Լնդախտ, ցինգա, սկորբուտ, հիվանդություն, որն առաջանում է օրգանիզմում ասկորբինաթթվի (վիտամին C-ի) անբավարարությունից։ Զարգանում է վիտամին C չպարունակող մթերքներով 3-6 ամիս սնվելուց հետո։ Առաջացնում է ականջների, քթի, շրթունքների, մատների, եղունգների կապտություն, լնդերի ուռում և արյուահոսություն, բերանի տհաճ հոտ։ Ատամները շարժվում են և թափվում։ Սրունքների, ազդրերի, նստատեղի մաշկի վրա, հետագայում ենթամաշկում և մկաններում, ինչպես նաև այլ օրգաններում առաջանում են կետավոր արյունազեղումներ։ Խանգարվում է ստամոքս-աղիքային համակարգի գործունեությունը, զարգանում է սակավարյունություն, խիստ ընկնում օրգանիզմի դիմադրողականությունը վարակիչ հիվանդությունների հանդեպ։ Բուժումը. ասկորբինաթթու կամ վիտամին C-ի պատրաստուկներ (մասուր և փշատերև)։ Կանխարգելումը, բանջարեղենի (հատկապես կարտոֆիլ և կաղամբ), հատապտուղների և մրգերի (ցիտրուսներ, սև հաղարջ, ելակ, մասուր) օգտագործում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 649)։
|