Թոնդրակյան շարժում
Թոնդրակյան շարժում, աղանդավորական-սոցիալական շարժում Հայաստանում` 9-11-րդ դարերում։
Պատմական ակնարկ
խմբագրելՇարժման հիմնադիրը Սմբատ Զարեհավանցին էր, ով Հայաստանի մի շարք վայրերում աղանդավորական գաղափարներ քարոզելուց հետո Թոնդրակ ավանում կազմակերպել է համայնք և այն դարձրել կենտրոն։ Նա ջանացել է նախկին աղանդավորական գաղափարախոսություններից ստեղծել մեկ միասնական ուսմունք, միավորել խմբավորումները` դառնալով նոր աղանդի օրենսդիր։ Շարժումն անվանել են «թոնդրակեցիների աղանդ» կամ պարզապես «թոնդրակեցիներ»։
Ֆեոդալական հարաբերությունների զարգացման պայմաններում գյուղացիների ու քաղաքային չքավորության շահագործման ուժեղացման հետևանքով աղանդը տարածվելով և նորանոր կողմնակիցներ ներգրավելով իր մեջ, վերաճել է հակաֆեոդալական և ազգային-ազատագրական շարժման՝ իր դեմ հանելով ոչ միայն հայ եկեղեցուն և խոշոր ավատատերերին, այլև օտար բռնատիրողներին։ Վերջիններից էր Մանազկերտի ամիր Աբուլ-Բարդը, ով 840-850-ական թվականներին դաժանորեն ճնշել է շարժումը, որի հետևանքով նահատակվել է նաև Սմբատ Զարեհավանցին։
Այդ դեպքերից հետո շարժումն անկում է ապրել, սակայն 10-րդ դարի սկզբին Հայաստանի կենտրոնական և հյուսիսարևելյան գավառներում բռնկված գյուղացիական ընդվզումների շնորհիվ կրկին աշխուժացել է։
Ընդվզումներն առանձնապես մեծ թափ են ստացել Սյունիքում (906-930 թվականներ) և Այրարատում (915-920 թվականներ), որոնք վերածվել են ապստամբության։ Հատկանշական է Սյունիքի Ցուրաբերդ (Ցուր), Բերդ և Տամալեք գյուղերի բնակիչների պայքարը Տաթևի վանքի դեմ։ Ցուրաբերդցիները հարձակվել են վանքի վրա, սպանել վանահորը և թափել մյուռոնը։ Սակայն շուտով իշխանական զորախմբերը ճնշել են այդ ընդվզումները։
10-րդ դարի կեսերից Թոնդրակյան շարժումը նոր վերելք է ապրել։ Հարք գավառում, Մանանաղի գավառի Կաշե, Աղյուսո, Թուլայլ գյուղերում, Խնուս, Անի և այլ քաղաքներում կազմակերպվել են համայնքներ, որոնք ծավալել են աշխույժ գործունեություն։ Քարոզիչներ են գործել Շիրակում, Ռշտունիքում, Մոկքում։
10-րդ դարի վերջին և 11-րդ դարի սկզբին Թոնդրակյան շարժումը հասել է իր բարձրակետին։ Հատկապես եռանդուն են գործել Հարքի և Մանանաղիի համայնքները։ Հարքում, եպիսկոպոս Հակոբ Հարքացու գլխավորությամբ թոնդրակեցիները կարգալույծ են արել բարձրաստիճան հոգևորականներին, արգելել կրոնական ծիսակատարություններն ու արարողությունները։ Հայոց կաթողիկոս Սարգիս Ա Սևանցին (992-1019) հալածել է նրանց, դուրս քշել բնակավայրերից, իսկ Հակոբին բանտարկել և աղվեսադրոշմ խարանել դեմքին։
Մանանաղիի Կաշե և Աղյուսո գյուղերի համայնքները, Կունծիկ աբեղայի ղեկավարությամբ, տոհմիկ կանանց՝ Հրանույշի, Կամարայի, Ախնիի և իշխան Վրվեռի օժանդակությամբ, քանդել են եկեղեցիները, արտաքսել հոգևորականներին, իսկ 1005 թվականին (այլ տվյալով 1011) կործանել Բազմաղբյուր ավանի (Խաչ գյուղ) սրբատեղին։ Ի պատասխան՝ Մանանաղիի եպիսկոպոս Սամվելը ավերել է տվել Կաշե և Աղյուսո գյուղերը, ձերբակալել քարոզիչներին՝ տարել Ջերմ գյուղաքաղաք և հրապարակորեն աղվեսադրոշմ խարանել դեմքերին։ Եպիսկոպոսին սատարել է բյուզանդական դատավոր Եղիան։ Նույն ժամանակ Շիրակում մահապատժի է ենթարկվել թոնդրակյան քարոզիչ Ներսեսը։
11-րդ դարի 30-ական թվականներին, երբ Բյուզանդիան ակնհայտ զավթողական քաղաքականություն էր վարում Հայաստանում, Թոնդրակյան շարժումը բռնկվեց նոր թափով։ Այս անգամ էլ այն ընդունեց ազգային-ազատագրական բնույթ։ Բյուզանդական ֆեոդալները՝ հայ ավատատերերի հետ պայքար են ծավալել Թոնդրակյան շարժման դեմ։ Հայաստանի հարավային նահանգների և Միջագետքի հյուսիսային մասերի բյուզանդական կառավարիչ, հայ խոշոր ավատատեր Գրիգոր Մագիստրոս Պահլավունու զինվորական ջոկատները 1050-1053 թվականներին ավերել են Թոնդրակ, Կաշե, Թուլայլ, Խնուս և այլ բնակավայրեր՝ թոնդրակեցիներին արտաքսելով երկրից։ Եկեղեցու, խոշոր ավատատերերի և օտար իշխանությունների հալածանքների ու բռնությունների, ինչպես նաև սելջուկյան արշավանքների հետևանքով 11-րդ դարի 2-րդ կեսից Հայաստանում ստեղծված աննպաստ իրադրության պատճառով Թոնդրակյան շարժումն սկսեց անկում ապրել և աստիճանաբար վերացավ։
Ուսմունք
խմբագրելԹոնդրակեցիները ձգտում էին ոչ միայն բարձրաստիճան հոգևորականության վերացման, եկեղեցական ծեսերի պարզեցման այլ նաև մերժում էին խաչը, եկեղեցին ու նրա խորհուրդները։ Ընդունելով «անտեսանելի և անշոշափելի Աստծո» պաշտամունքը՝ թոնդրակեցիները մերժել են Հիսուս Քրիստոսի աստվածությունը, մարդկայնացրել նրան՝ համարելով սոսկ մարգարե։ Քրիստոսի մարդկայնացմամբ հանգել են երկնքի և երկրի մերձեցման, ժխտել հոգու անմահությունն ու անդրշիրիմյան աշխարհը, երկնային պատիժը կամ հատուցումը՝ մարդու երկրային արարքների համար։ Ըստ նրանց, քանի որ չկա հոգու անմահություն ու հանդերձյալ կյանք՝ մարդու և Աստծո միջև միջնորդի դեր կատարող տեսանելի և շոշափելի խաչը, եկեղեցին, հոգևորականները, եկեղեցական պատկերները, ծեսերն ու արարողություններն անիմաստ են։ Ոչ ոք իրավունք չունի նզովելու կամ բանադրելու։ Մարդն ունի մեկ՝ երկրային կյանք, ուստի «երկնային արքայությունը» պետք է կառուցել երկրի վրա։
Թոնդրակյան շարժումը միջնադարյան Հայաստանի ամենանշանակալից երևույթներից էր։ Այն հսկայական ազդեցություն է թողել հետագա սոցիալական շարժումների վրա։ Թոնդրակյան շարժումը տարածված է եղել նաև Աղվանքում։
Տես նաև
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 199)։ |