Պրիտհվիռաջ Կապուր
Պրիտհվիռաջ Կապուր (հինդի` पृथ्वीराज कपूर, նոյեմբերի 3, 1906[1][2][3], Ֆեյսալաբադ, Փանջաբ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն[4] - մայիսի 29, 1972[1][2][3], Մումբայ, Հնդկաստան[5]), թատրոնի և կինոյի հնդիկ դերասան, ով իր ստեղծագործական կյանքն սկսել է համր կինոյի ժամանակաշրջանից։ Հանդիսանում է Prithvi Theatres թատերախմբի հիմնադիրը և Հնդկական ազգային թատրոն ընկերության կազմակերպիչներից մեկը։ Պարգևատրվել է Հնդկաստանի քաղաքացիական Պադմա Բհուշան պարգևով և հետմահու արժանացել է հնդկական կինեմատոգրաֆիայի բարձրագույն` Դադասահեբ Փհալկեի անվան մրցանակով։
![]() անգլ.՝ Prithviraj Kapoor | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 3, 1906[1][2][3] |
Ծննդավայր | Ֆեյսալաբադ, Փանջաբ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն[4] |
Մահացել է | մայիսի 29, 1972[1][2][3] (65 տարեկան) |
Մահվան վայր | Մումբայ, Հնդկաստան[5] |
Կրթություն | Edwardes College Peshawar? և Lyallpur Khalsa College? |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրոն | հինդուիզմ |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, թատրոնի դերասան, կինոդերասան, կինոռեժիսոր և կինոպրոդյուսեր |
Ամուսին(ներ) | Ռամսարնի Կապուր |
Երեխա(ներ) | Ռաջ Կապուր, Շամմի Կապուր և Շաշի Կապուր |
Պարգևներ և մրցանակներ | |
Կապուրների դերասանական դինաստիայի նախահայրն է, որի չորս սերունդներն՝ իրենից սկսած, հինդի լեզվով կինոարդյունաբերության մեջ ունեցել են ակտիվ դերակատարում։ Ռաջ Կապուրի, Շամմի Կապուրի և Շաշի Կապուրի հայրն է։
Կենսագրություն
խմբագրելՊրիտհվիռաջ Կապուրը ծնվել է փենջաբցի ոստիկանության տեսուչի ընտանիքում։ Սկզբնական կրթությունը ստացել է Լահորում։ Երբ նրա հայրը աշխատանքի բերումով տեղափոխվեց Փեշավար, նա ուսումը շարունակեց այնտեղ։ Փեշավարում նա ուսումնասիրում էր իրավաբանություն` փաստաբան դառնալու նպատակով։ Այդ տարիներին նա մասնակցում էր ուսանողական ներկայացումներին։ Մինչ իր կյանքը կկապեր թատրոնի հետ, նա ավարտել էր Լահորի համալսարանի ասպիրանտուրան։ Իր դերասանական կյանքը սկսել է Ֆեյսալաբադի և Փեշավարի թատրոններում։ 1928 թվականին իր հորաքրոջից պարտքով գումար վերցնելով և նրա խնամքին թողնելով կնոջն ու երեք երեխաներին, Պրիտհվիռաջ Կապուրը մեկնել է Բոմբեյ` բախտ որոնելու։
Բոմբեյում նրան նկատել են անմիջապես և առաջարկել նկարահանվել «Աղջիկը կինոյից» (1930 թ.) ֆիլմում։ Նա նկարահանվել է ևս 9 համր ֆիլմերում, իսկ հաջորդ տարի մասնակցել է առաջին հնդկական հնչյունային «Աշխարհի լույսը» ֆիլմի նկարահանումներին։ Այնուհետև Պրիտհվիռաջ Կապուրը միացել է Grand Anderson թատերախմբին և սկսել ելույթ ունենալ բեմում ` խաղալով Շեքսպիրի դրամաներում։ Հաջողությունը նրան հնարավորություն տվեց Բոմբեյ տեղափոխել ընտանիքին։
1933-1939 թվականներին նկարահանվել է մի շարք ֆիլմերում։ Այդ ժամանակաշրջանում առավել հաջողակ էր դերասանուհի Դուրգա Կհոտեի հետ համագործակցությունը։ Նրա ամենահայտնի դերերից էր Ալեքսանդր Մակեդոնացու դերը «Իսկանդեր» (1941 թ.) ֆիլմում։ 1944 թվականին իր միջոցներով հիմնադրել է Prithvi Theatres թատերախումբը։ 16 տարվա ընթացքում նա ցուցադրել է 2662 ներկայացում ` մշտապես կատարելով գլխավոր դերեր։ Միաժամանակ շարունակում էր նկարահանվել կինոյում։
1954 թվականին Պրիտհվիռաջ Կապուրը կորցրեց ձայնը և այլևս չկարողացավ վերականգնել այն` իր սկզբնական հնչողությամբ։ Դրանից հետո լուծարեց թատերախումբը և կրճատեց աշխատանքները կինոյում։ Նշանակալից էին նրա աշխատանքները «Մեծ Մողոլը» (1960 թ.) և «Ժամանակի գետը» (1971 թ.) ֆիլմերում։ Վերջինում իր հետ նկարահանվել էին նաև որդին՝ Ռաջ Կապուրը և թոռը՝ Ռանդհիր Կապուրը, ներկայացնելով մեկ ընտանիքի երեք սերունդի ներկայացուցիչների։
Անձնական կյանքը
խմբագրել1923 թվականին 17 տարեկանում Պրիտհվիռաջ Կապուրն իր ծնողների ցանկությամբ ամուսնացել է 14-ամյա Ռամսարնի Մեհրայի հետ։ Այդ ամուսնությունից ծնվել են վեց երեխա։ Նրանցից երկուսը մահացել են վաղ տարիքում։ Ռաջ, Շամմի և Շաշի Կապուրների հետ մեծացել է նաև նրանց քույրը՝ Ուրմիլա Սիալ Կապուրը։
Պրիտհվիռաջ Կապուրը մահացել է քաղցկեղից` 1972 թվականի մայիսի 29-ին, իսկ նույն թվականի հունիսի 14-ին մահացել է նաև նրա կինը` Ռամսարնին։
Ֆիլմագրության ընտրանին
խմբագրելԹվական | Անվանում | Բնօրինակ անվանում | Կերպար |
---|---|---|---|
1929 | Կանչ | Be Dhari Talwar | - |
1930 | Աղջիկը կինոյից | Cinema Girl | - |
1931 | Աշխարհի լույսը | Alam Ara | գեներալ Ադիլ |
1934 | Զիտա | Seeta | Ռամ |
1935 | Հեղափոխություն | Inquilab | - |
1937 | Բիդյապատի | Bidyapati | թագավոր Շիվա Սինգհ |
1940 | Խենթը | Pagal | դոկ. Վասանտ |
1941 | Իսկանդեր | Sikandar | Ալեքսանդր Մեծ |
1943 | Գաուրի | Gauri | - |
1950 | Նվիրյալները | Dahej | Թհակուր |
1951 | Թափառաշրջիկը | Awaara | դատավոր Ռագունաթ |
1952 | Ուրախության վանքը | Anand Math | Սատյանանդա |
1958 | Ճանապարհորդություն երեք ծովերից այն կողմ | Pardesi | Մեծն վեզիր Մահմուդ Գավան |
1960 | Մեծ Մողոլը | Mughal-E-Azam | կայսր Աքբար |
1963 | Ռուստամ և Սոհրաբ | Rustom Sohrab | Ռուստամ Զաբուլի |
1963 | Հարիշչանդրա | Harishchandra Taramati | թագավոր Հարիշչանդրա |
1964 | Արքայազնը | Rajkumar | Մահառաջա |
1964 | Սիրո երգը | Gazal | Բակար Ալի Խան |
1965 | Անմարդկայինը | Janwar | միսթր Շրիվաստավա |
1966 | Այս գիշերը չի գա նորից | Yeh Raat Phir Na Aaygi | պրոֆեսոր |
1970 | Հիր և Ռանջհա | Heer Raanjha | թագավոր |
1971 | Ժամանակի գետը | Kal Aaj Aur Kal | Բահադուր Կապուր |
1973 | Ափիոն | Naya Nasha | Ռանա |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 4,0 4,1 4,2 http://bollyspice.com/48691/the-kapoors-a-central-dynasty-of-the-bollywood-film-industry
- ↑ 5,0 5,1 5,2 Deutsche Nationalbibliothek Record #1033288152 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պրիտհվիռաջ Կապուր» հոդվածին։ |