Ռոբերտ Ֆիցրոյ (անգլ.՝ Robert FitzRoy, հուլիսի 5, 1805(1805-07-05)[1][2][3][…], Բերի Սենթ Էդմունդս, Սուֆոլք, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - ապրիլի 30, 1865(1865-04-30)[1][2][3][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), Բրիտանական նավատորմի սպա, օդերևութաբան, «Բիգլ» նավի արշավախմբի հրամանատար (որին մասնակցել է նաև Չարլզ Դարվինը), Նոր Զելանդիայի գեներալ-նահանգապետ, օդերևութաբանական վարչության հիմնադիր և ղեկավար։

Ռոբերտ Ֆիցրոյ
անգլ.՝ Robert FitzRoy
Ծնվել էհուլիսի 5, 1805(1805-07-05)[1][2][3][…]
Բերի Սենթ Էդմունդս, Սուֆոլք, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել էապրիլի 30, 1865(1865-04-30)[1][2][3][…] (59 տարեկան)
Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
ինքնասպանություն
ԳերեզմանԼոնդոն
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մասնագիտությունճանապարհորդ հետազոտող, քաղաքական գործիչ, օդերևութաբան և ռազմածովային սպա
Գործունեության ոլորտաշխարհագրություն
Պաշտոն(ներ)Նոր Զելանդիայի գեներալ նահանգապետ և Միացյալ Թագավորության 14-րդ խորհրդարանի անդամ
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն և Ճանապարհորդների ակումբ
Տիրապետում է լեզուներինանգլերեն[1]
Պարգևներ
ԿուսակցությունՄեծ Բրիտանիայի պահպանողական կուսակցություն
Ամուսին(ներ)Մարի Հենրիետա Օ Բրայն[5] և Մարիա Իզաբելա Սմիթ
Երեխա(ներ)Ռոբերտ Օ Բրայն Ֆիցրոյ[3] և Լաուրա Մարիա Էլիզաբեթ Ֆիցրոյ[3]
ՀայրԼորդ Չարլզ Ֆիցրոյ[6][5]
ՄայրԼեդի Ֆրանսիս Ստյուարտ[3][6][5]
 Robert FitzRoy Վիքիպահեստում

ՖիցՌոյը եղել է Լոնդոնի Թագավորական ընկերության անդամ (1851)[7], Փարիզի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ (1863)[8]։

Վաղ տարիներ խմբագրել

Ռոբերտ Ֆիցրոյը ծնվել է 1805 թվականի Հուլիսի 5-ին, Գրաֆթոնների Էմփթոն Հոլ ընտանեկան կալվածքում (Սաֆֆոլկկոմսություն)։ Հայրական կողմից Անգլիայի թագավոր Չարլզ II թագավորի անմիջական ժառանգն է (արտամուսնական), Գրաֆթոնի 3-րդ դուքսի թոռը։ Մայրական կողմից (մայրը՝ Ֆրենսիս Էն Ստուարտ) Լոնդոնդերիի 1-ին մարկիզի թոռն է։

1818 թվականի փետրվարին Ռոբերտ Ֆիցրոյն ընդունվել է Պորտսմութի Թագավորական ռազմածովային ակադեմիա։ 1819 թվականին սկսել է ծառայել նավատորմում, նախ որպես գարդեմարին «Օուեն Գլենդաուեր» նավի վրա, ապա «Հեյնդ» և «Ֆետիդա» նավերի վրա որպես միչման։ Լեյտենանտի պաշտոնում ծառայել է ծովակալ Օտուեյի «Գանգ» նավում։ 1828 թվականի հոկտեմբերին նշանակվել է «Բիգլի» կապիտան, որը Ֆիլիպ Պարկեր Քինգի 235 տոննա քաշով ջրագրական արշավախմբային նավն էր, որը զբաղվում էր Հարավային Ամերիկայի հարավային ափերի նկարահանումներով։

«Բիգլ» նավի կապիտան խմբագրել

 
HMS «Բիգլ» հիդրոլոգիական արշավախմբի նավ

«Բիգլ» նավի անձնակազմը, որն առանձնացել էր «Ադվենչուր» (Adventure) ընդհանուր արշավախմբի նավից, պետք է շարունակեր կատարել արևմտյան ափամերձ հատվածի ուսումնասիրությունը։ Ափի նկարահանումներն անցնում էին շատ դաժան բնակլիմայական պայմաններում։ Անձրևները, փոթորիկները դարձել էին «Բիգլ»-ի անձնակազմի հիմնական ուղեկիցները։ Անհյուրընկալ անապատային ափը, հրոերկրացիների ոչ բարեկամական վերաբերմունքը լրացնում էր պատկերը։ Մշտական խոնավությունն ու վիտամինների պակասը անձնակազմի մոտ առաջացրել էր ցինգա և ռևմատիզմ հիվանդություններ։ Կապիտան Ստոկսը, որը Ֆիցրոյից առաջ էր ղեկավարում նավը, չդիմանալով նավարկության այս դժվար պայմաններին, ինքնաապանություն էր գործել։ Սակայն քսաներեքամյա երիտասարդ կապիտանը, չնայած այդ դաժան եղանակային պայմաններին, կարողացել է բարեհաջող իրականացնել իր առջև դրված խնդիրը։

Իր առաջին անկախ նավարկության ընթացքում երիտասարդ սպան կարողացել է իրականացնել իրեն բնորոշ արարք։ Ֆիցրոյը իր հետ նավ է տարել չորս աբորիգենների՝ ցանկանալով տեղի բնակիչներին դարձնել ավելի քաղաքակիրթ և լավացնել նրանց բարքերը։ Ենթադրվում էր, որ Անգլիայում կրթություն ստանալուց հետո, նրանք պետք է վերադառնային իրենց հայրենիք։ Ֆիցրոյի կարծիքով Անգլիայում ստացած կրթության շնորհիվ կբարձրանար տեղաբնակների կուլտուրական մակարդակը, քաղաքակրթությունը կսովորեն։ Եվ հետագա ճանապարհորդողները այդ վայրերում կհանդիպեն ոչ թե վայրենիների, որոնք ունակ են միայն գողություն անել, այլ միանգամայն քաղաքակիրթ մարդկանց, ովքեր անհրաժեշտության դեպքում կարող են օգնել, պարենամթերք մատակարարել։

1830 թվականի աշնան սկզբին արշավախումբը վերադարձել է Անգլիա։ Կապիտան Քինգը նավարկության ավարտից հետո հրաժարական է տվել։ Հաջորդ նավարկության համար նա այդ ղեկավար պաշտոնում առաջարկել է Ֆիցրոյին՝ նրան ամենալավ բնութագիրը տալով։ Սակայն ծովակալությունը հրաժարվել է շարունակել Հրո Երկրի ափերի նկարահանումների հետագա պլաններից։

Ֆիցրոյի բերված հրոերկրացիները մնացել են նրա խնամատարության տակ, ծովակալությունը խոստացել էր աջակցել նրա պլաններին։ Օգնության ձեռք էին մեկնելու նաև միսսիոներական կազմակերպությունները։ Վոլստեմստոյի գյուղական համայնքի ծխական դպրոցում սկսել են կրթել հրոերկրացիներին, հողագործական մի քանի հմտություններ սովորեցնել։ Նրանցից մեկը հիվանդացել է բնական ծաղիկ հիվանդությամբ և շուտով մահացել։ Մյուսները առողջական վիճակի խնդիր չեն ունեցել և, տպավորությունն այնպիսին է եղել, թե հիմնովին հարմարվել են իրենց համար անսովոր պայմաններին։ Որոշվել է, որ նրանց հետ միասին Հրո Երկիր պետք է մեկներ մեկ միսիոներ, որը պետք է առաքելության հիմքը դներ։

Հետագա հիդրոգրաֆիական հետազոտություններից Ծովակալության հրաժարվելով Ֆրիցրոյը հայտնվել է դժվարին կացության մեջ։ Հրոերկրացիներն Անգլիայում էին, իսկ Ֆիցրոյը նրանց խոստացել էր հայրենիք վերադարձ։ Այդ պատճառով նա ստիպված էր արձակուրդ վերցնել և իր խնամյալներին հետ ուղարկել իր հաշվին։ Այդ նպատակով նրանք 1000 ֆունտ ստերլինգով նավ են վարձել։ Այնուամենայնիվ, ոչ առանց ազդեցիկ հարազատների օգնության, ծովակալության լորդերի կարծիք փոխվել է, և Ֆիցրոյը, արդեն 3-րդ կարգի կապիտան կոչումով, նորից սկսել է «Բիգլ»-ը նավարկության պատրաստել։ Ֆիցրոյի նախաձեռնություններից մեկն էլ բնախույզների արշավախումբ հրավիրելն է եղել։ Բուսաբանության պրոֆեսոր Հենսլոուի հանձնարարականով ընտրվել է Չարլզ Դարվինը, ով վերջերս էր ավարտել Քեմբրիջի համալսարանը։

«Բիգլ»-ի շուրջերկրյա նավարկություն խմբագրել

 
Կապիտան Ռոբերտ Ֆիցրոյ

Այսպիսով,1831 թվականի հուլիսի 4-ին «Բիգլ»-ը կրկին հանձնվել է Ռոբերտ Ֆիցրոյի ղեկավարությանը, և սկսվել է նավարկության պատրաստություն տեսնել, որը ըստ ծովակալության հրամանի, դառնալու էր շուրջերկրյա։ Խնդիրները, որոնք դրված էին «Բիգլ»-ի անձնակազմի առջև էականորոն ընդլայնվել էին[9]։ Ծովակալության գլխավոր հիդրոգրաֆիայի նավապետ Բոֆորտի հուշագրի համաձայն, բացի Հարավային Ամերիկայի ափերի նկարահանումներից անհրաժեշտ էր հստակեցնել ամբողջ երկրագնդի մի շարք վայրերի աշխարհագրական երկայնությունները։ Քարտեզագրական նկարահանումները պետք է սկսվեին Լա Պլատայի հարավից, շարունակելով նկարագրել Մագելանի նեղուցը և Հրո երկիրը։ Դրա հետ մեկտեղ պետք էր մանրամասնորոն հետազոտել Ռիո-Նեգրո գետը և Ֆոլկլենդյան կղզիները։ Հաջորդը պետք էր անցնել Խաղաղ օվկիանոսի ափով հնարավորինս դեպի հյուսիս։ Որից հետո այն տեղում, որտեղ կավարտվեր նկարահանումները, անհրաժեշտ էր անցնել Խաղաղ օվկիանոսը։ Դրա հետ մեկտեղ ցանկալի էր մտնել Գալապագոսյան կղզիները և Տահիտին, ինչպես նաև այցելել Տոռեսի նեղուցի և Արևելյան Հնդկաստանի մի շարք վայրեր։ Այս ամբողջ էքսպեդիցիան տևեց երկու տարի[10]։

Պատագոնիայի ընդլայնված ափերի ավելի արագ նկարահանման համար Մոնտեվիդեոյում Ֆիցրոյը ութ ամսով վարձեց երկու ոչ մեծ առագաստանավեր (9 և 15 տոննա)։ Շուտով այդ երկու նավերը լեյտենանտ Ջոն Վիքեմի և շտուրման Ջոն Ստոկսի հրամանատարությամբ սկսեցին առաջադրանքի կատարումը։ Ի տարբերություն Քինգի Ֆիցրոյը հարկ չէր համարել այդ մասին թույլատվություն ստանալ Լոնդոնից․ նամակագրության վրա ամիսներ կծախսվեին, կկորչեր թանկագին ժամանակը։ Նա այդ մասին ծովակալությանը տեղեկացրել է հետին ամսաթվով, ընդգծելով, որ եթե իր գործողությունները չհաստատվեն, ապա նա «ի վիճակի է և պատրաստ է վճարել» պահանջվող գումարը։ Ի պատասխան նրան մեղադրել են հրահանգները խախտելու համար և պահանջել՝ առաջին իսկ հնարավորության պես անմիջապես չեղարկել պայմանագիրը։ Ֆիցրոյը պայմանագիրը չի խզել[9]։

Օժանդակ նավի (այդպիսին կար առավել վստահելի կապիտան Քինգի էքսպեդիցիայի ժամանակ) անհրաժեշտություն է առաջացել աշխատանքների մեծ ծավալի հետ կապված, ինչպես նաև ուսումնասիրման օբյեկտներից նավահանգիստների հեռավորությամբ պայմանավորված։ Պաշարների համար մոտակա նավահանգիստ գնալն ամիսներ էր տևում։ Դրա համար Ֆոլկլենդում Ֆիցրոյը իր փողերով (6000 դոլար) գնել է 70 տոննա կշռող ծովաորսական «Յունիկորն» նավը, որը շուտով վերանվանվել է «Ադվենչուր»։ Այս անգամ ֆիցրոյը ծովակալությանը չի տեղեկացրել այդ մասին։ Դրա համար նավի ձեռքբերման և պահպանության բոլոր ծախսերը կատարել է արշավախմբի ղեկավարը։ Արդյունքում, նավը պահելու ծախսերը հոգալու դժվարությունից ելնեելով, այն ստիպված է եղել վաճառել։

1832 թվականի նոյեմբերի 27-ին «Բիգլ»-ը դուրս է եկել Մոնտեվիդեոյից և շարժվել դեպի Հոռն հրվանդան, որտեղ պետք է իջեցներ հրոերկրացիներին և հիմներ քրիստոնեկան առաքելություն։ Հորն հրվանդանում «Բիգլ»-ը ենթարկվել է ուժեղ փոթորկի և այն եզակի նավերից մեկն է, որը կարողացել է դիմակայել դրան։

Միսսիայի ձախողում խմբագրել

Հրոերկրացիներին ցած են իջեցրել Նասաուի ծոցի ափերին և Վուլիյա անվամբ տեղանքում սկսել են առաքելության իրականացումը։ Տեղաբնիկները սկզբում ցուցաբերել են լիովին ընկերական հետաքրքրասիրություն, հետո նրանց պահվածքը ավելի ագրեսիվ և անպարկեշտ բնույթ է կրել։ Առաքելությունը կարճ ժամանակ անց նահանջել է,իսկ «քաղաքակիրթ» հրոերկրացիները ոչ մի կերպ չեն ազդել համերկրացիներ վրա և շուտով լծվել են իրենց նախկին կենսակերպին։ Անգլիայից բերված կուլտուրական բույսերը տնկել էլ չի հաջողվել, քանի որ բնիկներն այդ ցանքերը տրորել են, իսկ վայրենիների համար հետաքրքրություն ներկայացնող բոլոր առարկաները գողացվել են։

Միսիոներ Ռիչարդ Մետյուզը այդպիսի պայմաններում չէր կարող հուսալ, որ հաջողության կհասնի և անորոշ ժամկետով հետաձգել է իր միսիոներական ծրագրերը։ Միակ հույսն այն էր, որ մնացած հրոերկրացիները ժամանակի ընթացքում կազդեն իրենց համերկրացիների վրա։ Սին հույս։ Մեկ տարի անց վերադառնալով, ճանապարհորդները էական փոփոխություններ չեն նկատել նրանց պահվածքում, այդ վայրում միակ «անգլիական» հրոերկրացին (Ֆիցրոյը նրան Ջեմի Բատտոն է անվանել) չէր մոռացել իր ընկերներին և չէր վայրենացել կրկին։ Նա ընտանիքի կազմելով առանձնացել էր իր ցեղակիցներից և այլևս հայրենիքիս հեռանալու ցանկություն չուներ։ Այսպիսով, հրոերկրացիներին քաղաքակիրթ դարձնելու գաղափարը ձախողվել էր։

Խաղաղ օվկիանոսում խմբագրել

 
«Բիգլ»-ի շուրջերկրյա նավարկությունը

«Հրո Երկիր» կղզեխմբի և Ֆոլկլենդյան կղզիների ուսումնասիրությունից հետո, արշավախումբը, հետևելով նշված ցուցումներին, ուղևորվել է դեպի հյուսիս՝ Խաղաղ օվկիանոսյան ափերով դեպի Հարավային Ամերիկա։ «Ադվենչուր»-ի անձնական ծախսերը հոգալու անհնարինությունից ելնելով, Ֆիցրոյը ստիպված է եղել նավը վաճառել (1834թ հոկտեմբեր)։ Զրկված լինելով օժանդակ նավից՝ արշավախումբը կորցրել է ափերը հետազոտելու մեծ հնարավորությունները։ Դարվինը իր օրագրում գրել է. «Վերջին երկու ամիսների ընթացքում կապիտան Ֆիցրոյը աշխատում է ուժերից առավել, ընդ որում նրան ամբողջ ընթացքում խանգարում են։ Նավի վաճառքը, ծովակալության անտարբերությունը և հազար ու մի վիրավորական մանրուքները նրան ծանր նյարդային խանգարման են հասցրել»։ Ֆիցրոյը որոշ ժամանակով հրաժարվել է արշավախմբի ղեկավարումից՝ ղեկավարությունը փոխանցելով լեյտենանտ Վիքեմին[11]։

Ամռանը և աշնանը Չիլիի ափին գտնվող Չիլոե կղզու տարածքում նկարահանումներ են ընթացել։ 1835 թվականի փետրվարին «Բիգլը» լքել է այդ վայրը և հասել Վալդիվիա նավահանգիստ։ Այդ ժամանակ տեղի է ունեցել ուժեղ երկրաշարժ՝ ավերելով գրեթե ողջ Կոնսեպսիոնը։ Երկրի շերտերի տեղաշարժը հանգեցրել էր օվկիանոսային հոսանքների փոփոխության, որի հետևանքով բրիտանական ռազմածովային ուժերի «Չելենջեր» նավը ժայռերին բախվելով՝ վթարի է ենթարկվել։ Նավի հրամանատարը Ֆիցրոյի ընկեր Մայքլ Սեյմուրն էր։ Ֆիցրոյն անձամբ անձնակազմը փրկելու միջոցներ է ձեռնարկել՝ համառորեն հայցելով տեղական բրիտանական իշխանությունների օգնությունը, որոնք չէին շտապում կատարել իրենց պարտականությունները։ Ի վերջո, նա իր ծառայություններն է առաջարկել ռազմածովային բազայի հրամանատար Մեյսոնին և մի որոշ ժամանակ թողել է «Բիգլը»՝ մեկ այլ նավով գնալով նավաստիներին փրկելու։

1835 թվականի ամռանը արշավախումբը աշխատել է Պերույի ափերի մոտ և այստեղ էլ ավարտել է իր Հարավային Ամերիկայի հետազոտության ծրագիրը։ Սեպտեմբերի սկզբին «Բիգլը» վերջապես լքել է Հարավային Ամերիկայի ափերը և ուղևորվել դեպի Գալապագոսյան կղզիներ։ Այդտեղ, սեպտեմբերի 15-ից մինչև հոկտեմբերի 20-ը արշավախումբն զբաղվել է քարտեզագրական հետազոտություններով։ Գալապագոսյան կղզիներից հետո նավը շարժվել է դեպի Թաիթի։ Այստեղ Ֆիցրոյը ստիպված է եղել կատարել հրամանատար Մեյսոնի դիվանագիտական հանձնարարությունը և թաիտցիներից գանձել 2853 դոլար պարտքը՝ որպես կղզում բրիտանացի սպաների սպանության փոխհատուցում։ Ֆիցրոյը բանակցությունները նրբանկատորեն, բայց և հաստատակամ է վարել՝ հարգանքով դիմելով առաջնորդների խորհրդին, և նրան հաջողվել է հասնել այդ հարցի դրական լուծմանը։ Երբ կղզու բնակիչները հակընդդեմ հայց են ներկայացրել (ընդամենը 390 դոլար), նա ընդունել է այն, ինչով անգլիական իշխանությունների սովորությանը դեմ քայլ է դիտվել։ Բանակցություններից հետո կղզու ղեկավարները նրան ուղղել են մի շարք հարցեր՝ կապված իրավական հարաբերությունների հետ։ Անգլիացի սպայի պատասխաններից շատերը անմիջապես ընդունվել են որպես կղզու օրենքներ։ Տասը օր (նոյեմբերի 15-ից 25-ը) Թաիթիում մնալուց հետո, «Բիգլը» ուղղություն է վերցրել դեպի Նոր Զելանդիա։

1835 թվականի Սուրբ Ծննդյան նախօրեին արշավախումբը հասել է Նոր Զելանդիա։ Գալով այդտեղ Ֆիցրոյը մտերմացել է Նոր Զելանդիայի միսիոներնների հետ։ Այդտեղ մնալու տասը օրերի ընթացքում կարողացել է ամբողջությամբ ծանոթանալ գործերի վիճակի հետ։ Շատ առումներով այս ծանոթությունը կանխորոշել է հետագայում, յոթ տարի անց՝ որպես նահանգապետ, նրա գործողությունները։ Հետագայում արշավախմբի ճանապարհն անցել է Սիդնեյով, Թասմանիա կղզի, Հնդկական օվկիանոսի Կոկոսյան կղզիներ, Մավրիկիոս կղզի, Հարավային Աֆրիկայի Քեյփթաուն։ Ատլանտյան օվկիանաոսում «Բիգլը» եղել է Սուրբ Հեղինեի, Համբարձման կղզիներում և հատելով օվկիանոսը, նորից հասել է Հարավային Ամերիկայի ափերը։

1836 թվականի նոյեմբերի 2-ին «Բիգլը» հասել է Ֆալմուտ և արշավախմբի աշխատանքն ավարտվել է։

Անգլիայում խմբագրել

Արշավախմբի հաջողությունները գրավել են լայն հասարակության ուշադրությունը։ Հինգ տարի տևած հետազոտության արդյունքներն արժանացել են բարձր գնահատանքի։ Ֆիցրոյը պարգևատրվել է Թագավորական ընկերության ոսկե մեդալով։ Հետազոտության արդյունքներից ելնելով, նա ստեղծել է «Նավիգացիոն հրահանգ» այն նավերի համար, որոնք նավարկում էին Հարավային Ամերիկայի ափերի մոտ։ Ղեկավարելով արշավախումբը նա նաև զբաղվել է «Բիգլ»-ի նավարկության մասին գրքի հրատարակմամբ։ Արդյունքում, 1839 թվականին լույս է տեսել գիրք՝ չորս հատորով։ Առաջին հատորը իր մեջ ներառված է Ֆիլիպ Պարկեր Քինգի ղեկավարությամբ առաջին ուղևորության նյութերը։ Երկրորդ հատորը նվիրված է «Բիգլի» շուրջերկրյա նավարկությանը։ Երրորդ հատորը գրել է Չարլզ Դարվինը։ Այնուհետև դա լույս է տեսել առանձին, և հայտնի դարձել որպես «Բնագետի ճանապարհորդությունն ամբողջ աշխարհում «Բիգլ» նավի վրա» վերնագրով։ Այս երկու գիտնականների տեսակետների տարաբևեռությունը դեռևս բարձր աստիճանի չէր հասել և այդ ժամանակ դեռևս համատեղ արդյունավետ աշխատում էին։ Լրացուցիչ՝ չորրորդ հատորը երկրորդի հավելվածն է և ներառում է ճանապարհորդության փաստաթղթերը (նավի մատյան, օդերևութաբանական օրագիր և այլն), ինչպես նաև Ֆիցրոյի նշումները տարբեր գիտական հարցերի վերաբերյալ։

Ֆիցրոյի աշխարհայացքը ընկալելու համար հետաքրքրություն են ներկայացնում հատկապես նավարկության հաշվետվության եզրափակիչ երկու գլուխները։ Հեղինակը համոզված գրել է. «Մարդիկ արյունով նման են միմյանց, բայց տարբեր կլիմայական պայմանների, տարբեր սովորությունների ու տարբեր սննդի ազդեցության տակ նրանք այլ տեսք են ստանում»։ Ֆիցրոյը եկել է այն համոզման, որ բոլոր մարդիկ ունեն մեկ նախահայրենիք և ուսումնասիրելով հոսանքներն ու գերակշռող քամիները կարելի կլինի պարզել մարդկության ընդհանուր նախահայրենիքը (չէ որ պարզունակ նավերը կարող էին քամուց քշվելով միայն նավարկել)։ Անկասկած, հետազոտությունների միջոցով, ֆիցրոյը ցանկացել է ապացուցել Աստվածաշնչի իսկության փաստը։ Վերջին գլուխը վերնագրված է «Ջրհեղեղի վերաբերյալ մի քանի դիտարկումներ»։ Այստեղ նա բերում է փաստեր ի օգուտ «Կեցություն» գրքի բառացի ընկալման։

1841 թվականին, իր մորեղբոր` Լոնդոնդերի 2-րդ մարկիզի առաջարկով, Ֆիցրոյը խորհրդարանական ընտրություններում ինքնառաջադրվում է Դարհեմից՝ «Թորի» կուսակցության կողմից։ Խորհրդարանում ընտրվելով՝ Ֆիցրոյը նշանակվում է Անգլիայի լոցմանական ասոցիացիայի ավագ, գետերիի և անտառների պահպանության վարչության տեսուչի պաշտոնակատար։ Այդ պաշտոնում նա պատրաստել է «Առևտրական նավի կապիտանի պաշտոն կամ կապիտանի օգնականի պաշտոն զբաղեցնել ցանկացող անձանց պարտադիր քննության մասին» օրինագիծը։ 1850 թվականին նավատորմի այս կատեգորիաների համար ներդրվել է պարտադիր ատեստավորման համակարգ։ Խորհրդարանում Ֆիցրոյի աշխատանքը կարճ է տևել։ Շուտով Նոր Զելանդիայի նահանգապետի պաշտոնը ստանձնելու առաջարկ է ստացել՝ փոխարինելով Նոր Զելանդիայի առաջին նահանգապետ, կապիտան Ուիլյամ Հոբսոնին, որը 1842 թվականին մահացել է։

Նոր Զելանդիայի գուբերնատոր խմբագրել

1843 թվականի հուլիսին Նոր Զելանդիայի նորանշանակ նահանգապետն իր ընտանիքի հետ (այդ ժամանակ նա արդեն ուներ 3 երեխա) միասին ժամանել էր նշանակման վայր։ Ֆիցրոյը լիովին մարդասիրական էր տրամադրված։ Քինգին գրված նամակում ասում է. «Դժվար է ասել ինձ ինչ է սպասվում։ Մենք կնոջս հետ այնտեղ ենք գնում մեր կամքով՝ ապավինելով Աստծոն և շատ ենք ցանկանում բնիկ նորզելանդցիներին օգտակար լինել։ Չեմ կարծում թե նրանց հետ դժվարություններ կառաջանան, դրա փոխարեն, սպիտակներից ոչ մի լավ բան չեմ սպասում»։ Հետագայում Քինգը գրեց. «Նա սկզբունքների զոհ դարձավ»։

Սակայն իրականությունն իրականում շատ ավելի բարդ էր։ Այդ ժամանակ Նոր Զելանդիան բնակեցած էր սակավաթիվ սպիտակամորթ նորաբնակներով (մոտավորապես 15 հազար) և բազմաթիվ մաորիներով, որը համարձակ և նախաձեռնող ժողովուրդ էր։ Հոբսոնի ջանքերով մաորիները ճանաչեցին բրիտանական ինքնիշխանությունը և ստացան բրիտանական հպատակների իրավունքներ։ Այնուամենայնիվ, բրիտանական թագավորության այլ ներկայացուցիչների պլաններում տեղի բնակչության դերակատարումն աննշան էր։

1839 թվականին Էդվարդ Գիբբոն Ուեյքֆիլդը ուղարկել է արշավախումբ՝ կղզիներն ակտիվորեն գաղութացնելու նպատակով։ Գումարի մի մասը նա ստացել է իրեն դեռ չպատկանող հողերի վաճառքից։ Չնայած այն հանգամանքին, որ սկզբնական շրջանում տեղի բնակչության հետ հարաբերությունները ընդհանուր առմամբ վատ չէին, ի վերջո, սպիտակամորթների զավթողագործությունը հանդիպել է մաորիների դիմադրությանը։ Նոր նահանգապետի ժամանումից առաջ բախումներ էին եղել Ուարայի հովտում գտնվող հողերի համար։ Ի վերջո մաորիների առաջնորդին ձերբակալելու փորձ էր եղել, որը նրանք ընկալել են որպես անընդունելի նվաստացում։ Արդյունքում սպիտակամորթների խայտաբղետ ջոկատին հեշտությամբ փախուստի են մատնել, իսկ գերի հանձնված մաորիներին սպանել են իրենց սովորության համաձայն։

Ֆիցրոյին բաժին էր հասավ ծանր ժառանգություն։ Առավել ևս, որ նա հաստատակամորեն տրամադրված էր իր մարդասիրական սկզբունքներին հետևել։ Վաիրայում հակամարտության ժամանակ նա ընդունել է, որ մաորիները ճիշտ են, ինչը վրդովեցրել էր գաղութարարներին։ Այնուամենայնիվ, մաորինների շրջանում նրա հեղինակությունը չի բարձրացել։ Նրան թուլամորթության մեջ են մեղադրել երկու կողմերն էլ։ Այնուամենայնիվ, երբ գործը հասել է լուրջ մարտական գործուղություններին, առաջնորդների մեծ մասը կանգնել է նահանգապետի կողքին։

Ֆինանսական ծանր վիճակի հետևանքով Իրավիճակը սրվել է։ Մետրոպոլիան չէր ցանկանում օգնել գաղութներին՝ համարելով, որ նրանք պետք է ինքնածախսածածկմամբ հոգսերը հոգան։ Ֆիցրոյը, ինչպես նախկինում, «Բիգլ»-ով նավարկելու ժամանակ, խախտել է հրահանգները՝ գաղութային նախարարությանը չհայտնելով իր կողմից ձեռնարկված միջոցառումների մասին։ Արդյունքում այդ մասին Լոնդոնում իմացել են այլ աղբյուրներից, որոնք հստակորեն դեմ էին նահանգապետին, և դա նյարդայնացրել է նաև գաղութների նախարար Ստենլիին։ Նահանգապետին ուղղված Սթենլիի հեռագրերը լի են նրա գործուղությունների վերաբերյալ նյարդայնությամբ. «Նախ և առաջ, դուք պետք է չափազանց զգուշորեն ձևակերպեիք ձեր հայտարարությունները, հաստատակամորեն ձեռնարկեիք անհրաժեշտ միջոցներ և դրանք ճշտապահորեն հաղորդեիք»։

Գաղութարարներն էլ իրենց հերթին խնդրագրեր էին ուղարկել՝ խնդրելով հետ կանչել Ֆիցրոյին։ Նոր Զելանդիայի ընկերության միջնորդագրում նահանգապետը մեղադրվել է բռնապետության մեջ և «ավելի ժողովրդավարական կառավարում» ունենալու ցանկության մեջ։ Միևնույն ժամանակ պնդվել է, որ Ֆիցրոյը գործում է «բնիկների հետ գործ ունենալու ընդհանուր ընդունված պրակտիկային» հակառակ։ Սակայն Ֆիցրոյին հետ կանչելու որոշումը կայացվել է նախքան խնդրագրերը Լոնդոն կհասնեին։ 1845 թվականի նոյեմբերի 18-ին Ֆիցրոյը հետ է կանչվել Նոր Զելանդիայի նահանգապետի պաշտոնից։

Օդերևութաբանության վարչության պետ խմբագրել

 
Ֆիցրոյի ձկնորսական բարոմետր No 98, Սթրոմնես քաղաքում (Օրկնեյան կղզիներ)

Նոր Զելանդիայից վերադառնալուն պես՝ Ֆիցրոյը, 1847 թվականին նշանակվել է Վուլվիչի նավաշինարանի կառավարիչ, որտեղ նա զբաղվել է շոգենավաշինության հարցերով։ 1850 թվականին առողջության վաթարացման պատճառով հրաժարական է տվել։ 1851 թվականին ընտրվել է Թագավորական ընկերության անդամ։ 1853 թվականին Ռուսաստանի հետ հարաբերությունների սրման (Ղրիմի պատերազմ) հետ կապված՝ որոշ ժամանակ ծառայել է որպես Մեծ Բրիտանիայի ցամաքային զորքերի գերագույն գլխավոր հրամանատար լորդ Հարդինգի անձնական քարտուղար։ Նույն թվականին նա մասնակցել է ծովային օդերևութաբանություն խորհրդաժողովին, որն անցկացվել է Բրյուսելում։ 1854 թվականին Առևտրի կոմիտեն որոշում է կայացրել հիմնել օդերևութաբանական վարչություն։ Թագավորական ընկերության առաջարկությամբ Ֆիցրոյը Առևտրի խորհրդի առաջարկով նշանակվել է բաժնի վարիչ՝ որպես գլխավոր օդերևութաբանական վիճակագրության վարչության պետ։ Բաժնի անձնակազմը բաղկացած էր 3 հոգուց։ Ֆիցրոյին շնորհվել է փոխ-ծովակալի կոչում։

Վարչության պետը բրիտանական նավերի բոլոր նավապետներին պարտավորեցրել է հետևել եղանակին, օգտագործել շտորմգլաս օդերևութաբանական անոթ, նշել ջերմաստիճանը, քամու ուժգնությունը և ուղղությունը, գրանցել բարոմետրերի ցուցմունքները և տվյալները մուտքագրել հատուկ մշակված աղյուսակների մեջ։ Դրա համար նա բոլոր նավերը զինել է անհրաժեշտ սարքավորումներով։ Անգլիայի ափերին, ինչպես նաև եվրոպական որոշ երկրներում ստեղծվել են 24 օդերևութաբանական կայաններ, որոնցից 19-ը Անգլիայում, մեկը՝ Կոպենհագենում, մեկը՝ Հոլանդիայում, երկուսը՝ Ֆրանսիայում (Բրեստ և Բայեն) և մեկը՝ Լիսաբոնում։ Կայանները միացվել են եղանակի սպասարկման կենտրոնին վերջերս հայտնագործված Մորզեի հեռագրասարքով։ Այս կայարաններից հավաքված եղանակի վերաբերյալ տվյալները եղանակի սպասարկման կենտրոնում վերլուծության հիման վրա տրվում էին հանձնարարականներ, որոնք հեռագրով ուղարկվում էին կայաններ։ Այդ ժամանակ թողարկվել են առաջին օթերևութաբանական քարտեզները, որոնց հիման վրա էլ կատարվել են եղանակի կանխատեսումներ։ «Թայմս» թերթը սկսել է եղանակի տեսության առաջին հրապարակումները։

1862 թվականին հրատարակվել է Ռոբերտ Ֆիցրոյի «Եղանակի գիրքը»։ Հաջորդ տարի թողարկվել է գրքի երկրորդ հրատարակությունը։ 1865 թվականին գիրքը թարգմանվել է ռուսերեն և հրատարակվել է «Փոխ-ծովակալ Ֆիցրոյի գործնական օդերևութաբանություն» անվամբ։ «Մենք ապրում ենք օդային օվկիանոսում, եղանակի բոլոր փոփոխությունները կախված են արևի ճառագայթումից։ Պետք է հիշել, որ օդային օվկիանոսի վիճակն ավելի շատ խոսում է ապագա եղանակի, քան տվյալ պահի եղանակի մասին», - գրել է նա իր գրքի նախաբանում։ Չնայած օդերևութաբանական վարչության գործունեության անվերապահ օգտակարությանը, այստեղ ևս Ֆիցրոյին չի հաջողվել խուսափել շատ սուր քննադատությունից։ Քննադատության պատճառները Ֆիցրոյի համար պարզ էին։ 1863 թվականի հաշվետվության մեջ նա գրել է, որ իրեն քննադատողները «բոլոր առևտրային ընկերությունները և ֆիզիկական անձինք են, ովքեր հետաքրքրված են դրամական շահույթով, ովքեր նախընտրում են, որ ձկնորսներն, անկախ նախազգուշացումների, իրենց կյանքը ռիսկի տակ դնելով շարունակեն զբաղվել իրենց վտանգավոր գործով, միայն թե չվճարեն նավի պարապուրդի համար»։ Քննադատողների մեկ այլ կատեգորիա էլ տեսական պատճառներով չի համաձայնվել օդերևութաբանական վարչության գործունեության հետ։ Այնուամենայնիվ, նա չափազանց հիվանդագին է վերաբերվել քննադատություններին։

Ընդդեմ Դարվինի հայացքների խմբագրել

1859 թվականին լույս է տեսել Չարլզ Դարվինի «Տեսակների ծագումը» գիրքը, որը մեծ իրարանցում էր առաջացրել գիտական հանրության շրջանում։ Ֆիցրոյը, ով նախկինում էլ չէր կիսում Դարվինի տեսակետները («Բիգլի» վրա վեճեր կային նրանց միջև), քննադատել է նոր ուսմունքը։ Սկզբում Թայմսում մի հոդված է լույս տեսել, որը ստորագրված էր «ծերունի» (Senex) կեղծանվամբ։ Հոդվածում հեղինակը վիճարկում է հնագետ Ջոն Էվանսի այն կարծիքը, որ Սոմա գետի ափին հայտնաբերված քարերը կացիններ են, պալեոլիթյան մարդկանց աշխատանքի գործիքներ, որոնք ապրել են 14000 տարի առաջ։ Զարմանալով, որ դրանց հետ այլ աշխատանքի գործիքներ չեն հայտնաբերվել, Senex-ը պնդում է, որ այդ քարերը թողել են քոչվոր ցեղերը, որոնք կորցրել են իրենց քաղաքակրթությունը։ 1860 թվականի հունիսի 25-ին Օքսֆորդում Գիտության առաջընթացի բրիտանական ասոցիացիայի ժողովի հանրային ելույթում նա հերքել է Հեքսլիի համոզմունքը, որ Դարվինի տեսությունը տրամաբանորեն բխում է փաստերից և հայտնել է, որ նա «հաճախ է իր ընկերոջը հորդորել վերանայել տեսակետները, որոնք հակասում են կեցություն գրքի առաջին գլխին»։

Ֆիցրոյի համար գիտությունը սուրբ գրությունների հավատարմության ևս մեկ ապացույց է։ Հերշելին ուղղված նամակում նա գրում է. «Աստղագիտությունն ու երկրաբանությունը համոզիչ կերպով ապացուցում են Հին Կտակարանի աստվածաշնորհը»։

Հիվանդություն և մահ խմբագրել

 
Ռոբերտ Ֆիցրոյի գերեզմանը

Վերջին տարիներին Ֆիցրոյի մոտ նկատվել են գերհոգնածության նշաններ, որը պայմանավորված էր անդադար աշխատանքով։ Բժիշկը համառորեն պնդել է թողնել աշխատանքը և հանգստանալ, բայց ապարդյուն։ Նրա կինը օրագրում գրել է. «Նա անընդհատ նյարդայնանում է, բայց վիճակը մի փոքր թեթևանալուն պես, շտապում է դեպարտամենտ, իսկ այնտեղ հասնելուն պես համոզվում է, որ իրականում չի կարող աշխատել»։ 1865 թվականի ապրիլի 30-ին 59-ամյա ծովակալ Ֆիցրոյը ինքնասպանություն է գործել՝ կոկորդը ածելիով կտրելով։

Ռոբերտ Ֆիցրոյի պատվին անվանվել են խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Lundy D. R. The Peerage
  4. Royal Geographical Society Gold Medal RecipientsRoyal Geographical Society, 2022.
  5. 5,0 5,1 5,2 O'Byrne W. R. FITZROY.: Capt., 1834. f-p., 17; h-p., 11. // A Naval Biographical Dictionary: comprising the life and services of every living officer in Her Majesty's Navy, from the rank of Admiral of the Fleet to that of Lieutenant, inclusive. Compiled from Authentic and Family Documents.London: John Murray, 1849. — 1409 p.
  6. 6,0 6,1 Kindred Britain
  7.  FitzRoy; Robert (1805 - 1865); Meteorologist, Governor of New Zealand and Vice Admiral Արխիվացված 2020-10-19 Wayback Machine (անգլ.)
  8.  Les membres du passé dont le nom commence par F (ֆր.)
  9. 9,0 9,1 Browne, E. J. (E. Janet), 1950- (2003). Charles Darwin. London: Pimlico. ISBN 1-84413-314-1. OCLC 277435928.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  10. Darwin, Charles, 1809-1882. (1989). Voyage of the Beagle : Charles Darwin's Journal of researches. London, England: Penguin Books. ISBN 0-14-043268-X. OCLC 20996373.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  11. «Robert Fitzroy». Encyclopedia Britannica (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 20-ին. {{cite web}}: Text "British scientist" ignored (օգնություն)