Վիջայանթհիմալա
Վիջայանթհիմալա (հինդի` वैजयन्तीमाला, իրական անունը` Վիջայանթհիմալա Ռաման, ամուսնական անունը՝ Վիջայանթհիմալա Բալի, օգոստոսի 13, 1936[1], Չեննայ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն[2]), հնդիկ դերասանուհի, պարուհի, մանկավարժ, պարուսույց և քաղաքական գործիչ։ Ստեղծագործական կյանքի 20 տարիների ընթացքում նկարահանվել է մոտ 65 ֆիլմում։ Կանացի լավագույն դերի համար երեք անգամ արժանացել է Filmfare Awards մրցանակին։ 1968 թվականին պարգևատրվել է կառավարական Պադմա Շրի պարգևով։
Ծնվել է | օգոստոսի 13, 1936[1] (88 տարեկան) |
---|---|
Ծննդավայր | Չեննայ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն[2] |
Կրթություն | Good Shepherd Convent, Chennai? |
Քաղաքացիություն | Հնդկաստան |
Մասնագիտություն | կինոդերասանուհի, քաղաքական գործիչ, պարուսույց և դերասանուհի |
Ծնողներ | մայր՝ Վասունդհարա Դևի[3] |
Երեխա(ներ) | Սըչինդրա Դևի[4] |
Պարգևներ և մրցանակներ | |
Կենսագրություն
խմբագրելՎիջայանթհիմալան ծնվել է Մադրասում (ներկայիս Չեննայ)` թամիլյան ուղղափառ հինդուիստների ընտանիքում։ Նրա մայրը` Վասունդարա Դևին, 1940-ական թվականների թամիլյան կինոյի դերասանուհի էր։ Երբ Վիջայանթհիմալան ծնվել է, նրա մայրը 16 տարեկան էր։ Տարիքային փոքր տարբերության պատճառով նրանք միմյանց ավելի շատ քույրերի նման էին վերաբերվում։ Քանի որ մայրը զբաղված էր նկարահանումներով, Վիջայանթհիմալայի դաստիարակությամբ զբաղվել են հայրը և մայրական տատը։
Վիջայանթհիմալան միջնակարգ դպրոցն ավարտել է Մադրասում։ Մանուկ հասակից սովորել է հնդկական դասական բհարատա-նատյամ պարային ոճը՝ արդյունքում դառնալով այդ ոճի պրոֆեսիոնալ պարուհի։ Միաժամանակ նա անցել է հնդկական դասական կարնատակ ոճի երաժշտության դասընթացներ։ 1939 թվականին՝ վեց տարեկանում Վիջայանթհիմալան Վատիկանում` Հռոմի Պիոս 12-րդ պապի առջև ելույթ է ունեցել իր պարային համարով՝ ստանալով նրա օրհնությունը։ 13 տարեկանից արդեն ելույթներ էր ունենում որպես պրոֆեսիոնալ պարուհի։ Հետագայում ` 1969 թվականին, նա ՄԱԿ-ի մարդու իրավունքների օրվան նվիրված 20-րդ տոնախմբությունների ժամանակ ելույթ է ունեցել իր պարային համարներով։
Պարային ներկայացումներից մեկի ժամանակ նրան նկատել է ընտանիքի բարեկամ ռեժիսորներից մեկը և հրավիրել է կինոյում նկարահանվելու։ Կինոդեբյուտը կայացել է 1949 թվականին, երբ Վիջայանթհիմալան 15 տարեկան էր։ Առաջին ֆիլմը թամիլյան «Vazhkai» կինոնկարն էր։ Մի քանի ֆիլմերից հետո Բոլիվուդում նա Կիշոր Կումարի հետ միասին նկարահանվել է «Ladki» (1953 թ.) կինոնկարում։ Ֆիլմը բավականին հաջողված էր։ Վիջայանթհիմալային ճանաչում բերեց 1954 թվականին նկարահանված «Օձը» կինոնկարը։ Նրա լավագույն դերերից է նաև Բիմալ Ռոյի «Դևդաս» ֆիլմում պարուհու և կուրտիզանուհու կերպարը։ Այդ ֆիլմով սկսվեց նրա համագործակցությունը Դիլիպ Կումարի հետ։ Հետագայում նրանք միասին նկարահանվել են ևս յոթ ֆիլմում։ «Դևդաս» ֆիլմի համար Վիջայանթհիմալային շնորհվեց Filmfare Award՝ կանացի երկրորդ պլանի լավագույն դերի համար, սակայն դերասանուհին հրաժարվեց ընդունել մրցանակը՝ պատճառաբանելով, որ իր կարծիքով իր դերը երկրորդ պլանի դեր չէր և իր կերտած կերպարն այնքան կարևորություն ուներ, որքան Սուչիտրա Սենի հերոսուհին։ Դա Filmfare Award-ի պատմության մեջ առաջին և միակ նման դեպքն էր։
1956 թվականին Վիջայանթհիմալայի մասնակցությամբ միանգամից թողարկվեց յոթ ֆիլմ։ 1957 թվականին նա նկարահանվել է «Նոր դար» ֆիլմում, իսկ 1958 թվականին «Մադհումատի» կինոնկարում։ Նույն թվականին նա նկարահանվել է նաև «Սադհանա» ֆիլմում, որի համար էլ ստացել է իր առաջին Filmfare Awards մրցանակը՝ կանացի լավագույն դերի համար։ 1961 թվականին Վիջայանթհիմալան նկարահանվել է «Գանգա և Ջամնա» ֆիլմում ` ստանալով իր երկրորդ մրցանակը։ 1964 թվականին Ռաջ Կապուրի և Ռաջենդրա Կումարի հետ միասին նա նկարահանվել է «Սանգամ» կինոնկարում։ Ֆիլմը դարձավ հիթ և Վիջայանթհիմալան ստացավ իր երրորդ Filmfare Awards մրցանակը։ Հաջողված էին նաև «Zindagi» (1964 թ.) և «Արքայադուստրն ու ավազակը» (1966 թ.) ֆիլմերը։ Հաջորդ՝ «Ամրապալի» (1966 թ.) պատմական կինոնկարը հաջողություն չունեցավ։ 1967 թվականին նկարահանված «Արժեքներ առևանգողը» ֆիլմը նրան նոր հաջողություն բերեց։ Վիջայանթհիմալայի պարային համարը այդ ֆիլմում, համարվում է հնդկական կինոյի լավագույն պարերից մեկը։ Դերասանուհին նկարահանվել է նաև Դև Անանդի հետ՝ «Ամարդիպ» (1958 թ.) և «Դատախազի որդին» (1968 թ.) ֆիլմերում։
Ամուսնությունից և որդու ծնվելուց հետո Վիջայանթհիմալան դադարեց ֆիլմերում նկարահանվելուց, սակայն շարունակում էր իր պարային ելույթներով հանդես գալ աշխարհի բեմերում։ 1984 թվականին Թամիլնադ նահանգի ընտրություններում նա հանդես եկավ որպես Հնդկական Ազգային Կոնգրես կուսակցության թեկնածու և հաղթեց ընտրություններում ` մտնելով Հնդկաստանի խորհրդարանի ներքին պալատ։ 1989 թվականին նա կրկին առաջադրեց իր թեկնածությունը և կրկին հաղթեց։ 1999 թվականին դուրս եկավ Հնդկական Ազգային Կոնգրես կուսակցությունից և ընդունվեց Հնդկական Ժողովրդական կուսակցության շարքերը։
Անձնական կյանքը
խմբագրելԸստ որոշ աղբյուրների Վիջայանթհիմալային սիրահարված է եղել Դիլիպ Կումարը։ Լուրեր էին պտտվում Ռաջ Կապուրի և Վիջայանթհիմալայի սիրավեպի մասին։ Սակայն դերասանուհին 1968 թվականին ամուսնացավ Ռաջ Կապուրի անձնական բժիշկ Չամանլալ Բալիի հետ։ Վերջինս ամուսնացած էր և ուներ երեք երեխա։ Հանուն Վիջայանթհիմալայի` նա լքեց իր ընտանիքը։ 1976 թվականին ծնվել է նրանց որդին, իսկ 1986 թվականին Չամանլալ Բալին մահացել է։
Այժմ Վիջայանթհիմալան զբաղվում է բարեգործությամբ։ Նա հիանալիորեն գոլֆ է խաղում և նույնիսկ մասնակցել է ազգային առաջնությանը։
Ֆիլմագրության ընտրանին
խմբագրելԹվական | Անվանում | Բնօրինակ անվանում | Կերպար |
---|---|---|---|
1954 | Օձը | Nagin | Մալա |
1954 | Միս Մալա | Miss Mala | - |
1955 | Դևդաս | Devdas | Չանդրամուքհի |
1955 | Աստղը | Sitara | Վեդա |
1956 | Նոր Դելի | New Delhi | Ջանակի Սուբրամանիամ |
1957 | Նոր դար | Naya Daur | Ռաջնի |
1958 | Ամարդիպ | Amar Deep | Արունա |
1958 | Մադհումատի | Madhumati | Մադհումատի, Մադհավի, Ռադհա |
1958 | Սադհանա | Sadhna | Չամպաբայ |
1958 | Արդարացում | Raj Tilak | Մանդակինի |
1959 | Կոչ | Paigham | Մանջու |
1961 | Գանգա և Ջամնա | Gunga Jumna | Դհանո |
1961 | Նվեր | Nazrana | Վասանտի |
1964 | Սանգամ | Sangam | Ռադհա |
1964 | Դավադրություն | Leader | արքայադուստր Սունիտա |
1966 | Արքայադուստրն ու ավազակը | Suraj | արքայադուստր Անուրադհա Սինգհ |
1966 | Ամրապալի | Amrapali | Ամրապալի |
1966 | Երկու սրտերի պատմությունը | Do Dilon Ki Dastaan | - |
1967 | Արժեքներ առևանգողը | Jewel Thief | Շալինի Սինգհ |
1967 | Կարճաժամկետ այցելություն | Chhoti Si Mulaqat | Ռուպա Չոուդհարի |
1967 | Շուկայական հրապարակ | Hatey Bazarey | Չհիպլի |
1968 | Դատախազի որդին | Duniya | Մալա |
1968 | Զուգընկերը | Saathi | Շանտի |
1968 | Հեղափոխություն | Sunghursh | Մուննի, Լեյլա Յասմին |
1969 | Արքայազնը | Prince | արքայադուստր Ամրիտա |
1969 | Միայն սեր | Pyar Hi Pyar | Կավիտա |
1970 | Դաժանություն | Ganwaar | Փարվատի |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #136990118 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 2,2 Vyjayantimala is reviving her 'Sanga Tamizh Maalai' // The Hindu — 2017. — ISSN 0971-751X
- ↑ 3,0 3,1 https://www.afternoonvoice.com/fusion-is-total-confusion.html
- ↑ https://www.deccanherald.com/content/641014/an-ageless-icon.html
- ↑ https://www.thenewsminute.com/article/modern-indian-cinema-lacks-realism-quality-films-not-improving-vyjayanthimala-70113
- ↑ Visakhapatnam: Many told me that I had gotten the award too late, but I believe I'm just getting started // The Times of India — 2018. — ed. size: 3321702 — ISSN 0971-8257
- ↑ https://www.hindustantimes.com/entertainment/bollywood/padma-awards-2024-vyjayantimala-chiranjeevi-mithun-chakraborty-vijaykant-usha-uthup-101706188512697.html
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիջայանթհիմալա» հոդվածին։ |