Ռաջ Կապուր (հինդի՝ राज कपूर, իրական անունը՝ Ռանբիր Ռաջ Կապուր, դեկտեմբերի 14, 1924(1924-12-14)[1][2], Փեշավար, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն[1] - հունիսի 2, 1988(1988-06-02)[2], Նյու Դելի, Հնդկաստան), կինոյի և թատրոնի հնդիկ դերասան, կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր։ Հայրենիքում Ռաջ Կապուրն արժանացել է հնարավոր բոլոր մրցանակներին ու կոչումներին, այսօր էլ հետմահու շարունակում է պարգևատրվել։ Հայտնի է որպես «հնդիկ Չարլի Չապլին», «հնդկական կինոյի հայր» և «Արևելքի կապուտաչյա թագավոր»։ Նախկին Խորհրդային Միության հանրապետություններում ստացել է «Ընկեր թափառաշրջիկ», իսկ Եվրոպայում` «հնդկական Պետրոս I» անունները։

Ռաջ Կապուր
հինդի՝ राज कपूर
Ծնվել էդեկտեմբերի 14, 1924(1924-12-14)[1][2]
ԾննդավայրՓեշավար, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն[1]
Մահացել էհունիսի 2, 1988(1988-06-02)[2] (63 տարեկան)
Մահվան վայրՆյու Դելի, Հնդկաստան
ԿրթությունColonel Brown Cambridge School? և St. Xavier's Collegiate School?
Քաղաքացիություն Բրիտանական Հնդկաստան և  Հնդկաստան
Կրոնհինդուիզմ
Մասնագիտությունկինոպրոդյուսեր, կինոռեժիսոր, սցենարիստ, մոնտաժող և կինոդերասան
Ծնողներհայր՝ Պրիտհվիռաջ Կապուր, մայր՝ Ռամսարնի Կապուր
Ամուսին(ներ)Կրիշնա Կապուր
Երեխա(ներ)Ռիշի Կապուր, Ռանդհիր Կապուր, Ռաջիվ Կապուր, Ռիտու Նանդա և Rima Jain?
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն

խմբագրել

Ռաջ Կապուրը ծնվել է ներկայիս Պակիստանի տարածքում գտնվող Փեշավար քաղաքում ` հայտնի դերասան և թատերական գործիչ Պրիտհվիռաջ Կապուրի և նրա կնոջ` Ռամսարնի Մեհրայի ընտանիքում։ Բացի Ռաջ Կապուրից, ընտանիքում մեծանում էին նաև նրա եղբայրները՝ Շամմի Կապուրը, Շաշի Կապուրը և քույրը՝ Ուրմիլա Սիալ Կապուրը։

Իր առաջին դերը կինոյում Ռաջ Կապուրը կատարել է 11 տարեկանում ` 1935 թվականին նկարահանված «Հեղափոխություն» կինոնկարում։ Մանկության տարիներից խաղացել է իր հոր Prithvi Theatres թատերախմբում, սակայն նրա երազանքը կինոն էր։ Հրաժարվելով ստանալ բարձրագույն կրթություն, պատանի տարիներից աշխատել է ռեժիսորի օգնական՝ Bombay Talkies կինոստուդիայում, պրակտիկորեն յուրացնելով կինեմատոգրաֆիական հիմնական մասնագիտությունները։

Հնդկաստանի համար բեկումնային 1947 թվականը բեկումնային էր նաև Ռաջ Կապուրի համար։ Նկարահանվելով մի քանի ֆիլմերի գլխավոր դերերում, իր վաստակած միջոցները նա ծախսեց իր առաջին «Մոխրացող կիրք» (1948 թ.) ֆիլմի ստեղծման համար։ Այս ֆիլմից սկսվեց Ռաջ Կապուրի և դերասանուհի Նարգիսի համագործակցությունը, որի արդյունքում նրանք միասին նկարահանվեցին 16 ֆիլմում։ Չնայած առաջին ֆիլմի համեստ հաջողությանը, 1948 թվականին Ռաջ Կապուրը հիմնադրեց իր սեփական R.K. Films կինոստուդիան և նախաձեռնեց «Անձրևների ժամանակը» մեծամասշտաբ կինոնկարի ստեղծումը։ Այդ ֆիլմից սկիզբ առավ նրա ռեժիսորական կարիերայի փառավոր ուղին։ Ֆիլմի հաջողությանը նպաստեց երիտասարդ ռեժիսորի համագործակցությունը մի ամբողջ խումբ տաղանդավոր և ստեղծագործող մարդկանց հետ։ 1949 թվականին նա Նարգիսի և Դիլիպ Կումարի հետ հանդես եկավ Մեհբուբ Խանի «Համբավ» ֆիլմում։

Իր ֆիլմերի մեծամասնությունում Ռաջ Կապուրը ոչ միայն ռեժիսոր և պրոդյուսեր էր, այլ նաև հանդես էր գալիս գլխավոր դերով։ 1950-ական թվականներին Ռաջ Կապուրի փառքի սահմաններն ընդլայնվեցին՝ նրան շրջապատելով հանդիսատեսի սիրով։ Այդ տարիներին նա Դիլիպ Կումարի և Դև Անանդի հետ միասին համարվում էր լավագույնը։ Չնայած իր ռեժիսորական կոչումին, նա նկարահանվում էր նաև այլ ռեժիսորների մոտ՝ նպատակ ունենալով նաև միջոցներ ձեռք բերել իր սեփական ֆիլմերը նկարահանելու համար։ Նա մեծագույն դերասան էր և ունակ էր կինոխցիկի առջև լինելու անկեղծ, բնական ու շարժուն, ուներ արտահայտչամիջոցների լայն դիապազոն, կարողանում էր հանդիսատեսին հաղորդել անգամ հուզականության ամենանուրբ նշույլները՝ թե աչքերով և թե ժպիտով, օժտված էր երաժշտականությամբ։

Չնայած բացառություններին «Արթուն մնացեք» («Գիշերվա քողի տակ» 1956 թ.), «Եվ նորից կլինի առավոտ» (1958 թ.), «Ցանցառը» (1959 թ.), «Երրորդ երդումը» (1966 թ.) և այլ ֆիլմերում, նրա լավագույն դերերը կատարվել են Ռաջ Կապուր-ռեժիսորի կինոնկարներում։ Առաջին հերթին դա վերաբերվում է «Թափառաշրջիկը» (1951 թ.) և «Պարոն 420» (1955 թ.) կինոնկարներին, որտեղ նա կերտել էր դասական դարձած լիրիկա-կատակերգական հերոսի կերպարը, որը համեմատվել է մեծագույն Չարլի Չապլինի կերտած կերպարի հետ։ Նրա այդ կերպարին համահունչ է նաև 1970 թվականին թողարկված «Իմ անունը ծաղրածու է» ֆիլմի հերոսի կերպարը։

Ռաջ Կապուրի կինոնկարները հայտնի էին ոչ միայն Հնդկաստանում, այլ նաև հարևան երկրներում և ԽՍՀՄ-ում։ Նրա «Թափառաշրջիկը» (1951 թ.), «Կոշիկներ մաքրողները» (1954 թ.), «Պարոն 420» (1955 թ.), «Արթուն մնացեք» (1956 թ.) և «Երկիրը, որտեղով հոսում է Գանգեսը» (1960 թ.) կինոնկարները շոշափում էին նաև սուր սոցիալական թեմաներ։ 1957 թվականին Ռաջ Կապուրը նկարահանվել է «Շարադա» ֆիլմում, որտեղ նրա խաղընկերուհին Մինա Կումարին էր, իսկ 1959 թվականին՝ «Չորս սիրտ, չորս ճանապարհ» կինոնկարում։ Մալա Սինհայի հետ միասին նա նկարահանվել է «Դաստիարակություն» (1958 թ.) և «Ճակատագրի խաղերը» (1959 թ.) կինոնկարներում։ 1964 թվականին Ռաջ Կապուրը թողարկեց իր առաջին գունավոր «Սանգամ» կինոնկարը։ Ֆիլմը հաջողված էր և դարձավ հիթ։ Նրա հետ միասին ֆիլմում նկարահանվել էին Ռաջենդրա Կումարն ու Վիջայանթհիմալան։ Այնուհետև նա թողարկեց «Իմ անունը ծաղրածու է» (1970 թ.) երեք մասանոց ֆիլմը, որը համարվում է նրա ստեղծագործական կյանքի գլխավոր կինոնկարը։ Այդ ընթացքում Ռաջ Կապուրը նկարահանվել է «Հանցագործություն և...» (1967 թ.), «Աշխարհի շուրջը» (1967 թ.) և այլ ֆիլմերում, որոնցից կարելի է առանձնացնել «Անուրջներ վաճառողը» (1967 թ.) կինոնկարը՝ Հեմա Մալինիի մասնակցությամբ։

1973 թվականին նա բեմադրել է «Բոբբի» կինոնկարը, որն ունեցավ հսկայական հաջողություն։ Ֆիլմում նկարահանվել էին Պրանը, Պրեմ Նաթհը և Արունա Իրանին, իսկ գլխավոր դերերը կատարել էին Ռիշի Կապուրը և Դիմփլ Կապադիան։ 1978 թվականին Ռաջ Կապուրը նկարահանեց «Ճշմարտություն, սեր և գեղեցկություն» խորիմաստ կինոնկարը։ Ֆիլմը սկզբնական շրջանում հաջողություն չունեցավ, սակայն ինչպես Ռաջ Կապուրի շատ ֆիլմեր, այն դարձել է հնդկական կինոյի դասական նմուշ։ Ֆիլմում գլխավոր դերերը կատարել էին Շաշի Կապուրն ու Զինատ Ամանը։ Ռաջ Կապուրի հաջորդ երկու «Սիրային հիվանդություն» (1982 թ.) և «Գանգես, քո ջրերը պղտորվել են» (1985 թ.) կինոնկարները ընդունվեցին ջերմությամբ։ Ռաջ Կապուրի վերջին և անավարտ ֆիլմը պակիստանցի աղջկա և հինդուս տղայի մասին պատմող «Հեննա» կինոնկարն է։ Ֆիլմն ավարտին հասցրին նրա որդիները՝ 1991 թվականին։

Ռաջ Կապուրը համարվում է կինոյի պատմության մեջ եղած ամենահայտնի դերասաններից մեկը։ Նա հանրաճանաչ էր Արևելյան Եվրոպայում, Մերձավոր Արևելքում, Չինաստանում, ԽՍՀՄ-ում, Արաբական երկրներում, Իրանում, Թուրքիայում և այլուր։

Անձնական կյանքը

խմբագրել

1946 թվականին Ռաջ Կապուրն ամուսնացել է Կրիշնա Մալհոտրայի հետ, ում հայրը Պրիտհվիռաջ Կապուրի մորեղբայրն էր։ Կրիշնայի եղբայրները՝ Ռաջենդրա Նաթհը, Պրեմ Նաթհը և Նարենդրա Նաթհը հետագայում դարձան դերասաններ, իսկ քույրը ամուսնացել էր դերասան Պրեմ Չոպրայի հետ։

Ըստ որոշ աղբյուրների, Ռաջ Կապուրը 1950-ական թվականներին սիրավեպ է ունեցել Նարգիսի, իսկ հետագայում ` Վիջայանթհիմալայի հետ, չնայած որ երկու դերասանուհիներն էլ ժխտել են այդ փաստը։ Ռաջ Կապուրը ռոմանտիկ կապ է ունեցել նաև դերասանուհի Պադմինիի հետ։

Իր եղբայրների` Շամմի Կապուրի և Շաշի Կապուրի հետ միասին Ռաջ Կապուրը հանդիսանում է Կապուրների դերասանական դինաստիայի երկրորդ սերնդի ներկայացուցիչը։ Նրա երեք որդիները՝ Ռանդհիր Կապուրը, Ռիշի Կապուրը և Ռաջիվ Կապուրը նույնպես դերասաններ են։ Բացի այդ նա ունի նաև երկու դուստր՝ Ռիտու Նանդան և Ռիմա Ջայնը։ Ռաջ Կապուրի որդիների կանայք՝ Բաբիտան և Նիտու Սինգհը նույնպես դերասանուհիներ են։ Ժամանակակից հնդկական կինոյի դերասաններ են նաև Ռաջ Կապուրի թոռնուհիներն ու թոռները՝ Կարիսմա Կապուրը, Կարինա Կապուրը, Ռանբիր Կապուրը և Արման Ջայնը, իսկ թոռներից մեկը՝ Նիքհիլ Նանդան ամուսնացել է Ամիթաբհ Բաչչանի դստեր հետ։

Ռաջ Կապուրը մահացել է 1988 թվականի հունիսի 2-ին՝ Դելիում, ասթմայի հետ կապված սրացումներից, Դադասահեբ Փհալկեի անվան բարձրագույն պարգևն ստանալուց մեկ ամիս անց։ Նրա մահը Հնդկաստանում համարժեք էր ազգային ողբերգության։

Ֆիլմագրության ընտրանին

խմբագրել

Դերասան

Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար
1935 Հեղափոխություն Inquilab -
1943 Գաուրի Gauri -
1943 Ընդհանուր զրույց Hamari Baat -
1947 Սրտի թագուհին Dil-Ki-Rani Մադհավ
1947 Բանտային կալանք Jail Yatra -
1948 Հավերժ սեր Amar Prem -
1949 Անձրևների ժամանակը Barsaat Պրան
1949 Համբավ Andaz Ռաջան
1950 Պատմություն Dastan Ռաջ
1950 Մեղեդի Sargam -
1950 Անմեղ աչիկներ Bawre Nain Չանդ
1951 Թափառաշրջիկը Awaara Ռաջ Ռագունաթ
1952 Հոգի Bewafa Ռաջ
1952 Անհավանական իրադարձություն Anhonee Ռաջկումար Սաքսենա
1955 Պարոն 420 Shree 420 Ռանբիր Ռաջ
1956 Արթուն մնացեք (Գիշերվա քողի տակ) Jagte Raho Պասանտ
1956 Բոլորից թաքուն Chori Chori Սագար, Սուլթանա Դակու
1957 Շարադա Sharada Շեքհար
1958 Դաստիարակություն Parvarish Ռաջա Ջ. Սինգհ
1958 Եվ նորից կլինի առավոտ Phil Subha Hogi Ռամ Բաբու
1959 Չորս ճանապարհ Char Dil Char Raahein Գովինդա
1959 Ցանցառը Anari Ռաջ Կումար
1960 Խարդախը Chhalia Չհալիա
1960 Երկիրը, որտեղով հոսում է Գանգեսը Jis Desh Men Ganga Behti Hai Ռաջու
1960 Պարոն ճշմարտասերը Shriman Satyawadi Վիջայ Կումար
1964 Սանգամ Sangam Սունդեր Կհաննա
1967 Հանցագործություն և ... Diwana Պյարելալ
1968 Անուրջներ վաճառողը Sapnon Ka Saudagar Ռաջ Կումար
1970 Իմ անունը ծաղրածու է Mera Naam Joker Ռաջ «Ռաջու» Ռանբիր
1971 Ժամանակի գետը Kal Aaj Aur Kal Ռամ Բ. Կապուր
1976 Իմ ընկեր Կհանը Khaan Dost Հավալդար Ռամդին Պանդեյ
1978 Ծառայություն Naukri Սուրաջ Սինգհ
1980 Աբդուլա Abdullah Աբդուլա
1982 Մասնավոր խուզարկու Gopichand Jasoos Գոպիչանդ

Ռեժիսոր

Թվական Անվանում Բնօրինակ անվանում
1948 Մոխրացող կիրք Aag
1949 Անձրևների ժամանակը Barsaat
1951 Թափառաշրջիկը Awaara
1955 Պարոն 420 Shree 420
1964 Սանգամ Sangam
1970 Իմ անունը ծաղրածու է Mera Naam Joker
1973 Բոբբի Bobby
1978 Ճշմարտություն, սեր և գեղեցկություն Satyam Shivam Sundaram: Love Sublime
1982 Սիրային հիվանդություն Prem Rog
1985 Գանգես, քո ջրերը պղտորվել են Ram Teri Ganga Maili

Պրոդյուսեր

Թվական Անվանում Բնօրինակ անվանում
1948 Մոխրացող կիրք Aag
1949 Անձրևների ժամանակը Barsaat
1951 Թափառաշրջիկը Awaara
1953 Սիրո շունչը Aah
1954 Կոշիկներ մաքրողները Boot Polish
1955 Պարոն 420 Shree 420
1957 Դելին արդեն մոտ է Ab Dilli Dur Nahin
1960 Երկիրը, որտեղով հոսում է Գանգեսը Jis Desh Men Ganga Behti Hai
1964 Սանգամ Sangam
1970 Իմ անունը ծաղրածու է Mera Naam Joker
1971 Ժամանակի գետը Kal Aaj Aur Kal
1973 Բոբբի Bobby
1975 Խաբել ճակատագրին Dharam Karam
1978 Ճշմարտություն, սեր և գեղեցկություն Satyam Shivam Sundaram: Love Sublime
1981 Սիրելի կինը Biwi O Biwi
1982 Սիրային հիվանդություն Prem Rog

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Капур Радж // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 268  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռաջ Կապուր» հոդվածին։