մահացել էօգոստոսի 9, 1969(1969-08-09)[1][3][4] (26 տարեկան)
Մահվան վայրՉելո դրայվ 10050
ԳերեզմանՍուրբ խաչի գերեզմանատուն
ԿրթությունՎիչենզա ամերիկյան ավագ դպրոց, Irvin High School? և Richland High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի և մոդել
Ծնողներմայր՝ Դորիս Թեյթ
Ամուսին(ներ)Ռոման Պոլանսկի
Երեխա(ներ)Փոլ Ռիչարդ Պոլանսկի
sharontate.net

Կենսագրությունը խմբագրել

Շերոն Թեյթը ծնվել է ԱՄՆ բանակի սպա, գնդապետ Փոլ Ջեյմս Թեյթի և նրա կնոջ` Դորիս Գվենդոլին Ուիլլեթի ընտանիքում, որտեղ Շերոնը նրանց երեք դուստրերից ավագն էր։ Չնայած այն հանգամանքին, որ Շերոնը վեցամսյա տարիքում շահել էր դալասյան «Միս փոքրիկ» մրցույթի գլխավոր տիտղոսը, այնուամենայնիվ նրա ծնողները որևէ ծրագիր չեն ունեցել իրենց դստեր ապագայի վերաբերյալ։ Հետագայում Շերոն Թեյթը մասնակցել է գեղեցկության մի քանի մրցույթի և 1959 թվականին դարձել հաղթող «Միս Ռիչլենդ» մրցույթում։ Շուտով նրա հորը ծառայության են գործուղել Իտալիա, ուր և տեղափոխվել է նաև նրա ընտանիքը։ Վերոնա քաղաքում Շերոնը շատ արագ դարձել է հայտնի, քանի որ Stars and Stripes զինվորական թերթի շապիկին տպագրվել էր նրա լողազգեստով լուսանկարը։

«Երիտասարդ մարդու արկածները» կինոնկարի նկարահանումների ժամանակ, Շերոնը հաճախ իր ընկերների հետ հայտնվում էր նկարահանման հրապարակում և մասնակցում ֆիլմի զանգվածային տեսարանների նկարահանումներին։ Կինոնկարի գլխավոր դերակատարներից մեկը` Ռիչարդ Բեյմերը, անմիջապես նկատել էր Շերոնին և ընդմիջումների ժամանակ հանդիպելով նրան, խրախուսում էր դերասանուհի դառնալ։ 1961 թվականին Շերոն Թեյթն առաջին անգամ հայտնվեց հեռուստաէկրանին` Վենետիկում նկարահանված երաժշտական հաղորդման շրջանակներում, որին մասնակցում էր երգիչ Պետ Բունը։ Նույն թվականին Շերոնը կրկին հայտնվեց զանգվածային տեսարանների նկարահանման հրապարակում` այս անգամ «Բարաբբա» ֆիլմում, որը նկարահանվում էր Վերոնայի մոտակայքում։ Շերոնի արտաքին գեղեցկությունը և վերաբերմունքը աշխատանքի նկատմամբ, դրական ազդեցություն էին թողել դերասան Ջեկ Փելանսի վրա։ Հռոմում տեղի ունեցած կինոփորձերը դրական արդյունք չեն տվել և Շերոնը թողնելով ընտանիքը, վերադարձել է ԱՄՆ` շարունակելով իր փնտրտուքները` կինոյում աշխատանք գտնելու հույսով։ Մի քանի ամիս անց, տեղի տալով մոր խնդրանքներին, Շերոնը կրկին մեկնել է Իտալիա։ 1962 թվականին ընտանիքը վերադարձել է ԱՄՆ, որտեղ Շերոնը Լոս-Անջելեսում անցել է աշխատանքի հեռուստատեսային գովազդի գործակալությունում։ 1963 թվականին Filmways, Inc. կինոընկերության տնօրենի հետ նա կնքել է յոթամյա պայմանագիր և նկարահանվել կատակերգական «Միսթր Էդ» և «Գեղջկուհին Բևեռլի-Հիլզում» սիթքոմներում։

1965 թվականին Շերոն Թեյթն ստացել է իր առաջին նշանակալից դերը «Սատանայի աչքը» կինոնկարում։ Նկարահանումները մեծ մասամբ տեղի էին ունենում Անգլիայում, որի ավարտից հետո Շերոնը մնաց Լոնդոնում` մտնելով գիշերային ակումբների և նորաձևության աշխարհ։ Որոշ ժամանակ անց նա հրավիրվեց նկարահանվելու Ռոման Պոլանսկու «Վամպիրների պարահանդեսը» (1967թ.) կինոնկարում։ Նույն թվականին Շերոնը վերադարձել է ԱՄՆ և նկարահանվել «Ետ մի քշիր ալիքը» (1967թ.) ֆիլմում։ Նույն 1967 թվականին Շերոն Թեյթը նկարահանվել է նաև Ժակլին Սյուզանի «Տիկնիկների հովիտը» գրքի էկրանավորման մեջ։ Այդ ֆիլմում Շերոնի դերակատարումը պետք է որ մեծ ազդեցություն թողներ նրա հետագա կինոկարիերայի վրա։

Անձնական կյանքը խմբագրել

1963 թվականին Շերոն Թեյթը սիրավեպ է ունեցել ֆրանսիացի դերասան Ֆիլիպ Ֆորկեի հետ, որի արդյունքում նրանք նշանադրվել էին։ Սակայն համատեղ նկարահանումներից հետո նրանց ճանապարհները բաժանվեցին, իսկ նշանադրությունը լուծարվեց։ 1964 թվականին Շերոն Թեյթը ծանոթացել է նախկին նավաստի Ջեյ Սեբրինգի հետ, ով դարձել էր հոլիվուդյան առաջատար վարսահարդար-ոճաբան։ Հետագայում Շերոն Թեյթն ասել էր, որ Ջեյի բնավորությունը շատ փափուկ է, իսկ երբ վերջինս ամուսնության առաջարկ էր արել, Շերոնը նրան մերժել էր։ Ըստ Շերոնի, ամուսնությունը իրեն կստիպեր հեռանալ կինոյից, իսկ նա այդ ժամանակ մտադիր էր կենտրոնանալ միայն դերասանական կարիերայի վրա։

Տարիներ անց Շերոն Թեյթը Լոնդոնում ծանոթացավ ռեժիսոր Ռոման Պոլանսկու հետ, երբ վերջինս նկարահանում էր «Վամպիրների պարահանդեսը» կինոնկարը։ 1968 թվականին նրանք ամուսնացան Չելսիում։ Ջեյ Սեբրինգը դարձել էր երիտասարդ զույգի մտերիմ բարեկամը և համարյա ամենուր ուղեկցում էր նրանց։ Շերոն Թեյթն ու Ռոման Պոլանսկին բնակության տեղափոխվեցին Լոս-Անջելեսի 10050 Cielo Drive հասցեում գտնվող առանձնատանը։ Նախկինում այդ տանն ապրել էին նրանց ընկերները` Տերի Մելչերն ու Քենդիս Բերգենը։ 1969 թվականի մարտի 23-ի կեսօրին, այդ տանը հայտնվում է Չարլզ Մենսոնը, ով փնտրում էր ոմն Թերի Մելչերի։ Տան սեփականատեր Ռուդի Ալտոբելլին և Շերոնի ընկեր, լուսանկարիչ Շարոք Հաթամին դուրս են քշում Մենսոնին։ Հետագայում, 1970 թվականի դատաքննության ժամանակ, տարածքային դատախազի տեղակալ Վինսենթ Բուգլիոզին, այդ միջադեպը համարում էր օգոստոսի 9-ին տեղի ունեցած դեպքերի հնարավոր պատճառ։

1968 թվականին Շերոն Թեյթն արդեն իսկ հղի էր, իսկ երեխան պետք է ծնվեր 1969 թվականի օգոստոսի վերջին։ Նույն թվականի հուլիսի 20-ին Շերոնը Լոնդոնից վերադարձել է ԱՄՆ, իսկ Պոլանսկին մնացել էր այնտեղ` «Դելֆինի օրը» կինոնկարի նկարահանումներին պատրաստվելու համար։ Ռոման Պոլանսկին ԱՄՆ պետք է վերադառնար օգոստոսի 17-ին` երեխայի ծնվելու օրերին։

Մահը խմբագրել

1969 թվականի օգոստոսի 8-ին Ռոման Պոլանսկին զանգահարել էր Շերոն Թեյթին և զգուշացրել իր ուշանալու մասին։ Կեսօրից հետո Շերոնին զանգահարել էին քույրերը և առաջարկել` գիշերելու գան նրա մոտ, որպեսզի նա չձանձրանա, սակայն Շերոնը մերժել էր նրանց, այդպիսով փրկելով քույրերին։ Երեկոյան Շերոն Թեյթը, Ջեյ Սեբրինգը և նրանց ընտանիքի բարեկամներ Վոյտեկ Ֆրիկովսկին և Էբիգեյլ Ֆոլգերը, ժամը 22:30-ին ռեստորանից վերադարձել էին տուն։ Նույն գիշերվա ընթացքում նրանք սպանվել էին Չարլզ Մենսոնի «Ընտանիք» խմբավորման անդամների կողմից։ Նրանց մարմինները հաջորդ առավոտ հայտնաբերել էր տան տնտեսուհին։ Ոստիկանությունը ժամանելով դեպքի վայր, հայտնաբերել էր նաև պատահական զոհ դարձած 18-ամյա Սթիվեն Պերենտի դիակը։ Նրան գնդակահարել էին իր իսկ սեփական ավտոմեքենայի մեջ, երբ վերջինս ցանկացել էր հեռանալ։

Տան ներսում, հատակին, տրորված մրգերի մեջ ընկած էր Ջեյ Սեբրինգը, գնդակահարված, դեմքն ու ձեռքերը կտրատված դանակով։ Ջեյը ստացել էր դանակի յոթ և մեկ հրազենային վնասվածքներ։ Գլուխը ծածկված էր արյունոտ սրբիչով, իսկ պարանոցին կապված էր նեյլոնե սպիտակ պարան։ Մեկ ուրիշ պարան անց էր կացվել առաստաղի գերանի վրայով, որի մյուս ծայրը փաթաթված էր Շերոնի պարանոցին։ Տան դիմաց գտնվող մարգագետնի վրա ընկած էր Ֆրիկովսկիի դին, որից ոչ հեռու` Էբիգեյլ Ֆոլգերի դին էր ընկած։ Մուտքի դուռը բաց էր, որի ներքնամասում արյունով գրված էր «Pig» (խոզ) բառը։ Բոլոր զոհերի (բացի Պերենտի) մարմիններին առկա էին բազմաթիվ կտրած և ծակած վերքեր։ Շերոնի մարմնի վրա հայտնաբերվել էր դանակի 16 վնասվածք, որոնցից հինգը մահացու էին։ Չնայած նրա աղերսանքներին, որ գոնե խնայեն դեռ չծնված երեխային, նրան դաժանորեն սպանել էին։

Ոստիկանությունը ձերբակալել էր միակ ողջ մնացած մարդուն` տան պահապանին, ով բնակվում էր ոչ հեռու գտնվող տնակում։ Նրան հարցաքննել են որպես առաջին կասկածյալի։ Վերջինս հայտնել էր, որ Սթիվեն Պերենտն իրեն այցելել էր ժամը 23:30-ի սահմաններում և գնացել մի քանի րոպե անց։ Նա հայտնել էր նաև, որ չի մասնակցել սպանություններին, ոչինչ չի լսել և չգիտի։ Հարցաքննությունից հետո պահապանին ազատ են արձակել։

Իմանալով ողբերգական լուրը, Ռոման Պոլանսկին անմիջապես ժամանել էր Լոս-Անջելես։ Ոստիկանությունը ի վիճակի չէր գտնել սպանությունների դրդապատճառը և Պոլանսկուն հարցաքննում էին իր կնոջ և ընկերների վերաբերյալ։ Օգոստոսի 13-ին Շերոն Թեյթին հուղարկավորել են փակ դագաղով` երեխային դնելով նրա ձեռքերի մեջ։

Ողբերգական դեպքի վրա մեծ ուշադրությունը հանգեցրեց Շերոն Թեյթի մասնակցությամբ ֆիլմերի վերահրատարակմանը, որոնք հասան առավել հանրաճանաչության, քան առաջ։ Հետագայում Պոլանսկին խոստովանում էր, որ սկզբնական շրջանում կասկածում էր իր բոլոր ընկերներին և հանդարտվել է միայն այն ժամանակ, երբ ձերբակալվել էին իսկական մարդասպանները։ Թերթերը պնդում էին, որ շատ հոլիվուդյան աստղեր հեռացել էին քաղաքից, իսկ մի մասն էլ իրենց տներում տեղադրել էին անվտանգության համակարգեր կամ վարձակալել հատուկ թիկնապահների։

Սպանության բացահայտումը խմբագրել

Հետաքննությունը ընթանում էր շուրջ կես տարի և հաճախ մտնում փակուղի։ Հանցագործությունը բացահայտվել է պատահականորեն, երբ մարդասպաններից մեկը` Սյուզան Ատկինսը ձերբակալվել էր մարմնավաճառության և գողության համար։ Հայտնվելով թմրամոլ Շելլի Նեդելի հետ միևնույն խցում, Սյուզան Ատկինսը պատմել էր նրան իրենց աղանդի մասին, որին իրենք անվանում էին «Ընտանիք» և որի ղեկավարը Չարլզ Մենսոնն էր։ Նրանք իրենց «ընտանիք» էին կոչում, քանի որ բոլորը միմյանց հետ գտնվում էին «ամուսնական» հարաբերությունների մեջ և միաժամանակ միմյանց սիրում էին եղբայրական սիրով, իսկ Չարլզ Մենսոնին համարում էին իրենց հայր և ուսուցիչ։ Ատկինսը իր խցակցուհու մոտ գլուխ էր գովացել, որ համտեսել է հղի կնոջ արյուն։ Այդ հանգամանքը առաջ բերեց մեղադրանքների մի ամբողջ շարքի։ Սյուզան Ատկինսը թվարկեց իր գործընկերների անունները` Չարլզ Մենսոն, Չարլզ Ուոթսոն, Պատրիսիա Քրենվինքլ, Լեսլի Վան Հաութեն և Լինդա Կասաբյան, ովքեր կատարել էին մի քանի սպանություններ։ Սյուզան Ատկինսը խոստովնել էր, որ հաջորդ օրը իրենք սպանել էին նաև Լենո և Ռոզմարի ԼաԲիանկա ամուսիններին։

Շերոն Թեյթի և նրա ընկերների սպանություններին Չարլզ Մենսոնն անձամբ չէր մասնակցել, սակայն դրանք կատարվել էին նրա ցուցումով։ Հաջողությունից ոգևորված, ԼաԲիանկա ամուսինների սպանությանը նա արդեն որոշել էր մասնակցել անձամբ։

1970 թվականի մարտի 29-ին մարդասպանները դատապարտվեցին մահապատժի։ Սակայն հետագայում մահապատիժը փոխարինվեց ցմահ բանտարկության, քանի որ Կալիֆոռնիայի գերագույն դատարանը որոշում էր կայացրել վերացնել մահապատիժները, որոնք նշանակվել էին մինչև 1972 թվականը։

Ֆիլմագրության ընտրանին խմբագրել

Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար
1958-1966 Միսթր Էդ Mister Ed աղջիկ
1962-1971 Գեղջկուհին Բևեռլի-Հիլզում The Beverly Hillbillies Ջանեթ Տրեգո
1966 Սատանայի աչքը Eye of the Devil Օդիլիա դե Կերեյ
1967 Ետ մի քշիր ալիքը Don't Make Waves Մալիբու
1967 Վամպիրների պարահանդեսը Dance of the Vampires Սառա Շագալ
1967 Տիկնիկների հովիտը Valley of the Dolls Ջենիֆեր Նորթ
1968 Կործանողների թիմը The Wrecking Crew Ֆրեյա Կառլսոն
1969 Տասներեքից մեկը 12 + 1 (The Thirteen Chairs) Պատ

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շերոն Թեյթ» հոդվածին։